Եռամսյա հաշվետվության փաթեթ

Ամփոփելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշակերտական իմ եռամսյա գործունեությունը՝ կարող եմ վստահորեն ասել, որ դարձել եմ ակտիվ Սեբաստացի։ Երեք ամսվա ընթացքում ես հասցրել եմ իրականացնել մի շարք նախագծեր, գնացել եմ բազմաթիվ հայրենագիտական ճամփորդությունների, մասնակցել եմ մի շարք կարևոր հանդիպում-քննարկումների, դրանց մասին կատարել հետազոտություններ, դարձել եմ որոշ ակումբների ակտիվ անդամ և իմ ակտիվությունը ցուցաբերել շատ այլ հարթակներում։ Այժմ ներկայացնեմ Սեպտեմբերից մինչ օրս իմ ծավալած աշխատանքը կրթահամալիրում։

Ճամփորդություններ

  • Սեպտեմբերի 1-ին՝ դեպի Արագած լեռնագնացության մասին կարդացեք այստեղ։
  • Աշտարակ քաղաքով քայլերթի մասին կարդացեք այստեղ։
  • Դիլիջանում անցկացրած հիանալի և անմոռանալի երեք օրվա, քաղաքի զարմանահրաշ բնության մասին կարդացեք այստեղ։
  • Ջավախքում անցկացրած աննկարագրելի օրերի, հայ համայնքում մեր ունեցած արկածային ճամփորդության մասին կարդացեք այստեղ։

Հանդիպում-քննարկումներ

  • Փորձի փոխանակում հետազոտական կարողությունների զարգացման գործում․ Մարիամ Եվդոկիմովայի հետ հետաքրքիր և արդյունավետ հանդիպման մասին կարդացեք այստեղ։
  • Քարտեզագետ Ռուբեն գալչյանի մասին կատարած հետազոտությանս մասին կարդացեք այստեղ։
  • Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ ուսուցողական և հետաքրքիր հանդիպման մասին կարդացեք այստեղ։
  • Փիլիսոփայության դոցենտ Աշոտ Ոսկանյանի մասին կատարածս հետազոտությունը կարդացեք այստեղ։
  • Աշոտ Ոսկանյանի հետ ունեցած բազմաբովանդակ և բավականին ուշագրավ զրույցի մասին կարդացեք այստեղ։

Իրականացրած նախագծեր

  • Լինելով Ֆրանսերենի խմբակի նոր և սկսնակ սովորող՝ կատարել եմ ֆրանսիական «Սոլի-Տուտտի» երգչախմբի՝ կրթահամալիրում եռօրյա շրջայցի լուսաբանումը։ Ինչպես նաև, այդ երեք օրերի ընթացքում փորձել եմ հնարավորինս շփում ունենալ ֆրանսիացի հյուրերի հետ՝ նրանց ծանոթացնելով մեր կրթահամալիրի ակտիվ կյանքին։ Առաջին, երկրորդ և երրորդ օրերի հետաքրքիր և գեղեցիկ լուսաբանումները։
  • Անգլերենի խմբակի հետ միասին իրականացրել եմ Mock Trial (Խաղարկային Դատարան) նախագիծը, որն իրենից ներկայացնում էր փոքրիկ ներկայացում՝ մի դատավարության մասին։ Դա այնքան հաջող էր ստացվել, որ հանդիսատեսի մոտ իրական դատավարության զգացողություն էր ստեղծվել՝ համապատասխան կարգով, անդամներով և ձևաչափով։ Ներկայացման դատավորի դերը ստանձնել էի ես, և դատելով հանդիսատեսի արձագանքից՝ լավագույնս կատարել էի այն։ Նախագծին մանրամասն ծանոթանալու համար առաջարկում եմ դիտել տեսանյութը։
  • Անգլերենի երկու խմբերի հետ միասին անցկացրել եմ քննարկում-դեբատ, եղել եմ քննարկման վարողն ու անմիջական մասնակիցը։ Քննարկումը շատ արդյունավետ էր և ակտիվ։ Որպես զրույցի վարող՝ իմ աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • Իրականացրել եմ նաև երկու նախագիծ էկոլոգիա առարկայից, որոնցից առաջինը “Սառցադաշտերի հալումը՝ որպես գլոբալ տաքացման ամենավատ հետևանք” թեմայով էր, իսկ երկրորդը՝ “Էներգակիրներ”։
  • Հասարակագիտություն առարկայի շրջանակներում կատարել եմ մի փոքրիկ նախագիծ՝ նվիրված արվեստագետ Սալվադոր Դալիի կյանքին։ Այդ մասին կազմածս պրեզենտացիան կարող եք դիտել այստեղ։

Թարգմանություններ

  • Նկարիչ Մերլոու Մոսսի կյանքի և ստեղծագործական ուղու հետաքրքիր պատմության թարգմանությունը կարդացեք այստեղ։
  • Նկարիչ Ֆրենք Բոուլինգի և նրա զարմանահրաշ մեթոդի պատմության թարգմանությունը կարդացեք այստեղ։

Ակումբներ

  • Հոկտեմբեր ամսից դարձել եմ Չինարենի խմբակի անդամ և, սկսած այդ օրվանից, ապահովել եմ բարձր առաջադիմություն, ուսումնասիրել լեզուն, Չինաստանը, դրա մշակույթը, ավանդույթները։ Պատրաստել եմ պրեզենտացիաներ և Սեբաստացու օրերին չինարենով գրել փոքրիկ շարադրություն՝ նվիրված կրթահամալիրին։ Այդ ամենը կգտնեք այստեղ։
  • Հոկտեմբեր ամսից դարձել եմ նաև դպրոցում ինքնավար գործող Թատերական ակումբի ակտիվ անդամ։ Այնտեղ գործունեություն եմ ծավալում որպես սցենարիդտ և դերասան։ Այս ընթացքում մյուս անդամների հետ գրել եմ արդեն մեկ սցենար, որը մոտ օրերս կբեմադրենք։

Հետազոտական աշխատանք

Սեպտեմբերին ընտրել եմ իմ հետազոտական աշխատանքի թեման՝ “ԽՍՀՄ փլուզումը” և սկսել եմ ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Աշխատանքը ներկայացնելու եմ մայիսյան հավաքին, իսկ մինչ այժմ հասցրել եմ հավաքագրել գրականության ցանկը, սկսել եմ ուսումնասիրել այն, պարզել ԽՍՀՄ-ի առաջացման անհրաժեշտությունը, միության ներսում եղած միջպետական կոնֆլիկտներն ու դրանց պատճառները՝ հետևանքների հետ միասին։ Վստահ եմ, որ գալիք հինգ ամսում էլ կհավաքագրեմ ողջ տեղեկությունները և արդեն կոկիկ, համակարգված կներկայացնեմ հետազոտական աշխատանքս։ Ես մանկուց սիրել եմ տարբեր հայտնի, անոմալ երևույթների ուսումնասիրմամբ զբաղվել, պարզել այս կամ այն հանրահայտ երևույթի կամ դեպքի մանրամասները։ Իսկ այս աշխատանքն է՛լ ավելի կատարելագործեց իմ հմտությունները՝ հետազոտության գործում։

Այս ամենից բացի, ուզում եմ առանձնացնել ևս երկու կատեգորիա՝ դպրոցական առարկայի տեսքով՝ ելնելով այդ երկու առարկաների շրջանակներում կատարած մեծ աշխատանքից, որը նույնպես կուզեի ընդգծել։

Անգլերեն

Բացի վերը նշված նախագծերից, այս առարկայի շրջանակներում գրել եմ բազմաթիվ ուսուցողական, հետաքրքիր, մոտիվացիոն էսսեներ, որոնցից մի քանիսը կուզեի նշել։

  • Life: A Chain of Ups and Downs․ Մոտիվացիոն բնույթի էսսե։
  • The Work Of The Filmmaker According To My Own Experience․ Մոտիվացիոն և պատմողական բնույթի էսսե։ Այստեղ սովորողների հետ կիսվել եմ ռեժիսորի և սցենարիստի աշխատանքի իմ փորձով և մանրամասն պատմել իմ հեղինակած ֆիլմի պատրաստման հետաքրքրաշարժ պատմությունը։
  • Ամերիկյան համալսարանում բաց դռների օրվա կապակցությամբ, անգլերենի խմբով այցելել եմ համալսարան՝ ծանոթանալու իրենց ընդունելության կարգին, դասընթացներին, մասնաճյուղերին և այլ կարևոր տեղեկություններ իմանալ։ Այդ արդյունավետ և հետաքրիքր օրվա մասին պատումս կարող եք կարդալ այստեղ։
  • Սեբաստացիական օրերի կապակցությամբ առանձնացրել եմ ինձ համար կարևոր հինգ կետեր՝ ինչու սովորել հենց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ներկայացրել եմ կրթահամալիրը բազմաթիվ տեսանկյուններից և թվել մի շարք առանձնահատկություններ և առավելություններ։ Այդ պատումը կարող եք կարդալ այստեղ։
  • How it all started… Մոտիվացիոն բնույթի մեկնաբանական էսսե, որտեղ ներկայացնում եմ Աշոտ Բլեյանի կատարած վիթխարի աշխատանքը՝ կրթահամալիրի ստեղծման գործում և մեկնաբանում նրա անցած ուղին իմ տեսանկյունից։

Հայոց լեզու/Գրականություն

Այս առարկայից ևս ունեմ շատ էսսեներ, որոնք ներառում են տարբեր գրառումներ, հարցազրույցների վերլուծություն տարբեր տեսանկյուններից, այս կամ այն խնդրի մասին գրառումներ, ֆիլմերի, գրքերի կամ հոդվածների վերլուծություններ, որոնք ևս կուզեի հանձնել ձեր դատին։

Առաջիկա անելիքներ

Որպես ակտիվ Սեբաստացի՝ հետևում թողած աշխույժ, առաջադեմ աշխատանքին պետք է հետևի առջևում պլանավորված շատ մեծ, վիթխարի աշխատանք։ Առաջիկայում պլանավորում եմ ծավալել է՛լ ավելի մեծ գործունեություն կրթահամալիրում, քանզի Սեբաստացիում ամեն ինչ նորարարական է, շարունակական և կա հնարավորություն՝ դրանք իրագործելու։ Այսպիսով՝ ներկայացնեմ ուսումնական երրորդ շրջանում նախատեսածս աշխատանքը և իրագործման մոտավոր ժամկետները։

  • Անգլերենի խմբով նախատեսում եմ իրագործել երկարաժամկետ նախագիծ՝ դետեկտիվ ներկայացում, որի սցենարիստը կլինեմ ես։ Որպես աշխատանքի սկիզբ՝ ունեմ արդեն բեմադրության գործող անձանց՝ կերպարների մանրամասն նկարագիրը և պատմության սկզբնական կառուցվածը։ Սցենարը կհասցնեմ ավարտին մոտավոր 3-4 շաբաթում։
  • Ֆրանսերենի խմբով ևս նախատեսում եմ բեմադրել մի ներկայացում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային։ Ներկայացումը լինելու է արևմտահայերենով և ֆրանսերենով, լինելու է կատակերգական դրամա ժանրի։ Որպես աշխատանքի սկիզբ՝ արդեն ունեմ պատմության սկզբնական կառուցվածքն ու կերպարների նկարագիրը։ Սցենարն ավարտին կհասցնեմ 3-4 շաբաթում և ամենայն հավանականությամբ՝ ներկայացումը կբեմադրենք փետրվար ամսին։
  • Թատերական խմբակի կազմով նախատեսում ենք բեմադրել ներկայացում՝ հիմնված իսպանական գրողներից մեկի պիեսի վրա։ Այդ աշխատանքում ևս կներառվեմ որպես սցենարիստ և ամենայն հավանականությամբ՝ այն կբեմադրենք փետրվար ամսին։
  • Չինարենի խմբակի հետ միասին պատրաստվում եմ ավելի խորը ուսումնասիրել չինական մշակույթը, լեզուն, սովորույթները, հաճախել ցուցահանդեսներ և թանգարաններ։
  • Պատրաստվում եմ համալրել հայրենագիտական ճամփորդություններիս ցանկը, լինել Հայաստանի տարբեր վայրերով, տիրապետել հայ ազգագրական պարերին և ծանոթանալ ազգային տարբեր արժեքների։
  • Նախատեսում եմ ակտիվորեն մասնակցել հանդիպում-քննարկումների, կլոր սեղանների, իրականացնել հետազոտություններ հյուրերի կյանքի, անցած ուղու և գաղափարների մասին։
  • Իրականացնելու եմ բազում թարգմանական աշխատանքներ՝ հիմնականում անգլերենից հայերենի։
  • Ուսումնասիրելու եմ Հայաստանի տարբեր հիմնախնդիրներ, փորձելու եմ տալ դրանց լուծման հնարավոր տարբերակները, պարզելու եմ դրանց առաջացման գլխավոր պատճառները և հետևանքները։
  • Նախատեսում եմ ավելի խորանալ պատմություն առարկայի մեջ, հետազոտել տարբեր պատմական իրադարձություններ ու երևույթներ՝ ներառյալ Առաջին համաշխարհային պատերազմը, որի ուսումնասիրություններն արդեն սկսել եմ։
  • Պատրաստվում եմ կազմակերպել դեբատներ, քննարկումներ, բանավեճեր՝ հայերենով ու անգլերենով՝ կատարելագործելով սեփական մտածողությունս տարբեր թեմաների, հիմնախնդիրների շուրջ և զարգացնել բանավիճական խոսքս։
  • Ուսումնական երրորդ շրջանում ավելի եմ կենտրոնանալու մասնագիտական կոողմնորոշմանս վրա, բաց դռների օրերին հաճախել համալսարաններ, ծանոթանալ դրանց կրթական ծրագրերին, առաջարկվող կուրսերին և առավելություններին։ Պատրաստվում եմ ուսումնասիրել տարբեր մասնագիտական բնագավառներ և ոլորտներ՝ դրանց առավելություններ, անհրաժեշտությամբ և կարևորությամբ։

Հուսով եմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը կտա հնարավորություն՝ այս ամենն իրագործելու, ունենալու ակտիվ և աշխույժ գործունեություն կրթահամալիրում և ըստ այդմ՝ փայլուն և հարուստ ապագա։

2022 թ․ ամռանը ես ունեի մեծ խնդիր՝ որտե՞ղ շարունակել ուսումս, ո՞ր ավագ դպրոցն է լավագույնս համապատասխանում ինձ և որտե՞ղ ես կարող եմ ծավալել լայն գործունեություն՝ զարգացնելով լեզվական հմտություններս, մտածողությունս և հետազոտական միտքս։ Ընտրելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը՝ ես մեծ հույսեր ունեի, որ այն կտա ինձ այն ամենը, ինչ պետք է։ Շատ էի ցանկանում ստանալ այն ամենը, ինչի հույսով էլ դիմել էի կրթահամալիրին։ Այժմ, ամփոփելով ուսումնական առաջին շրջանս, ես վստահ կարող եմ ասել, որ գտել եմ այն բանալին, որով կարող եմ տիրանալ այն ամենին, ինչի համար գտնվում եմ այս դպրոցում։ Մնում է միայն ունենալ ցանկություն, նպատակ և ձգտում։ Երբ ինձ հարցնում են՝ գո՞հ ես նոր դպրոցիցդ, ես միշտ պատասխանում եմ․ “Սեբաստացի կրթահամալիրն այն դպրոցներից է, որ եթե ուզում ես օգուտ քաղել այդտեղից՝ պետք է իմանաս՝ ինչպես ճիշտ օգտվել դրանից։ Այն պահից, երբ գտար բանալին՝ քեզ սպասում է կրթություն՝ լի տարբեր հնարավորություններով և ցանկացած տեսակի նախագծերով։”

Design a site like this with WordPress.com
Get started