Գեղատեսիլ Հայաստան․ Արատես

«Ճանապարհորդությունը քեզնից խլում է խոսելու ունակությունը, ապա վերածում քեզ հիանալի պատմողի» – Իբն Բատուտան

Ճանապարհորդություն․ մի բան, որն օգնում է քեզ ճանաչել աշխարհը, այն ընկալել յուրովի ու ընդլայնում երևակայությունը։ Այս անգամ ուղղությունը Արատես գյուղն էր, որտեղ ուղևորվեցինք «Մուտք» ճամբարի մասնակիցներով։ Տպավորությունները ավելի քան հիասքանչ էին։ Սա մի հնարավորություն էր մտերմանալու ապագա դասարանցիներիդ հետ, բացահայտել նրանց կարողություններն ու ճանաչել նրանց մոտիկից։

Նախևառաջ տպավորիչ էր Սմբատաբերդի բարձունքի հաղթահարումը։ Բարձունքից բացվում էր հիանալի տեսարան դեպի Եղեգիսի ձոր։ Ինչպես նաև տպավորող էին Սմբատաբերդ ամրոցի փլատակները, որոնք դարերով պահպանվել էին։

Արկածախնդիր օրվա ավարտին մեզ մնում էր ծանոթանալ ճամբարականների հետ, որն էլ արեցինք խարույկի շուրջ նստած՝ երգելով և օրվա տպավորություններով կիսվելով։

Իհարկե չկա ճամբար առանց ֆիզիկական աշխատանքի ու միջավայրի խնամքի։ Կատարելով աշխատանք՝ դու կոփում ես ինքդ քեզ և կատարելագործում քո կարողությունները։ Եվ ինչու ոչ հպարտանում կատարածդ աշխատանքի համար՝ գիտակցելով, որ մի կարևոր գործում քո մասնակցությունն ես անուցել։ Յուրաքանչյուր թիմային աշխատանք անցնում է արդյունավետ, եթե մասնակիցներն ունեն որոշակի նպատակ ու ձգտում՝ ամեն գնով դա իրականացնելու։

Անգին գործ է միջավայրի խնամքը։ Ի վերջո քո հողն է քեզ կայուն ու հաստատուն պահում, ինչին ի պատասխան՝ նրա մասին պետք է հոգ տանել։ Գիտակցել, որ աղտոտելով միջավայրը՝ դու սպանում ես առաջին հերթին ինքդ քեզ և հետո մի ամբողջ հասարակության։ Յուրաքանչյուր քայլ քո կողմից կարող է վնասել բնությանը և յուրաքանչյուր օգնություն քո կողմից կարող է մեծ նշանակություն ունենալ։

Ճամբարի ողջ ընթացքում մեզնից անպակաս էին խմբային խաղերը՝ սեղանի, ժամանցային ու սպորտային, ինչը ևս կարևոր նշանակություն ունի մասնակիցների փոխհարաբերությունների ամրապնդման գործում։ Ճամբարում դու երբեք ձանձրացած չէիր զգա։ Այդ երեք օրը լի էր արկածներով և խաղերով։ Ինչը ինձ հատկապես դուր եկավ՝ դա դետեկտիվ ժանրի խաղն էր, որի իմաստն էր կատարված հանցագործությունը բացահայտելը՝ տրված փաստերի, փաստաթղթերի և այլ տեղեկությունների միջոցով։ Մի քանի ժամվա համառ աշխատանքից հետո և դպրոցի ավագ աշակերտների աջակցության շնորհիվ՝ գործը բացահայտվեց։

Վերադարձի ճանապարհին այցելեցինք մի քանի գեղատեսիլ վայրեր ևս։ Գեղեցիկ ու հրապուրիչ էր Սելիմի լեռնանցքի ձեռակերտ Քարավանատունը, որի շուրջ բոլորը սարեր ու ձորեր էին։ Վաղաշենի ճամբարում անցկացրինք հիանալի ժամանակ՝ ծանոթանալով կրտսեր ճամբարականների հետ և բնության գրկում հանգստանալով։ Զարմանահրաշ էր Ծակքարում գտնվող բնակերտ կամուրջը։ Իրոք, որ բնությունը կարող է հրաշքներ գործել և մեծ է նրա ուժը շրջակա աշխարհում։ Վերջին կանգառն ու ամենահիշարժանը Հայրավանքն էր՝ Սևանա լճի ափամերձ հատվածում։ Այնտեղից բացվում էր հիանալի տեսարան դեպի բազմադարյան գեղեցկուհի Գեղամա ծով։

Ճամբարի մաս էին կազմում նաև տեղանքի ուսումնասիրությունները տարբեր ուղղություններով՝ գետեր, բլրեր, ձորեր, որոնք անում էի սեփական նախաձեռնությամբ՝ հետաքրքրությունից դրդված։

Եվ ինչպես ասում են՝ ամեն բան, ինչը ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Ավարտվեց նաև մեր ուսումնահայրենագիտական ճամբարն Արատեսում։ Սակայն այն բոլոր տպավորությունները, զգացողությունները, հիանալի պահերը և մեծ բավականությունը, որ ինձ տվեց այս ճամփորդությունը, երբեք չեմ մոռանա։

Եվ խոսքս ուզում եմ եզրափակել Օգոստինոս Երանելիի մտքով՝ աշխարհը գիրք է, և նրանք, ովքեր չեն ճանապարհորդում, հասցնում են կարդալ միայն առաջին էջը։

Գաբրիել Գարսիա Մարկես-Ինչպես նորոգել աշխարհը

«Այդքան ջանք մի գործադրիր, ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի» Գարսիա Մարկես

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը, լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը, 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի, իսկ 1982 թվականին՝ Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում: «Հարյուր տարվա մենություն»-ը նրա գրած ամենահայտնի վեպն է։ Այն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։

Նրա «Ինչպես նորոգել աշխարհը» պատմվածքը փոքրիկ ստեղծագործություն է, բայց իր մեջ մեծ իմաստ է պարունակում։ Այն առաջին հերթին ցույց է տալիս մանկական մտածողությունն ու տրամաբանությունը։ Թե ինչպես մարդը կարող է հասնել որևէ խնդրի լուծման՝ մտածելով ընդունված սահմաններից դուրս։ Տեսնել ու նկատել այն պարզն ու հասարակը, որ մարդիկ չեն նկատում՝ ընտրելով դժվար ուղին։ Պատմվածքում ընկած է նաև գիտելիքի ուժի գաղափարը։ Երեխան ուներ պատկերացում մարդու պատկերի մասին, ինչը նրան տարավ գլուխկոտրուկի լուծմանը։ Սա արտահայտում է այն միտքը, որ մարդ կարող է ունենալ սահմանափակ գիտելիքներ, այնուհանդերձ զարգացնել դրանք իր մեջ և հասցնել ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով՝ հանգում ենք այն եզրակացության, որ ցանկացած գիտելիք ունի որոշակի ուժ և նշանակություն, որով մարդուն կարող է օգտակար լինել։ Պակաս կարևոր չէ նաև հոր կերպարը, ով չնայած տարված է աշխարհի հոգսերով, սակայն այդ գործը չի վստահում իր փոքր տղային։ Սա նաև խոսում է հոր կարծրատիպային մտածողության մասին, ըստ որի երեխան չի կարող այդպիսի հարցերի շուրջ մտածել, իրեն օգտակար լինել։ Իսկ պատմվածքի վերջում մենք հասկանում ենք հոր բուն սխալը՝ ապրել կարծրատիպերով և վստահություն չունենալ ուրիշների հանդեպ։ Եվ վերլուծությունս ուզում եմ ավարտել ստեղծագործության բուն իմաստով, որը հեղինակը թաքցրել է պատմվածքի վերջում։ Այն է՝ աշխարհը կարելի է շտկել՝ շտկելով մարդուն։ Տղան նույնպես կատարում է այդ գործողությունը․ մարդու պատկերը շտկելով՝ շտկում է աշխարհի քարտեզը։ Իրավամբ, աշխարհը բարեփոխելու գործընթացը պետք է սկսել անհատից։ Յուրաքանչյուր ոք պետք է նախևառաջ փոխի իրեն, որ կարողանա փոխել ողջ հասարակությանը։

Իմ Մասին

«Կրթությունը պետության պահպանման և բարգավաճման հիմքն է, ամուր և կայուն պետականություն ստեղծելու առաջնային նախապայմանը»

Ես՝ Արի Ագոփս, ծնվել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում։ 2012թ․ տեղափոխվել եմ Հայաստան և մինչ օրս ապրում եմ մայրաքաղաք Երևանում։ 2013-2014թթ․ սովորել եմ Երևանի Հակոբ Օշականի անվան հ․ 172 հիմնական դպրոցում։ 2014թ․ փոխադրվել եմ <<Մակսեդան>> Օտար լեզուների մասնավոր դպրոց։ Դպրոցում ցուցաբերել եմ գերազանց առաջադիմություն, մասնակցել եմ մի շարք մրցույթների, օլիմպիադաների և նվաճել եմ բարձր արդյունքներ։ 2017թ․ <<Կենգուրու>> միջազգային մաթեմատիկական մրցույթի շրջանակներում պարգևատրվել եմ՝ գրավելով դպրոցում առաջին տեղը։ 2019թ․ ընդունվել եմ Երևանի Նաիրի Զարյանի անվան հ․ 130 հիմնական դպրոց։ Ուսումնական 3 տարիների ընթացքում ոչ միայն սովորել եմ փայլուն առաջադիմությամբ, այլև մասնակցել եմ դպրոցում կայացած մի շարք միջոցառումների և տոնակատարությունների կազմակերպման աշխատանքներին, հնարավորինս օգնել եմ իմ գաղափարներով և ստեղծագործական հմտություններով։ 2022թ․ ավարտել եմ միջնակարգ դպրոցը կարմիր ատեստատով և գերազանց արդյունքներով։

Սիրելի զբաղմունքներիցս են ընթերցանությունն ու կինոդիտումը, որոնք էլ իմ մեջ զարգացրել են սցենարներ գրելու հմտությունը։ Իմ գրած սցենարների հիման վրա իմ խմբի հետ նկարահանել եմ կարճամետրաժ ֆիլմ և կազմակերպել եմ փոքրիկ բեմականացում։ Ակտիվ եմ սոցիալական ցանցերում և ամեն տարի կազմակերպում եմ առցանց ինտելեկտուալ մրցույթներ, ինչպես նաև ունեմ <<Կարճ Ինֆո>> անվամբ շարք, որով օնլայն հարթակին ներկայացնում եմ կարճ և հետաքրքիր տեղեկություններ։ Նպատակ ունեմ դառնալ դիվանագետ, քանզի սիրում եմ այդ ոլորտը և ինձ տեսնում եմ այդ բնագավառում։

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, հանդիսանալով հասարակության մի մասնիկը, պարտավոր է իր դերն ունենալ իր երկրի կառուցման և զարգացման հարցում։ Այդ առումով ես ինձ համարում եմ ակտիվ քաղաքացի, ով ձգտում է ունենալ գիտելիքային մեծ պաշար և ունենալ իր ներդրումը պետության զարգացման գործում։

Իմ Resume-ն կարդացեք այս հղումով։

Design a site like this with WordPress.com
Get started