Գեղատեսիլ Հայաստան․ Դիլիջան

«Ինչպես բոլոր ճանապարհորդները, ես տեսել եմ ավելին, քան հիշում եմ և հիշում եմ ավելին, քան տեսել եմ»- Բենջամին Դիսրաելի

Այս խոսքերն իրոք բացատրում են ճանապարհորդության իմաստն ու դրանից ստացած զգացողությունները։ Այո, ես տեսել եմ ավելին, բայց նաև հիշում եմ ավելին, քանի որ այդ պահերն այնքան տպավորիչ են, այնքան հրաշալի ու գունեղ, որ էմոցիաներդ տասնապատիկ ծաղկացնում ու գեղեցկացնում են հիշողությունդ այդ պահերի մասին։ Եվ այդ ամենը չզգալ աշնանային Դիլիջանի դրախտային երփներանգ բնության ներքո, ուղղակի անհնար է։ Համայնապատկերի ինչպիսի կտրուկ փոփոխություն, երբ էմոցիաներդ արդեն սահմաններ չեն ճանաչում, ուզում ես ուղղակի գամվել աթոռին ու նայել դեպի անսահմանություն, դեպի եդեմական գեղեցկություն, դեպի կատարելություն․․․

Խոսքերիցս պարզ էր, որ այս անգամ խմբով ուղևորվել էինք Դիլիջան՝ բացահայտելու դրա աշնանային գեղեցկությունն ու բնության հրաշալիքները։ Ճամփորդությունը սկսեցիքն Սևանա լճի մոտ կանգառից, այնուհետև շարժվեցինք դեպի դարերի պատմություն ունեցող Հաղարծին վանական համալիր։ Անվերջ կարող եմ խոսել այդ ճարտարապետական գլուխգործոցից ու դրա գրավչությունից, սակայն ավելի սքանչելիները դեռ առջևում են։

Վանական համալիրից հետո քայլարշավով ուղևորվեցինք դեպի Թաքնված ջրվեժ․ մի վայր, որտեղ նախկինում եղել եմ, բայց դրա գրավչությունն ինձ մեկ անգամ ևս ստիպեց անցնել երկար-բարակ ճանապարհներով, քարերի, ժայռաբեկորների վրայով։ Այն իրոք թաքնված է բազմաթիվ բարձր խոտերի, դեզերի և ժայռերի հետևում։ Այս անգամ ջրվեժի գեղեցկությունն ինձ ստիպեց ավելի մոտենալ դրան, ավելի մոտիկից վայելել ջրի գահավիժող հոսքը։

Թաքնված ջրվեժից հետո ուղևորվեցինք Գոշ գյուղ՝ հյուրատուն։ Ավարտվեցին օրվա ճամփորդությունները, սկսվեց ոչ պակաս հետաքրքիր՝ օրվա ավարտը ճանապարհորդության մասնակիցների հետ։ Ճամփորդության ողջ ընթացքում չեմ ունեցել ոչ միայն բնության գեղեցկության, այլև մարդկային շփման կարոտ։

Հաջորդ օրը նախատեսված էր քայլարշավ դեպի Գոշ լիճ, որն ավելի բարդ ու երկար էր, քան նախորդը։ Քայլարշավները կարծես արկածային խաղեր լինեն, երբ հերոսն անցնում է երկար ճանապարհ՝ տարբեր փորձությունների միջով, սակայն վերջում նրան սպասում են փայլող ու շողշողուն գանձեր։ Գոշ լիճն էլ այդ գանձերից մեկն է։ Բառերով բացատրելիս չեք պատկերացնի այն գեղեցկությունը, որ ես՝ հոգնած ու ծարավ աչքերով տեսա։ Ամբողջ բնությունն էր արտացոլվում լճի անապակ ջրերում, չորս կողմից երևացող գույնզգույն ծառերն իրենց արտացոլանքն էին գտնում այդտեղ։

Օրվա երկրորդ կեսն անցկացրինք Դիլիջան քաղաքում, որտեղ ոչ պակաս լավ ժամանակ անցկացրինք․ մեկը՝ սրճարանում, մյուսը՝ այգում, մեկ ուրիշը՝ փողոցներով քայլելիս։ Երեկոյան վերադարձանք հյուրատուն՝ օրվա դրական էմոցիաների մեծ պաշարով, հոգնած, ուժասպառ, քնեցինք՝ Դիլիջանում մեր վերջին օրվա արկածների սպասումով։

Վերջին օրն էր և մենք շուտով հրաժեշտ պետք է տայիքն այդ կախարդական գեղեցկությանը։ Հաջողություն մաղթելով հյուրատան ջերմ անձնակազմին, ովքեր երեք օր շարունակ սիրով պահեցին մեզ՝ ավտոբուսով ուղևորվեցինք Դիլիջանի ազգային պարկ՝ եղջերուներին մոտիկից տեսնելու։ Մեկ անգամ էլ եմ այտսեղ եղել և շատ հաճելի էր տեսնել եղջերուներին այդքան մոտիկից, կերակրել նրանց, հետևել նրանց անցուդարձին։ Այնուհետև արդեն այստեղից էլ դուրս գալով նստեցինք ավտոբուս՝ ճամփորդությունը եզրափակելու և ուղևորվելու մայրաքաղաք Երևան։

Պատումիս ողջ ընթացքում անընդհատ օգտագործել եմ ծայրահեղական իմաստով հատկանիշներ։ Որոշները կմտածեն չափազանցրել եմ, որոշներն, ովքեր գոնե մեկ անգամ այցելել են Դիլիջան, կհաստատեն իմ խոսքերը, որոշներին էլ կհետաքրքրի ու կոգևորի վայելչագեղ Դիլիջանը և քաղաքի հաջորդ այցելուները կլինեն նրանք։ Բոլոր ճամփորդողներին մաղթում եմ բարի հանգիստ և անվտանգ ճանապարհորդություն, հուսով եմ, որ Դիլիջանից ետ կվերադառնաք նույնքան հագեցած ու կախադրված, որքան ես էի։

One thought on “Գեղատեսիլ Հայաստան․ Դիլիջան”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started