Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն

Պարզվում է, որ մարդու գեղեցիկ դրսևորման մեջ բավարար չէ այն, որ նա գեղեցիկ է, հետևում է իր արտաքինին, ունի տաղանդներ և շարժուձևը նրբագեղ է։ Նշված բոլոր հատկանիշների կողքին պարտադիր է նաև գեղեցիկ վարվելակերպի ու ճիշտ հաղորդակցության առկայությունը։ Վերջիններիս բացակայությունը կարող է անխուսափելիորեն հիասթափություն առաջացնել մարդու հանդեպ։ Գեղեցիկ է այն վարվելակերպը, որ մարդկանց հաղորդակցության ընթացքում առաջացնում է գեղեցիկի զգացողություն։ Հաշվի առնենք նաև, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է վարվի դիմացինի հետ այնպես, ինչպես ինքը կուզեր, որ դիմացինը վարվի իր հետ։

Եվ ուրեմն, ի թիվս այլ հատկանիշների, գեղեցիկն ունի մեկ այլ հատկություն ևս․ այն ունակ է մարդու հոգին մաքրել կուտակված դառնությունից, զայրույթից, ցավից և այլ բացասական հոգեվիճակներից։ Այն ունի մաքրագործող հատկություն։ Այսպիսով, մարդկանց շփման մեջ գեղեցիկ վարմունք ցուցաբերելով, յուրաքանչյուրը շատացնում է աշխարհում եղած ներդաշնակությունը։

Ահա մի քանի սկզբունքներ, որոնք կարող ենք օգտագործել՝ հաղորդակցությունն ավելի գեղեցիկ դարձնելու համար․

  • Խոսել գեղեցիկ և չաղավաղել լեզուն
  • Հասակակիցներին պիտակներ չկպցնել
  • Դիմացինի արարքում որևէ բան դուր չգալու դեպքում, պետք է քննադատել ոչ թե դիմացինին, այլ այդ արարքը

Ընդհանարցնելով այս ամենը՝ հասկացանք, որ, ի թիվս այլ ոլորտների, գեղեցիկը պարտադիր է նաև հաղորդակցման մեջ։ Պետք է դիմացինի հետ վաևվել այնպես, ինչպես կցանկանաս վարվեն քեզ հետ։ Եվ ինչն ամենակարևորն է՝ գեղեցիկն ունի մաքրագործող հատկություն, և յուրաքանչյուր լավ արարք մարդու կողմից մեծացնում է աշխարհում գեղեցիկին ձգտելու ցանկությունն ու ավելացնում ներդաշնակությունը։

Գեղեցիկը մեր ամենօրյա կյանքում

Ըստ բուդդայականության կրոնի հիմնադիր Բուդդայի՝ ձգտումն առ գեղեցկություն կատարվում է մարդու հոգևոր կյանքի միջոցով։ Մարդ արարածն, ի թիվս այլ բնութագրական կողմերի և հատկությունների, նաև գեղեցկության ձգտող էակ է։ Այդ էակն անընդհատ գեղեցկություն ու ներդաշնակություն է փնտրում իր գործունեության մեջ։ Այդ որոնումները կարելի է իրականացնել երկու եղանակով․

  • Բուդդայի նշած հոգևոր որոնումների ձևով, որն արտահայտվում է կրոնում, արվեստում և հոգևոր մշակույթի այլ ոլորտներում։
  • Մարդու ամենօրյա կյանքում․ նրա սովորական, առօրյա գործողություններում։

Հետևաբար մարդն ապրում է երկու իրականությունում․

  • Հոգևոր մշակույթ, որը ստեղծվում է նվիրյալների ոգեշնչված աշխատանքով
  • Մեր բոլորի ապրած սովորական կյանքը

Վերը նշվածներից բացի կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր միջավայր, որն անվանում ենք կենցաղ։ Նախկինում կենցաղի ու առօրեականության դերը մարդու կյանքում թերագնահատված էր և համարվում էր զուտ կենսաապահովման մշակույթ։ Դրա համաձայն՝ հոգևոր որոնումներ ունեցող մարդը պետք է անտեսեր կենցաղային խնդիրներն իր նպատակներին հասնելու համար։ Սակայն այժմ առօրեականության դերը շատ նշանակալից է, և կարևոր է, թե ինչ միջավայրում ու ինչպիսի հարաբերությունների մեջ է մեծանում մշակույթի հետ առաջին ծանոթությունը հաստատողը։

Կենցաղի հետ սերտորեն կապված է ապրելակերպը, ինչը մարդու ապրելու, կենսագործունեության եղանակն է։ Դրանցից են մարդու հիգիենան, սնունդ ընդունելու ձևերը, հագուստը, սովորույթները, խոսքը և այլն։ Սրանք ունեն նաև գեղագիտական բաղադրիչ, որով ազդում են մարդու հոգեկերտվածքի վրա։ Չէ՞ որ, եթե ստեղծվի գեղեցիկ միջավայր, այն մաքրագործող ազդեցություն կթողնի մարդկանց վրա։

Արդյունքում հանգում ենք այն կարծիքին, որ առօրեականությունը չպետք է անտեսել գեղեցիկի ձգտման ճանապարհին։ Ի վերջո, մարդկանց մեծամասնությունն իր կյանքի հիմնական մասն անցկացնում է կենցաղի և առօրեականության աշխարհում։ Եթե մեր կենցաղում գեղեցիկը տեղ չի գտնում, ապա կորցնում ենք հնարավորությունը՝ վայելելու գեղեցիկը, ձգտելու գեղեցիկին ու սիրելու գեղեցիկը։ Պետք է ազատվենք այն խոչընդոտներից ու հետևենք այն ճանապարհի մաքրությանը, որը մեզ տանում է դեպի գեղեցիկ։

Գեղեցիկը տարբեր մշակութային միջավայրերում

Հեռավոր անցյալում մարդիկ ամենուր տեղաշարժվել են ոտքով, կամ օգտագործել են ընտելացված կենդանինենրին՝ որպես փոխադրամիջոց։ Ամեն դեպքում նրանց տեղաշարժման արագությունը մեծ չի եղել, և նրանց մեծամասնությունն իրենց կյանքի ընթացքում դուրս չեն եկել այն տարածաշրջանից, որտեղ ծնվել ու մեծացել են։ Հետևաբար նրանք իրենց ողջ կյանքն ապրել են մեկ մշակույթի շրջանակներում՝ ձևավորելով բարու, գեղեցիկի, ճշմարիտի իրենց պատկերացումները։ Նրանք, չհանդիպելով որևէ ուրիշ պատկերացման, վերոնշյալ հասկացությունների մասին իրենց պատկերացումները համարել են բացարձակ, ընդ որում երբ ինչ-որ բան իրենց կողմից գեղեցիկ է համարվել, ուրեմն դա պետք է գեղեցիկ համարվեր նաև մնացած աշխարհի համար։ Դա, իհարկե, բնական է՝ հաշվի առնելով, որ մարդիկ իրենց ծննդից ի վեր ապրել են մի մշակութային կենտրոնում և ինքնստինքյան ժառանգել այդ մշակույթի պատկերացումները։

Հետագայում արդեն գիտության, տեխնիկայի և տրանսպորտային միջոցների զարգացումը հնարավորություն է տվել մարդկանց տեղից տեղ ճանապարհորդելու։ Այդպիսով՝ տարբեր մշակույթներ և ավանդույթներ ունեցող մարդիկ շփվել են միմյանց հետ, ծանոթացել են մյուսների մշակույթին։ Եվ երբ բացահայտել են, թե որն է մյուսների համար գեղեցիկը, հասկացել են, որ տարբեր վայրերի ու ժամանակների մարդկանց ունեցած գեղեցիկի պատկերացումները ոչ միայն տարբեր են եղել, այլև հակասել են միմյանց։ Շուտով պարզվել է, որ մեկ վայրում կարող էր, օրինակ օձը գեղեցիկ կենդանի չհամարվել, մինչդեռ մեկ այլ վայրում համարվեր գեղեցկագույն կենդանին։ Մի ժամանակաշրջանում կնոջ գեղեցկության չափանիշ համարվեր երկար մազերն ու կամար հոնքերը, մինչդեռ մեկ ուրիշ ժամանակահատվածում գեղեցիկ համարվեր լայն ճակատն ու սափրած հոնքերը։

Հաշվի առնելով, որ ներկայումս մարդկությունն ապրում է գլոբալացման դարաշրջանում, և ավելի են սերտանում տարբեր երկրների ու մշակույթների մարդկանց շփումները, դրանք իրենց հետ բերում են գեղեցիկի ընկալման նոր ելևէջներ և հնարավորություն տալիս տարբեր ազգությունների ու մշակույթների ներկայացուցիչներին՝ հիանալ մյուսների գեղեցկությամբ։

Այս ամենի հետ մեկտեղ դիտարկենք նաև գլոբալացման վատ կողմերը։ Դրա արդյունքում բազմաթիվ փոքրաթիվ ազգերի մշակույթները վտանգվում են՝ անկարող լինելով դիմակայել մեծ ծավալով տարածվող որոշ մշակույթների թելադրանքին ու ընդունելով նրանց պարտադրած գեղեցիկի չափանիշները։ Այսպիսով կարևոր է, որ յուրաքանչյուր մշակույթի կրող արժևորի սեփական արժեքները, պահպանի և զարգացնի դրանք՝ չվախենալով ու չմերժելով նաև համամարդկային համարվող չափանիշները։

Ամփոփելով թեման՝ կարող ենք ընդհանրացնել, թե ինչ հասկացանք։ Առաջին հերթին պարզեցինք, որ գեղեցկությունն ու դրա չափանիշները տարբեր ժամանակներ և տարբեր վայրերում եղել են խիստ տարբեր։ Դրա պատճառով ներկայիս մարդկանց համար կարող է անհասկանալի լինել հին ժամանակներում գեղեցկության չափանիշ համարվող ինչ-որ մի արժեք։ Դրանից նաև հետևում է, որ մեր այժմյան տեսքը, ոճը, հագուստը և այլ բաներ կարող են ապագայում ամենևին դուրս մնալ գեղեցկության չափանիշներից՝ չհամապատասխանելով վերջիններիս։ Այսինքն կարելի է ասել, որ մարդկանց հետ մեկտեղ՝ ժամանակը նույնպես թելադրում է գեղեցկության չափանիշները, որոնք, իհարկե, խիստ անցողիկ են։

Գեղեցիկի հասկացությունը

Մեր ամենօրյա կյանքում բազմազան երևույթներ ու գործընթացներ մեր կողմից, ի թիվս այլ գնահատականների, արժանանում է ևս մեկ կարևոր գնահատականի, այն է՝ գեղեցիկի գնահատումը։ Մենք գնահատում ենք գրեթե ամեն բան․ մարդկանց արտաքինը, բնավորությունը, հագուկապը, շարժուձևը, ինչպես նաև արվեստի գործերն ու այլ մարդածին ու բնածին երևույթներ։ Մարդը գնահատող էակ է և ի թիվս այլ չափանիշների, գնահատում է նաև գեղեցիկի տեսանկյունից։

Այս ամենի արդյունքում մի հարց է ծագում, որը դարեր շարունակ եղել է մտածողների որոնումների առարկան․ <<Իսկ ի՞նչ է գեղեցիկը>>։ Եվ իրոք, ի՞նչն է մեզ ստիպում, որ նայելով մի նկարի, շենքի կամ առարկայի, ասենք, որ դա շատ գեղեցիկ է։ Ի՞նչն է մեզ թելադրում մարդկանց արտաքինում կամ արարքներում գեղեցկություն տեսնել։ Այս վերաբերյալ շատ ճշգրիտ կարծիք է արտահայտել Յոհան Վինկելմանը։ Ըստ նրա գեղեցկության ազդեցությունը մենք տեսնում և զգում ենք, իսկ նրա էության մասին շատերն են փորձել հստակ պատկերացում տալ, բայց ապարդյուն։ Հիրավի, գեղեցիկը շատ լայն ու հարաբերական հասկացությունը, որին բացատրություն տալը շատ դժվար, գրեթե անհնարին բան է։ Գեղեցիկի վերաբերյալ մոտավոր հասկանալու համար դիտարկենք դրա ընկալման որոշ տարբերակներ։

  • Հին Հունաստանում, օրինակ, ամբողջ տիեզերքն են համարել գեղեցիկ։ Եվ մարդը որպես փոքր տիեզերք՝ նույնպես համարվել է գեղեցիկ։
  • Տիեզերքի հետ առնչվող ուրիշ պատկերացում էլ կա․ Պյութագորականները գեղեցիկ էին համարում ներդաշնակն ու տիեզերականը։ Ըստ նրանց, տիեզերքում հնչում էր հրաշալի երաժշտություն, և դա ընկալող մարդը նույնպես համարվում է գեղեցիկ։
  • Սոկրատեսն օրինակ գեղեցիկ է համարել օգտակարն ու նպատակահարմարը, այն մարդկանց, ովքեր վերջիններիս մարմնացումն էին։ Սակայն տեսակետը բազմիցս վիճարկվել է, քանի որ օգուտի հասկացությունը նույնպես կարող է տարբեր ընկալվել։

Դիտարկենք նաև Պլատոնի ընկալումը, ով գեղեցիկը տարբերակել է ըստ աստիճանների․

  • Ըստ դրա, գեղեցիկի առաջին աստիճանը ֆիզիկական՝ բնական կամ մարմնական գեղեցկությունն է, որը, սակայն, խիստ անցողիկ է։
  • Հաջորդ աստիճանում նշվում է հոգու գեղեցկությունը, որը նախորդից ավելի երկար կարող է պահպանվել, սակայն նույնպես անցողիկ է՝ հաշվի առնելով մարդու բնավորության փոփոխականությունը։
  • Երրորդ աստիճանին են դասվում այն երևույթները, որ ստեղծվում են գիտությունների և արվեստների շնորհիվ։ Դրանք այն են, ինչ մենք անվանում ենք արվեստի գործեր, կամ մշակութային արժեքներ։ Հաշվի առնելով, որ մարդկության գիտելիքներն ու հմտություններն են միավորված մարմնավորված այստեղ՝ գեղեցկության այս տեսակի հանդեպ ժամանակն անզոր է։ Այնուամենայնիվ, Պլատոնն այս աստիճանը նույնպես չի համարում գեղեցիկի լիարժեք պատկերացումը, քանզի արվեստի տարբեր ներկայացուցիչների համար գեղեցիկը կարող է տարբեր լինել։
  • Այսպիսով՝ կատարյալ գեղեցկությունը հնարավոր է միայն չորրորդ մակարդակում՝ իմաստության ու բարիքի գերագույն ոլորտում։ Իսկական ու հարատև գեղեցկություն գոյություն ունի միայն գաղափարների աշխարհում։ Ըստ Պլատոնի, այդ իդեալական ու կատարյալ գեղեցիկը նաև ճշմարիտ է ու բարի։

Արիստոտելի տեսակետն այլ էր․ նա կարծում էր, որ գեղեցիկ է համարվում չափավորն ու կարգավորվածը։ Ըստ նրա՝ գեղեցիկն ունի մաքրագործող հատկություն, և մարդն ազնիվ ու վեհ արարքներ է գործում հանուն գեղեցիկի։

Միջնադարյան մտածողները գեղեցիկ էին համարում աստվածայինը, իսկ մարդկանց ու բնությանը համարում էին անկատար և ստվերային։

Լուսավորիչ Դիդրոն գեղեցիկը մեկնաբանել է կարգավորվածի, միասնականի ու համամասնականի հուզիչ համադրություն։

Եվ կա մեկ մոտեցում ևս, որը տարբեր է վերոնշյալ բոլոր տեսակետներից։ Այն ավելի շատ սյուբեկտիվիստական է, ըստ որի գեղեցիկ առհասարակ չկա, և այդ ամենը մարդու արած դատողություններն են՝ հիմնված սեփական գեղեցկության չափանիշների վրա։

Ամփոփելով վերոնշյալ բազմաթիվ կարծիքները, ընկալումներն ու տեսակետները, հասկանում ենք մի բան․ գեղեցիկն իրականում գոյություն ունի, բայց դրա չափանիշներն ու ազդեցությունը հիմնված է ամեն մի անհատի սեփական դատողությունների ու պատկերացումների հիման վրա։ Յուրաքանչյուրն ինքն է իր համար ստեղծում այդ չափանիշներն ու ճաշակը, որով գնահատական է տալիս գեղեցիկի տեսանկյունից։

Design a site like this with WordPress.com
Get started