Կիլիկյան Հայաստանի պետական կարգը, գիտությունը, գրականությունը և մշակույթը

Կիլիկյան Հայաստանն ավատատիրական միապետություն էր: Պետական կարգը գերազանցապես ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների և եվրոպական պետությունների կառավարող մարմինների  ազդեցությամբ: Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհումներով: Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր:

Թագավորությունը կառավարվում էր արքունիքի գործակալությունների և Վերին  ատյանի միջոցով: Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները: Վերին ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, նիստերը վարում էր թագավորը: 

Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը: Պայլը  թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը: Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի բացակայության ժամանակ: Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, ռազմական ուժերի հրամանատարն էր, թագավորի առաջին տեղակալը. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները: Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ: Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը: Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ  վարել օտարերկրյա պետությունների հետ: Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի ընտրված արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ (օրինակ՝ Վահրամ Րաբունի վարդապետը): 

Սեղանապետության գործակալը ղեկավարել է արքունի տան եկամուտներն ու ծախսերը, պալատի տնտեսությունը, համարվել թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»: Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները: Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն: Մեծ հեղինակություն է վայելել տիկնանց տիկինը՝ թագուհին: Նա մասնակցել է արքունի և իշխանական խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքում:

կարդացեք ավելին

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: 

Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): 

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: 

Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:

Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց:

X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի, Լամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:

Կարդացեք ավելին

Իսլամը՝ համաշխարհային կրոն

Մահմեդականությունը կամ իսլամը համաշխարհային 3 կրոններից մեկն է. առաջացել է VII դարում՝ Արևմտյան Արաբիայի Հիջազ քաղաքում: 

Հետևորդները՝ 1,3–1,8 մլրդ մարդ (2010 թ.):

«Իսլամը» արաբերեն է. նշանակում է հնազանդություն:

Ուղղափառ մահմեդականության` սուննիզմի հակառակ հոսանքը կոչվում է շիիզմ. շիաներ են Իրանի, Հարավային Իրաքի, Հյուսիսային Եմենի, Բահրեյնի, Ադրբեջանի բնակչության մեծ մասը:

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: 

Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:

Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): 

Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների: 

Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: 

Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք: 

Այդ բաժանումը տեղի է ունեցել VII դարում՝ Մահմեդ մարգարեի մահից հետո, երբ որոշվել է նրա հաջորդին ընտրելու սկզբունքը: Ըստ սուննիների՝ առաջնորդը պետք է ընտրվեր ողջ համայնքի համաձայնությամբ, իսկ շիաները պաշտպանում էին Մահմեդի դստեր ամուսնու՝ Ալիի և նրա սերունդների ժառանգական իրավունքները: 

622 թ-ին Մահմեդը Մեքքայից գաղթել կամ փախել է Մեդինա: Օմար I խալիֆի օրոք (634–644 թթ.) այդ իրադարձության օրը հայտարարվել է Մահմեդական օրացույցի՝ հիջրայի (հայերեն՝ փախուստ, գաղթ) տարեգլուխ: Հիջրայի տարին դարձել է մահմեդական թվականության սկիզբը: Հիջրան լուսնային օրացույց է, որի տարին ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրերով:

XVIII դարում մահմեդականության մեջ առաջացել են միստիկական հոսանքներ, որոնցից ամենահզորը սուֆիզմն է (միստիկական սիրո միջոցով Աստծուն ճանաչելու ու նրա հետ միավորվելու տեսություն), որն արտացոլվել է նաև գրականության և արվեստի մեջ: 

Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլուր:

Մահմեդականությունը 28 երկրների պետական կրոնն է: 

Խաչակրաց արշավանքները և Հայաստանը

Խաչակրաց արշավանքները, չնայած կարգախոսին, բնավ Ավետյաց երկիրն ազատագրելու նպատակ չէին հետապնդում: Դրանք Եվրոպայում աջացած սոցիալական, քաղաքական ճգնաժամի հետևանք էին:

Բանն այն է, որ Եվրոպայում ֆեոդալիզմի ժամանակաշրջանում առկա հողատիրության ձևը ժառանգական իրավունքից զրկում էր իշխող ազնվականի կրտսեր զավակներին: Եվ ազնվականների կրտսեր զավակները, որոնք հայոց աստիճանակարգում հայտնի էին սեպուհ անվամբ, սպառնալիք դարձան եվրոպական միապետների և իշխող հասարակարգի համար: Հարկ էր որևէ կերպ ուղղորդել այդ ուժը, և եվրոպական գահակալներն իրենց հայացքը հառեցին Արևելք, կազմակերպեցին առաջին խաչակրաց արշավանքը` դրան տալով սրբազան պատերազմի բնույթ:

Սրբազան պատերազմն ու Հիսուսի գերեզմանն ազատագրելու կոչերը սոսկ ձևական պաստառ էին խաչակիրների բուն նպատակները կոծկելու համար: Վկա չորրորդ արշավանքը, երբ խաչակիրները գրավեցին քրիստոնյա Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, երկիրը մասնատեցին, քաղաքն ավերեցին ու կողոպուտի ենթարկեցին:

Խաչակրաց արշավանքները դեպի Արևելք տևեցին գրեթե 200 տարի՝ 1095-1291 թթ. և մեծ հետք թողեցին Արևելքի ժողովուրդների պատմության վրա:

Միամիտ են այն պատմաբանները, որոնք խաչակրաց արշավանքներում ազնիվ մղում են տեսնում: Եվրոպայից խաչակիր ասպետների բանակում Արևելք տեղափոխվեց հասարակության տականքը՝ բախտախնդիրներ, թալանչիներ, գողեր, ավազակներ: Նրանց միավորող երկու մղում կար՝ թալան ու կրոնական մոլուցք:

Խաչակրաց արշավանքներին, բնականաբար, առնչվեցին նաև հայերը: 1080 թ., Ռուբեն Ա Ռուբինյանը (1080-1095) Լեռնային Կիլիկիայում հայկական անկախ իշխանապետություն հաստատեց: Ռուբինյանները ստիպված էին իրենց դիրքերն ամրապնդելու համար պայքարել թե՛ բյուզանդական կայսրության, թե՛ սելջուկների դեմ:

Կարդացեք ավելին

Հայաստանը արաբական տիրապետության շրջանում

Արաբական արշավանքները Հայաստան: Արաբական ցեղերը հնագույն ժամանակներից բնակվում էին Արաբական ընդարձակ թերակղզում: Նրանց հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն էր, մասամբ էլ՝ երկրագործությունը: VII դ. սկզբներին արաբները միավորվեցին իրենց առաջնորդ Մուհամեդի գլխավորությամբ: Նա նոր կրոնի՝ մահմեդականության (իսլամի) և պետության՝ Արաբական խալիֆայության հիմնադիրը դարձավ: Մահմեդականների հոգևոր կենտրոնը միջազգային առևտրական ուղիների խաչմերուկում գտնվող Մեքքա քաղաքն էր: Մահմեդական կրոնը մեծ նշանակություն էր տալիս անհավատների, այսինքն՝ ոչ մահմեդականների դեմ հանուն հավատի պատերազմելու գաղափարին: Գրեթե երկու տասնամյակի ընթացքում արաբները նվաճեցին Բյուզանդիայի աֆրիկյան ու ասիական տիրույթների գերակշիռ մասը և կործանեցին Սասանյան պետությունը:

VII դ. արաբները մի քանի արշավանք կազմակերպեցին դեպի Հայաստան, որոնք ավարառուական ու հետախուզական բնույթ էին կրում: 640թ. արաբները Բաղեշի լեռնանցքով առաջին անգամ ներխուժեցին Հայաստան: Տարոնում թեև նրանց համառ դիմադրություն ցույց տրվեց, սակայն գերակշիռ ուժերի շնորհիվ արաբները հաջողության հասան: Այնուհետև շարժվելով հյուսիս՝ նրանք մտան Այրարատյան դաշտ: Այստեղ բնակչությունը զբաղված էր այգեկութի աշխատանքներով: Մայրաքաղաք Դվինի բնակիչները, հանկարծակիի գալով թշնամու անսպասելի հարձակումից, ապավինեցին քաղաքի պարիսպներին: Դվինը գործնականում մնացել էր անպաշտպան, քանի որ Հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին, կարծելով, թե թշնամին երկիր կներխուժի Ատրպատականի կողմից, իր հիմնական ուժերով գտնվում էր Նախճավանի մատույցներում:Թշնամին Դվինի շուրջը կրակ վառեց, նրա պարիսպները պաշտպանող պահապաններին ծխով ու նետահարությամբ հետ վանեց և հոկտեմբերի 6-ին գրավեց քաղաքը: Դվինի բնակչության մի մասին արաբները կոտորեցին, իսկ մյուսներին գերեվարեցին և հարուստ ավարով վերադարձան Միջագետք:Ահա թե ինչպես է նկարագրում Սեբեոսը արաբների կողմից Դվինի գրավումը. «Նրանց հաջողվեց վերցնել քաղաքը, որովհետև կրակ վառեցին քաղաքի չորս կողմում, ծխով և նետաձգությամբ կարողացան հեռացնել պարիսպների վրայի պահապաններին։ Աստիճաններ դրեցին, բարձրացան պարիսպը և, ներս մտնելով քաղաք, բաց արեցին քաղաքի դարպասները»։ Ըստ պատմիչի՝ Դվինում սպանվածների թիվը 12 հազար էր, իսկ գերեվարվածներինը՝ 35 հազար:642-643թթ. արաբները երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստան: Այս անգամ նրանք մուտք գործեցին Ատրպատականից, ասպատակեցին Գողթնն ու Նախճավանը և շարունակեցին բնակչության սրածումն ու գերեվարումը: Բյուզանդական զորքերի հրամանատարը հրաժարվեց թշնամու դեմ համատեղ կռվելու Թեոդորոս Ռշտունու առաջարկից: Նա գործեց միայնակ և պարտվեց՝ մեղքը բարդելով հայոց սպարապետի վրա: Բյուզանդացիների մեղքով արաբներն այս անգամ էլ առանց կորուստների վերադարձան Միջագետք:Արաբները երրորդ անգամ Հայաստան մտան 650թ.: Բյուզանդական ուժերը հեռացել էին երկրից՝ հայերին թողնելով ահեղ հակառակորդի դեմ մեն-մենակ: Թեոդորոս Ռշտունին հարկադրված էր միայն սեփական ուժերով կռվել թշնամու դեմ: Արաբները մեծաթիվ հայ գերիների բերել էին Կոգովիտի Արծափ բերդի մոտ և ցանկանում էին նրանց կոտորել: Թեոդորոս Ռշտունին խիզախ ու հանդուգն հարձակումով ոչնչացրեց երեք հազար արաբների, որոնց մեջ էին նրանց երկու զորավարները:Չնայած հաղթանակին, արաբական վտանգը խիստ մեծ էր, և նախարարները փորձում էին ստեղծված վիճակից դուրս գալու ելք գտնել: Նրանք բաժանվել էին երկու խմբավորման: Դրանցից առաջինը, կաթողիկոս Ներսես Տայեցու գլխավորությամբ, շարունակում էր անօգուտ հույսեր կապել Բյուզանդիայի հետ: Հայ իշխանների մյուս խմբավորման գլուխ էր անցել Թեոդորոս Ռշտունին: Նա ոչ միայն ականավոր զորավար էր, այլև փորձված պետական ու զինվորական գործիչ: Թեոդորոս Ռշտունին քաջ գիտակցում էր արաբների ռազմական առավելությունը բյուզանդացիների նկատմամբ և գտնում, որ նրանց հետ պետք է համաձայնության գալ: Թեոդորոս Ռշտունու այդ քայլը համարձակ, հավասարակշռված ու ճիշտ որոշում էր:652թ. նա մեկնեց Ասորիք և տեղի արաբ կառավարիչ, իսկ հետագայում խալիֆ դարձած Մուավիայի հետ կնքեց պայմանագիր: Այդ պայմանագրով Հայաստանը երեք տարի արաբներին հարկ չէր վճարելու, որից հետո հարկի չափը որոշելու էին հայերը: Հայաստանն ունենալու էր 15-հազարանոց այրուձի, որի ծախսերը հոգալու էին արաբները: Փոխարենը հայոց հեծելազորը պետք է մասնակցեր արաբների մղած կռիվներին: Հայաստանում արաբ պաշտոնյաներ և արաբական զորակայաններ չէին լինելու: Արաբներն օգնելու էին հայերին, եթե նրանց վրա հարձակվեին բյուզանդացիները: Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դ. վերջ պահպանեց իր փաստական անկախությունը:

Հայաստանի նվաճումը արաբների կողմից: Մինչև VII դ. վերջը Հայաստանը գործնականում պահպանեց իր փաստական անկախությունը: 701թ. Հայաստան ներխուժած արաբական ուժերը՝ խալիֆի եղբայր Մուհամադի հրամանատարությամբ, նվաճեցին այն: Արաբները Հայաստանից բացի գրավեցին Վիրքը և Աղվանքը՝ մինչև Դերբենդ, և նշված տարածքներից կազմեցին վարչական առանձին միավոր՝ Արմինիա անունով: Հայաստանի նվաճումն ուղեկցվում էր երկրի ամայացումով, բնակչության կոտորածներով, կրոնական հալածանքներով ու հարկերի ծանրացումով:

Հայերի ընդվզումն արաբական տիրապետության դեմ (703թ.): Նեղվելով արաբների ծանր հարկային լծից, հայ նախարարները 703թ. հայոց իշխան Սմբատ Բագրատունու ղեկավարությամբ գաղտնի ժողով գումարեցին: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք չգտնելով՝ նրանք որոշեցին հեռանալ Բյուզանդիայի սահմանները: Նրանց երկուհազարանոց հեծելազորը հասավ Ակոռի ավան: Հեռացող հայերին վերադարձնելու համար նրանց հետապնդելու դուրս Եկավ արաբական մի մեծաթիվ զորաբանակ: Հայկական այրուձին ստիպված եղավ ամրանալ Երասխի ափին գտնվող Վարդանակերտ ավանում: Արաբների ներկայացրած հետ վերադառնալու վերջնագրի պատճառով կողմերի միջև ընդհարումն անխուսափելի դարձավ: Առավոտյան հայկական ուժերը նախահարձակ եղան: Այրարատյան դաշտի ցրտաշունչ ձմռան գիշերը բաց երկնքի տակ մնացած հակառակորդը, կորցնելով մարտունակությունը, ի վիճակի չեղավ դիմադրելու և ջախջախվեց: Թշնամու կենդանի մնացած զինվորները շտապեցին անցնել Երասխը: Սակայն գետը պատած բարակ սառույցը ջարդվեց, ու նրանք ջրասույզ եղան: Արաբական հինգ հազարի հասնող զինվորներից Վարդանակերտում փրկվեցին միայն 300-ը, այն էլ մի հայ իշխանուհու միջնորդությամբ: Սմբատ Բագրատունին մի խումբ նախարարների հետ հաստատվեց Տայքում և բանակցություններ սկսեց Բյուզանդական կայսրության հետ արաբների դեմ համատեղ պայքարելու առաջարկով: Ապստամբները հաջողության հասան նաև Ռշտունիքում և Վանանդում, որտեղ արաբական հրոսակները գլխովին ջախջախվեցին: Սակայն դրանից հետո սկսված պարսկա-բյուզանդական պատերազմում բյուզանդացիները պարտվեցին, իսկ լրացուցիչ ուղարկված արաբական ուժերը ապստամբությունը ճնշեցին:

703թ. ապստամբությունը թեև արաբների դեմ առաջին զինված ելույթն էր, անհետևանք չանցավ: Այն թե’ հաղթանակի հույսեր արթնացրեց հայերի մեջ և թե’ ամրապնդեց հայ զինվորականության մարտական ոգին: Խալիֆայությունն էլ իր հերթին ստիպված էր առժամանակ վարելու հարաբերական մեղմ ու հանդուրժողական քաղաքականություն: Նոր նշանակված ոստիկանը երկիրը լքած նախարարներին կոչ արեց վերադառնալ հայրենիք և ճանաչեց նրանց ժառանգատիրական իրավունքը, ինչն սկզբում արաբները վերացրել էին: Այնուամենայնիվ, արաբները կարճ ժամանակ անց դաժան հաշվեհարդար տեսան հայ նախարարության հետ՝ իրենց պարտության համար: Նախճավանում նստող արաբ զորավարը 705թ. իր մոտ կանչեց հայ նախարարներին (շուրջ 2000 մարդ) այրուձիի հաշվառման և ռոճիկ վճարելու պատրվակով: Սակայն նրանց փակեցին Նախճավանի և Խրամ ավանի եկեղեցիներում ու հրկիզեցին: Հայ ազնվականությունը ծանր հարված ստացավ, սակայն հայերի մարտական ոգին չկոտրվեց:

Արաբների քաղաքականությունը Հայաստանում: Արաբների տիրապետության ժամանակաշրջանում Հայաստանը կառավարում էր խալիֆայության կուսակալը, որին հայերն անվանում էին ոստիկան: Վերջինս վարում էր զինվորական ու քաղաքացիական գործերը: Ոստիկանը հնազանդ պիտի պահեր երկիրը, այն պաշտպաներ արտաքին ուժերի հարձակումներից և ժամանակին հավաքեր հարկերը: Ոստիկանի նստավայրը Դվինն էր, իսկ VIII դ. վերջերից՝ Պարտավը: Վարչական նշանակալից իրավունքներ ուներ նաև Հայոց իշխանը, որը փաստորեն նրա տեղապահն էր: Նա նույնպես պարտավոր էր ապահովել հայ նախարարների հնազանդությունը, օգներ հարկերի հավաքմանը: VIII դ. կեսերից Հայոց իշխանի պաշտոնը սկսեցին գրավել միայն Բագրատունիների ներկայացուցիչները: Հայոց իշխանին ենթակա էին Հայոց կաթողիկոսը և սպարապետը: Նրանք իրենց պաշտոններին էին նշանակվում միայն Հայոց իշխանի համաձայնությամբ: Արաբական տիրապետության շրջանում հայոց իշխանի և սպարապետի պաշտոնների գոյությունը հավաստում է Հայաստանի որոշ ինքնավարությունը: Հայոց կաթողիկոսն առաջվա պես վարում էր «մեծ դատավարություն» գործակալությունը: Բացի այդ, նա կարող էր բանակցել օտար երկրների հետ:

Կարևոր դեմք էր Հայոց սպարապետը, որը զինված ուժերի հրամանատարն էր: Նա Հայոց իշխանի բացակայության ժամանակ փոխարինում էր նրան: Այս պաշտոնը ևս անցավ Բագրատունիներին: Հայոց այրուձին աչքի էր ընկնում մարտական բարձր հատկանիշներով, և արաբներն այն լայնորեն մասնակից էին դարձնում իրենց մղած պատերազմներին:Իր տիրապետությունն ամուր պահելու համար Արաբական խալիֆայությունը Հայաստանի քաղաքներում՝ Դվինում, Նախճավանում, Խլաթում, Կարինում, Մանազկերտում, Արճեշում, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ամրոցներում ու բերդերում կայազորներ էր հաստատել: Նշված հենակետերի մերձակայքում ստեղծվել էին արաբական զգալի բնակչություն ունեցող բնակավայրեր:Արաբական պետությանը հայերի հպատակ լինելն արտահայտվում էր հարկատվությամբ: Եթե հարկը սկզբում գանձում էին ըստ ծխերի, այսինքն՝ ըստ մեծ տների կամ գերդաստանների (երդերի), ապա 725թ. Հերթ ոստիկանի անցկացրած «աշխարհագրից» հետո արաբներն սկսեցին արական սեռի 15 տարեկանից բարձր ներկայացուցիչներից գանձել գլխահարկ: Դրա հետևանքով հարկային լուծն առավել ծանրացավ: Գլխահարկը գանձվում էր դրամով, որի սղությունն էլ ավելի վատթարացրեց բնակչության վիճակը: VIII դ. կեսերին արաբները պահանջում էին վճարել նաև մեռածների հարկերը: Նրանք կապարե կնիքներ էին կախում հարկեր վճարողների պարանոցներից: Հոգևորականությունը թեև օրենքով ապահարկ էր, սակայն նույնպես հարկվում էր: Բացի այդ, վանքերն ու եկեղեցիները հաճախ ենթարկվում էին ավազակային հարձակումների ու կողոպուտի: Դրամի պակասը և հարկահանների կեղեքումները շատերին հարկադրում էին թողնել հայրենի տներն ու պատսպարվել դժվարամատույց վայրերում: Շատերն էլ հարկեր վճարելու դիմաց ստիպված էին լինում իրենց վաճառել: Արաբները սեփականել էին երկրի նշանակալից մասը, որի բարեբեր ու արգավանդ դաշտավայրերն ու այգիները, պարարտ մարգագետինները դարձրել էին իրենց անասունների արոտավայրեր, իսկ հայ բնակչությանը հարկադրել հեռանալ առավելապես լեռնային շրջաններ:Ուժեղացան հալածանքները Հայաստանի քաղաքական կյանքում գործուն դեր խաղացած Նախարարական որոշ տոհմերի (Մամիկոնյաններ և Կամսարականներ) նկատմամբ: Ազատագրական պայքարի ընթացքում նրանք խիստ թուլացան և քաղաքական ասպարեզից անհետացան: Հայ նախարարների տիրույթների մի մասին տիրեցին արաբները: Նրանք ստեղծեցին իրենց վարչաքաղաքական միավորները, որոնք կոչվեցին ամիրայություններ: Վերջիններս բախվում էին սկզբում հայկական իշխանությունների, իսկ հետագայում՝ Բագրատունիների թագավորության հետ: Հայաստանում արաբների վերաբնակեցումն ուղեկցվում էր երկրից հայերի արտագաղթով՝ հատկապես դեպի Բյուզանդական կայսրություն: Արաբական դաժան լծի դեմ հայ ժողովուրդը մղում էր անհաշտ պայքար՝ ձգտելով տապալել այն և ապրել ազատ ու անկախ:

Վահան Մամիկոնյանի ապստամբությունը: Նվարսակի հաշտության պայմանագիրը

Իրադրությունը Հայաստանում Վարդանանց պատերազմից հետո: Հայերի նոր ապստամբության նախադրյալները: Պարսից արքունիքի համեմատաբար մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում: Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով: Բռնի հավատափոխության փոխարեն պարսիկները պայմաններ էին ստեղծում, որպեսզի հայերն իրենց կամքով ուրանան հայրենի կրոնը: Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում, պատվի և պարգևների արժանանում: Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում: Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր թե’ Հայոց եկեղեցու և թե’ հայ ժողովրդի համար: Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում:

Հայ նախարարությունը խիստ դժգոհ էր, որ պարսիկները պաշտոնները տալիս էին ուրացող նախարարներին: Նախարարների միջավայրում աճում էր փոխադարձ թշնամանքը: Հայաստանը կառավարող պարսիկ պաշտոնյաներն ամեն տեսակի ապօրինություններ էին գործում: Հարկերը նորից ծանրացան: ժողովրդի մեջ պարսկական լծի դեմ դժգոհությունը գնալով մեծանում էր:

Ապստամբության սկիզբը: Ակոռիի հաղթանակը: 481թ. պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը: Վախթանգ թագավորն սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը: Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները Շիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպանին և ապստամբել: Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը: Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական: Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն: Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը: Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:

Ապստամբների համար ակնհայտ էր, որ պարսիկները ձգտելու են արագորեն ճնշել ազատագրական շարժումը: Եվ իրոք, Հայաստանից փախած մարզպանը հավաքեց Ատրպատականում եղած պարսից զորքերը և շարժվեց դեպի Այրարատ: Պարսիկները շտապում էրն իր բնում ճզմել ապստամբությունը, արյան մեջ խեղդել հայերի նոր ելույթը և թույլ չտալ, որ ապստամբության կրակը տարածվի ամբողջ Հայաստանում:

Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց: Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը:

Ահա թե ինչպես նկարագրում ճակատամարտի սկիզբը պատմիչ Ղազար Փարպեցին. «Հայոց զորքի սակավությունը տեսնելով՝ պարսից զորքերը մտածեցինոր նրանքխելացնորված կամավոր եկել են մեռնելու։ Եվ պարսից զորքերից քաջ ու ընտիր ձիավորներ հեռվից հարձակվեցին հայոց զորքի վրա։ Եվ Աստծո հրամանին համաձայն մնացին հայոց երեք հարյուրյակը…»։

Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ: Պարսիկները մեծ զոհեր տվեցին, իսկ ճակատամարտում սպանվեց նաև պարսկական զորքի հրամանատար մարզպանը: Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այստեղ անցկացրեցին ձմեռը: Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում: Վահան Մամիկոնյանի կոչով շարժմանը միացան Հարավային Հայաստանի՝ Մոկաց, Ռշտունյաց, Անձևացյաց նախարարները: Անհրաժեշտ էր համախմբել ուժերը, որովհետև պարսիկները պատրաստվում էին 482թ. գարնանը մեծ բանակով հարձակվել Հայաստանի վրա:

Ներսեհապատի ճակատամարտը; Ապստամբության հետագա ընթացքը: Պարսկական բանակը Հայաստան ներխուժեց հարավ-արևելքից: Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ: Հակառակորդները միմյանց հանդիպեցին Ավարայրից ոչ հեռու, Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ:

Ճակատամարտից առաջ քաջալերիչ խոսքով հայ զորականներին դիմեց Հովհաննես կաթողիկոսը: Զորքի հրամանատարներին վերջին ցուցումները տվեց սպարապետը: Մարտն սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով: Հայոց բանակի աջ թևի զինվորները չդիմացան և նահանջեցին: Բայց անսասան մնաց կենտրոնական զորագունդը, որին շուտով օգնության հասան ձախ թևի զինվորները և սպարապետի գլխավորած հեծելազորը: Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում: Իսկ երբ հարձակման անցավ նաև հայոց աջ զորաթևը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին և ծանր կորուստներով պարտվեցին:

Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն հանգիստ առնել չհաջողվեց: Շուտով գույժ ստացվեց Վախթանգ թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը: Նա խնդրում էր հայերի օգնությունը: Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին: Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ Ճարմանայնի դաշտում: Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը: Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան:

Հայ-վրացական բանակում միասնություն չկար: Նախարարների մի մասը զգուշանում էր, որ հաղթանակի դեպքում ավելի կուժեղանա Վահան Մամիկոնյանի ազդեցությունը: Վրացի նախարարներն, իրենց հերթին, չէին ցանկանում, որ ամրապնդվեն Վախթանգ թագավորի դիրքերը: Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը: Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց: Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը:

Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվինում: Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնականապես ծնկի բերել ապստամբներին: Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով հանդուգն հարձակմամբ ճեղքեց պաշարումը և անցավ Տայք: Նա իր անորսալի ջոկատներով ամեն անգամ անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատնում հակառակորդին: Պարսից զորքերն այդպես էլ չկարողացան վճռական ճակատամարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին: Հայ շինականներն ամեն կերպ օգնում էին ապստամբներին՝ ձախողելով պարսկական զորքերի պլանները:

Նվարսակի հաշտությունը: Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ 484թ. ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից: Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայր Վաղարշը: Հայտնվելով ծանր կացության մեջ՝ պարսից արքունիքը որոշում է լեզու գտնել հայ ապստամբների հետ՝ գնալով որոշակի զիջումների:

484թ. աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ: Բանակցելու համար Հեր գավառի Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը: Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները: Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականության տարածման քաղաքականությունը: Հայերն ազատորեն կարող էին պաշտել քրիստոնեությունը, որը Հայաստանում վերահաստատվում էր իր իրավունքների մեջ: Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշտոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին, այլ արժանավոր մարդկանց: Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժառանգական իրավունքները: Հայ նախարարներն այսուհետև կարող էին վիճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմիջականորեն պարսից արքային: Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնություն ցույց տային Վաղարշ թագավորին: Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր Վահանանց պատերազմում հայերի ունեցած ռազմական հաջողությունը:

485թ. Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի տանուտեր՝ այսինքն հայ նախարարների առաջնորդ, երկրի փաստական կառավարիչ: Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, իշխանները և կաթողիկոսը: Վաղարշապատի եկեղեցիներում հանդիսավոր արարողություններ կատարվեցին: Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց: Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին: Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց: Երկրի ինքնավարությունը նշանակալից ընդլայնվեց: Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկավարությունը փաստորեն ամբողջությամբ անցավ հայ նախարարներին:

Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը: Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին: Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին բացառիկ նվիրվածությամբ ու անձնազոհությամբ: Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ:

Հայերի անձնուրաց պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները: Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու, նրան կլանելու պարսկական արքունիքի ձգտումները: Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները:

Հայ ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է հիշել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը: Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ: V դ. ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են: Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:

Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում: Վարդանանց պատերազմ

Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը: Պարսից արքունիքի վարած քաղաքականության հետևանքով հայոց մարզպանությունը կորցնում էր իր ներքին ինքնավարությունը՝ նմանվելով պարսկական սովորական նահանգի: Դրա հետևանքով հայ բնակչության բոլոր խավերի շրջանում ուժեղացան հակապարսկական տրամադրությունները: Դրությունն առավել շիկացավ, երբ պարսիկները փորձեցին դիպչել հայերի ազգային հավատին:

449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսից արքունիքը չէր թաքցնում, որ իր բուն նպատակը Հայաստանն ու հարևան երկրները վերջնականապես իրեն ենթարկելն է: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին: Հայերը լավ էին հասկանում, որ կրոնափոխության առաջարկը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Պարսկաստանը դրանով փորձում էր զրկել հայերին հոգևոր-մշակութային ինքնատիպությունից, հեշտացնել նրանց ձուլումը պարսիկների հետ:

Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտելո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկո՛չ սուրը և ո՛չ հուրըո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով, հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը:

Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերը ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին:

Կարդացեք Ավելին

Հայկական քաղաքակրթությունը միջնադարում։ Նախարարական տիրապետությունը Հայաստանում

Մարզպանական Հայաստանը՝ ինքնավար երկիր. Վերաձևելով Արևելյան Հայաստանի սահմանները՝ պարսից արքունիքը նրա տարածքի մեծ մասը վերածեց ինքնավար մարզի կամ մարզպանության: Դրանից հետո պարսիկները որոշ ժամանակ անձեռնմխելի թողեցին հայ նախարարների իրավունքներն ու արտոնությունները: Նրանք էին ղեկավարում հայոց այրուձին, նրանց էին պատկանում երկրի գլխավոր պաշտոնները: Պահպանվել էին նախկին արքունի գործակալությունները, որոնք ժառանգական իրավունքով վարում էին հին իշխանական տոհմերը: Սպարապետությունը պատկանում էր Մամիկոնյաններին, հազարապետությունը՝ Ամատունիներին, մաղխազությունը՝ Խորխոռունիներին: Հոգևորականությունը շարունակում էր վարել դատական գործերը: Եթե մարզպանի պաշտոնում սկզբում նշանակվել էր մի պարսիկ, ապա հետագայում այդ պաշտոնը պարսից արքունիքը հանձնեց Վասակ Սյունուն: Ժամանակակիցներին անգամ թվում էր, թե Արշակունիների գահազրկումից հետո թագավորական իշխանությունը մասամբ անցել է հայ նախարարներին: Սասանյանները միառժամանակ բավարարվում էին միայն հարկերի գանձումով և հաշտվում էին երկրի ինքնավարության հետ: Ստեղծված վիճակը, սակայն, չէր կարող բավարարել պարսից արքունիքին, որը ձգտում էր Հայաստանը դարձնել պարսից տերության նահանգներից մեկը: Հայ նախարարների ու Սասանյանների շահերի հակադրությունը վերջիվերջո հանգեցնելու էր այնպիսի բախման, որը վերաճելու էր զինված ապստամբության:

Արշակունիների անկումից և Հայաստանի քաղաքական մասնատումից հետո եկեղեցին դարձել էր հայ ժողովրդին միավորող միակ կառույցը: Ուստի պարսից արքունիքը ձգտում էր նրա ղեկավարությունը հանձնել իր կամակատարներին: Սասանյան արքան մեծ դժվարությամբ թույլատրեց երկիր վերադառնալ Տիզբոնում պահվող Սահակ Պարթև կաթողիկոսին, սակայն նրա իրավունքներն ամբողջությամբ չվերականգնվեցին: Պարսկական իշխանությունները կաթողիկոսի պաշտոնում այդպես էլ չհաստատեցին Հովսեփ Վայոցձորեցուն, որը Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահից հետո վարում էր կաթողիկոսական աթոռի գործերը: Այսուհանդերձ, Սասանյանները միառժամանակ խուսափում էին բացահայտ կրոնական հալածանքներից: «Աստվածապաշտությունը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր Հայոց աշխարհում»,- գրում է Եղիշե պատմիչը: Իսկ հայ հոգևորականությունը, ինչպես նախկինում, ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելու պարտականությունից:

Հայաստանը ռազմականապես թուլացնելու նպատակով Սասանյանները երկրից հեռացնում էին այրուձին, որն ստիպված էր կռվել օտար երկրներում: Ընդ որում, պարսիկները նրանց ուղարկում էին մարտնչելու ամենավտանգավոր տեղերում, և հայ ռազմիկները մեծ թվով զոհեր էին տալիս: Հայ զորականներին ենթարկում էին զանազան զրկանքերի ու նվազեցնում էին ռազմական ծառայության դիմաց տրվող վարձատրությունը: Միաժամանակ, պարսիկները ձգտում էին հայ զորապետներին կրոնափոխության դրդել՝ նրանց զանազան պարգևներ, պաշտոններ ու կալվածքներ շնորհելով: Եթե պարսից տերության թշնամիների դեմ պատերազմը շարունակվում էր երկար ժամանակով, ապա ռազմական գործողություններին մասնակցող զորամասերը վերադառնում էին հայրենիք, ու նրանց փոխարինում էին նորերը: Այս ամենը հարուցում էր հայ նախարարների ու ազատների խիստ դժգոհությունը: Միևնույն քաղաքականությունը պարսիկները վարում էին նաև հարևան երկրների՝ Վիրքի ու Աղվանքի նկատմամբ: Այսպիսով, Սասանյաններին ենթակա երկրները զրկվում էին տեղական զինուժից և դառնում էին անպաշտպան:

Սասանյանները հանդուրժում էին Հայաստանի ինքնավար վիճակը, քանի դեռ պարսից տերությունը բախվում էր արտաքին քաղաքական դժվարությունների հետ: Նախ՝ խիստ անհանգիստ էր սահմաններում, շարունակվում էին քոչվոր ժողովուրդների ներխուժումներն ու ասպատակությունները: Պարսկական զորքերը երկար ժամանակ խոշորածավալ մարտեր էին վարում տերության հյուսիս-արևելքում, հետ մղելով քուշանների հարձակումները: Այդ կռիվներին մասնակցել է նաև հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Անհանգիստ վիճակ էր տիրում նաև Կովկասյան լեռնաշղթայով անցնող հյուսիսարևմտյան սահմանագծում: Հյուսիսային Կովկասում հաստատված հոների հարձակումներից պաշտպանվելու համար պարսկական իշխանությունները Կասպից ծովի առափնյա մասում, ներկայիս Դերբենդ քաղաքի մոտ, կառուցել էին պաշտպանական ամրություններ, որոնք ստացել էին Հոնաց (Ճորա) պահակ անվանումը: Այստեղ ևս կռվում էին Հայաստանից բերված զորաջոկատները: Արևմուտքում շարունակվում էր դարավոր հակամարտությունը Բյուզանդիայի հետ: Քանի դեռ անապահով էին Սասանյան Պարսկաստանի սահմանները, հայ ժողովուրդն առժամանակ չէր ենթարկվում քաղաքական, տնտեսական ու կրոնական ընդգծված ճնշումների:

Պարսկական քաղաքականության խստացումը. Պարսից արքունիքի քաղաքականությունը կտրուկ փոխվեց նոր թագավոր Հազկերտ Բ-ի (439-457) գահակալության առաջին իսկ տարիներին, երբ պարսկական զորքերը խոշոր հաջողությունների հասան թշնամիների դեմ: Նախ ծանր դրության մեջ ընկած բյուզանդական կայսրը հարկադրված էր հաշտություն խնդրել: 441թ. պայմանագրով Բյուզանդիան պարտավորվեց այլևս չօգնել հայերին: Հազկերտ Բ-ն այնուհետև հաղթեց քուշաններին ու հոներին: Արտաքին թշնամիներին հաղթելուց հետո Հազկերտը վճռական միջոցների դիմեց՝ հպատակ երկրները վերջնականապես ծնկի բերելու համար:

Պարսից արքունիքի հեռահար ծրագրերն առանձնահատուկ եռանդով էին իրականացվում Հայաստանում: Հազկերտի հրահանգով 447թ. Հայաստան ժամանած պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ամեն ինչ անում էր՝ երկրում ուժեղացնելու պարսկական ազդեցությունը: Նրա առաջին գործը եղավ պետական պաշտոններից հայերին հեռացնելը: Հազարապետության պաշտոնը խլվեց Վահան Ամատունուց, մեծ դատավարությունը՝ Հայոց կաթողիկոսից: Այդ պաշտոնները տրվեցին պարսիկների, որը առաջ բերեց հայ իշխանների, ազատների և հոգևորականության խիստ դժգոհությունը:

Շուտով, իբրև թե հարկերը կարգավորելու նպատակով, Դենշապուհը հողերի և բնակչության հաշվառում՝ աշխարհագիր անցկացրեց: Հաշվառվեցին ոչ միայն բոլոր բնակավայրերը, այլև անբնակ գյուղերը, մշակելի ու անմշակ հողերը, մարգագետիններն ու անտառները: Ապա պարսկական արքունիքը սաստիկ ծանրացրեց հարկերն ու տուրքերը: Պարսիկներն իրենք էլ էին զարմանում, թե այդքան մեծ քանակությամբ հարկեր վճարելուց հետո ինչպես էր շեն մնում Հայոց երկիրը: Հարկի տակ դրվեց անգամ հոգևորականությունը:

Ահա թե ինչպես է նկարագրում պատմիչ Եղիշեն պարսիկ պաշտոնյա Դենշապուհի Հայաստանում իրականացրած միջոցառումները.

«Առաջին, եկեղեցու ազատությունը հարկի տակ դրեց:

Երկրորդ, վանքերում բնակված միայնակյաց քրիստոնյաներին է աշխարհագրի տակ գցեց։

Երրորդ, երկրի հարկն ավելացրեց:

Չորրորդ, նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց»։

Այսպիսով, Սասանյանները ծրագրել էին տնտեսապես թուլացնել երկիրը և հարկային լծակի միջոցով բնակչությանը ստիպել ընդունել պարսից կրոնը՝ զրադաշտականությունը կամ կրակապաշտությունը:

Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը

Պապի դավադիր սպանությունից հետո Հռոմի աջակցությամբ Մեծ Հայքի թագավոր դարձավ նրա ազգական Վարազդատը (374-378), որն ապրել եւ կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերում:

Վարազդատը եւս վարում էր Հռոմի ու Պարսկաստանի միջեւ խուսանավելու քաղաքականություն:

Պատմիչների վկայությամբ` Վարազդատը հուժկու մարզիկ էր, բայց բավական միամիտ էր, որի համար էլ գլուխ չէր հանում պետական գործերից:

Շուտով տարաձայնություններ առաջ եկան արքայի եւ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի միջեւ: Վարազդատը իր դայակ Բատ Սահառունու դրդմամբ սպանել տվեց Մուշեղ Մամիկոնյանին, իսկ սպարապետության գործակալությունը հանձնեց Սահառունուն:

Վարազդատի քաղաքականությունից դժգոհ հայ նախարարներն սկսեցին համախմբվել Մանվել Մամիկոնյանի շուրջը, որը 378թ. Կարինի ճակատամարտում պարտության մատնեց Վարազդատին եւ վտարեց երկրից:

Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Պապի անչափահաս որդի Արշակ III-ը (378-389):

Երկրի փաստացի ղեկավար դարձավ Մանվելը, որը կարողացավ որոշ ժամանակով համախմբել բոլոր նախարարներին եւ երկիրը զերծ պահել պարսիկների ու հռոմեացիների ոտնձգություններից:

Իրավիճակը կտրուկ փոխվեց Մանվել Մամիկոնյանի մահվանից հետո:

Նախարարների մեծ մասը հրաժարվեց ենթարկվել Արշակ III-ին եւ պարսից արքայի աջակցությամբ Հայոց արքա հռչակվեց Խոսրով IV Արշակունին (385-389):

Արշակի իշխանության տակ մնացին երկրի արեւմտյան մի քանի գավառները, իսկ երկրի մեծագույն մասն անցավ Խոսրովի իշխանության տակ: Մեծ Հայքը փաստորեն բաժանվեց երկու մասի եւ ավելի թուլացավ:

Երկարատեւ բանակցություններից հետո բյուզանդական կայսրը եւ պարսից արքան համաձայնության եկան վավերացնելու Հայաստանի բաժանումը:

Կարդացեք ավելին

Թագավորության հասարակական կյանքը Արշակունիների օրոք

Պետական կարգը

Հայոց գահին Արշակունիների հաստատումով և ժամանակի ընթացքում ժառանգական արքայատոհմ դառնալով՝ հայոց օետական համակարգը շարունակեց հայկական պետականության՝ հազարամյակների խորքից եկող ավանդույթները։ Պետական կարգը շարունակում էր մնալ միապետական։ Երկրի կառավարման բուրգը գլխավորում էր թագավորը, որի իշխանությունն անսահմանափակ էր։ Հայոց արքային էին ենթարկվում արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և այլ բնագավառների վերաբերող գործերը։

Տնտեսության զարգացումը։ Բնակչությունը, քաղաքները և գյուղական բնակավայրերը

Արշակունիների գահակալման առաջին հարյուրամյակները նշանվորվեցին տնտեսության վերելքով ։ Նշանակալից տեղաշարժեր եղան Տրդատ 1-ին, Սանատրուկ րև Վաղարշ թագավորների օրոք։

Տրդատ 1-ինը շինարարական մեծ աշխատանքներ էր կատարել՝ զարկ տալով հատկապես քաղաքային և տաճարային տնտեսությունների զարգացմանը։ Դրա վկայություններն են հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնումը, հնուց գոյություն ունեցող Գառնի ամրոցում շինարարական աշխատանքները և հատկապես Արեգակի տաճարի կառուցումը, ինչի մասին վկայում է Գառնիում Տրդատի թողած հունական արձանագրությունը։

Սանատրուկ արքայի օրոք մեծ ուշադրություն էր դարձվում առևտրական կապերի զարգացմանը։ Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող մայրուղու վրա կառուցված Մծուրք քաղաքն այդ մասին է վկայում։ Նմանապես քաղաքաշինության մեծագույն վաստակ ունի հայոց արքա Վաղարշ 1-ինը, որը հիմնեց Վաղարշապատ մայրաքաղաքը։ Վաղարշապատի կառուցումը շարունակվեց նաև հետագայում։ Միևնույն ժամանակ հինավուրց Արտաշատը շարունակում էր մնալ որպես մայրաքաղաք։ Հայաստանի մյուս մայրաքաղաքներից շատերը՝ Վան, Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ, Արճեշ, Նախիջևան և այլն, պահպանում էին իրենց տնտեսական, մշակութային և արհեստների կենտրոն լինելու նշանակությունը։

Հայաստանը պահպանում է իր ազգաբնակչության միատարր ժողովրդական կազմը։ Միջազգային ասպարեզում առևտրական և մշակութային շփումները փոխհարստացնում էին մշակութային կյանքը։ Քաղաքներում՝ հայկական բնակչության կողքին, օտարների առանձին խմբեր էին (հույներ, ասորիներ, իրանցիներ և այլն) ապրում, որոնք հիմնականում զբաղվում էին առևտրով։ Խաղաղ ժամանակաշրջաններում քաղաքային կյանքը բնորոշվում էր մշակութային և առևտրատնտեսական վերելքով։

Հայաստանում զարգացած էր գյուղատնտեսությունը (երկրագործություն, այգեգործություն, մեղվաբուծություն, անասնապահություն և այլն)։ Բնակչության մեծ մասն ապրում էր գյուղերում, որտեղ հիմնականում պահպանվում էր համայնքային կյանքը։

Design a site like this with WordPress.com
Get started