Գեղատեսիլ Հայաստան․ Ռազմամարզական ճամբար Արատեսում

Չկա որևէ մի Սեբաստացի, ով չի եղել Արատեսի դպրական կենտրոնում, չի վայելել տեղի գեղեցիկ բնության երանգներն ու գույները, ընկերական մտերմիկ միջավայրն ու չորսբոլորը խոյացող անառիկ ու անսասան լեռները։ Ինքս Արատեսում եղել եմ դեռևս մեկ տարի առաջ՝ “Մուտք” ճամբարի շրջանակներում, երբ դեռ առաջին քայլերս էի անում որպես Սեբաստացի։ Եվ ահա մեկ տարի անց, վերադառնալով Արատես, բազում հիշողություններ վերականգնվեցին գլխումս և ինքս ինձ վերագտա այն նույն մեկ տարի առաջվա Սեբաստացու կարգավիճակում, ով դեռևս նոր էր ուսումնասիրում դպրոցի ամեն մի բաղադրիչն ու անկյունը։

Ինչքա՜ն բազմաբովանդակ ու ակտիվ մեկ տարի էր անցնող ուսումնական շրջանը կրթահամալիրում, ինչքան եռանդուն ու տքնաջան աշխատանքներով լի տարի էր նախատեսված ինձ այստեղ։ Եվ որպես այդ արդյունավետ մեկ տարվա տրամաբանական ավարտ՝ կրկին վերադարձա Արատես, այս անգամ արդեն ակտիվ, հարազատ ու իսկական Սեբաստացու կերպարով։

Կարդացեք Ավելին

Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունքի վարման խոսք․ հունիսի 1

Ընդհանուր պարապմունքի ծրագիրը

Բացման խոսք

Բարի առավոտ և հիասքանչ ամառային տրամադրությամբ ողջույն բոլորին, սիրելի ընկերներ։ Նոր օր է սկսվում, ավելին՝ արդեն ամառ է, ցանկանում եմ, որ նոր եղանակի սկզբի հետ նաև սկսվեն ձեր արկածային, անմոռանալի և բարձր տրամադրությամբ ուղեկցվող գալիք երեք ամիսները։ Եվ ամառվա առաջին ընդհանուր պարապմունքը ձեզ համար սիրով կվարեն այդքան դրական, աշխույժ ու լավ տրամադրություն ստեղծող Արի Ագոփը և իմ շատ սիրելի, տաղանդաշատ ընկեր, գեղեցկուհի Սեդա Մարգարյանը։ Ամառվա մեկնարկին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շատ թեժ մթնոլորտ է տիրում։ Ավագ դպրոցի իններորդ դասարանցիները և քոլեջի ուսանողներն այժմ քննական շրջանում են, ոմանք՝ լարված, ոմանք՝ հանգիստ, ոմանք էլ՝ օր ու գիշեր պատրաստվում են քննություններին։ Եկեք բոլորով մաղթենք նրանց հաջող քննական շրջան՝ գերազանց արդյունքներով և թող կրթահամալիրը ևս մեկ անգամ ապացուցի, որ սովորողների շրջանում լավագույն արդյունքներն է ապահովում։

Եվ իհարկե, չենք մոռանում այսօրվա հերոսներին։ Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, այսինքն՝ նաև մեր բոլորիս։ Եկեք հիմա հասկանանք՝ արդյոք երեխաներն իրո՞ք բավարարված են այն ամենից, ինչ մեծահասակներն անում են իրենց համար։ Կամ ի՞նչ են կարծում մեծահասակները, արդյո՞ք բավարար չափով արդարացնում են երեխաների սպասելիքները։ Խնդրեմ՝ հասկանանք ծափերով։ Հիմա թող ծափահարեն միայն մեծահասկաները։ Ասացեք խնդրեմ՝ ձեր կարծիքով, դուք բավարարու՞մ եք կրտսեր սերնդի ցանկությունները։ Իսկ այժմ երեխաների ծափերով հասկանանք՝ իրենք իրենց ապահո՞վ են զգում մեր ժամանկներում և բավարարվա՞ծ են արդյոք մեծահասակների արածից։ Շատ լավ, իսկ մենք ձեզ մաղթում ենք ամենայն բարին, թող որ ձեր բոլոր ցանկություններն այս ամառ դառնան իրականություն, բայցև չչարաշահեք մեծահասակների համբերությունը։

Այժմ, անդրադառնանք դպրոցում իրականացված վերջին կարևոր իրադարձություններից մեկին։ Մեզնից Առավել նախագծային խումբը դասավանդողներ Ընկեր Վարդանի և Պարոն Տիգրանյանի գլխավորությամբ նախորդ շաբաթ այցելեց գեղատեսիլ Սյունիք՝ իրականացնելու գյուղական, սահմանամերձ դպրոցներում ծրագրերի ներկայացման ու փոխանակման նախագիծ, ծանոթանալու տեղի դպրոցական կյանքին ու կենցաղին, ինչպես նաև հաստատելու նոր կապեր սյունեցիների հետ։

Նախագծի շրջանակներում եղանք Խնձորեսկի և Քարաշենի գյուղական դպրոցներում, որոնցից յուրաքանչյուրում նախատեսել էինք Bigger Than Us հեղինակային ֆիլմի ցուցադրությունը, դրա վերաբերյալ քննարկում-բանավեճ էինք կազմակերպել։ Բայց իհարկե, մինչ այդ, մեզ պետք էր ծանոթանալ երեխաների հետ և կոտրել այն սառույցը՝ ավելի մտերմիկ շփում ունենալու համար։ Խնձորեսկում ֆիլմի դիտումից հետո ծավալվեց շատ բուռն քննարկում՝ թե՛ուսուցիչների, թե՛ աշակերտների մասնակցությամբ, որի ընթացքում մենք նաև ծանոթացանք տեղի գյուղական խնդիրներին և խոչընդոտներին։ Ինչպես նաև աշակերտները մեզ ներկայացրին իրենց կողմից իրականցվող երկու նախագիծ՝ կապված աղբի այրման խնդրի դեմ պայքարի և անտառահատման սրացող խնդրի կանխման վերաբերյալ։

Դիտենք կարճ տեսանյութը, հատված Խնձորեսկի դպրոցում նախագծային խմբերի հանդիպում-քննարկումից։

Տեսանյութի ցուցադրություն

Այսպիսով՝ ունեցանք շատ արդյունավետ հանդիպումներ երկու դպրոցներում, աշակերտները սահմանեցին իրենց պատկերացրած համայնքը՝ պատկերներով և իրենց ձևակերպմամբ։ Ծանոթացանք թիմային աշխատանքին և թիմում ակտիվ անդամ լինելու մարտահրավերներին ու պահանջներին։

Ավելին՝ Խնձորեսկի երեխաների հետ մեր շփումն այնքան ստացված էր, որ հանդիպեցինք նաև հաջորդ օրը, որի ընթացքում էլ ունեցանք հետաքրքիր «Բարբառային զրույցներ» հին Խնձորեսկում՝ բնության գրկում։ Դիտենք կարճ տեսանյութը։

Տեսանյութի ցուցադրություն

Սիրով սպասում ենք սյունեցիներին մեր կրթահամալիրում՝ իրենց հետ միասին իրականացնելու ծրագրերի փոխանակման նախագիծ և ծանոթացնելու նրանց մեր դպրոցի առօրյային։

Այժմ, մի փոքր ժամանակ տրամադրենք պոեզիային։ Հարգելի հավաքվածներ, անելու ենք միասնական ընթերցում, Համո Սահյանի հանճարեղ և ազդեցիկ բանաստեղծություններից մեկը։ Համո Սահյան՝ «Հայաստան ասելիս»։

Բանաստեղծության միասնական ընթերցում

Շնորհակալություն։ Հիմա, խնդրեմ՝ դիմավորեք, Սեդա Մարգարյան, Մկրտիչ Պապիկյան և Քեթրին Աղաջանյան, այսօրվա պարապմունքի լավ տրամադրության պատասխանատուները։ Ձեր բարձր ծափահարությունների ներքո, ունկնդրենք՝ ժողովրդական երգեր «Նարե» և «Երեսդ կլոր», մեր խմբի կատարմամբ։ Սրահում կարող եք ձայնակցել և թող բոլորիս մոտ արթնանան ուրախության և սիրո աշխույժ զգացումները։

Հնչում են կատարումները

Եկեք բարձր ծափահարենք խմբին՝ սրահում բարձր տրամադրություն ապահովելու համար։

Սյունիքում՝ բնության գողտրիկ անկյունում գտնվող այդ հեքիաթային վայրում, ստեղծագործական ոգիդ արթնանում է, և միտքդ քեզ թելադրում է գրել հենց այդ պահին, հենց այդ վայրում։ Պարոն Տիգրանյանը ճամփորդության ընթացքում հասցրեց գրել մի շարք բանաստեղծություններ՝ յուրօրինակ ու ինքնատիպ և շատ գեղեցիկ։ Հատկապես շատ յուրահատուկ էին աշակերտներից երկուսին նվիրված աքրոստիկոսները, որոնք էլ հենց կընթերցենք այժմ։ Աքրոստիկոսներ՝ նվիրված ինձ և 10-րդ դասարանցի Աիդի Հայկին։

Աքրոստիկոսների ընթերցում

Շատ շնորհակալ ենք Պարոն Տիգրանյանին՝ այսպիսի ստեղծագործական մեծ նվերի համար և ծափահարություններով ողջունենք նրա ստեղծագործական տաղանդը։

Հարգելի Սեբաստացիներ, մեր պարապմունքը մոտենում է իր ավարտին։ Շնորհակալ ենք ներկա գտնվելու և ակտիվ արձագանքի համար, ևս մեկ անգամ մաղթում ենք բարի ամառային հանգիստ բոլորին, արդյունավետ և ուրախ աշխատանքային օր։ Իսկ ձեզ համար այսօրվա ընդհանուր պարապմունքը սիրով վարեցին Արի Ագոփը և Սեդա Մարգարյանը։ Իսկ այժմ, բոլորիդ հրավիրում եմ սրահի կենտրոն՝ մասնակցելու միասնական պարին։

Design a site like this with WordPress.com
Get started