Մագդաղինե․ մեղավո՞ր, թե՞ արդարացված վարվելակերպ

Այս կյանքում բոլորս էլ մեր պատճառներն ունենք՝ տարբեր հանգամանքներից ելնելով ամենատարբեր արարքներ գործելու։ Ամեն մեկիս համար դա արդարացված վարվելակերպ է։ Եվ դա բնական է․ չէ՞, որ այս կյանքում մեզ ամենալավը հենց մե՛նք գիտենք։ Ուրիշ ոչ ոք չի անցնում այն ճանապարհով, որով մենք ենք անցնում, և ոչ ոք վստահորեն չի կարող ասել՝ ինչից ելնելով ենք այս կամ այն արարքը գործում։

Մագդաղինեն, ով մարմնավաճառ էր և 17 տարեկանը դեռ նոր էր լրացել, հասարակության կողմից կազմված կարծիքի համաձայն՝ անբարոյական էր և անկիրթ։ Նրան հասարակության մեծամասնությունը, որի մեջ մտնում էին նաև հոգևոր պաշտոնյաները, չէր ընդունում։ Սակայն այդ աղջիկը քրիստոնյա էր, հարգում էր բոլոր եկեղեցական ծեսերը և անգամ պահք և ծոմ էր պահում։ Աղջիկը քահանայի չափ գիտեր եկեղեցական օրենքներն ու կարգերը և քահանայից էլ խստապահանջ էր այդ հարցում։ Միայն թե չէր գնում հաղորդություն ստանալու, քանզի մտածում էր, որ դա անարգանք է եկեղեցու հանդեպ։ Ինչու՞ ստանալ հաղորդություն, եթե հաջորդ օրն ևեթ պիտի մեղք գործի։ Եվ այդ դեպքում, ինչպես ինքն էր ասում․ “զղջումս սուտ զղջում մը պիտի ըլլլա”:

Աղջիկն այնքան հրապուրիչ էր, որ իր մոտ էին գալիս ամենատարբեր դասերի մարդիկ՝ տարբեր տարիքների ու խավերի։ Եվ հասարակությունը չէր տեսնում այն պարզ ճշմարտությունը, որը բացատրում էր Մագդաղինեի այս արարքը։ Ինչպես հենց սկզբում նշվեց՝ կյանքից ծնողների վաղաժամ հեռանալու պատճառով տան, երկու երեխաների և իր հոգսերը, ծախսերն ու խնամքը Մագդաղինեի վզին էին։ Նրան բավականաչափ գումար էր պետք՝ մեծ գումար, այդ իսկ պատճառով՝ գիտակցելով անգամ սեփական մեղքը, գնում էր այս գործին։ Արդյունքը եղավ այն, որ Մագդաղինեի մահից հետո հարազատներից բացի՝ ոչ ոք նրան չհիշեց։ Հասարակությունը դարձյալ մնաց նույն համոզմանը, քահանան անգամ չցանկացավ այցելել նրան մահվան անկողնում և կատարել վերջին խնդրանքը, իսկ այն մարդիկ, որ մի ժամանակ հրապուրված էին նրանով՝ մոռացան նրան մեկընդմիշտ։ Այն խեղճ երեխաներն անգամ չգիտեին, թե ինչերի էր ընդունակ իրենց մեծ քույրը՝ իրենց կարիքները հոգալու համար։

Լինի մարդ կյանքում կրոնական կամ սովորական հավատացյալ, լինի վերին խավի, թե ստորին դասի ներկայացուցիչ, միանշանակ սխալ է նրան վանել հասարակությունից, սխալ է վանել նրան իր միջավայրից՝ այնտեղից, ուր նա պատկանում է հենց։ Քահանայի գործն է մարդկանց թողություն տալը, քրիստոնեությունն էլ ներում է շնորհում մեղք գործած, բայց խելքի եկած մարդկանց։ Եվ, չիմանալով դիմացինի դրդապատճառները, վանել նրան՝ առնվազն խոսում է հասարակության մեջ ընդունված կարծրատիպերի կառչումից, մարդկանց արհամարհական և անտարբեր վերաբերմունքից։ Մինչդեռ ամեն մեկի համար իր կարծիքն ամենաճիշտն է, և ոչ ոք, ցավոք, չի բացահայտում դիմացինին, նրա արարքների իրական պատճառը, քանի դեռ չի կասկածում իր իսկ արարքների ճմարտացիության մեջ։

Design a site like this with WordPress.com
Get started