Ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունքի վարման խոսք․ հունիսի 1

Ընդհանուր պարապմունքի ծրագիրը

Բացման խոսք

Բարի առավոտ և հիասքանչ ամառային տրամադրությամբ ողջույն բոլորին, սիրելի ընկերներ։ Նոր օր է սկսվում, ավելին՝ արդեն ամառ է, ցանկանում եմ, որ նոր եղանակի սկզբի հետ նաև սկսվեն ձեր արկածային, անմոռանալի և բարձր տրամադրությամբ ուղեկցվող գալիք երեք ամիսները։ Եվ ամառվա առաջին ընդհանուր պարապմունքը ձեզ համար սիրով կվարեն այդքան դրական, աշխույժ ու լավ տրամադրություն ստեղծող Արի Ագոփը և իմ շատ սիրելի, տաղանդաշատ ընկեր, գեղեցկուհի Սեդա Մարգարյանը։ Ամառվա մեկնարկին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շատ թեժ մթնոլորտ է տիրում։ Ավագ դպրոցի իններորդ դասարանցիները և քոլեջի ուսանողներն այժմ քննական շրջանում են, ոմանք՝ լարված, ոմանք՝ հանգիստ, ոմանք էլ՝ օր ու գիշեր պատրաստվում են քննություններին։ Եկեք բոլորով մաղթենք նրանց հաջող քննական շրջան՝ գերազանց արդյունքներով և թող կրթահամալիրը ևս մեկ անգամ ապացուցի, որ սովորողների շրջանում լավագույն արդյունքներն է ապահովում։

Եվ իհարկե, չենք մոռանում այսօրվա հերոսներին։ Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, այսինքն՝ նաև մեր բոլորիս։ Եկեք հիմա հասկանանք՝ արդյոք երեխաներն իրո՞ք բավարարված են այն ամենից, ինչ մեծահասակներն անում են իրենց համար։ Կամ ի՞նչ են կարծում մեծահասակները, արդյո՞ք բավարար չափով արդարացնում են երեխաների սպասելիքները։ Խնդրեմ՝ հասկանանք ծափերով։ Հիմա թող ծափահարեն միայն մեծահասկաները։ Ասացեք խնդրեմ՝ ձեր կարծիքով, դուք բավարարու՞մ եք կրտսեր սերնդի ցանկությունները։ Իսկ այժմ երեխաների ծափերով հասկանանք՝ իրենք իրենց ապահո՞վ են զգում մեր ժամանկներում և բավարարվա՞ծ են արդյոք մեծահասակների արածից։ Շատ լավ, իսկ մենք ձեզ մաղթում ենք ամենայն բարին, թող որ ձեր բոլոր ցանկություններն այս ամառ դառնան իրականություն, բայցև չչարաշահեք մեծահասակների համբերությունը։

Այժմ, անդրադառնանք դպրոցում իրականացված վերջին կարևոր իրադարձություններից մեկին։ Մեզնից Առավել նախագծային խումբը դասավանդողներ Ընկեր Վարդանի և Պարոն Տիգրանյանի գլխավորությամբ նախորդ շաբաթ այցելեց գեղատեսիլ Սյունիք՝ իրականացնելու գյուղական, սահմանամերձ դպրոցներում ծրագրերի ներկայացման ու փոխանակման նախագիծ, ծանոթանալու տեղի դպրոցական կյանքին ու կենցաղին, ինչպես նաև հաստատելու նոր կապեր սյունեցիների հետ։

Նախագծի շրջանակներում եղանք Խնձորեսկի և Քարաշենի գյուղական դպրոցներում, որոնցից յուրաքանչյուրում նախատեսել էինք Bigger Than Us հեղինակային ֆիլմի ցուցադրությունը, դրա վերաբերյալ քննարկում-բանավեճ էինք կազմակերպել։ Բայց իհարկե, մինչ այդ, մեզ պետք էր ծանոթանալ երեխաների հետ և կոտրել այն սառույցը՝ ավելի մտերմիկ շփում ունենալու համար։ Խնձորեսկում ֆիլմի դիտումից հետո ծավալվեց շատ բուռն քննարկում՝ թե՛ուսուցիչների, թե՛ աշակերտների մասնակցությամբ, որի ընթացքում մենք նաև ծանոթացանք տեղի գյուղական խնդիրներին և խոչընդոտներին։ Ինչպես նաև աշակերտները մեզ ներկայացրին իրենց կողմից իրականցվող երկու նախագիծ՝ կապված աղբի այրման խնդրի դեմ պայքարի և անտառահատման սրացող խնդրի կանխման վերաբերյալ։

Դիտենք կարճ տեսանյութը, հատված Խնձորեսկի դպրոցում նախագծային խմբերի հանդիպում-քննարկումից։

Տեսանյութի ցուցադրություն

Այսպիսով՝ ունեցանք շատ արդյունավետ հանդիպումներ երկու դպրոցներում, աշակերտները սահմանեցին իրենց պատկերացրած համայնքը՝ պատկերներով և իրենց ձևակերպմամբ։ Ծանոթացանք թիմային աշխատանքին և թիմում ակտիվ անդամ լինելու մարտահրավերներին ու պահանջներին։

Ավելին՝ Խնձորեսկի երեխաների հետ մեր շփումն այնքան ստացված էր, որ հանդիպեցինք նաև հաջորդ օրը, որի ընթացքում էլ ունեցանք հետաքրքիր «Բարբառային զրույցներ» հին Խնձորեսկում՝ բնության գրկում։ Դիտենք կարճ տեսանյութը։

Տեսանյութի ցուցադրություն

Սիրով սպասում ենք սյունեցիներին մեր կրթահամալիրում՝ իրենց հետ միասին իրականացնելու ծրագրերի փոխանակման նախագիծ և ծանոթացնելու նրանց մեր դպրոցի առօրյային։

Այժմ, մի փոքր ժամանակ տրամադրենք պոեզիային։ Հարգելի հավաքվածներ, անելու ենք միասնական ընթերցում, Համո Սահյանի հանճարեղ և ազդեցիկ բանաստեղծություններից մեկը։ Համո Սահյան՝ «Հայաստան ասելիս»։

Բանաստեղծության միասնական ընթերցում

Շնորհակալություն։ Հիմա, խնդրեմ՝ դիմավորեք, Սեդա Մարգարյան, Մկրտիչ Պապիկյան և Քեթրին Աղաջանյան, այսօրվա պարապմունքի լավ տրամադրության պատասխանատուները։ Ձեր բարձր ծափահարությունների ներքո, ունկնդրենք՝ ժողովրդական երգեր «Նարե» և «Երեսդ կլոր», մեր խմբի կատարմամբ։ Սրահում կարող եք ձայնակցել և թող բոլորիս մոտ արթնանան ուրախության և սիրո աշխույժ զգացումները։

Հնչում են կատարումները

Եկեք բարձր ծափահարենք խմբին՝ սրահում բարձր տրամադրություն ապահովելու համար։

Սյունիքում՝ բնության գողտրիկ անկյունում գտնվող այդ հեքիաթային վայրում, ստեղծագործական ոգիդ արթնանում է, և միտքդ քեզ թելադրում է գրել հենց այդ պահին, հենց այդ վայրում։ Պարոն Տիգրանյանը ճամփորդության ընթացքում հասցրեց գրել մի շարք բանաստեղծություններ՝ յուրօրինակ ու ինքնատիպ և շատ գեղեցիկ։ Հատկապես շատ յուրահատուկ էին աշակերտներից երկուսին նվիրված աքրոստիկոսները, որոնք էլ հենց կընթերցենք այժմ։ Աքրոստիկոսներ՝ նվիրված ինձ և 10-րդ դասարանցի Աիդի Հայկին։

Աքրոստիկոսների ընթերցում

Շատ շնորհակալ ենք Պարոն Տիգրանյանին՝ այսպիսի ստեղծագործական մեծ նվերի համար և ծափահարություններով ողջունենք նրա ստեղծագործական տաղանդը։

Հարգելի Սեբաստացիներ, մեր պարապմունքը մոտենում է իր ավարտին։ Շնորհակալ ենք ներկա գտնվելու և ակտիվ արձագանքի համար, ևս մեկ անգամ մաղթում ենք բարի ամառային հանգիստ բոլորին, արդյունավետ և ուրախ աշխատանքային օր։ Իսկ ձեզ համար այսօրվա ընդհանուր պարապմունքը սիրով վարեցին Արի Ագոփը և Սեդա Մարգարյանը։ Իսկ այժմ, բոլորիդ հրավիրում եմ սրահի կենտրոն՝ մասնակցելու միասնական պարին։

Bigger Than Us-ի հայագիտական հետազոտական հանդիպում-քննարկումը

Հանդիպում-քննարկում <<Մեզնից Առավել / Bıgger Than Us>> նախագծի շրջանակներում

Օր` հունիսի 2

Ժամ՝ 11:00-13:00

Վայր՝ Ավագ դպրոց, ընթերցասրահ

Մասնակիցներ՝ <<Մեզնից Առավել / Bıgger Than Us>> նախագծային խումբ, կրթահամալիրի դասավանդողներ, հյուրեր

Հրավիրյալ մասնագետներ, հյուրեր՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան՝ պրն․ Նիկո Սխերմերս, <<Սփյուռք>> գիտաուսումնական կենտրոնի ղեկավարություն, Լեզվի կոմիտեի ներկայացուցիչներ

Հանդիպման նպատակը՝

  • Նախագծի շրջանակներում արված աշխատանքների ներկայացում
  • Փորձի փոխանակում
  • Հետագա անելիքների քննարկում

Իրականացված աշխատանքներ՝

Համակարգումը՝ Արի Ագոփի և Լաուրա Թորոսյանի

Լուսաբանումը՝ նախագծային խմբի

Bigger Than Us/Մեզնից Առավելը Սյունիքի համայնքային դպրոցներում

Նախագիծ

Ֆիլմի դիտում, քննարկում

Մեզնից Առավել / Bıgger Than Us

Ֆիլմի մասին՝

Ֆիլմը պատմում է Մելատի Վայսենի ճանապարհորդության մասին, որը որոշում է շրջել աշխարհով մեկ՝ հանդիպելու իր հասակակիցներին՝ իր պես երիտասարդ ակտիվիստներին, որոնք արդեն հասցրել են որոշակի ազդեցություն ունենալ իրենց ոլորտներում՝ իրենց համոզմունքների և վճռականության շնորհիվ: Մելատին գիտի, որ ժամանակը սուղ է, և որ բարենորոգումների արդյունքները գրեթե չեն երևում: Նա ուզում է հասկանալ, թե ինչն է խանգարում փոփոխություններին: Նա գիտի, որ պետք է միավորել ուժերը՝ նոր նախագծերով հանդես գալու համար:

Ֆիլմի ռեժիսոր Ֆլյոր Վասյող․ Հուսով եմ այս ֆիլմը կհասնի իր նպատակին միավորելով, համախմբելով մոտիվացված և փոփոխության ձգտող մարդկանց՝ խոսելու և գործելու համար։ Այս ֆիլմը ընդամենը միջոց է, երկխոսություն սկսելու համար այն մասին, թե ինչ կարող ենք անել։ Զրույց այն խնդիրների մասին, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում։

Ֆիլմը հովանավորել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը։

Օր` մայիսի 27

Վայրը՝ Խնձորեսկի միջնակարգ դպրոց, Քարաշենի միջնակարգ դպրոց

Մասնակիցները՝ Bigger Than Us/Մեզնից Առավել նախագծային խումբ, Քարաշենի և Խնձորեսկի դպրոցների սովորողներ

Ընթացակարգ՝

Նպատակ՝

  • Ուսումնասիրել ֆիլմում ներկայացված տարբեր ազգությունների երիտասարդների փորձը աշխարհի տարբեր վայրերում առկա խնդիրների հետ պայքարում,
  • Փորձի փոխանակում, տարածում,
  • Զարգացնել դիտորդների իմացությունը աշխարհում առկա շատ  խնդիրների մասին և այդ խնդիրների դեմ պայքարող մարդկանց մասին,
  • Մենք, մեզնից յուրաքանչյուրը կարող է անել շատ ավելին՝ քան կարծում է,
  • Ստեղծենք, դնենք մեծ նպատակներ, թեկուզ մանր քայլերով առաջ գնալով՝ իրականացնելով փոփոխություններ,
  • Անցկացնել տարբեր վարժություններ՝ ֆիլմից ստացած հնարավոր փորձի կիրառման համար,
  • Սովորել, թե ինչպես լինել լավ թիմի անդամ,
  • Ծանոթանալ «Մեզնից Առավել/Bigger than US» նախագծին,
  • Քննարկման նյութերի ներկայացում Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատանը։

Վարողներ՝

  1. Արի Ագոփ
  2. Լաուրա Թորոսյան
  3. Մարիա Տիշաքճեան
  4. Սյուզի Մելիքյան
  5. Նանե Ժամհարյան
  6. Քեթրին Աղաջանյան

Արդյունք՝

  • Այս փորձի հնարավոր կիրառումը Հայաստանում, դրա ուսումնասիրումն ու տարածումը։ Ֆիլմի քննարկում, քննարկման նյութերի հրապարակումը բլոգներում։
  • Համագործակցություն Հայաստանում Նիդերլանդների դեսպանության համապատասխան աշխատակիցների հետ։

Համակարգումը՝ Արի Ագոփի և Լաուրա Թորոսյանի

Լուսաբանումը՝ մասնակից սովորողների

“Bigger Than Us” նախագծային հանդիպում-քննարկումը

Հանդիպում-քննարկում <<Մեզնից Առավել / Bıgger Than Us>> նախագծի շրջանակներում

Օր` մարտի 24

Ժամ՝ 13:00-14:20

Վայր՝ Մայր դպրոց՝ Փոքր դահլիճ

Մասնակիցներ՝ <<Մեզնից Առավել / Bıgger Than Us>> նախագծային խումբ, կրթահամալիրի դասավանդողներ, Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների սովորեղներ, այլ շահագրգիռ անձինք

Հանդիպման նպատակը՝

-Նախապատրաստվել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանի, <<Սփյուռք>> գիտաուսումնական կենտրոնի, Լեզվի կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

-Փորձի փոխանակում

Իրականացված աշխատանքներ՝

Մասնակիցներ՝

  1. Արի Ագոփ
  2. Մարիա Տիշաքճեան
  3. Յուրի Հյուսյան
  4. Նանե Ժամհարյան
  5. Անի Սմբատյան
  6. Սաթեն Հովհաննիսյան
  7. Քեթրին Աղաջանյան
  8. Սյուզի Մարտիրոսյան
  9. Լաուրա Թորոսյան

Համակարգումը՝ Արի Ագոփի և Լաուրա Թորոսյանի

Լուսաբանումը՝ մասնակից սովորողների

“Bigger than us” նախագիծ։ Կինոդիտում

Ի՞նչը կարող է ամենաարագը միավորել խմբի՝ իրար գրեթե անծանոթ անդամներին, եթե ոչ խմբակային խաղ-քննարկումներն ու սառույց կոտրող վարժությունները։ Մեր առաջին հանդիպումից հետո արդեն իսկ իրար ծանոթ և միմյանց հետ մտերմացած կազմին այսօր միացան ևս մի քանի հոգի, ովքեր ևս շատ շուտ ինտեգրվեցին մեր հյուրընկալ և աջակցող խմբին։ Եվ իհարկե՝ չեմ կարող թաքցնել այն հպարտության և երջանկության զգացումս, որի պատճառը մեր նախագծի գրանցած սկզբնական արդյունքներն են։ Այն փաստը, որ մարդիկ պատրաստակամ են միանում նախագծին և ընդունում են մարտահրավերը՝ իրենց ներդրումն ունենալ աշխարհի բարեփոխման գործում, արդեն իսկ շատ գովելի է և մեծ ապագա է խոստանում նախագծին։

Առաջին բանը, որ նախատեսված էր՝ անդամներին մտերմացնող խաղերն էին։ Զրույցներ, տարբեր երևույթների մասին փորձի փոխանակում, փաստեր՝ իրենց վերաբերյալ և այս ամենը՝ միմյանց պատմությունները լսելու պատրաստ հետաքրքրասեր կազմով։ Շատ գոհեցնող է այն, որ հավասարապես բոլորն էին ներգրավված այս զրույցներում, կարող էին անվերջ խոսել իրենց նախասիրություններից, յուրահատկություններից, թաքնված տաղանդներից և լինել միմյանց աջակից՝ ինքնաարտահայտման հարցում։

Հենց վերջինս էլ ամենաշատն ենք կարևորում մեր նախագծում։ Խմբի բոլոր անդամները հավասարապես պետք է կարողանան ինքնաարտահայտվել՝ առանց որևէ կաշկանդվածության, վախերի, լարվածության կամ անվստահության։ Մեր յուրաքանչյուր հանդիպման մի մեծ մասն են կազմում այն խաղ-վարժանքները, որոնք օգնում են մարդուն՝ ինքնադրսևորվել և բացահայտել իր մեջ այնպիսի առանձնահատկություններ, որոնց մասին նախկինում չգիտեր։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել որևէ խնդրի, հարցի կամ պատմության շուրջ և ծավալել ակտիվ քննարկում՝ առանց որևէ կաշկանդվածության։

Եվ ահա, աստիճանաբար աշխուժացնելով և միաբանելով խմբի անդամներին, մոտեցանք օրվա կարևորագույն հատվածին՝ կինոդիտմանը։ Եթե հարցնեք ինձ, թե ինչի մասին է այդ ֆիլմը, ես ձեզ հակիրճ կպատասխանեմ, որ այն մի համարձակ աղջկա մասին է, ով դեռ մանկահասակ տարիքից սկսել է իր ակտիվ գործունեությունը՝ ուղղված մոլորակի փրկությանն ու բարելավմանը։ Իր խմբի մյուս անդամների հետ միասին՝ նա շրջագայում է տարբեր վայրեր, իրականացնում տասնյակից ավելի քարոզչություններ և դասախոսություններ։

Բայց արդյո՞ք նա միայնակ է այս աշխարհում, արդյո՞ք դրսում՝ որևէ այլ վայրում, չկա իր նման մտածող և համարձակ ինչ-որ մեկը։ Ինչքանով էլ հանգստացնող է այն փաստը՝ միանշանակ կան այդպիսիք, սփռված աշխարհով մեկ՝ պատրաստ բարձրաձայնելու իրենց ձայնը միջավայրում՝ հանուն հանրային բարեկեցության և միջավայրի բարելավման։

Եվ ամբողջ ֆիլմն է այդ շրջագայության մասին։ Շրջագայություն, որ իրականացնում է մեր գլխավոր հերոսուհին՝ աշխարհի տարբեր ծայրերում որոնելու իր նման համարձակների և բարերարների։

Ուղղակի կասեմ, որ տպավորություններս աննկարագրելի են։ Այդքան խնդիր, այդքան անարդարություն ու հալածանք և այդքան անտեղյա՞կ։ Մի պահ անգամ ես էի մեղավոր զգում, որ անտեղյակ եմ աշխարհի շատ վայրերում ծառացած այս խնդիրներին։ Իհարկե, ֆիլմում արծարծվող շատ թեմաների մասին մեծամասնությունս տեղյակ է․ ռասայական խտրականություն, երեխաների թերուսուցանում, օդի աղտոտում և այս ամենը՝ սեփական շահերի համար։ Բայց ֆիլմում նաև ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, որոնց մասին ես պատկերացնել անգամ չէի կարող։ Այդ ամենը տեսնելուց և լսլելուց հետո ես ինձ շարունակ մի հարց էի տալիս․ “Արդյո՞ք այս ամենը դեռ գոյություն ունի մեր ժամանակներում, չէ՞ որ մեր բոլորիս պատկերացումներում արդեն վաղուց վերացած են այդ խնդիրները։” Բայց արի ու տես, որ սխալ է աշխարհի մասին պատկերացում կազմել՝ դատելով միայն սեփական տեսանկյունից։ Եվ այո՛, ցավոք, բայց ներկայում էլ դեռ այդ խնդիրները խորը արմատացած են մեր մեջ։ Եվ միայն համարձակներն ու փոփոխություններից չվախեցողներն են բռնում մոլորակի փրկության և միջավայրի բարեփոխման ուղին։

Մենք էլ՝ մեր խմբով, այն մարդիկ ենք, ովքեր չվախեցան ընդունել նետված մարտահրավերը, ովքեր խիզախեցին դիմել այդ պատասխանատու ու կարևոր քայլին և իրենց ներդրումն ունենալ աշխարհի՝ այս անհանգստություն պատճառող համակարգի բարեփոխման հարցում։

Բայց արդյո՞ք մենք բոլորս նույն կերտվածքը չենք՝ բանականությամբ և նույն կարողություններով օժտված։ Եթե մենք՝ պատանիներս, խիզախել ենք գնալ այդ ռիսկին, ապա դուք էլ կարող եք, կարող է մեզնից յուրաքանչյուրը, կարող են բոլորը։ Մնում է միայն ունենալ այդ պատրաստակամությունը․․․

“Bigger than us” նախագիծ։ Ծանոթացում

Հաջողակ նախագիծն այն է, երբ այն հենց սկզբից կարողանում է միավորել դրա անդամներին մի նպատակի շուրջ և սերտացնում, ավելի է մերձեցնում նրանց միասնական աշխատանքի ընթացքում։ Կարևոր է, որ յուրաքանչյուր ոք հավասարապես գիտակցի իր վրա դրված պատասխանատվությունը և լինի պատրաստակամ՝ իր ներդրումն ունենալու խմբային աշխատանքում։

Երբ առաջին անգամ լսեցի նախագծի մասին, հասկացա, որ դրա ճիշտ ծրագրման դեպքում, շատ մեծ հաջողությունների կարելի է հասնել և կարելի է այն զարգացնել տարբեր մակարդակներով և շրջափուլերով։ Առաջնային խնդիր էր տարբեր դասարաններից հավաքել մի խումբ հետաքրքրասեր և առաջադեմ գաղափարներով աշակերտների, որոնք իրոք կարող են աշխատել կոլեկտիվում և պատրաստակամ են՝ հեռուն գնալու նախագծի շրջանակներում։

Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ դա մեզ հաջողվեց, այնպես որ ցանկանում էինք վայրկյան առաջ սկսել նախագիծը։

Եվ ահա այսօր՝ շատ մեծ ոգևորությամբ ու եռանդով, տվեցինք մեր նախագծի մեկնարկը։ Եվ իհարկե, առաջին իսկ հանդիպմանը պետք էր այնպիսի ծրագիր մշակել, որ անմիջապես համախմբի և միավորի բոլոր անդամներին․ անդամների ծանոթացում, սառույց կոտրող հետաքրքիր առաջադրանքներ, կարծիքների և պատկերացումների փոխանակում և իհարկե հնարավորություն՝ ինքնաարտահայտվելու։

Պետք է ասեմ, որ մասնակիցների արձագանքն այնքան բուռն էր, որ անգամ մենք զարմացանք նրանց ոգևորության բարձր աստիճանից և պատրաստակամությունից։ Չէինք սպասում, որ առաջին իսկ հանդիպումից խումբը կարող էր այսքան ոգևորվել և խրախուսվել նախագծի նպատակներից, պահանջներից և ապագա գործունեությունից։ Կարող ենք վստահորեն և հպարտորեն ասել, որ նախագծի սկզբնական փուլը հաջողել ենք։

Ինչ վերաբերում է իմ տպավորություններին և հանդիպումից քաղած դասերին, ապա կասեմ, որ ինձ միշտ հետաքրքիր են եղել փոքր խմբակային աշխատաքնները, երբ ամեն մի խումբ որևէ երևույթի մասին կարողանում է արտահայտել իր սեփական տեսակետը, խոսել իր ուրույն պատկերացումների մասին և ասեմ, որ յուրաքանչյուր խումբ ներկայանում էր յուրովի։ Հարկ է նշել, որ մեր նախագծի շրջանակներում չկա “սխալ կարծիք” ասվածը, յուրաքանչյուրը կարող է խնդրին մոտենալ իր ուրույն ձևով, ազատորեն արտահայտել իր կարծիքը և առաջարկել խնդրի իր համար նախընտրելի տեսանկյունը։ Ավելին՝ այդպես ավելի կարող է լայնանալ մեր մտահորիզոնը տարբեր երևույթների պատկերացումների շուրջ և միգուցե, մենք նույնպես սկսենք խնդիրներին նայել այդ տարբեր տեսանկյուններից։

Եվս մեկ անգամ ասեմ, որ շատ ուրախ էի անդամներին տեսնել այդպես եռանդով լի, միմյանց օգնող և համագործակցող և իհարկե՝ այդքան ստեղծագործ մտքերով։

Վստահ եմ, որ այսպիսի եռանդուն սկիզբը նախադրյալ է հետագայում ակտիվ հանդիպում-քննարկումների, համագործակցային նախագծերի և ինքնաբացահայտմանն ուղղված կարևորագույն նպատակի իրականացմանը։ Հուսով եմ, որ մեր երկար ձգվող ճանապարհին կհայտնվեն նաև նոր մարդիկ՝ նոր գաղափարներով, նոր մտքերով և իհարկե՝ մարդիկ, ովքեր իրոք կարող են ռիսկի դիմել՝ ի նշան համայնքի և աշխարհի բարեկեցության և նորարարական գաղափարների տարածման։

Design a site like this with WordPress.com
Get started