Մխիթար Սեբաստացու մասին

Մխիթար Սեբաստացին ծնվել է փետրվարի 7-ին, 1676 թ․։ Նրա իսկական անունը Մանուկ էր, նրա հոր անունը՝ Պետրոս, մոր անունը՝ Շահրիստանի։ Մանուկն ուներ շատ մասնագիտություններ․ վանական, գրող, թարգմանիչ։ Նրան կոչում էին Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ։ Նա հայտնի է իր Մխիթարյան միաբանությունով։ 20 տարեկանում նա դարձավ քահանա։ Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում։ Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։

Մխիթար Սեբաստացու բնավորությունը

Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Մխիթարն ըմբռնել էր ընկերական կենաց օգուտները, գիտեր, թե միաբանությունը, առանց սիրո և սրտերի միության, սոսկ բանդագուշանք է. անհրաժեշտ էր, որ մտքերն իրար շփվեին և բարքերը՝ իրար սրբագրելու և հղկելու համար, հարկ էր որ խոսքերի և մտածմունքների առնչություն լիներ, որով կապվեին հոգիները:

Կարդալ ավելին

Հունվարյան ճամբարի ամփոփում

Մի՛ վախեցեք դանդաղ շարժվելուց, վախեցե՛ք անընդհատ նույն տեղում մնալուց։

Երբ ասում ենք ճամբար, շատերը պատկերացնում են հիմնականում ամառը կազմակերպվող 7 կամ 10 օրանոց արշավային կամ էքսկուրսիոն ճամփորդություններ։ Հիմա պատկերացրեք այն զարմանքը, որ ունենում է մարդը, երբ իմանում է, որ մեր ճամբար ասածը գտնվում է դպրոցում։ Այն տևում է երեք շաբաթ, լինում է դպրոցում և դրան մասնակցում են բոլոր աշակերտները։ Ինքս էլ զարմացած էի, երբ առաջին անգամ այս մասին լսեցի։ Բայց շուտով հասկացա, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դա տարիներով ընդունված ավանդույթ է և աշակերտները մեծ ոգևորությամբ են սպասում դրան։ Երբ իմացա՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ճամբարը, ես էլ սկսեցի անհամբեր դրան սպասել։

Ահա արդեն ավարտվել է կրթահամալիրում հունվարյան ճամբարը և շուտով անցնելու ենք սովորական ուսումնական ընթացքին։ Սակայն ինչքա՜ն հիշողություններ ու նոր ծանոթություններ ենք մեզ հետ տանում ավարտից հետո։ Բազում իրադարձություններ ու տպավորություններ, տարբեր հետաքրքիր ու արկածային այցելություններ, վառ հիշողություններով ուղևորություններ և այս ամենն ընդամենը երեք շաբաթում։ Առաջին հայացքից ինչքան քիչ ժամանակ է չէ՞, այդքան բան անելու համար, սակայն երբ հիմա հիշում ես այդ օրերը, ժամանակ ասվածն այլ կերպ ես սկսում հասկանալ։ Գիտակցում ես, որ ժամանակի ճիշտ դասավորման դեպքում կարող ես օրվա մեջ հասցնել զբաղվել և՛ ինքնակրթությամբ, և՛ հանգստով, և՛ նոր բաներ սովորելով։

Եվ իրոք, չեմ կարող բառերով բնութագրել այն ուրախությունն ու հպարտությունը, երբ հասկանում եմ, որ այս հունվարյան ճամբարն ավելի քան ստացված էր։ Այն իր արդյունավետությամբ և երջանիկ հիշողություններով մի քանի անգամ գերազանցեց իմ սպասելիքները։ Եվ գիտե՞ք՝ ինչ մեծ պատասխանատվություն է ընկած ջոկատավարի վրա, երբ իրար անծանոթ երեսուն հոգի՝ տարբեր տարիքի ու նախասիրությունների, հույս է դրել քեզ վրա՝ ունենալու անմոռանալի, ժամանցային և ուսուցողական ճամբար։ Այդ իսկ պատճառով, առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ջոկատավար ընկեր Գոհարին, ով այս երեք շաբաթվա ընթացքում ոչ թե մեր ուսուցիչն էր, այլ ընկերը, ով ամեն ջանք թափեց՝ համախմբելու այդ երեսուն հոգուն և ամեն օր հագեցած ծրագրով ճամբար կազմակերպելու։ Առանց նրա համախմբող, խրախուսող և կազմակերպչական բարձր որակների, մենք չէինք ունենա այն մեծ բավականությունը, ինչը զգացինք ամբողջ ճամբարի ընթացքում։ Այսպիսով՝ անդրադառնանք ճամբարի առավել հիշարժան իրադարձություններին։

Այս երեք շաբաթվա ընթացքում մեր ջոկատը ֆրանսերենի դասվանդող մադամ Կարինեի հետ իրականացրեց մի շատ հետաքրքիր նախագիծ՝ “Արդյոք գիտե՞ս, որ․․․” վերնագրով։ Այն իրենից ներկայացնում էր մարդկանց քիչ հայտնի փաստերի, իրադարձությունների, ֆրանս-չինական մշակույթների ու կենցաղի մասին քննարկումներ, աշակերտների կողմից հետաքրքիր և ուշագրավ պրեզենտացիաների ներկայացումներ, վերլուծություններ և այլն։ Նախագիծն իրոք ստացված էր, քանի որ յուրաքանչյուր դասընթացին երկուսից երեք սովորող հետաքրքիր պրեզենտացիա էին պատրաստած լինում և դրանց ներկայացումն արդեն շատ էր նպաստում յուրաքանչյուրի հանրային ներկայացման խոսքին, բարելավվում այն և ազատում ելույթ ունենալու վախից և սթրեսից, քանզի միջավայրը շատ ընկերական էր, ակտիվ և հետաքրքրասեր՝ պատրաստ ամեն մի թեմայի շուրջ երկար քննարկում ծավալելու։ Իմ ներկայացման նյութին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Շատերը գիտեն, որ թեյը չինական ավանդական ըմպելիք է, և քանի որ մեր ջոկատը մեծամասամբ կապված էր չինական լեզվին ու մշակույթին, մենք չէինք կարող զերծ մնալ չինական ավանդական թեյախմության բաժակներ ու թեյնիկ պատրաստելուց։ Դա ևս շատ հաճելի և հանգստացնող գործ էր, որն իրականացրինք կրթահամալիրի գեղարվեստի դպրոց-մասնաճյուղում՝ ընկեր Ալիսի գլխավորությամբ, ով սիրով օգնեց մեզ՝ կավից պատրաստելու բաժակներն ու թեյնիկը, այնուհետև թրծել ու ներկել։ Արդյունքում ունեցանք թեյախմության շատ գեղեցիկ պարագաներ՝ հենց չինական մոտիվներով պատրաստված, և դրանք մեր չինական Նոր տարվա տոնախմբության մաս կազմեցին։

Ունեցանք նաև շատ հաճելի ու տպավորիչ այցելություն դեպի սահադաշտ, որին երեխաները շատ էին սպասում։ Այցելություն, որ լի էր խինդ ու ծիծաղով, երեխաների միասնականությամբ ու փոխօգնությամբ։ Շատերն, ովքեր սահադաշտում սահած չկային կամ չգիտեին սահել, այցելության ավարտին բավարար չափով տիրապետում էին չմշկասահքին։ Եվ այդ ամենը երեխաների՝ միմյանց օգնելու պատրաստակամության շնորհիվ։ Այն պատկերը, որ կարող էիք տեսնել սահադաշտում, երբ մեկը մյուսի ձեռքից բռնած օգնում և սովորեցնում էր սահադաշտում ճիշտ սահել, շատ ուրախացնող էր և տրամադրող։ Այնքան լավ ժամանակ անցկացրինք սահադաշտում և այնքան ջերմ էր մթմոլորտը, որ մեծամասնությունն ավարտին ուզում էր մեկ անգամ ևս կրկնել այս հաճելի ու խինդով լի փորձությունը։ Այցելության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Ճամբարի շրջանակներում մենք բազում հետաքրքիր նախագծեր ենք ունեցել, որոնցից մեկն էլ ընկեր Անուշի ջոկատի հետ համագործակցային նախագծերն էին։ Այդ ընթացքում ունեցել ենք չինական գրականության ընթերցման դասընթաց և դրա շուրջ հետաքրքիր զրույց-քննարկում։ Ունեցանք հետաքրքիր կինոդիտումներ տարբեր թեմաների շուրջ, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում էր ներկայում տարածված խնդիրների բարձրաձայնում և շատ մեծ տեղիք էր տալիս մտածելու դրանց շուրջ։ Դրանք գուցե լավագույնը չէին և շատերին չեն հետաքրքրում, բայց այնքան իմաստ կար այդ ֆիլմերի մեջ, որ ամեն մեկի ավարտից հետո երկար ու բազմակողմանի քննարկում-բանավեճներ էինք ունենում ֆիլմում արծարվող թեմաների շուրջ։ Կարծիքներն իհարկե շատ էին ու տարբերվող, և ամեն մեկը պատրաստ էր իր տեսակետը տանելու մինչև վերջ և փաստարկներ բերելու՝ դրանք ապացուցելու համար։ Այսպիսով՝ մենք նույնիսկ դրանց պակասը չենք ունեցել և, և այդ ամենը յուրաքանչյուրիս մոտ զարգացրել է բանավիճական խոսքը, վերլուծական միտքն ու որևէ դեպքից հետևություններ անելու ունակությունները։

Ինձ համար ամենահիշարժան ու հետաքրքիր իրադարձություններից մեկը արևմտահայերենի մասնագետ Մարալ Զաքարեանի հետ ունեցած հանդիպումն էր։ Հանդիպման թեման արևմտահայերենի ու արևելահայերենի տարբերակիչ առանձնահատկություններն էին, և ես՝ որպես արևմտահայ, շատ հետաքրքրված եմ այս թեմայով և հայերենի պահպանման հիմնախնդրով։ Այնպես որ այս թեման ինձ շատ հոգեհարազատ էր և ամբողջ հանդիպման ժամանակ Մարալ Զաքարեանը մեծ սիրով ու պատրաստակամությամբ ներկայացնում էր տվյալ հիմնախնդրի առաջացման պատճառները, նախադրյալները, ժողովրդի վերաբերմունքն ու մասնակցությունն այդ երևույթին և առաջարկում խնդրի հնարավոր ռադիկալ լուծումները։ Զրույցը ներառում էր դեպքեր լեզվաբանի կյանքից, խնդրին առընչվող դրվագներ և լսարանի հետ հետաքրքիր հարց ու պատասխան։ Ուղղակի բավականություն ստացա, տեսնելով, որ շատերն են հետաքրքրված այս թեմայով ու հիմնախնդրով և հանդիպմանն էին եկել մեծ հետաքրքրասիրությամբ ու բազում հարցերով։ Իսկ հանդիպման վերջում Մարալ Զաքարեանը մի փոքր պատմեց իրավաբանական ոլորտում իր թարգմանչական գործունեությւոնից, նշեց թարգմանիչ լինելու գլխավոր մարտահրավերները, դժվարություններն ու ամենակարևոր կետերը։ Հիշեց հետաքրքիր դրվագներ իր թարգմանչական կյանքից և խոսեց թարգմանչի աշխատանքի անհրաժեշտության և անփոխարինելիության մասին։ Այդպիսով՝ հանդիպումն անցավ շատ հետաքրքիր ու ակտիվ քննարկումով, խնդրի շուրջ բազում կարծիքների բարձրաձայնմամբ և դրանց հնարավոր լուծումների առաջարկներով։

Ճամբարի շրջանակներում ևս մեկ հետաքրքիր հանդիպում ունեցանք, այս անգամ արդեն կորեերենի մասնագետ Անի Հարությունյանի հետ։ Անի Հարությունյանի հետ բավականին երկար զրույց ունեցանք ոչ միայն կորեերենի մասին, այլև կորեացիների, նրանց կենցաղի ու մշակույթի մասին, խոսեցինք Կորեայում տարածված մասնագիտությունների մասին, դեպի Կորեա տանող կրթական ծրագրերի, դրանց առավելությունների ու վատ կողմերի մասին։ Անի Հարությունյանը նաև պատմեց մեզ Կորեայում անցկացրած իր տարիների մասին, ժողովրդի բնավորության, ընդունված կարգերի ու ավանդույթների մասին։ Հանդիպումը բավականին հետաքրքիր էր, քանզի բազում հետաքրքիր բաներ իմացանք կորեացիների մասին, որոնք լսարանի մեծ մասին շատ զարմացրին։ Սրահում կային Կորեայով, այդ ժողովրդով և լեզվով հետաքրքրվող շատ երեխաներ, որոնք մշտական հարց ու պատասխանի մեջ էին մասնագետի հետ և ուզում էին հատկապես իմանալ այնտեղի ժողովրդի առանձնահատկությունների մասին, իսկ Անի Հարությունյանը հետաքրքիր պահեր էր հիշում այնտեղ ապրած տարիներից և բարձրաձայնում այն խնդիրները, որոնց կարող եք հանդիպել Կորեայում։ Ընդհանուր առմամբ, հանդիպումն անցավ շատ հետաքրքիր ու ակտիվ, խոսեցինք տարբեր թեմաներից և իմացանք բազում նոր և զարմանալի փաստեր Կորեայի մասին։

Ճամբարի ընթացքում մեզ նաև առիթ ընձեռվեց ստեղծել ստարտափ բիզնես գաղփարներ և ներկայացնել դրանք Դիջիթեք 2023 նախագծի շրջանակներում՝ ապագայում դրանք զարգացնելու պատրաստակամությամբ։ Ես անգամ դրան մասնակցեցի և ընկերներիս հետ ստեղծեցի Innovat.io խումբը, որի նպատակն էր ստեղծել մի կայք, բջջային հավելված, որը Երևանի բնակիչներին հնարավորություն է տալու՝ որոշել ընտրված տրանսպորտի գտնվելու վայրը, տվյալ կանգառին մոտենալու մոտավոր ժամանակահատվածը, դրանով իսկ զարգացնել մարդկանց մեջ պատասխանատվության զգացումը։ Եվ ահա ճամբարի շրջանակներում պետք էր դրա կայքի նախնական նմուշ-օրինակը ներկայացնել լսարանին։ Խմբում ես ստանձնեցի SMM մարքեթինգի պատասխանտուի պաշտոնը և հանդիսանում եմ խմբի պրեզենտացիոն մասի ներկայացուցիչը։ Դա նշանակում էր, որ հենց ես պետք է կազմեի հանրային ներկայացման համար նախատեսված պրեզենտացիան և ելույթի խոսքը։ Պետք է ասեմ, որ ներկայացումը ստացված էր, կային միայն փոքրիկ, հեշտ լուծելի բացթողումներ։ Տրանսպորտի հիմնախնդիրը լսարանի համար համախմբող էր, քանզի բոլորս էլ ունենում ենք տվյալ խնդիրը՝ երթուղայինին սպասելիս։ Այնպես որ, քննարկումն ակտիվ էր, շատ հարցեր բարձրաձայնվեցին, որոնք կօգնեն մեզ ավելի ճշգրիտ աշխատելու կայքի վրա և այն հետագայում ավելի լիարժեք ներկայացնելու։ Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս երեք շաբաթվա ընթացքում ևս մեկ հետաքրքիր նախագիծ ունեի։ Քանի որ հենց այս ընթացքում մեր կրթահամալիրում պետք է մեկնարկեր հետազոտական աշխատանքների պաշտպանությունը, ես՝ որպես լուսաբանող, ներկա գտնվեցի առաջին երկու պաշտպանություններին։ Պետք է ասեմ, որ մեծ սպասելիքներ ունեի առաջին աշխատանքներից, քանզի մեծ խիզախություն է պահանջում առաջինը լինելը, և սպասելքիներս լիիրավորեն արդարացան։ Ինչպես նաև, ես իմ մասնակցությունը ունեցա աշխատանքներից մեկում՝ ներկայացման մեջ և շատ ուրախ էի, որ այդ աշխատանքն իր մեջ ներառում էր նաև արևմտահայերեն հատված։ Կրթահամալիրում հետազոտական աշխատանքների մեկնարկի մասին գրածս մանրամասն լուսաբանումը կարող եք կարդալ այստեղ։

Վերջին տպավորիչ ու բավականին ազդեցիկ այցելությունը դեպի Ֆրիդա Կալոյի նկարների մուլտիմեդիա ցուցահանդեսն էր։ Ինչու՞ ազդեցիկ, որովհետև մինչ գնալս ես Ֆրիդա Կալոյին ճանաչում էի որպես հայտնի նկարիչ և ֆեմինիզմի շարժման ուժեղ ներկայացուցիչ։ Սակայն ծանոթանալով նրա կենսագրությանն ու հատկապես նկարներին՝ իմացա նաև նրա դաժան ու տանջանքներով լի կյանքի մասին։ Չէի կարող պատկերացնել մի մարդու, ով իր կյանքում այսքան տանջանքներ քաշած լինի․ հիվանդությունը հիվանդության հետևից, դժբախտությունների անվերջանալի շղթան և կյանքի ծանր պայամնները։ Եվ ամեն մի նկարում Ֆրիդա Կալոն իր ներսում ունեցած զգացողություններն էր պատկերում։ Բառերով չեմ կարող բացատրել, թե ամեն մի նկարն ինչ էր իր մեջ պարունակում և ինչպիսի զագցողություններ էր փոխանցում դիտողին։ Ես ինքս շատ ազդվեցի թե՛ իր կենսագրական նյութից, թե՛ այն պատկերներից, որտեղ նկարչի ցավն էր արտահայտված, այն ցավը, որ Ֆրիդան անդադար ունեցել է, այն ցավը, որ երբեք չի նահանջել և միշտ պտտվել է Ֆրիդայի կողքը։ Ընտանեկան այն դժբախտությունը, որ պատահել է Ֆրիդայի հետ և երեք երեխաների վիժումը, որ անասելի վիշտ են պատճառել Ֆրիդային, ուղղակի անբացատրելի վարպետությամբ է արտացոլված այդ շարժվող կտավներում, այնքան, որ ինձ ամբողջ ընթացքում հանգիստ չէր թողնում նկարչի ունեցած վիշտը, կարծես նրան հավասար, ես էլ էի այն կիսում։ Ուղղակի տպավորված եմ այդ ցուցահանդեսից և Ֆրիդա Կալո կերպարից, ով այդքան բանի միջով անցնելուց հետո դեռ ուժ է ունեցել պայքարելու կյանքի համար, դեռ հույս է ունեցել իր մեջ և հենց այդ հույսն է նրան մղել առաջ։ Բառիս բուն իմաստով ազդեցիկ ու էֆֆեկտիվ ցուցահանդես, որն ինձ համար շատ բան բացահայտեց հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի մասին։

Ուզում եմ նաև խոսել այն ինտելեկտուալ խաղերի, մրցաշարերի մասին, որ ունեցանք կրթահամալիրում՝ հունվարյան ճամբարի ընթացքում։ Դրանցից յուրաքանչյուրը նախ ամրապնդում էր խմբին, դրա անդամներին, նրանց ավելի միասնական ու ակտիվ դարձնում, բացահայտում ամեն մեկի մեջ իր նախասիրությունն ու թաքնված կողմը։ Եվ իհարկե, դրանք շատ լավ մարզում էին ուղեղի ու տրամաբանական մտքի համար, և ինչու՞ ոչ նաև հետաքրքիր ու նախկինում չլսված փաստերի, տեղեկությունների ձեռքբերում էին մեզ համար։

Եվ իհարկե, հասանք ճամբարի ամենավերջին, բայցև ամենասպասված ու համեղ պահին՝ չիանական Նոր տարվա տոնախմբությանը։ Այս տարի չինական Նոր տարին համընկնում էր մեր ճամբարի օրերի հետ, ավելի կոնկրետ՝ այն նշվեց հունվարի 22-ին։ Եվ մենք չէինք կարող այս առիթը բաց թողնել ու մի լավ տոնախմբություն չկազմակերպել։ Եվ այսպես, հավաքվեցինք ողջ ջոկատով, նպատակադրվեցինք կազմակերպել չինական խոհանոցային նախագիծ և գեղեցիկ չինական Նոր տարվա զարդարանքներ։ Այստեղ արդեն ջոկատը բաժանվեց մի քանի փոքրիկ խմբերի, ամեն մի խումբ՝ իր գործառույթով։ Վաղ առավոտյան գնացինք առևտուր անելու և մի քանի խանութներով շրջելուց հետո, գտանք այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ էր իսկական չինական խոհանոց ստանալու համար։ Այդ օրը խոհանոցում գործը եռում էր։ Բոլորը գործով էին զբաղված․ մի մասը զարդարանքներ էին պատրաստում, մյուս մասը չինարենով գեղեցիկ բարեմաղթանքներ էին պատրաստում, մի ուրիշ խումբ զբաղված էր չինական հաջողության թխվածքաբլիթների պատրաստմամբ, և այդպես մի ամբողջ ջոկատ։ Այդ ամբողջ ընթացքում մեր ջոկատի կողքին էր ընկեր Լուսինեն, ով լավ տեղյակ էր չինական մշակույթով և ուտեստներով և այդ ամբողջ պատրաստման ընթացքում սիրով և համբերատար օգնում էր ջոկատին և երեխաներին ուղղորդում՝ ուտեստների ճիշտ պատրաստման հարցում։ Շուտով արդեն սեղանը պատրաստ էր, խոհանոցով մեկ նաև կախված էին զարդարանքները՝ միջավայրը մի փոքր չինական դարձնելով։ Սեղանին ունեինք չորս տեսակի չինական ուտեստ, հայտնի ծյաոծը պելմեններ, ֆունչոզա, չինական մոտիվներով պատրաստված բրինձը և մսով ու բանջարեղենով չինական համեղ աղցանը՝ հաջողության թխվածքաբլիթների հետ միասին։ Ամեն ինչ շատ համեղ էր ու ստացված։ Այդ համեղ ուտեստները ճաշակելուց հետո յուրաքանչյուրն իր համար ընտրեց թխվածքաբլիթներից մեկը և կարդաց իր հաջողության խոսքը։ Ուզում եմ նախագծի իրականացմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն հայտնել ընկեր Լուսինեին, ով ամբողջ ընթացքում մեր ջոկատի կողքին էր և համբերատար օգնում էր երեխաներին ու ցուցումներ տալիս պատրաստման գործընթացի շուրջ։

Ահա և վերջ, ավարտվեց ուսումնական մի շրջան ևս՝ լի վառ հիշողություններով և նորանոր ձեռքբերումներով։ Ես համարում եմ, որ ամեն մարդ իր կյանքի որևէ իրադարձությունից գոնե մի բան պետք է իր հետ վերցնի և տանի, մի բան, որ շատ կարևոր է իր համար և միշտ իր հետ կլինի՝ լինի դա գիտելիք, թե իրականացրած նախագիծ, ընկերներ, թե նոր ծանոթություններ, անպայման մի բան պետք է վերցնի, այլապես լիովին արդյունավետ չի լինի այդ իրադարձությունը տվյալ մարդու համար։ Եվ չեք պատկերացնի՝ ինչքան բան եմ վերցրել ես այս ճամբարից, ինչքան նոր բան եմ ստացել ու բացահայտել իմ մեջ, շրջապատիս մեջ, մարդկանց, ընկերներիս և շատ այլ մարդկանց։ Ինքս ինձ արտահայտելու բազում առիթներ եմ ունեցել ու ավելի բարձր մակարդակի եմ զարգացրել ելույթի խոսքս ու միտքս, ինչքան եմ բարելավվել պատումներ գրելու և լուսաբանելու հմտություններս, ամրապնդել ստեղծագործ միտքս և ընդլայնել ընկերական շրջապատս։ Հետադարձ հայացք գցելով՝ հիմա եմ հասկանում, թե ինչքան բան եմ հասցրել անել այս ընթացքում։ Եվ այն փաստը, որ այս ամենը հասցրել եմ ընդամենը երեք շաբաթում, ինձ կրկին անգամ ուրախացնում է և մեծացնում վստահությունս ինքս իմ հանդեպ, վստահությունս իմ ուժերի հանդեպ և գնալով ավելի եմ հասկանում, որ անհնարին ոչինչ էլ չկա, դա միայն մեր միտքն ու կամքն են, որ որոշում են, թե ինչքան հեռու կարող ես գնալ, եթե ցանկություններդ ու նպատակներդ սահման չունենան։ Եվ ամեն ինչ հենց այնտեղից էլ սկսում է։ Դե ինչ՝ այժմ քո հերթն է պարզելու, թե որքան հեռու կարող ես գնալ նպատակիդ հետևից։

Նախասիրությունների բացահայտում նախագիծ

Թեստ 1

Հարցերին պատասխանելիս նշե՛ք միայն «+» կամ «»։ Կամ էլ «այո» կամ «ոչ»։

Ֆիզիկա՝

Հետաքրքվու՞մ եք ֆիզիկայի մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի ֆիզիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ+

Կհաճախեի՞ք ֆիզիկայի ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք ֆիզիկայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Կցանկանայիք կատարել հետազոտություններ ֆիզիկայի ասպարեզում-

Աշխարհագրություն՝

Հետաքրքրվու՞մ եք աշխարհագրության մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի աշխարհագետների և ճանապարհորդների մասին նյութերի ընթերցանությամբ+

Կհաճախեի՞ք աշխարհագրության ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք աշխարհագրության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Կցանկանայիք կատարել հետազոտություններ աշխարհագրության ասպարեզում+

Քիմիա՝

Հետաքրքրվու՞մ եք քիմիայի մասին նյութերի ընթերցանությամբ-

Հետաքրքրվու՞մ եք հայտնի քիմիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ-

Կհաճախեի՞ք քիմիայի ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք քիմիայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Կցանկանայիք կատարել հետազոտություններ քիմիայի ասպարեզում+

Կենսաբանություն՝

Հետաքրքրվու՞մ եք կենսաբանության մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի կենսաբանների մասին նյութերի ընթերցանությամբ-

Կհաճախեի՞ք կենսաբանության ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք կենսաբանության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների+

Կցանկանայիք կատարել հետազոտություններ կենսաբանության ասպարեզում-

Մաթեմատիկա՝

Հետաքրքրվու՞մ եք մաթեմատիկայի մասին նյութերի ընթերցանությամբ-

Հետաքրքրվու՞մ եք հայտնի մաթեմատիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք մաթեմատիկական խնդիրների լուծմամբ-

Կհաճախեի՞ք մաթեմատիկայի ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք մաթեմատիկայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Տեխնիկա՝

Հետաքրքրվու՞մ եք տեխնիկայի մասին նյութերի ընթերցանությամբ+

Կպատրաստեի՞ք տեխնիկական սարքեր+

Կհաճախեի՞ք տեխնիկայի (ռոբոտաշինության) ընտրությամբ խումբ+

Կմասնակցեի՞ք տեխնիկական բնույթի մրցույթների-

Կմասնակցեի՞ք ԱԹՍ-ների պատրաստմանը+

Երգ, երաժշտություն՝

Սիրու՞մ եք լսել տարբեր ժանրերի երաժշտություն+

Սիրու՞մ եք ելույթ ունենալ+

Տիրապետու՞մ եք երաժշտական գործիքների-

Կհաճախեի՞ք որևէ երաժշտական խումբ+

Կմասնակցեի՞ք երաժշտական մրցույթների-

Մանկավարժություն՝

Հետաքրքրվու՞մ եք մանկավարժական նյութերի ընթերցանությամբ-

Սիրու՞մ եք կարդալ քննարկել մանկավարժական բնույթի խնդիրներ+

Կաշխատե՞ք կրտսեր տարիքի երեխաների հետ+

Կօգնեի՞ք Ձեր ընկերներին ուսումնական խնդիրների հարցում+

Կցանկանայի՞ք փոխարինել բացակայող ուսուցչին+

Պատմություն՝

Հետաքրքրվու՞մ եք պատմական գործիչների և իրադարձությունների մասին ընթերցանությամբ+

Կհաճախեի՞ք պատմության ընտրությամբ խումբ+

Կնախաձեռնե՞ք ուսումնական ճամփորդություններ պատմական թեմաներով+

Կցանկանայի՞ք մասնակցել անցյալի որևէ հատվածի վերականգնմանը+

Կմասնակցեի՞ք պատմության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների+

Սպորտ՝

Հետաքրքրվու՞մ եք ականավոր մարզիկների մասին նյութերի ընթերցանությամբ-

Սիրու՞մ եք դիտել սպորտային խաղեր կամ մրցումներ-

Սիրու՞մ եք խաղալ սպորտային խաղեր-

Սիրու՞մ եք մարզվել սպորտային խմբերում-

Սիրու՞մ եք մասնակցել սպորտային մրցումների-

Գրականություն՝

Սիրու՞մ եք ընթերցել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրականություն+

Սիրու՞մ եք ընթերցել վերլուծական հոդվածներ գրականության մասին+

Սիրու՞մ եք ընթերցել գրողների մասին նյութեր+

Կհաճախեի՞ք գրական ակումբ+

Ստեղծագործու՞մ եք, եթե այո, ապա գրականության ո՞ր ժանրում+(արկածային, դրամա, ֆանտաստիկա)

Արվեստ՝

Սիրու՞մ եք մասնակցել թատերական ներկայացումների և տեսաֆիլմերի ստեղծմանը+

Սիրու՞մ եք քննարկել ֆիլմեր կամ թատերական ներկայացումներ+

Կայցելեի՞ք թատրոն, թանգարան կամ ցուցահանդես+

Սիրու՞մ եք ընթերցել նյութեր արվեստի մասին-

Կմասնակցեի՞ք արվեստի ոլորտի մրցույթների-

Օտար լեզուներ՝

Ուսումնասիրու՞մ եք օտար լեզուներ+

Կարդու՞մ եք օտար լեզուներով գրքեր+

Հաղորդակցվու՞մ եք օտար լեզվի ներկայացուցչի հետ+

Սիրու՞մ եք կատարել թարգմանություններ օտար լեզվից+

Կհաճախեի՞ք օտար լեզվի ընտրությամբ խումբ+

Տնտեսագիտություն՝

Կհաճախեի՞ք տնտեսագիտական ակումբ-

Կմասնակցեի՞ք տնտեսագիտական մրցույթների-

Հետաքրքրվու՞մ եք տարբեր երկրների տնտեսական ցուցանիշներով ու ֆինանսական վիճակով+

Կմասնակցեի՞ք կրթահամալիրի աուդիտին-

Կկատարեի՞ք ֆինանսական կամ տնտեսագիտական հետազոտություններ-

Բնապահպանություն՝

Սիրու՞մ եք խնամել բույսերին, կենդանիներին,+

Սիրու՞մ եք աշխատել այգում կամ բանջարանոցում-

Սիրու՞մ եք ընթերցել բնապահպանական բնույթի նյութեր-

Կմասնակցեի՞ք բնապահպանական ակցիաներին-

Կմասնակցեի՞ք բնապահպանական բնույթի ճամփորդության-

Ռազմագիտություն՝

Սիրու՞մ եք ծանոթանալ ռազմական տեխնիկային+

Սիրու՞մ եք մասնակցել ռազմականացված արշավների-

Կմասնակցեի՞ք ռազմական խաղերին-

Սիրու՞մ եք ուսումնասիրել ռազմագիտությունը+

Սիրու՞մ եք ընթերցել ռազմական գործիչների մասին նյութեր+

Քաղաքագիտություն՝

Հետաքրքրվու՞մ եք Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականությամբ+

Սիրու՞մ եք ընթերցել քաղաքական գործիչների մասին+

Սիրու՞մ եք ընթերցել քաղաքագիտական բնույթի գրքեր+

Կմասնակցեի՞ք քաղաքական գործիչների և քաղաքագետների հետ հանդիպում-քննարկումներին+

Կհաճախեի՞ք քաղաքագիտական ակումբ+

Արհեստ՝

Հետաքրքրվու՞մ եք խոհարարական արհեստով+

Հետաքրքրվու՞մ եք կահույքի ձևավորման արհեստով-

Հետաքրքրվու՞մ եք գինեգործությամբ-

Հետաքրքրվու՞մ եք ոսկերչությամբ+

Հետաքրքրվու՞մ եք բրուտագործությամբ-

Իրավունք՝

Սիրու՞մ եք ընթերցել իրավական փաստաթղթեր+

Սիրու՞մ եք ընթերցել իրավագետների մասին նյութեր-

Սիրու՞մ եք քննարկել իրավական խնդիրներ+

Երբևիցե պաշտպանե՞լ եք Ձեր կամ մեկ ուրիշի իրավունքը+

Կհաճախեի՞ք իրավագիտական ակումբ-

Թեստ 2

Հարցերին պատասխանելիս նշե՛ք Ձեր տարբերակը, սակայն հակիրճ։

Լրացուցիչ հարցեր՝

Ո՞ր բնագիտական առարկայից կցանկանայի՞ք իրականացնել փորձեր-քիմիա

Կմասնակցեի՞ք բնագիտական բաղկացուցիչ ունեցող ուսումնական ճամփորդություններին-այո

Ձևակերպեք Ձեր կարծիքով բաց թողած հարցը (կամ հարցերը) և պատասխանեք․

Ի՞նչ արհեստով կցանկանայիք զբաղվել-ոսկերչություն

Թեստ 3

Հարցի պատասխանը ընտրելուց ներկեք այն կարմիր գույնով կամ մգացրեք։

Ընտրովի հարցեր՝

1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Դժվար, խոչընդոտներով ու փորձություններով լի ճանապարհին չեն հանձնվել

Գ. Պարզապես «քայլում են», դանդաղ, բայց վստահ քայլերով։

Դ. Փորձություններին հանդիպելիս, փոխում են իրենց մոտիվացիան ու ապագայի ծրագիրը

2. Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ;

Դ. Փոխղեկավարի պաշտոնում։

3. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում սովորական հարաբերությունները վերածվում են՝ ընկերականի։

Գ. Երբ ես հանգիստ աշխատում եմ և ոչ մեկին չեմ խանգարում, նրանք էլ ինձ չեն խանգարում։

Դ. Որ հարաբերությունները լարված են կոլեգաների միջև

4. Ես սիրում եմ կոլեկտիվներ, որոնցում …

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Շատ ազատ է միջավայրը;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն;

Դ. Այլ պատասխան;

5. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

Դ. Կզբաղվեի արվեստով

6. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Երբ աշխատավարձը, թեկուզ և քիչ, ինձ բավարարում է;

Գ. Ես չեմ նայում աշխատավարձի չափին;

Դ. Երբ աշխատավարձը աստիճանաբար բարձրանում է ջանքերիս զուգահեռ, և իջնում է՝ դրանց հակառակ։

7. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ. Գործնական (պրակտիկ) արդյունքներ;

Դ. Ուրիշների հաջողությունը։

8. Ես սիրում եմ, երբ ղեկավարը…

Ա. Պահանջկոտ է;

Բ. Հեղինակություն ունի;

Գ. Իր գործի մասնագետն է;

Դ. Ընդհանրապես ոչինչ չի հասկանում։

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

«Առանց հանգստի աշխատանքը առաքինություն չէ, այլ պատիժ ձեր ժամանակի անհաջող պլանավորման համար։»

Ի՞նչ կապ ունի վերոնշյալ խոսքն այս ամփոփման հետ։ Ինձ համար այս ձմեռային ճամբարը նման է աշխատասեր մարդկանց հանգստի։ Հանգիստ, որի ժամանակ կրկին աշխատում ես, բայց քո հաճույքի համար, քո բավականությունն ապահովելու համար։ Աշխատում ես և հասկանում, որ երբեմն կարելի է դպրոցական ստանդարտ սահմաններից դուրս գալ, դուրս գալ ու նոր բաներ բացահայտել։ Այս օրերին դպրոց գնալով՝ դու մեկ պահ մոռանում ես, որ այնտեղ ես գտնվում, կարծես արձակուրդ է և ընկերներիդ հետ գնացել ես ճամփորդության։ Այդ ճամփորդության ընթացքում դու հասցնում ես ավելի շատ բան անել, քան եթե իրոք արձակուրդի մեջ լինեիր։ Այ սա է մեր ձմեռային ճամբարը։

Այս շաբաթ այնքան բան հասցրինք անել, որ ես մի պահ խճճվել էի իրադարձությունների մեջ և չէի հիշում՝ որ մեկը՝ երբ ենք արել։ Իրոք, բավականին խիտ աշխատակարգ ունեինք այս շաբաթ և ջոկատը բոլոր այցելություններից էլ շատ տպավորված ու ոգևորված էր․ այնքան, որ այս շաբաթ արդեն սկսվեց երևալ խմբի իսկական աշխատասիրությունն ու ակտիվությունը բոլոր ծրագրերում։

Շաբաթը սկսեցինք շատ տպավորիչ ու դրական այցելությունով։ Երկու ջոկատով գնացինք սահադաշտ՝ այդքան սպասված վայր։ Այդ անմոռանալի այցելության մասին արդեն իսկ գրել եմ բլոգումս, և այն կարող եք ընթերցել այստեղ։

Հաջորդիվ կրկին նախագծային հետաքրքիր դասընթացներ ունեցանք մադամ Կարինեի հետ, և այս անգամ արդեն ելույթ ունեցա ես և ներկայացրի մի շատ հետաքրքիր պրեզենտացիա՝ ֆրանս-չինական ուշագրավ սովորույթների մասին։ Դրա շրջանակում շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց, խոսեցինք չինական ու ֆրանսիական խոհանոցից, իրենց կենցաղային տարբերություններից, մշակույթի մասին հետաքրքիր մեջբերումներ լսեցինք և այդ ամբողջ դասընթացն այնքան հետաքրքիր անցավ, որ մեկ վայրկյան անգամ քննարկումը չդադարեց։ Քննարկման և համագործակցային նախագծի մասին ևս գրել եմ լուսաբանում, որը կարող եք կարդալ այստեղ։

Այդ օրը ես ևս մեկ հետաքրքիր նախագիծ ունեի։ Քանի որ հենց այդ օրը մեր կրթահամալիրում մեկնարկում էր հետազոտական աշխատանքների պաշտպանությունը, ես՝ որպես լուսաբանող, ներկա գտնվեցի առաջին երկու պաշտպանություններին։ Պետք է ասեմ, որ մեծ սպասելիքներ ունեի առաջին աշխատանքներից, քանզի մեծ խիզախություն է պահանջում առաջինը լինելը, և սպասելքիներս լիիրավորեն արդարացան։ Ինչպես նաև, ես իմ մասնակցությունը ունեցա աշխատանքներից մեկում՝ ներկայացման մեջ և շատ ուրախ էի, որ այդ աշխատանքն իր մեջ ներառում էր նաև արևմտահայերեն հատված։ Կրթահամալիրում հետազոտական աշխատանքների մեկնարկի մասին գրածս մանրամասն լուսաբանումը կարող եք կարդալ այստեղ։

Անցնող շաբաթ դպրոցում անցկացվեց նաև “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” ինտելեկտուալ խաղը, որին նույնպես մասնակցություն ունեցա իմ թիմի հետ: Թիմը ներկայացնում էր ընկեր Գոհարի ջոկատը և իր առաջին մասնակցությունն էր ցուցաբերում այս խաղում։ Ասեմ, որ այսպիսի բաներ ևս պետք են խմբի համար՝ ավելի միասնական գործելու համար, ինչպես նաև տրամաբանությունը զարգացնելու և ոչ ստանդարտ մտածողությունը խթանելու։ Ինչպես միշտ, շատ հետաքրքիր անցավ և շատ նոր ու անհավանական իրադարձությունների մասին իմացանք։ Խումբն այնքան էր հավանել խաղը, որ համաձայնեց ևս մեկ անգամ նման առիթ բաց չթողնել և անպայման մասնակցել։

Հաջորդիվ մեզ մոտ կինոդիտում էր՝ երեք ջոկատի հետ միասին։ Ֆիլմը կարճամետրաժ էր և բարձրաձայնում էր հիմնականում բուլինգի հիմնախնդիրը միջավայրում, և թե ինչի կարող են հանգեցնել ճնշող միջավայրի չմտածված քայլերը։ Իրականում թեման շատ ակտուալ է և ժամերով կարելի է խոսել դրա տարբեր դրսևորումների, հետևանքների և պատճառների շուրջ։ Դա նույնպես շատ լայն հասկացություն է, և բնական է, որ ֆիլմից հետո մենք ջոկատներով շատ երկար ու բուռն քննարկում ունեցանք ֆիլմի և տվյալ երևույթի շուրջ։

Հինգշաբթի օրը մեր խմբի Դիջիթեքյան ստարտափի ներկայացման օրն էր․ օր, որին երկար էինք սպասել։ Մեր նպատակն է ստեղծել մի կայք, որը կօգնի Երևանի բնակիչներին և կզարգացնի իրենց մեջ պատասխանատվության զգացումը։ Ավելի կոնկրետ՝ կայքը հնարավորություն կտա մոտավոր ժամանակում իմանալ տվյալ տրանսպորտի գտնվելու վայրը։ Իհարկե նախագիծն իրենից պահանջում է ծանր աշխատանք և ստուգում՝ տարբեր տեսանկյուններից։ Ես ինքս հանդիսանում եմ խմբի պրեզենտացիոն մասի ներկայացուցիչ, այլ կերպ ասաած՝ SMM մարքեթինգի պատասխանատու։ Դա նշանակում է, որ ստարտափի հանրային ներկայացումն ու պրեզենտացիայի պատրաստումը պետք է արվեր իմ կողմից։ Կարծում եմ՝ լավագույնս ստանձնել եմ այդ դերը և բացթողումներ գրեթե չեմ թույլ տվել։ Արդյունքում ունեցանք քննարկում՝ տվյալ հիմնախնդրի մասին, հարց-պատասխան, կարծիքներ, մեկնաբանություններ, որոնք մեզ ավելի հստակ կուղղորդեն դեպի խնդրի ճիշտ լուծումը և հնարավորինս կխուսափենք բացթողումներից ու սխալներից։ Իսկ հետաքրքրվողների համար ասեմ, որ մեր նախագծի ավելի մանրամասն նկարագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Եվ իհարկե՝ շաբաթվա ամենավերջին, բայց ինձ համար ամենասպասված ու ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը։ Որպես շաբաթվա եզրափակում՝ հանդիպում ունեցանք արևմտահայերենի մասնագետ, արաբագետ և թարգմանիչ Մարալ Զաքարեանի հետ։ Ընտրված թեման՝ արևմտահայերենի ու արևելահայերենի տարբերակիչ առանձնահատկությունները, ինձ շատ հոգեհարազատ էր։ Ես միշտ եմ անդրադարձել լեզվի երկու ճյուղերի պահպանման և դրանց յուրահատկությունների, խնդիրների և ներկա մարտահրավերների հարցերին։ Եվ այս հանդիպմանն այդ բոլոր թեմաների, խնդիրների մասին ինձ հուզող պատասխանները ստացա։ Իհարկե շատ մեծ ուրախությունով եմ ասում, որ լսարանը նույնպես շատ էր սպասում այս հանդիպմանը և շատ ուրախ էր դպրոցում հյուրընկալել նման մասնագետի։ Չէի սպասում, որ նման բուռն քննարկում ու հարցերի տարափ կլինի հանդիպման ընթացքում, բայց փաստորեն՝ թեման բոլորին հուզող հարցեր էր ներառում, իսկ Մարալ Զաքարյանը սիրով պատասխանում և պարզաբանումներ էր տալիս յուրաքանչյուր հարցի ու խնդրի մասին։ Շնորհակալ ենք Մարալ Զաքարեանին՝ հրավերն ընդունելու և մի խումբ հետաքրքրասեր մարդկանց հետ այսպիսի ուշագրավ զրույց վարելու համար։ Հուսով եմ նմանատիպ հանդիպումները հաճախ կլինեն և նման ձևով երեխաներն ակամայից կհետաքրքրվեն մշակութային մի շարք հիմնախնդիրներով։

Ես ինքս շատ եմ զարմացել, որ մեկ շաբաթվա մեջ այսքան բան հասցրինք անել։ Այ սա է իսկական ժամանակի ճիշտ պլանավորումը։ Ինչքան լավ է, որ այսքան փոքր ժամանակում հասցնում ես տարբեր այցելություններ ունենալ, տարբեր հանդիպումների գնալ, խաղերի մասնակցել։ Եվ երբ հետադարձ հայացք ես գցում՝ հասկանում ես, որ ազատ օր չես ունեցել, ամեն օրդ երկուսից երեք նախագծով է զբաղված եղել։

Եվ վերջում՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ջոկատավարին՝ ընկեր Գոհարին, առանց որի այսպիսի խիտ գրաֆիկով շաբաթ դժվար թե ունենայինք։ Մեծ հույս ունեմ, որ եկող շաբաթ այս ակտիվ թափը կպահենք և ամենալավ հիշողություններով ու տպավորություններով կեզրափակենք մեր այդքան սիրված ձմեռային ճամբարը։

Տեսանյութերի ցանկ

Հանդիպում արևմտահայերենի մասնագետ Մարալ Զաքարեանի հետ մաս 1, մաս 2, մաս 3, մաս 4, մաս 5, մաս 6, մաս 7։

Անմոռանալի և տպավորիչ այցելություն դեպի սահադաշտ

Կյանքը կա՛մ մի մեծ արկած է, կա՛մ ոչինչ։

Հելեն Քելլեր

Մի պահ պատկերացրեք՝ ինչեր են կատարվում աշխարհում, մինչդեռ Դուք տանը նստած եք՝ հոգնած, անկարող որևէ բան անելու։ Ի՞նչ հաճույքներ եք Դուք բաց թողնում, ինչե՞ր կարող էիք անել, որ չեք արել։ Եկեք ուշադրություն դարձնենք Մարկ Տվենի այս խոսքերին․ “Քսան տարի հետո Դուք ավելի հիասթափվելու եք այն բաներից, որոնք չեք արել, քան նրանցից, որոնք արել եք։” Մի՞թե պատրաստվում եք արհամարհել կյանքի քաղցր պտուղները, այն արկածները, որ կյանքն առաջարկում է Ձեզ և անիմաստ անցկացնել Ձեր երիտասարդությունը։ Կարծում եմ՝ ոչ։ Ժամանակն է նոր բաներ փորձելու, նոր ռիսկերի դիմելու, նոր մարտահրավերներ ընդունելու և նոր բարձունքներ նվաճելու։ Ժամանկն է նոր արկածների։

Այս անգամ երկու ջոկատով՝ ընկեր Գոհարի և ընկեր Անուշի գլխավորությամբ ուղևորվեցինք դեպի Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիր՝ սահադաշտ։ Ասեմ, որ երեխաների մեջ էլ կարող էիր տեսնել այն ոգևորությունը, թեև շատ-շատերս գեղասահքի հմտություններ չունեինք, բայց չէ՞ որ երբեք ուշ չէ նոր բան սովորելու։ Ես ինքս երբևէ չմուշկներով սահած չկայի, բայց ինքս շատ էի սպասում այս այցելությանը։

Ուզում եմ նաև խոսել մի երևույթից, որն ինձ շատ ուրախացրեց ողջ չմշկասահքի ընթացքում։ Այն երեխաները, ովքեր արդեն լավ սահել գիտեին, օգնում էին իրենց ընկերներին և սովորեցնում ճիշտ սահել։ Իսկ հետո նոր սովորածները մյուսներին։ Այդպես՝ ջոկատավարներից մինչև խմբի երեխաներ, բոլորս օգնում էին իրար և պետք է ասեմ՝ սահքի ավարտին մեծամասնությունս լավ տիրապետում էինք չմշկասահքին։

Այսպիսի այցելությունները միշտ ավելի են միավորում, սերտացնում հարաբերությունները խմբերի և դրանց անդամների միջև, ինչպես նաև զարգացնում ջոկատավար-սովորող ընկերական հարաբերությունները։ Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել ջոկատավարներ ընկեր Գոհարին և ընկեր Անուշին․ մարդիկ, ովքեր այդքան երեխայի պատասխանատվություն էին իրենց վրա վերցրել և իհարկե, այս այցելության շնորհիվ բոլորիս ուրախ պահեր պարգևեցին։

Եվ ես կիսում եմ բազում երեխաների ցանկությունը՝ ևս մեկ անգամ այցելել սահադաշտ և կրկին ունենալ անմոռանալի պահեր։ Եվ հուսամ, որ այսպիսի այցելությունները շարունակական կլինեն, ջոկատներն էլ միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնելու միմյանց՝ փորձելով նոր արկածներ։

Դիջիթեք 2023 Ստարտափ

Խմբի անունը՝ Innovat.io

Խմբի անդամները՝ Մկրտիչ Պապիկյան, Գրիշա Ենոքյան, Արի Ագոփ, Արամ Գրիգորյան

Նախագծի նպատակը՝ Ստեղծել կայք, բջջային հավելված, որը Երևանի բնակիչներին հնարավորություն է տալու՝ որոշել ընտրված տրանսպորտի գտնվելու վայրը, տվյալ կանգառին մոտենալու մոտավոր ժամանակահատվածը, դրանով իսկ զարգացնել մարդկանց մեջ պատասխանատվության զգացումը։

Աշխատանքային ընթացքը՝ Քայլ 1։ Դիմել քաղաքապետարանի տրանսպորտային վարչություն, ներկայացնել խնդիրը և առաջարկել լուծում, լուծման հավանության դեպքում ստանալ թույլտվություն՝ աշխատելու որևէ երթուղային գծի հետ։

Քայլ 2։ Ստեղծել բջջային հավելված, դիջիթեքյան խմբի հետ ստուգել հավելվածի աշխատունակությունը։

Հավելվածի կառուցվածքը՝ ներկայացված պրեզենտացիայով։

Հավելվածի աշխատանքը՝ օգտատերերը ներբեռնում են հավելվածը։ Երթուղային տաքսի նստելու ժամանակ հավելվածում օգտատերը նշում է քարտեզի վրա տվյալ երթուղայինի գտնվելու վայրը և ժամանակը։ Մյուս օգտատերերը կարող են տեսնել, թե որտեղ է գտնվում երթուղայինը։

Պրեզենտացիան՝

Հետազոտական աշխատանքների բացումը կրթահամալիրում

Կրթության մեծ նպատակը ոչ միայն գիտելիքն է, այլ ամենից առաջ գործողությունը:

Ն.Ի. Մայրոն

Ինչքան ճիշտ են ասված այս խոսքերը։ Իրոք, ի՞նչ արժեք կունենա մարդու գիտելիքը, եթե այն չի կիրառվելու։ Ինչքան նոր դռներ կարող է բացել այն մարդը, ով ունի գիտելիքային պաշար և գիտի՝ ինչպես օգտագործի այն։

Մեր ժամանակներում կրթության գլխավոր նպատակը աշակերտներին սովորել քաջալերելն է։ Բայց արդյոք ինչպե՞ս կարելի է գրավել աշակերտին, եթե կան բազում շեղող հանգամանքներ։ Իհարկե, լուծումներից մեկը երեխային գիտելիքի կիրառման հետաքրքիր մեթոդներին ծանոթացնելն է։ Դրանցից մեկը մեզ այս տարի հայտնի դարձած հետազոտական աշխատանքն է։ Եթե անդրադառնանք դրա սահմանմանը, ապա հետազոտական աշխատանքը գիտական որևէ թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և/կամ գործնական լուծման ակնկալիքով: Սակայն սահմանումն ինքնին չի կարող արտահայտել այն ամենը, ինչ հետազոտությունը տալիս է մարդուն։ Խոսելով դրա ազդեցությունից՝ նախ և առաջ զարգանում է մարդու վերլուծական միտքը, ընդլայնվում պատկերացումները և ինչն ամենակարևորն է՝ աստիճանաբար հանգուցալուծվում են մարդու բեմական խոսքի կոմպլեքսները և հանրային ելույթից առաջացող լարվածությունը։

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ հետազոտական աշխատանքների պաշտպանության բացումը և մեծ լսարանի առջև ելույթ ունեցան առաջին երկու սովորողները։ Առաջինը լինելը միշտ իրենից պահանջում է մեծ պատասխանատվություն և ակնկալում խիզախություն։ Ոչ բոլորը կարող են ստանձնել այդ պարտականությունը և այդպիսի ծավալուն աշխատանքը ներկայացնել կրթահամալիրում առաջինը։ Եվ երկու սովորողներ այսօր ընդունեցին մարտահրավերը ու հետաքրքրված լսարանին ներկայացվեց երկու տարբեր ժանրերի, բայցևայնպես մեկական ուշագրավ, հետաքրքրաշարժ, յուրօրինակ և ինչու՞ չէ, նաև գլուխգործոց աշխատանքներ։ Բուն լսարանից բացի, սրահում ունեինք դերասան հյուրեր, ռեժիսորներ, թատրոնից հյուրեր և շրջանավարտներ, ովքեր վերջում շատ տպավորված և մեծ հույզերով լքեցին դահլիճը։

Առաջին հետազոտական աշխատանքը պաշտպանելու էր 11-րդ դասարանցի Արթուր Պետրոսյանը, ով տարիներ շարունակ հետաքրքրված է դերասանական արվեստով, հաճախել է տարբեր թատրոններ և մասնակցել դրանց գործունեությանը, մոտ մեկ տարի է ղեկավարում է կրթահամալիրում ինքնավար գործող թատերական ակումբը։ Այս ամենից հետո, բնական է, որ աշխատանքը պետք է նվիրված լիներ թատրոնին, դրա դերին, ազդեցությանը, ժամանակակից թատերական աշխարհին և այլընտրանքային թատրոններին։ Իսկ աշխատանքը ղեկավարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոֆյա Այվազյանը։ Պետք է նշեմ, որ Արթուրը լավագույնս անդրադարձավ կետերին և աշխատանքի կարևոր բաղադրիչներին, ներկայացրեց թատրոնը՝ որպես հին ժամանակներից մեզ հասած արվեստ։ Արվեստ, որ մեր օրերում էլ շարունակում է զարգանալ, անցնել նոր մակարդակի և արվեստասերներին զարմացնել իր նորամուծություններով։ Բավականին հետաքրքիր թեմա էր ընտրել, քանզի ես ինքս սեր ունեմ թատրոնի հետ, առավելապես սցենարիստի աշխատանքի և շատ հաճելի էր նման վերլուծությունը լսել արդեն հետազոտության ձևով՝ տարիներ դրանով հետաքրքրված մարդու կողմից։ Հիմնական մասը լավագույնս ներկայացնելուց հետո, Արթուրը մենախոսական համար ներկայացրեց, որի հիմքը Դերենիկ Դեմիրճյանի “Հայը” ստեղծագործությունն էր։ Ինչպիսի բուռն և ազդեցիկ արտահայտություններով է բնութագրում Դեմիրճյանը հայ մարդուն։ Ինչպիսի ճշգրիտ և դիպուկ բնութագիր է նա տալիս հայի մասին, որը մինչ օրս կարող ենք տեսնել մեր կենցաղում, առօրյայում և շփման մեջ։ Եվ ինչպիսի տաղանդով ու եռանդով էր ներկայացնում այդ հատվածը Արթուրը։

Ուրախ եմ նշել, որ ես նույնպես մասնակցություն եմ ունեցել նրա հետազոտական աշխատանքին։ Վերջում, Արթուրը նախատեսել էր լսարանին ներկայացնել Հակոբ Պարոնյանի “Ազգային ջոջերը” ստեղծագործությունից մի հատված, որը պետք է արվեր արևմտահայերենով։ Որպես արևմտահայ՝ ես այդ փոքրիկ դրվագում ստանձնեցի Փունջի դերը և մնացածի հետ միասին, ելույթ ունեցա արևմտահայերենով։ Ինչքան հաճելի է տեսնել, որ արևելահայ երեխաները ունակ են փորձելու և խոսելու արևմտահայերենով։ Ուրախ եմ, որ հայերենի երկրորդ ճյուղը անմասն չի մնացել ներկայացումից։

Աշխատանքի ավարտից հետո լսեցինք մի շարք կարծիքներ՝ հյուրերի, դասավանդողների և Տիար Բլեյանի կողմից։ Եվ արդեն հնչեցված մեկնաբանություններից ու կարծիքներից կարելի էր հասկանալ, որ Արթուրն իր գործը լավագույնս կատարել էր։

Հաջորդիվ ելույթ ունեցավ 12-րդ դասարանցի Գոհար Մարգարյանը, ով ընտրել էր ոչ պակաս հետաքրքիր թեմա և լսարանին ներկայացրեց Ալբեր Քամյուի “Անկում” և “Օտարը” վեպերի մանրամասն վերլուծությունները։ Հետազոտության թեման առաջարկել էր հենց ինքը՝ Գոհարը, իսկ աշխատանքը ղեկավարում էր հայոց լեզվի և գրականության դասավանդող Անուշ Ներսիսյանը։ Առաջին հետազոտությունից հետո երկրորդը պետք է նույն էմոցիաները հաղորդեր լսարանին, որպեսզի չկոտրեր թափը։ Եվ պետք է ասեմ, որ Գոհարի մոտ դա լավագույնս ստացվեց և նրա ներկայացրած նյութը ոչ պակաս ուշագրավ էր և ականջահաճո։ Այդպիսի մանրակրկտորեն անդրադառնալ էքզիստենցիալ գրականության առանձնահատկություններին և այդպես վարպետորեն ներկայացնել Քամյուի գրականությունը։ Շատ գնահատելի է այն, որ ավարտական քննությունների այս շրջանում, Գոհարը կարողացել է նմանատիպ ծավալուն հետազոտության վրա աշխատել և լսարանի դատին հանձնել Քամյուի էքզիստենցիոնալ բնույթի այդ երկու հրաշալի ստեղծագործությունները։ Նա վերցրել է գրականությունն ու փիլիսոփայությունը և այդ երկուսի միավորումը ներկայացրել հոգեբանական վերլուծության տեսանկյունից՝ որպես էքզիստենցիալիզմի հիմք, դրան կապելով մարդու վարքագծի ուսումնասիրության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Իհարկե շատ հետաքրքիր էր լսել վերլուծությունն այս տեսանկյունից, երբ միավորվում է գրականությունն ու փիլիսոփայությունը և մի տեղում հատվելով՝ դառնում նույն ինքը՝ էքզիստենցիալիզմը։

Ելույթից հետո մի շարք տարակարծիք մեկնաբանություններ և քննադատություններ հնչեցին՝ անդրադառնալով առավելապես խնդրի փիլիսոփայական կողմին և քննարկելով դրա դերը տվյալ հետազոտության մեջ։ Հնչեցին նաև պարզաբանումներ, ամփոփումներ հետազոտության ղեկավարի, գրախոսի կողմից, որոնք նույնպես հետաքրքիր էին լսարանի համար։

Այսպիսով՝ հետազոտական աշխատանքների պաշտպանության մեկնարկը տրված է։ Առաջին երկու աշխատաքների մասին արդեն անիմաստ է խոսել, քանզի արդեն գիտենք, թե դրանք ինչպիսի տպավորություն գործեցին լսարանի վրա։ Մեզ մնում է հաջորդիվ պահպանել նույն թափը, ամեն ջանք թափել ապագայում նույնչափ հետաքրքիր և ուշագրավ թեմաների շուրջ հետազոտություն ծավալելու և լավագույնս դրանք ներկայացնելու։ Ես վստահ եմ, որ մի քանի տարուց այս ամենն ուղղակի ուսումնական ընթացքի անբաժանելի մաս կդառնա, վստահ եմ, որ երեխաներն այնքան կմասնագիտանան հետազոտման գործում, որ ինքնըստինքյան գիտությունից կորսան ավելին, կբացահայտեն նոր դեպքեր, ի ցույց կհանեն նոր եղելություններ և միգուցեև այդպիսով ստեղծեն գիտական նոր վարկածներ։ Ինչպես ասում են՝ անհնարին ոչինչ չկա, պետք է միայն քո առջև դնես նպատակ և բնավ չվախենաս այն իրականացնելու ռիսկերից։

Տեսանյութերի ցանկ

Հետազոտական աշխատանքների բացումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Հետազոտական աշխատանք-Արթուր Պետրոսյան

Հետազոտական աշխատանք-Արթուր Պետրոսյան, կարծիքներ մաս 1

Հետազոտական աշխատանք-Արթուր Պետրոսյան, կարծիքներ մաս 2

Հետազոտական աշխատանք-Արթուր Պետրոսյան, կարծիքներ մաս 3

Արթուր Պետրոսյան-Հայը մաս 1

Արթուր Պետրոսյան-Հայը մաս 2

Սարի աղջիկ կատարումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Հետազոտական աշխատանք-Գոհար Մարգարյան մաս 1

Հետազոտական աշխատանք-Գոհար Մարգարյան մաս 2

Հետազոտական աշխատանք-Գոհար Մարգարյան, մեկնաբանություններ մաս 1

Հետազոտական աշխատանք-Գոհար Մարգարյան, մեկնաբանություններ մաս 2

Հետազոտական աշխատանքների ամփոփում, Մխիթար Սեբաատացի կրթահամալիր

Հարցազրույց կրթահամալիրի տնօրենի հետ՝ հետազոտական աշխատանքների վերաբերյալ։

«Արդյոք գիտե՞ս, որ…» Ֆրանս-չինական հետաքրքիր ավանդույթներ

Ֆրանսիական և չինական հետաքրքիր սովորույթների և ավանդույթների մասին պատրաստածս պրեզենտացիային կարող եք ծանոթանալ այստեղ։

Չինաստանը հսկայական երկիր է և՛ տարածքային, և՛ մշակութային առումով: Նրա սահմաններում ապրում են ավելի, քան հիսուն էթնիկ խմբեր, յուրաքանչյուրն ունի իր սեփական լեզուն և սովորույթները: Դրանցից ոմանք զարմանալի են ճանապարհորդների համար: Ահա մի քանի հետաքրքիր չինական սովորույթներ:շ

1․Սնահավատություն

Չինաստանում մարդիկ շատ սնահավատ են: Կառավարությունը տարիներ շարունակ քարոզչություն է իրականացրել, որպեսզի չինացիները չթքեն գետնին, հնագույն սովորություն, որը նրանք կիրառում են ցանկացած վայրում, քանի որ հավատում են, որ այսպիսով նրանք դուրս են մղում չար ոգիներին ներսից:

2․Չինական սնունդ

Գնահատվելով իր ուտեստների բազմազանության և համեղ համի համար ՝ չինական սնունդը, անկասկած, ամենալավ խոհանոցներից է: Ընդունված է ուտել ձողիկներով, որոնք սովորաբար համալրվում են կարճ բռնած գդալով ՝ ապուր վերցնելու համար:

Ձողիկները երբեք չպետք է ուղղահայաց խրվեն բրնձի ամանի մեջ: Դա վատ վարքի ժեստ է, քանի որ հիշեցնում է հանգուցյալին մատուցելու ծես: Խորհուրդ չի տրվում թողնել դրանք ափսեի մեջ, երբ ավարտեք ուտելը: Ճաշը ավարտելուց հետո լավագույնը կլինի այն, որ փայտիկները դնեք սեղանի սփռոցի կողքին:

Բացի այդ, ի տարբերություն Արևմուտքի, Չինաստանում քաղաքավարի է ապուրը աղմուկով ուտել: Եվ նրանք ձողերը բերանը չեն բերում, այլ հակառակը՝ նրանք գլուխը բերում են ափսեի մեջ:

3․Նվերներ

Չինաստանում ընդունված է նվերները ընդունելուց առաջ երեք անգամ մերժել, ուստի պետք է պնդել: Բացի այդ, դրանք երբեք չեն բացում այն ​​տվող անձի ներկայությամբ, եթե դա շնորհավորական կամ շնորհակալական քարտ չէ, որի դեպքում այն ​​պետք է ակնթարթորեն կարդալ:

4․Թեյի ավանդույթ

Դեռ անհիշելի ժամանակներից թեյը Չինաստանի ավանդական խմիչքն էր: Չինական թեյի ծագումը նրա`որպես բուժական արտադրանքի օգտագործման մեջ է: Սկսած Մինի դինաստիայից, թեյի բազմաթիվ խանութներ սկսեցին հայտնվել ամբողջ երկրում, և ըմպելիքը հայտնի դարձավ բոլոր սոցիալական խավերի շրջանում: Այսպիսով, թեյը չինական շրջանում բուժիչ ըմպելիքից վերածվեց ամենօրյա ըմպելիքի:

Նրանք ցանկացած պահի այն տանում են ցանկացած վայր, և ամենից շատ սպառվում է կանաչ թեյը` իր թարմ համի համար: Կարմիր թեյը, Oolong թեյը, Pu Erh- ը և ծաղկային և մրգային թեյերը ունեն ժողովրդականություն:

Բիզնեսի կամ ընտանեկան հավաքույթի ժամանակ բաժակները միշտ լիցքավորվում են: Տանտերերը համոզվում են, որ դրանք դատարկ չեն, և երբ դրանք լիցքավորվում են, ընդունված է դիպչել սեղանին՝ երախտագիտությունը հայտնելու համար:

5․Չինական հարսանեկան ավանդույթները

Հին Չինաստանում հարսանիքները կազմակերպում էին ընտանիքի մեծերը: Ներկայումս դա այլևս չի արվում, բայց ընտանիքները շարունակում են կարևոր դեր ունենալ այն հարցում, թե ում հետ են ամուսնանալու իրենց երեխաները:

Չինական ավանդույթը նշում է, որ փեսայի ընտանիքը պետք է նվերներ պատրաստի հարսնացու ընտանիքին ՝ ներառյալ սնունդ և քաղցրավենիք, նախքան նրանք ամուսնանան: Ամուսնությունից հետո կինը գնում է ամուսնու տանը ապրելու և դառնում նրա ընտանիքի մի մասը: Այդուհետև նրա հիմնական պատասխանատվությունը ոչ թե իր ընտանիքի, այլ ամուսնու ընտանիքի առջև է:

Ճանապարհորդության ժամանակ ամենահետաքրքիր պահերից մեկը այլ ազգերի կենցաղին ու մշակույթին ծանոթանալն է։ Հնարավոր է որոշ բաներ նույն կերպ չանենք, ինչպես տեղաբնակները, բայց կան մի քանի կարևոր կետեր, որոնք պետք է իմանալ՝ Ֆրանսիա այցելելուց առաջ։

1․Խանութ կամ ռեստորան մտնելիս անպայման բարևեք խանութպանին

Կապ չունի՝ մտնում եք խանութ արագ աչք գցելու համար, թե երկար գնումներ կատարելու, կարևոր պայման է մտնելիս ողջունելը։ Եթե հանկարծ չհարգեք այս կենցաղային կանոնը, ապա վաճառողը Ձեզ հետ կվարվի նույն կերպ արհամարհական։

2․Ժպտացեք միայն այն ժամանակ, երբ դրա կարիքը իսկապես կա

Տարբեր երկրներում սովորական երևույթ է փողոցում քայլելիս անցորդներին ժպտալը։ Բայց ահա Ֆրանսիայում, դա կարող է դիտվել որպես մարդուն գրավելու փորձ կամ անլուրջ վարք։

Այսպիսով, եթե Դուք գտնվում եք ռեստորանում կամ խանութում, թեթև ժպիտը բնական է, սակայն փողոցում անծանոթ անցորդներին ժպտալը չի հասկացվի նույն իմաստով, ինչ Դուք ցանկացել եք հաղորդել։

3․Փողոցում քայլելիս ցանկալի չէ ուտելը

Բոլորս էլ գիտենք, որ ֆրանսիական խոհանոցը հարուստ է համեղ քաղցրավենիքներով և ուտեստներով, սակայն ոչ մի դեպքում չթողնեք անհամբերությունը Ձեզ ստիպի՝ ուտել փողոցում։ Շատ վատ մեկնաբանությունների կարժանանա Ձեր արարքը։

Միակ անգամը, որ Դուք կարող եք զերծ մնալ այդպիսի մեկնաբանություններից, եթե Ձեր ձեռքում ֆրանսիական բագետ հացն է։ Անգամ ֆրանսիացիներն իրենց չեն կարողանում զսպել՝ չկծել բագետից մի կտոր։

4․Ընդունված է ուտեստի մնացորդները թողնել ափսեում

Սա նույնպես հին ավանդույթ է։ Ռեստորանում խոհարարները Ձեր ուտեստը պատրաստում և մատուցում են թարմ և համեղ վիճակում, և դրանք փաթեթավորելն ու հետո սառած վիճակում ուտելը տհաճ է։

Սակայն 2016 թ․ Ֆրանսիայում նոր օրենք է ընդունվել, ըստ որի ռեստորաններն իրենք պետք է տրամադրեն տոպրակներ՝ փաթեթավորման համար, որպեսզի ուտելիքի կորուստ չլինի։

5․Ողջույնի հետաքրքիր ձև

Ֆրանսիայում ընդունված է ողջունելիս մարդուն համբուրել երեք անգամ՝ առանց շուրթերը այտին դիպչելու։ Իսկ շատ անգամներ նաև համբուրելիս ձեռքերը կարելի է դնել դիմացինի ուսերին։

Մեկնաբանություն՝ նախագծի մասին

Նախագծի միտքն ինքնին շատ հետաքրքիր էր, քանի որ հնարավորություն է տալիս մեզ փորփրել և իմանալ մի շարք չբարցրաձայնվող փաստեր հայտնի երևույթների, անձանց և եղելությունների մասին և կիսվել խմբի անդամների հետ՝ ձեռք բերած հետաքրքիր տեղեկություններով։ Ինչու ոչ, նաև զարգացնում է մեր հանրային խոսքը և ելույթ վարելու ունակությունները։ Շատ տպավորված եմ մադամ Կարինեի իրականացրած նախագծից և շատ ուրախ եմ, որ հենց մեր ջոկատին է առիթ ընձեռվել աշխատել նման նախագծի շրջանակներում։ Հուսով եմ ապագայում ևս կլինեն այսպիսի հնարավորություններ, երբ կրկին մի խմբով կհավաքվենք և առողջ քննարկումներ կվարենք այս կամ այն փաստի վերաբերյալ։

Նկարների ցանկ

Տեսանյութ

Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար․ օր 4-րդ

Օրը լի էր բազմապիսի քննարկումներով, դասընթացներով և արվեստին նվիրված հետաքրքիր ծրագրերով։ Այսօրվա գրաֆիկը բավականին խիտ էր և թույլ տվեց բոլորիս բավականաչափ հաճույք ստանալ, ինչպես նաև փորձել մեր կարողություններն ու տաղանդը, գործի դնել վերլուծական միտքը և արդյունքում՝ ավելի մտերմանալ, ճանաչել միմյանց։

Այսօրվա մեր առաջին նախագիծը դպրոցի գեղարվեստի բաժնում կավագործության դասընթացն էր, և իհարկե, այն պետք է ընդհանուր բան ունենար չինական մշակույթի հետ։ Քանի որ առաջիկայում մեզ սպասում է չինական թեյախմություն ճամբարի շրջանակներում, շատ լավ կլիներ, որ դրա կազմակերպման մեջ բոլորս էլ մեր դերն ունենանյինք։ Որոշեցինք ինքներս պատրաստել թեյախմության համար նախատեսված՝ չինական ոճի թեյնիկն ու գեղեցիկ բաժակները։ Բոլորն էլ շատ ոգևորված էին այդ գաղափարով և առանց վարանելու անցան գործի։ Դասավանդողը միշտ մեր կողքին էր՝ պատրաստ օգնելու, ուղղորդելու սկսնակներին։ Ինքս տարիներ առաջ գնացել եմ կավագործության դասընթացների և սա ինձ մոտ նաև հին հիշողություններ արթնացրեց։ Ես նույնպես շատ ոգևորված էի, քանզի հետաքրքրված եմ թե՛ արվեստով, թե՛ չինական մշակույթով և այդ երկուսի համադրությունն էլ մարդկությանը մի շարք գեղեցիկ արժեքներ է պարգևել։ Շուտով արդեն թեյախմության գեղեցիկ բաղադրիչները պատրաստ էին։ Ինձ մոտ բավական հաջող ստացվեց կավից պատրաստված չինական թեյախմության բաժակը, ինչի առիթով շատ ուրախ էի։ Գործի առաջին մասը հաջողությամբ կատարված էր։ Մնում է նույն եռանդով շարունակել և դրանք հասցնել իրենց վերջնական տեսքին։ Շատ մեծ բավականություն և հաճույք ստացանք օրվա սկզբին՝ արվեստի այս դասընթացից։

Հաջորդիվ արդեն ոչ պակաս կարևոր դասընթաց էր մեզ սպասում՝ ռազմամարզական պարապունքը։ Դպրոցի զինղեկի հետ երկու դասաժամ պարապունք անցկացրինք, որի ընթացքում կրկնեցինք զինվորի համար առաջին ամենակարևոր բանը՝ շարային պատրաստությունը, ինչը բանակի լեզվով ասած՝ զինվորի “այբուբենն” է։ Կրկնեցինք շարային քայլը, հրամանատարի հրամաններին ճիշտ արձագանքելու ձևը, շարքից դուրս գալու ձևը և այլ կարևոր բաներ։ Երկրորդ կարևոր բանը, որ այսօր սովորեցինք՝ մարտական հրաձգությունն էր և դրա ճիշտ վարումը։ Պարապունքի այս մասում սովորեցինք մարտական հրաձգությանը պատրաստվելու հաջորդական քայլերը, ուսումնասիրեցինք մանրագույն դետալները և յուրաքանչյուրս փորձեց տվյալ գործընթացը գործնական միջավայրում։ Ինչ խոսք, սրանք էլ շատ կարևոր և հատկապես տղաների համար անհրաժեշտ դասընթացներ են՝ մի փոքր պատկերացում կազմելու բանակի կյանքի մասին։

Հաջորդիվ մեզ մոտ ֆրանսերենի դասավանդող մադամ Կարինեի հետ համագործակցային նախագիծ էր՝ «Արդյո՞ք գիտես, որ…» խորագրով։ Այսօրվա դասընթացին զրույց ունեցանք, ինչը ներառում էր հիմնականում Ֆրանսիայի և Չինաստանի, ինչպես նաև աշխարհի մի շարք տարբեր երկրների առանձնահատկությունների, օրենքների և կանոնների, կյանքի, կենցաղի և մշակույթի մասին քննարկումներ։ Սա նույնպես ինձ համար տարբեր հետաքրքրությունների համադրություն էր, հատկապես, երբ քննարկում ենք տարբեր հայտնի մարդկանց և նրանց մասին անհայտ տեղեկություններ։ Միշտ էլ հետաքրքիր է աշխարհահռչակ, անվանի և սիրված մարդու մասին լսել այնպիսի զարմանալի ու անհավատալի փաստեր, որ երբեք չես պատկերացրել վերջինիս մասին նման բան։ Նախագծի առաջիկա դասընթացներին յուրաքնաչյուրս պատրաստելու ենք նմանատիպ պրեզենտացիաներ՝ Ֆրանսիայի և Չինաստանի առանձնահատկությունների, օրենքների, մշակույթի և նորաձևության համեմատությունների մասին, տարբեր մարդկանց, երևույթների և գյուտերի ծագման մասին կիսվելու ենք հետաքրքիր տեղեկություններով։

Եվ որպես օրվա ավարտ՝ նախատեսված էր չինական գրականության շուրջ հետաքրքիր զրույց-քննարկում, որն իրենից ակնկալում էր չինական պոեզիայի ընթերցում և սիրային մի պատմվածքի քննարկում և վերլուծություն։ Ինքս կարդացել և հավանել էի տվյալ պատմվածքը, հատկապես ինձ դուր էր եկել հեղինակի հաղորդած միտքը, ենթատեքստը, թե ինչպես երկու հոգի, շրջափակման մեջ հայտնվելով, ակամայից հանդիպում են իրար և հասկանում, որ շատ ընդհանուր բաներ ունեն։ Նրանք երկուսն էլ սիրո և ջերմության պակաս ունեն այս կյանքում, երկուսն էլ շրջապատի հարգանքի և գնահատման պակասն ունեն։ Այստեղ է, որ նրանք հասկանում են, թե ինչ ընդհանրություններ և նմանություններ ունեն, և հենց դա էլ նրանց ստիպում է աստիճանաբար բացվել, դուրս հանել տարիներով կուտակված վիշտը և միմյանց հանդեպ համակրանք զգալ։ Ինձ թվում է տարբեր մարդիկ այս պատմությունը տարբեր կերպ կհասկանան, շատերը կհավանեն, շատերն էլ՝ ոչ, բայց այնուամենայնիվ, հեղինակը մի բան էր ուզում մեզ ասել, որ շատ անգամ, մարդը լինելով ճնշված, չբավարարված և մերժված՝ միջավայրի կողմից, իր նմանին գտնելով կարող է վերջինիս հանդեպ անբացատրելի համակրանք զգալ, մի բան, որ չի զգացել ուրիշ ոչ մեկի հանդեպ և գուցեև այլևս չի զգա։ Այդ զգալով՝ մարդը ենթագիտակցաբար մոռանում է ամեն ինչ և միայն ուզում է իր մեջ կուտակած զայրույթն ու վիշտն ի վերջո դուրս հանել։ Իսկ հետո, այդ ամենը դառնում է մի մեծ երազ՝ թարմ, հեքիաթային, կախարդող։

Այսքանն էլ մեր այսօրվա մասին։ Իրոք այն խիտ էր տարբեր նախագծերով և հետաքրքիր զրույցներով։ Հուսով եմ, առաջիկայում դեռ շատ ավելին է մեզ սպասում, ինչի արդյունքում մեր ունակություններն ու կարողությունները տարբեր բնագավառներում ավելի կզարգանան, մեր մտահորիզոնն ավելի կընդլայնվի և ինչն ամենակարևորն է՝ երեխաների միջև կկոտրվի գոյացած սառույցը և ջոկատի գործունեությունն ավելի հաճելի և արդյունավետ կլինի։

Design a site like this with WordPress.com
Get started