Հանդիպում փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի հետ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի առանձնահատկություններից մեկը, որով իրոք կարելի է հպարտանալ, այն է, որ մեզ մոտ հաճախ են հյուրընկալվում և աշակերտների հետ զրույց վարում անվանի գիտնականներ, պատմաբաններ, հասարակական ու մշակութային ականավոր գործիչներ՝ իրենց փորձն ու գաղափարները կիսելով լսարանի հետ։

Այս անգամ կրթահամալիրում հյուրընկալվեց աշակերտների կողմից այդքան սպասված՝ փիլիսոփայության դոկտոր, դոցենտ Աշոտ Ոսկանյանը։ Ես ինքս շատ հետաքրքրված էի տվյալ հանդիպումով և դրան ընդառաջ ուսումնասիրել էի պարոն Ոսկանյանի կյանքն ու գործունեությունը, նրա կատարած մի շարք դասախոսություններ և հարցազրույցներ։ Ուստի ես նույնպես շատ ոգևորված էի այդ հանդիպումով։ Ուսումնասիրությանս հիման վրա կատարած հետազոտությունը կարող եք կարդալ այստեղ։

Հանդիպման առաջին իսկ րոպեներից կարելի էր տեսնել աշակերտների հետաքրքրվածությունն ու լուրջ տրամադրվածությունը։ Անգամ պարոն Ոսկանյանն էր զարմացած, թե ինչպես այդ տարիքի մի մեծ խումբ երեխաներ կարող են այսքան հետաքրքրված լինել փիլիսոփայությամբ և դրա ուսումնասիրությամբ։ Զրույցն այդքան հաճելի էր և ուշագրավ, որ հանդիպումը տևեց շատ ավելի երկար, քան նախատեսված էր։ Աշակերտներն ու անգամ ուսուցիչները բաց չէին թողնում առիթը՝ խոսելու պարոն Ոսկանյանի հետ իրենց հուզող հարցերի շուրջ։ Եվ իհարկե, պարոն Ոսկանյանի տված բացատրություններն ամեն մի երևույթի մասին, շատ յուրահատուկ էին։

Խմբում կային ապագա փիլիսոփաներ և այդ ճյուղն ուսումնասիրողներ, որոնց համար սա շատ լավ առիթ էր՝ հասկանալու դրա էությունն ու լսելու որոշ հասկացությունների բացատրություններ։ Մնացածիս համար նույնպես շատ արդյունավետ էր հանդիպումը։ Ինքս պատմություն շատ եմ սիրում և հետաքրքրված եմ մի շարք իրադարձությունների ուսումնասիրությամբ, ինչը գերակշիռ մասն էր կազմում տվյալ հանդիպման։ Ինձ հատկապես դուր եկավ պարոն Ոսկանյանի մեկնաբանությունները հայի կերտած պատմության, ներկայում դրա ազդեցության և իհարկե՝ ներքին ու արտաքին քաղաքականության կարևորության մասին։

Այսպիսով՝ ոչ ոք ձանձրույթ չզգաց հանդիպման ընթացքում, քանի որ դա քննարկում էր տարբեր և ուշագրավ երևույթների մասին՝ յուրաքանչյուրին հետաքրքրող մի շարք թեմաներով։ Հանդիպումը շատ արդյունավետ էր և ուսուցողական։ Ուստի շնորհակալություն ենք հայտնում երկրի լավագույն փիլիսոփաներից մեկին՝ այսպիսի հանդիպման համար և միանշանակ ուրախ կլինենք ևս մեկ անգամ հյուրընկալել նրան մեր դպրոցում։

Զաբուղոն․ Երջանի՞կ, թե՞ վտանգավոր սեր

Մարդիկ կան, որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն։

Գրիգոր Զոհրապ

Սերն առաջին հայացքից միշտ գեղեցիկ ու հաճելի էմոցիա է առաջացնում մեր սրտերում։ Այդ բառն ասելիս կամ լսելիս լցվում ենք ջերմությամբ։ Սիրահարվելիս մոռանում ենք ամեն ինչ և մտածում ենք միայն այդ էակի կամ երևույթի մասին։ Բայց արդյո՞ք ամեն բան այդպես պարզ ու հաճելի է, որքան թվում է առաջին հայացքից։ Մի՞թե ձեզ չի հետաքրքրել այն հարցը, թե ինչու են բոլոր բուռն սիրավեպերը ողբերգական պատմություններ։

Սերն իհարկե շատ վեհ ու նվիրական զգացում է, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր ու ողբերգական կարող է լինել։ Թե՛ իրական, և թե՛ կեղծ սերը զոհեր է պահանջում։ Առանց զոհողությունների ամուր սեր չի կարող լինել։ Եվ դա այդպես է բոլոր ժամանակների համար, ինպես նաև երկու-երեք դար առաջ, երբ տղամարդիկ սիրո համար պատրաստ էին մենամարտելու և զոհվելու։ Փայլուն օրինակ է նաև ասպետ Դե Գրիոյի սերը Մանոն Լեսկոյի հանդեպ, երբ այդ զույգը, պատահական հանդիպելով, կապվում է և անցնում դաժան ու մի շարք փորձությունների միջով՝ մշտապես փնտրելով իրենց սիրո կատարյալ հանգստությունը։ Եվ ցավոք, այդ զույգն այնպես էլ չգտավ այն, ինչ որոնում էր։

Ուրեմն, այնուամենայնիվ այդ բովանդակալից երևույթն ունի իր հակառակ՝ մութ կողմը։ Այդպիսի մի սիրո շուրջ էր ծավալվում նաև Գրիգոր Զոհրապի “Զաբուղոն” նովելը։ Միայն թե այստեղ վիճելի է՝ սերն իրակա՞ն էր, թե՞ ոչ։ Միանշանակ չի կարելի ասել՝ ով էր մեղավոր և ով՝ ոչ։ Կարող է մեղավորներ առհասարակ չլինեն, բայց ամեն դեպքում եղել է մի գործոն, որի պատճառով Զաբուղոնի և Վասիլիկի սերը կործանվել է։ Փորձենք հասկանալ այդ երևույթը։

Ինչպես նշում է Գրիգոր Զոհրապը՝ որոշ մարդիկ ուղղակի դերասաններ են այս աշխարհում․ չունեն սեփական կյանք և ապրում են ուրիշներին զարմացնելու, պարծենալու համար։ Շատ ճիշտ է ասված, և այս խոսքը կապ ունի հենց Վասիլիկի վարքի հետ, ով ուներ “անգին ադամանդ”, սակայն այն դատապարտված էր հավերժ գաղտնի մնալուն և ուրիշներին ցույց չտրվելուն։ Վասիլիկն այս առումով ցուցամոլ էր և կցանկանար ուրիշներին ցույց տալ, թե ինչ ճարպիկ ու առնական կողակից ունի։ Սակայն ի՞նչ կարող էր անել Զաբուղոնը, եթե կարող էր միայն գիշերներով երևալ, այն էլ՝ ծպտված։ Եվ այս ամենից հետո, սերն ինչքան էլ ամուր լինի, դեպքերի նման զարգացման դեպքում այն դատապարտված է կործանման։

Եվ ահա մի օր դա տեղի է ունենում․ բաժանման ցանկությունն այնքան ուժ է ունենում, որ տապալում է օրհնված պսակի երդումը ու աղջիկը մատնում է նշանածին։ Խեղճ նշանածն էլ՝ դավից անտեղյակ, շարունակում է դեռևս բանտում եղած ժամանակ մտածել Վասիլիկի մասին։ Վեց անգամ փախուստի դիմելուց հետո վերջապես հաջողում է։ Սակայն օ՜հ զարմանք։ Փաստորեն այդքան ժամանակ նա դավաճանի համար էր այսքան մտահոգվում։ Հուսահատված, Զաբուղոնն ամբողջ գիշեր չի կարողանում մարսել իր տեսածն ու ճարահատյալ վերադառնում է բանտ․ այնտեղ գոնե այդքան դավադրություն չկա, այնտեղ գոնե այդքան դավաճանություն ու կեղծավորություն չկա։

Բայց արդյո՞ք Վասիլիկն էր այստեղ գլխավոր մեղավորը։ Կարծում եմ՝ նաև սիրո կարգն է այդպիսին։ Եվ իրոք, սերը երբեմն այնքան անկայուն կարող է լինել։ Եվ որքան կարող է մարդ այդ անորոշությանն ու անհարմար իրավիճակին դիմակայել, որքա՞ն կարող է մարդ ներսում պահել իր զգացմունքներն ու էմոցիաները։ Հաշվի առնենք նաև այն, որ աղջիկներն ակամա, թե կամա՝ ցուցամոլ էակներ են, մանավանդ սիրո հարցում։ Որքա՞ն կարելի է դիմանալ այն փաստին, որ ոչ ոք չպետք է իմանա քո կողակցի մասին։ Չէ՞, որ աղջիկն իրեն լիարժեք է զգում, երբ կողքին առնական տղամարդ է, ով գլուխ է հանում գրեթե ամեն ինչից։ Ապա ինչու՞ ցույց չտալ այդ ամենն ուրիշներին։ Այս ամենն իհարկե Վասիլիկի մտածմունքների մասն են կազմել։

Այսպիսով, չենք կարող հստակ ասել, թե ով է այստեղ մեղավոր, եթե իհարկե կա այդպիսին։ Ամեն մեկն իր համար ունի սեփական արդարացում և իր հերթին մյուսին է սխալ համարում։ Բայց այդպես չէ, սերն ունի նաև տհաճ հատկություն․ անհնար է փրկել այն կործանումից՝ քո մեջ կուտակելով այն անհարմարությունն ու ջերմության պակասը, որը հետզհետե ծավալվում ու տարածվում է։

Design a site like this with WordPress.com
Get started