Հարցումների ամփոփում։ Փոխտնօրեն և դասվարներ

Երևանի Նաիրի Զարյանի անվան հ․ 130 հիմնական դպրոցի փոխտնօրեն և դասվարներ

Փոխտնօրեն։ Նոր չափորոշիչների ընդունումը բերեց նրան, որ 1-ին, 2-րդ դասարանի աշակերտները այս տարվա սեպտեմբերին դպրոց մուտք գործեցին սև ու սպիտակ թղթերի վրա տպված «դասագրքերով»։ Սա մեր դպրոցներում չլսված դեպք էր, երբ դպրոցի կրտսեր սովորողները ուսումնական տարին սկսում են ոչ թե գունազարդ, գրավիչ դասագրքերով, այլև տպված, սև ու սպիտակ, որևէ գրավչությունից զուրկ թղթերով։

Նոր չափորոշիչների ընդունմամբ դպրոցներ մտան նաև թվային գրագիտություն առարկան։ Սա մեզ համար էլ նոր էր, սակայն մինչև վերջերս մենք այդ առարկայից դասագրքեր չէինք ստանում։ Այսօր նոյեմբերի 16-ն է, և մենք այդ առարկայի դասագրքերը ստացել ենք այսօր առավոտյան։ Նյութ չկա, ռեսուրս չունեն, որպեսզի երեխաներին կարողանան տալ այն, ինչ հարկավոր է։

Նույնիսկ մաթեմատիկա առարկայի դասագրքերը մենք ստացել ենք այսօր, և մինչ այժմ՝ արդեն 2,5 ամիս է, ինչ մեր սովորողներն այդ առարկան անցնում են տպված, անգույն թղթերով։ Մայրենիի դասագրքերը ստացել ենք հոկտեմբերի կեսերին։ Եվ անընդհատ մեզ ասում էին՝ սպասեք նոր դասագրքերին, հետո ասացին, որ բաժանենք հները։ Այսպես, մինչև որ ամիսներ անց նոր ստացանք համապատասխան դասագրքերը։

Կարդացեք Ավելին

Հարցումների ամփոփում։ Նվարդ Հովսեփյան

Երևանի Նաիրի Զարյանի անվան հ․130 հիմնական դպրոցի տնօրեն

Արի։ Տիկին Հովսեփյան, իմ հետազոտության թեման ՀՀ կրթական հիմնախնդիրներն են, կխնդրեմ՝ նշեք մի քանի կրթական հիմնախնդիր, որոնք այժմ առկա են մեր համակարգում։

Տիկին Հովսեփյան։ Գերծանրաբեռնված դասարաններ, ուսուցիչների պակաս, հատկապես ՀՀ մարզերում և մասնավորապես սահմանամերձ տարածնքերում մենք ունենք ուսուցիչների խնդիր։ Ինչպես նաև երիտասարդ ուսուցիչների մոտիվացիայի պակաս ունենք, որովհետև որևէ երիտասարդ ուսանող չի ձգտում դառնալ ուսուցիչ։ Մանկավարժի հեղինակությունն այսօր լավ մակարդակի վրա չէ, սկսած աշխատավարջից, վերջացած նրա հանդեպ հարգանքով։

Արի։ Տիկին Հովսեփյան, համաձա՞յն եք այն մտքի հետ, որ ուսուցիչ պետք է լինել միայն մանկավարժ դառնալով, մանկավարժի որակավորում ստանալով։

Տիկին Հովսեփյան։ Համաձայն չեմ այն մտքի հետ, որովհետև կան շատ երիտասարդներ, ովքեր ավարտում են Մանկավարժական համալսարանը, ստանում են որակավորում, բայց չեն կարող համարվել ուսուցիչ։ Ըստ իս՝ մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են։

Արի։ Տիկին Հովսեփյան, ի՞նչ կարծիքի եք նախարարության ընդունած կրթական նոր չափորոշիչների և նոր դասագրքերի մասին։

Կարդացեք Ավելին

Հարցումների ամփոփում։ Յուրա Գանջալյան

Արի։ Պարոն Գանջալյան, կնշե՞ք մի քանի կրթական հիմնախնդիր, որոնք այժմ առկա են մեր կրթական համակարգում։

Պարոն Գանջալյան։ Տարիներ առաջ ես մի հոդված եմ գրել, որտեղ ասել եմ, որ մեր կրթահամալիրում անգլերենի ուսուցման և կրթության չափորոշիչները լիովին համարժեք են ժամանակի պահանջներին։ Սակայն մեր երկրում անգլերենի պետական դասագքրերը, պետական երշխավորում ունեցող հայկական անգլերենի դասագրքրեը երբեք կապ չեն ունեցել չափորոշիչների հետ։ Ինչը չեմ կարող ասել մեր կրթահամալիրի մասին, որտեղ կրթության կազմակերպման գործում մենք ազատ ենք և մշտապես պահել ենք այդ չափորոշիչները։ Այժմ նույնպես, երբ նոր չափորոշիչներ են ընդունվել, ես վերցնում եմ այդ նոր դասագքրերը և թերթում, տեսնում եմ մի շարք կոպիտ լեզվական սխալներ, կարծես արագ-արագ գրված, շարադրված գրքեր են։ Եվ ընդհանրապես մեզ մոտ ռուսական հրատարակչության անգլերենի դասագրքերը միշտ էլ ավելի լավն են եղել հայկականներից, նույնն էլ՝ Օքսֆորդի և Քեմբրիջի հրատարակչությունների դեպքում։

Արի։ Շատ լավ, պարոն Գանջալյան, իսկ տվյալ դեպքում խնդիրը նոր չափորոշիչների՞ մեջ է, թե՞ համապատասխան մարմինների, ովքեր դրանք ճիշտ չեն կիրառում։

Պարոն Գանջալյան։ Այդ չափորոշիչները ոչ թե գրված են, այլ արտագրված, և որոնք բացարձակ կապ չունեն մեր իրականության հետ։ Միգուցե դրանք մեր կրթահամալիրի, Այբ-ի, Քվանտի, մի քանի այլ դպրոցների համար հարմար են, բայց ոչ ամբողջ կրթական համակարգի և բոլոր ուսումնական հաստատությունների համար։ Օրինակ առաջ՝ մեր համալսարանների ընդունելության քննությունը բավարարում էր անգլերենի Բ1 մակարդակը, այժմ՝ գրված է Բ2։ Դա ինքնին մեծ թռիչք է, որովհետև շատերի համար անիրատեսական է դպրոցն ավարտել անգլերենի Բ2 մակարդակով։

Կարդացեք Ավելին

Հարցումների ամփոփում։ Մարթա Ասատրյան

Արի։ Ընկեր Մարթա, հետազոտությանս թեման ՀՀ կրթական հիմնախնդիրներն են, և ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ հիմնախնդիրներ կան այժմ մեր ոլորտում, որոնք առաջնային լուծում են պահանջում։

Ընկեր Մարթա։ Տեսեք, ընդհանրապես կրթության ոլորտը համարվում է ամենախոցելիներից մեկը, որտեղ մշտապես կան խնդիրներ և այդ խնդիրները շատ բազմաշերտ են։ Ընդ որում այդ շերտերը սկսվում են հենց ամենավերևից՝ նախարարության մակարդակից, և ապա իջնում մինչև ուսուցիչներ, դպրոց, սովորողներ, և այլն։ Եթե այսօրվա մասին խոսենք, ներկայումս իշխանությունները փորձում են որպես նորարարություն, նոր չափորոշիչ, նոր գնահատման համակարգ և նախագծեր մտցնել դպրոց, սակայն եթե դա անում են առանց հիմքի՝ փոսի վրա, դա միշտ փլվելու վտանգն ունի իր հետ։ Չես կարող այդ փոսի վրա նոր բան կառուցել։ Այժմյան դասավանդողներից յուրաքանչյուրը տարբեր աշխարհայացքի, տարբեր մեթոդների և ուսուցման տեխնիկայի տիրապետող մարդիկ են, ուստի այդ նորարարությունները միշտ չէ, որ հասնում են իրենց նպատակակետին։ Իսկ արդեն դրանից հետո ինչքան էլ փորձ արվի նորարարություններն ինտեգրելու, մեկ է՝ ամեն մեկն ասելու է՝ ես իմ ձևով եմ իմ դասը վարելու։ Մասնավորապես, երբ այդ նոր ծրագրերը մշակողները նախագծեր մշակելիս չեն մտնում դպրոցներ, չեն շրջում դասարաններով, շփվում սովորողների հետ, իրենք չգիտեն՝ ինչն են փոխում, չգիտեն, թե արդյո՞ք այդ փոփոխություններն իրենց սովորողների նախասիրությունների, հետաքրքրությունների սահմանում է, թե ոչ։ Այսինքն՝ մշակողները կտրված են դպրոցից։

Ուսուցիչների վերապատրաստումները, ինչը հիմա փորձում են անել, դրանք ինչ-որ չափով կեղծ բնույթ են կրում, որովհետև ուսուցիչն իր դասերից հետո փաստացի գնում է երկու ժամ «մեռցնելու», որպեսզի իր համապատասխան գնահատանիշը ստանա, բայց թե այդ ընթացքում ինչ սովորեց, ինչ նոր մեթոդներ ընկալեց, այդ բոլորը մնում են օդում։

Կարդացեք Ավելին

Հարցումների ամփոփում։ Լիլիթ Յախինյան

Արի։ Ընկեր Լիլիթ, կարո՞ղ եք նշել մի քանի կարևոր հիմնախնդիր ՀՀ կրթական համակարգում, որոնք ըստ Ձեզ՝ առաջնային լուծում պետք է ստանան։

Ընկեր Լիլիթ։ Դպրոցում կարևոր ու անհրաժեշտ եմ գտնում էթիկայի դասերի ուսուցումը, հենց խորհրդային տարիներին սովորողներն անցնում էին էթիկայի դասեր համապատասխան դասագրքով։

Արի։ Ընկեր Լիլիթ, նշեցիք էթիկայի դասերի անհրաժեշտությունը։ Մեր հանրակրթական դպրոցներում խնդիրներից մեկն այն է, որ շեշտը դնում են դասագրքային գիտելիքների վրա։ Արդյո՞ք կարևորում եք դպրոցներում կիրառական դասընթացների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի ուսուցանումը։

Ընկեր Լիլիթ։ Իհարկե կարևորում եմ, քանի որ եթե երեխան դպրոցում անցնում է մաթեմատիկա, հայոց լեզու, օտար լեզու և նմանատիպ առարկաներ, նախ և առաջ պետք է իմանա դրանք ինչպես կիրառել և օգտագործել որպես գործիք՝ իր մասնագիտության մեջ, կամ պետք է տիրապետի ստացած գիտելիքը գործիք դարձնելու և դրանով մասնագիտություն ձեռք բերելու հմտությանը։

Արի։ Դասավանդողներից մեկի հետ զրույցում բարձրացվեց այն հարցը, որ մեր դպրոցներում դասավանդվող առարկաներն ու դասընթացներն իրարից տարանջատված են, և սովորողն ինքը չի իմանում ինչպես դրանք վերցնել ու համակցել իրար, որպեսզի կյանքում այն դարձնի պիտանի և կարողանա համադրելով՝ ստանալ արդյունք։ Կուզեի լսել Ձեր կարծիքն այս հարցի շուրջ։

Կարդացեք Ավելին

Հարցումների ամփոփում։ Իրինա Ապոյան

Արի։ Ընկեր Իրինա, կնշե՞ք մի քանի արդիական հիմնախնդիր, որոնք առկա են ՀՀ կրթական ոլորտում։

Ընկեր Իրինա։ Դեռևս առաջնային խնդիր համարում եմ կրթական նոր չափորոշիչների ընդունումը մեր կրթական համակարգում։ Բանն այն է, որ հենց այդ չափորոշիչ կազմողները դպրոցից հեռու մարդիկ են, ովքեր չափորոշիչներ կազմելիս ու սահամանելիս հաշվի չեն առնում սովորողների հետաքրքրությունների և կարողությունների տարբերությունը։ Ինձ թվում է՝ մեր հանրակրթական դպրոցներում ուսումը բավականին կաղապարված է, գերակշռում է դասագրքային ուսուցումը և դասագրքերից դուրս որևէ աշխատանք ծավալելու համար կա՛մ ցանկություն չկա, կա՛մ բավարար միջոցներ։ Չեմ կարծում որևէ դասավանդող դեմ կլինի իր դասերն ավելի ստեղծագործ դարձնելուն, սովորողների մոտ ազատ մտածելակերպը խթանելուն, և այլն։ Այստեղ խնդիրը առավելապես գալիս է հանրակրթական դպրոցների ուսումնական պլանից և ղեկավարության կողմից վերահսկվող, պարբերաբար անցակցվող թեմատիկ գրավոր աշխատանքներից և ստուգարքներից։

Արի։ Մի քանի դասավանդողների հետ ունեցած զրույցում մենք խոսեցինք դպրոցներում կիրառական գիտելիքների, դասագրքային ուսուցումից դուրս ծրագրերի ներառման անհրաժեշտության և կարևորության մասին։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դպրոցներում պետք է դասավանդվեն առարկաներ, որոնք կիրառելի կարող են լինել ապագա մասնագիտական ոլորտներում։

Կարդացեք Ավելին

Հարցումների ամփոփում։ Վարդան Կարապետյան

Արի։ Ընկեր Վարդան, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ կրթական հիմնախնդիրներ կան ՀՀ այժմյան կրթական համակարգում։ Առանձնացնենք հիմնախնդիրներն ու դրանց տեսակները ներկայիս համակարգում։

Վարդան Կարապետյան։ Կրթական համակարգի հիմնախնդիրները նախ և առաջ գալիս է պետության վարած քաղաքականությունից։ Հասկանալով, թե ինչ քաղաքականություն է վարում պետությունը կրթական համակարգում՝ կարելի է առանձնացնել առանձնատեսակ հիմնախնդիրներ։ Հիմնախնդիրներից մեկը դպրոցներում ուսուցիչների պատրաստվածությունը, ուսուցիչներով համալրված լինելը։ Պատրաստվածությունն ընդգրկում է ուսուցչի ունեցած գիտելիքային մեծ պաշարը, այնուհետև մանկավարժական վարպետությունը, որի կրողը պետք է լինի ուսուցիչը։ Պետք է համատեղել լավ մասնագետը լավ մանկավարժի հետ։ 

Երիտասարդությանը չեն մղում դեպի դպրոց։ Դա բերում է ուսուցիչների կարիքի, պակասի։ Հանրային խնդիր է, երբ երիտասարդությունն իրեն չի տեսնում դպրոցում՝ մանկավարժության մեջ։ Պետությունը պետք է ուղղորդի երիտասարդությանը։ Դրա համար պետք է լինեն շահագրգռող միջոցներ։ Դրանցից մեկը աշխատավարձն է, որն այժմ իր պակասությամբ չի հանդիսանում շահագրգռող միջոց։ Պետք է ստեղծել պայմաններ, սկսած աշխատավարձից, ուսուցչի հեղինակությունից, որն այսօր շատ տխուր վիճակում է։ Կիրառել խրախուսող այլ միջոցներ, որ լինի մրցակցություն անգամ ուսուցիչների միջև։

Կարդացեք Ավելին

Հարցումների ամփոփում։ Արմեն Ոսկանյան

Արի։ Պարոն Ոսկանյան, ներկայումս ՀՀ կրթական համակարգում կա՞ն հիմնախնդիրներ, հարցեր, որոնց մասին կուզեիք խոսել։

Պարոն Ոսկանյան։ Այժմյան ժամանակաշրջանում այնքան բարդ և հակասական է կրթական հիմնախնդիրների հարցը, որ որևէ բան առանձնացնել կամ նշելն այնքան էլ նպատակահարմար չէ։ Առաջնահերթությունները շատ են և դրանց ուղղությամբ լուծումներն իրականացվում են։ Հատկապես վերջին տարիներին, երբ կատարվեց նոր չափորոշիչների ներդրում, կրթական համակարգի համապատասխանեցում, համաշխարհային կրթության համահավասարեցման ձգտում։

Նախկինում նույնպես ծառացած խնդիրներ որպես այդպիսին չեն առանձնացվել։ Երբ Հայաստանում որոշվեց անցում կրթական եռաստիճան համակարգի, որը ևս մեկ ձև էր համաշխարհային կրթության համահավասարեցման, բխեցին այն խնդիրները, որոնք առաջացան այս համակարգից։ Նաև խնդիր էր ուղղորդված ուսուցումը․ բնագիտական և հումանիտար կրթությունների բաժանումը։ Այդ բաժանումները կան, սակայն պետք է լինեն որակական փոփոխություններ և համապատասխանեցում միջազգային չափորոշիչներին։ 

Կարդացեք Ավելին

Հարցումների ամփոփում։ Հասմիկ Ղազարյան

Արի։ Ընկեր Հասմիկ, կնշե՞ք 2-3 հիմնախնդիր, որոնք առկա են մեր ՀՀ կրթական համակարգում։

Ընկեր Հասմիկ։ Ոչ միայն հայաստանյան կրթական համակարգը, այլև ողջ աշխարհում կրթությունը ճգնաժամ է ապրում։ Մարդիկ չգիտեն՝ ինչ են սովորեցնում և ինչ պետք է սովորեցնեն։ Մենք տալիս ենք գիտելիք, սակայն գիտելիքը դեռ կրթություն չէ։

Գիտելիքը ներկայիս սերունդը շատ ավելի հեշտ կարողանում է դուրս բերել առանց դպրոցի, առանց ուսուցչի օգնության։ Այստեղ հիմնախնդիր է մարդուն ձևավորելը, շփման միջոցով մարդուն կերտելը։ 

Ճամփորդությունները, որոնք կազմակերպվում են մեր դպրոցում, պետք է կազմակերպվեն նաև այլ դպրոցներում, որովհետև սովորողը այսօր գիտելիք կարող է վերցնել ճամփորդություններից, այդ ամենը տեսնելուց։ Պետք է սովորողի համար ստեղծել միջավայր, որտեղից նա կարող է վերցնել գիտելիքը, համադրությունների միջոցով ձևավորել զարգացվածությունը, ինտուիցիան, սակայն միջավայրի ստեղծմանը խանգարում են կրթության համակարգողները։ Պաշտոնական-հանրակրթական դպրոցներում թեմատիկ ստուգողական աշխատանքներն այնքան շատ են, որ սովորելու հաճույքն է կորչում։ Քանի որ ուսուցչի ու սովորողի տեսակետից գնահատականը տարբեր բաներ են, գնահատման համակարգը շատ է խանգարում սովորելուն։

Կարդացեք Ավելին

Հետազոտական աշխատանք։ Հունվար ամսվա հաշվետվություն

Ոլորտ՝ կրթություն, հասարակագիտություն

Վերնագիր՝ ՀՀ կրթական հիմնախնդիրները

Սովորող՝ Արի Ագոփ

Ղեկավար՝ Աննա Խաչատրյան

Հունվար ամսվա ընթացքում հետազոտական աշխատանքս բանավոր կերպով արդեն ստացավ իր հստակ տեսքն ու բովանդակությունը, որը ներառելու է։ Այժմ ղեկավարիս հետ հիմնականում աշխատում ենք խոսքը թղթին հանձնելու փուլի վրա։ Քանի որ ներածական մասից զատ՝ յուրաքանչյուր գլուխ պետք է ունենա նախաբան-համառոտագիր, այժմ աշխատում ենք նաև այդ ուղղությամբ։

Քանի որ հետազոտությանս ողջ ընթացքում աշխատանքները կատարել եմ նաև գործնական միջավայրում, կարևորություն եմ տվել անձնական փորձառությամբ պայմանավորված արդյունքներին, կրթահամալիրում ընթացող հունվարյան ճամբարն օգտագործել եմ որպես առիթ՝ ջոկատներում քննարկումների շարք անցկացնելու «ՀՀ կրթական հիմնախնդիրները» թեմայով։ Քննարկումների արդյունքներից ամենաէականները կընդգրկեմ նաև իմ աշխատանքում։

Ղեկավարիս հետ նաև ճշգրտեցինք հետազոտությանս բովանդակային գլուխներն ու վերջիններիցս բխող ենթագլուխները, ներառող թեմաներն ու խնդիրները։ Ըստ որի աշխատանքս ընդգրկելու է նախ և առաջ տարբեր կրթական հաստատություններում իրականացրածս հարցումների ամփոփումներն ու խնդրի ճյուղավորումները, անդրադառնալու է ՀՀ կրթական համակարգում առկա հիմնախնդիրներին, դիտարկելու է մեր կրթական հիմնախնդիրները արտասահմանյան առաջատար երկրների համապատասխան խնդիրների հետ և վերջում փոքրիկ ակնարկ պարունակելու Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում առկա հիմնախնդիրների մասին։

Քանի որ աշխատանքիս այս փուլում յուրաքանչյուր բաղադրիչի վրա աշխատում ենք շատ ինտենսիվ, ըստ այդմ հետազոտական աշխատանքիս հանրային պաշտպանությունը նախատեսում եմ եկող ամսվա երկրորդ կեսին։ Դրանով պայմանավորված՝ հետազոտական աշխատանքիս բովանդակային գլուխների շարադրանքն ավարտված կլինի հունվարի վերջին։

Design a site like this with WordPress.com
Get started