Քուչակի հայրեններն ու հայկական ժողովրդական խաղիկները

Քուչակի հայրեններին ծանոթացել եմ դեռևս երկու տարի առաջ։ Գրաբար շարադրանքի պատճառով շատերի համար իմաստընկալման դժվարություն հարուցող ու շատերին վանող այդ քառատողերն, անկեղծ ասած, ինձ շատ դուր եկան։ Թեկուզ հենց գրաբար լինելու շնորհիվ։ Իմ կարծիքով՝ հին հայերենը թեև դժվար հասկանալի, բայցևայնպես շատ գեղեցիկ լեզու է, և դրանով գրված յուրաքանչյուր խոսք, բանաստեղծություն կամ ստեղծագործություն շատ գեղեցիկ է հնչում։ Եվ տպավորված եմ հատկապես հայրեններով, քանի որ Քուչակը հիանալիորեն կարողացել է ընդամենը չորս տողում մի մեծ իմաստ կամ երևույթ արտացոլել, լինի դա սեր, գրավչություն, դավաճանություն կամ բնության տարերք։

Հայկական ժողովրդական խաղիկներ առաջին անգամ եմ կարդում։ Եվ պետք է ասեմ, որ ինձ դուր եկավ դրանց իմաստային և շարադրական թեթևությունը, դրա նյութի ծանրությանը։ Իսկապես, կարդալիս տպավորություն է առաջանում, որ հասարակ գյուղացին, սարի գլխին կանգնած, “ոտքի վրա” խաղիկներ է հորինել։ Սարի գլխին, երբ չորսբոլորդ բնությունն է և կանաչությունը, բնությունը քո մեջ և դու բնության մի փոքր մասնիկ՝ զգում ես ամեն մի տարերքը․ գետի խշշոցը, ծառերի շրշյունը, սարի մաքուր ու սառն օդը։ Եվ այդ ամենը ես զգացի խաղիկների տողերի մեջ։

Նմանություններ կային վերոնշյալ երկու տեսակ ստեղծագործությունների միջև․ այն, որ թե՛ Քուչակը, թե՛ հասարակ գյուղացին իր սերն են երգում, խոցված սիրտը, նեղված հոգին։ Այդ ամենը զուգորդում են բնության տարերքների ու երևույթների հետ։ Եվ յուրաքանչյուրն իր ուրույն կերպով է ներկայացնում դա։ Քուչակն իր սերը երգում էր տխուր, խոցված հոգով, մինչդեռ խաղիկներում ես ավելի շատ լուսավոր կետ և ուրախություն տեսա։ Կարծես սիրուն միախառնված լիներ սահմանափակումներ չունեցող սատիրան։ Վերջինիս չափի բացակայությունն էլ համ ու հոտ էր հաղորդում խաղիկներին, և դրանով էր պայմանավորված դրանց թեթևությունը։

Ընդհանուր առմամբ, երկուսն էլ իրենց ասելիքն ունեն, երկուսն էլ արտահայտում են իրենց զգացումն ու ապրումները, սակայն մեկի դեպքում դա կարող է ներկայանալ իր ողջ լրջությամբ ու ցավով, մինչդեռ մյուսում սարկազմն ու հումորը ստիպում են կյանքի երևույթներին թեթև նայել։

Տրիոլետ՝ դասերի երկարելու մասին

Կրկին, ավաղ, հոգնել եմ արդեն,

Դասերն երկար են, մենք էլ մարդ ենք։

Շատերը, սակայն, ինձ չեն հասկանում,

Կրկին, ավաղ, հոգնել եմ արդեն,

Փնտրում եմ իմ հանգստի ժամը,

Ցավոք, չգիտեմ՝ այն երբ է գալու։

Կրկին, ավաղ, հոգնել եմ արդեն,

Բոլորս մարդ ենք, էակ հողեղեն։

Միսաք Մեծարենցի մասին

Միսաք Մեծարենցի կենսագրությունը

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան (Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։
Վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարան,որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ:
1895 թվականին թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա (Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում,ապա տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների <<Անատոլիա>> կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի հաղորդակից, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության նկատմամբ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Միսաք Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։ 1907 թվականին նա տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։  Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։
1901 թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ Աշխատել է եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը իբրև`հսկիչ։Ապա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում: 1903 թվականից Մեծարենցի բանաստեղծություններն սկսում են տպագրվել Պոլսի հայ պարբերական մամուլում: Հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը: Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից: Գրել է մի շարք  բանաստեղծություններ`«Կարմիր ծաղիկ մը գարունի», «Այգերգ», «Անանուն», «Արևին», «Աքասիաներու շուքին տակ», «Գետափի երազանք», «Իրիկունը» բանաստեղծությունները:                      Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը, նրա շուրթերին մնաց «մա՜յր» բառը։

Միսաք Մեծարենցի կերպարը

Երիտասարդ Միսաքը ուշադրություն էր գրավում իր բնավորությամբ և արտաքինով։ Պոլսի թերթերից մեկում այսպես է նկարագրվում Մեծարենցի արտաքինը. «Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված։…Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ…»։ Իսկ ժամանակակիցներից մեկը Մեծարենցի էության մասին գրում է. «Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ ու հրապուրոտ, նազանքոտ տղա մըն է Մեծարենց, մերթ ժպտուն, մերթ տխուր ու գրեթե միշտ բանաստեղծությունը շրթունքին, կը հևա, կը կարմրի, կը սպառի…»։ Մեծարենցը գնում էր դեպի մահը և ընկերներից մեկին ուղղված նամակում գրում է. «Թոքախտը իր բոլոր նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական եղավ…»։

Ստեղծագործական աշխատանք

Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական-քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։

Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Նրա առաջին բանաստեղծությունը, որը գրվել է 1901թվականին և մտնում է «Բաբախումներ» խորագրով տետրի մեջ, ունի «Մարմնի վերք, սրտի վերք» վերնագիրը։ Բանաստեղծական այդ շարքը լույս չի տեսել։ 1903 թվականից Մեծարենցի բանաստեղծություններն սկսում են տպագրվել Պոլսի հայ պարբերական մամուլում («Հանրագիտակ», «Ծաղիկ», «Մասիս» և այլն)։ Իր առաջին ոտանավորները Մեծարենցը տպագրում է Սիրանույշ Պերպերյան ստորագրությամբ։ 1904 թվականին հանդես է գալիս Շավասպ Ծիածան կեղծանունով՝«Ծաղիկ» հանդեսում տպագրելով «Սիրո թափառումներ» և «Գիրկընդխառնում» բանաստեղծությունները։ 1905 թվականին «Մասիսում» տպագրում է «Նոպաները» և «Իրիկվան դեմ» քերթվածները՝ վերջնականապես ընտրելով Միսաք Մեծարենց գրական անունը։ 1906 թվականին Մեծարենցը կազմում և հրատարակության է հանձնում բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը պետք է լույս տեսներ «Ոսկի արիշին տակ» վերնագրով։ Գրաքննությունն արգելում է այդ վերնագրով գիրք հրատարակել, և Մեծարենցը այն վերանվանում է «Ծիածան»։ 1907 թվականին լույս են տեսնում «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։

Միսաք Մեծարենցի բանարվեստը

Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները չէին ունենա իրենց ազդեցիկ ուժը, եթե դրանց ասելիքի խորությունն ու նրբությունը չզուգակցվեին ձևի կատարելության հետ։ Անսպասելի պատկերները յուրահատուկ գրավչություն են հաղորդում նրա ասելիքին և օգնում են, որ իրերն ու դրանց փոխհարաբերությունը տեսանելի լինեն մի նոր լույսի տակ։ Մեծարենցի բանաստեղծություններում տրամադրություն ստեղծողները մակդիրներն են, համեմատությունները և փոխաբերությունները։ Դրանցում գերակշռում են առարկաների ու հատկանիշների անսովոր և հետաքրքիր համադրությամբ ստեղծված փոխհարաբերությունները։ Օրինակ՝ գինով վարդեր, սև հեշտանք, բոցե թևեր, բազմալեզու տենդ, հոսող գիշեր, հոսող լույս, բոսոր իղձեր։ Մեծարենցի բանարվեստի առանձնահատկություններից է վերնագրերի կրկնությունը։

Մագդաղինե․ մեղավո՞ր, թե՞ արդարացված վարվելակերպ

Այս կյանքում բոլորս էլ մեր պատճառներն ունենք՝ տարբեր հանգամանքներից ելնելով ամենատարբեր արարքներ գործելու։ Ամեն մեկիս համար դա արդարացված վարվելակերպ է։ Եվ դա բնական է․ չէ՞, որ այս կյանքում մեզ ամենալավը հենց մե՛նք գիտենք։ Ուրիշ ոչ ոք չի անցնում այն ճանապարհով, որով մենք ենք անցնում, և ոչ ոք վստահորեն չի կարող ասել՝ ինչից ելնելով ենք այս կամ այն արարքը գործում։

Մագդաղինեն, ով մարմնավաճառ էր և 17 տարեկանը դեռ նոր էր լրացել, հասարակության կողմից կազմված կարծիքի համաձայն՝ անբարոյական էր և անկիրթ։ Նրան հասարակության մեծամասնությունը, որի մեջ մտնում էին նաև հոգևոր պաշտոնյաները, չէր ընդունում։ Սակայն այդ աղջիկը քրիստոնյա էր, հարգում էր բոլոր եկեղեցական ծեսերը և անգամ պահք և ծոմ էր պահում։ Աղջիկը քահանայի չափ գիտեր եկեղեցական օրենքներն ու կարգերը և քահանայից էլ խստապահանջ էր այդ հարցում։ Միայն թե չէր գնում հաղորդություն ստանալու, քանզի մտածում էր, որ դա անարգանք է եկեղեցու հանդեպ։ Ինչու՞ ստանալ հաղորդություն, եթե հաջորդ օրն ևեթ պիտի մեղք գործի։ Եվ այդ դեպքում, ինչպես ինքն էր ասում․ “զղջումս սուտ զղջում մը պիտի ըլլլա”:

Աղջիկն այնքան հրապուրիչ էր, որ իր մոտ էին գալիս ամենատարբեր դասերի մարդիկ՝ տարբեր տարիքների ու խավերի։ Եվ հասարակությունը չէր տեսնում այն պարզ ճշմարտությունը, որը բացատրում էր Մագդաղինեի այս արարքը։ Ինչպես հենց սկզբում նշվեց՝ կյանքից ծնողների վաղաժամ հեռանալու պատճառով տան, երկու երեխաների և իր հոգսերը, ծախսերն ու խնամքը Մագդաղինեի վզին էին։ Նրան բավականաչափ գումար էր պետք՝ մեծ գումար, այդ իսկ պատճառով՝ գիտակցելով անգամ սեփական մեղքը, գնում էր այս գործին։ Արդյունքը եղավ այն, որ Մագդաղինեի մահից հետո հարազատներից բացի՝ ոչ ոք նրան չհիշեց։ Հասարակությունը դարձյալ մնաց նույն համոզմանը, քահանան անգամ չցանկացավ այցելել նրան մահվան անկողնում և կատարել վերջին խնդրանքը, իսկ այն մարդիկ, որ մի ժամանակ հրապուրված էին նրանով՝ մոռացան նրան մեկընդմիշտ։ Այն խեղճ երեխաներն անգամ չգիտեին, թե ինչերի էր ընդունակ իրենց մեծ քույրը՝ իրենց կարիքները հոգալու համար։

Լինի մարդ կյանքում կրոնական կամ սովորական հավատացյալ, լինի վերին խավի, թե ստորին դասի ներկայացուցիչ, միանշանակ սխալ է նրան վանել հասարակությունից, սխալ է վանել նրան իր միջավայրից՝ այնտեղից, ուր նա պատկանում է հենց։ Քահանայի գործն է մարդկանց թողություն տալը, քրիստոնեությունն էլ ներում է շնորհում մեղք գործած, բայց խելքի եկած մարդկանց։ Եվ, չիմանալով դիմացինի դրդապատճառները, վանել նրան՝ առնվազն խոսում է հասարակության մեջ ընդունված կարծրատիպերի կառչումից, մարդկանց արհամարհական և անտարբեր վերաբերմունքից։ Մինչդեռ ամեն մեկի համար իր կարծիքն ամենաճիշտն է, և ոչ ոք, ցավոք, չի բացահայտում դիմացինին, նրա արարքների իրական պատճառը, քանի դեռ չի կասկածում իր իսկ արարքների ճմարտացիության մեջ։

Զաբուղոն․ Երջանի՞կ, թե՞ վտանգավոր սեր

Մարդիկ կան, որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն։

Գրիգոր Զոհրապ

Սերն առաջին հայացքից միշտ գեղեցիկ ու հաճելի էմոցիա է առաջացնում մեր սրտերում։ Այդ բառն ասելիս կամ լսելիս լցվում ենք ջերմությամբ։ Սիրահարվելիս մոռանում ենք ամեն ինչ և մտածում ենք միայն այդ էակի կամ երևույթի մասին։ Բայց արդյո՞ք ամեն բան այդպես պարզ ու հաճելի է, որքան թվում է առաջին հայացքից։ Մի՞թե ձեզ չի հետաքրքրել այն հարցը, թե ինչու են բոլոր բուռն սիրավեպերը ողբերգական պատմություններ։

Սերն իհարկե շատ վեհ ու նվիրական զգացում է, բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր ու ողբերգական կարող է լինել։ Թե՛ իրական, և թե՛ կեղծ սերը զոհեր է պահանջում։ Առանց զոհողությունների ամուր սեր չի կարող լինել։ Եվ դա այդպես է բոլոր ժամանակների համար, ինպես նաև երկու-երեք դար առաջ, երբ տղամարդիկ սիրո համար պատրաստ էին մենամարտելու և զոհվելու։ Փայլուն օրինակ է նաև ասպետ Դե Գրիոյի սերը Մանոն Լեսկոյի հանդեպ, երբ այդ զույգը, պատահական հանդիպելով, կապվում է և անցնում դաժան ու մի շարք փորձությունների միջով՝ մշտապես փնտրելով իրենց սիրո կատարյալ հանգստությունը։ Եվ ցավոք, այդ զույգն այնպես էլ չգտավ այն, ինչ որոնում էր։

Ուրեմն, այնուամենայնիվ այդ բովանդակալից երևույթն ունի իր հակառակ՝ մութ կողմը։ Այդպիսի մի սիրո շուրջ էր ծավալվում նաև Գրիգոր Զոհրապի “Զաբուղոն” նովելը։ Միայն թե այստեղ վիճելի է՝ սերն իրակա՞ն էր, թե՞ ոչ։ Միանշանակ չի կարելի ասել՝ ով էր մեղավոր և ով՝ ոչ։ Կարող է մեղավորներ առհասարակ չլինեն, բայց ամեն դեպքում եղել է մի գործոն, որի պատճառով Զաբուղոնի և Վասիլիկի սերը կործանվել է։ Փորձենք հասկանալ այդ երևույթը։

Ինչպես նշում է Գրիգոր Զոհրապը՝ որոշ մարդիկ ուղղակի դերասաններ են այս աշխարհում․ չունեն սեփական կյանք և ապրում են ուրիշներին զարմացնելու, պարծենալու համար։ Շատ ճիշտ է ասված, և այս խոսքը կապ ունի հենց Վասիլիկի վարքի հետ, ով ուներ “անգին ադամանդ”, սակայն այն դատապարտված էր հավերժ գաղտնի մնալուն և ուրիշներին ցույց չտրվելուն։ Վասիլիկն այս առումով ցուցամոլ էր և կցանկանար ուրիշներին ցույց տալ, թե ինչ ճարպիկ ու առնական կողակից ունի։ Սակայն ի՞նչ կարող էր անել Զաբուղոնը, եթե կարող էր միայն գիշերներով երևալ, այն էլ՝ ծպտված։ Եվ այս ամենից հետո, սերն ինչքան էլ ամուր լինի, դեպքերի նման զարգացման դեպքում այն դատապարտված է կործանման։

Եվ ահա մի օր դա տեղի է ունենում․ բաժանման ցանկությունն այնքան ուժ է ունենում, որ տապալում է օրհնված պսակի երդումը ու աղջիկը մատնում է նշանածին։ Խեղճ նշանածն էլ՝ դավից անտեղյակ, շարունակում է դեռևս բանտում եղած ժամանակ մտածել Վասիլիկի մասին։ Վեց անգամ փախուստի դիմելուց հետո վերջապես հաջողում է։ Սակայն օ՜հ զարմանք։ Փաստորեն այդքան ժամանակ նա դավաճանի համար էր այսքան մտահոգվում։ Հուսահատված, Զաբուղոնն ամբողջ գիշեր չի կարողանում մարսել իր տեսածն ու ճարահատյալ վերադառնում է բանտ․ այնտեղ գոնե այդքան դավադրություն չկա, այնտեղ գոնե այդքան դավաճանություն ու կեղծավորություն չկա։

Բայց արդյո՞ք Վասիլիկն էր այստեղ գլխավոր մեղավորը։ Կարծում եմ՝ նաև սիրո կարգն է այդպիսին։ Եվ իրոք, սերը երբեմն այնքան անկայուն կարող է լինել։ Եվ որքան կարող է մարդ այդ անորոշությանն ու անհարմար իրավիճակին դիմակայել, որքա՞ն կարող է մարդ ներսում պահել իր զգացմունքներն ու էմոցիաները։ Հաշվի առնենք նաև այն, որ աղջիկներն ակամա, թե կամա՝ ցուցամոլ էակներ են, մանավանդ սիրո հարցում։ Որքա՞ն կարելի է դիմանալ այն փաստին, որ ոչ ոք չպետք է իմանա քո կողակցի մասին։ Չէ՞, որ աղջիկն իրեն լիարժեք է զգում, երբ կողքին առնական տղամարդ է, ով գլուխ է հանում գրեթե ամեն ինչից։ Ապա ինչու՞ ցույց չտալ այդ ամենն ուրիշներին։ Այս ամենն իհարկե Վասիլիկի մտածմունքների մասն են կազմել։

Այսպիսով, չենք կարող հստակ ասել, թե ով է այստեղ մեղավոր, եթե իհարկե կա այդպիսին։ Ամեն մեկն իր համար ունի սեփական արդարացում և իր հերթին մյուսին է սխալ համարում։ Բայց այդպես չէ, սերն ունի նաև տհաճ հատկություն․ անհնար է փրկել այն կործանումից՝ քո մեջ կուտակելով այն անհարմարությունն ու ջերմության պակասը, որը հետզհետե ծավալվում ու տարածվում է։

Ռեյ Բրեդբըրի-«Ֆարենհայթ 451»

Ես չէի փորձում գուշակել ապագան։ Ես փորձում էի այն կանխել։

Ռեյ Բրեդբըրին վեպի մասին

Այսպես է ասել հանրահայտ գիտաֆանտաստ գրող Ռեյ Բրեդբըրին իր հայտնի «Ֆարենհայթ 451» վեպի մասին։ Նրա գրած այդ վեպի ընթերցումն մտածողությանս մեջ որոշակի բաներ փոխեց։ Իրոք, այդ փոքր՝ ընդամենը 200 էջանոց գիրքն այնքան իմաստ է իր մեջ պարունակում, որ ընթերցելու ընթացքում շատ անգամ է մտածելու տեղիք տալիս։ Այժմ հասկանանք, թե գրողն ինքը ինչ է ուզեցել հայտնել մեզ իրականում։

Գրողի կենսագրությունը

Ռեյ Դուգլաս Բրեդբըրին ծնվել է 1920 թ․ օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում։ Ամերիկացի հեղինակը հայտնի է իր բարձր երևակայությամբ կարճ պատմվածքներով և վեպերով, որոնք միախառնում են բանաստեղծական ոճը, մանկության կարոտը, սոցիալական քննադատությունը և փախած տեխնոլոգիայի վտանգների գիտակցումը:

Վաղ կյանք

Մանուկ հասակում Բրեդբըրին սիրում էր սարսափ ֆիլմեր, ինչպիսին է Օպերայի ուրվականը (1925); Ֆրենկ Բաումի և Էդգար Ռայս Բերոուզի գրքերը և առաջին գիտաֆանտաստիկ ամսագիրը՝ Amazing Stories։ Բրեդբըրին հաճախ պատմում էր 1932 թվականին կառնավալային հրաշագործի՝ պարոն Էլեկտրիկոյի հետ հանդիպման մասին՝ որպես նկատելի ազդեցություն: Ստատիկ էլեկտրականությամբ օժտված պարոն Էլեկտրիկոն դիպավ երիտասարդ Բրեդբըրիի քթին և ասաց. «Ապրիր հավերժ»: Հաջորդ օրը Բրեդբըրին վերադարձավ կառնավալ՝ խնդրելու պարոն Էլեկտրիկոյի խորհուրդը կախարդական հնարքի վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ պարոն Էլեկտրիկոն նրան ներկայացրեց կառնավալի մյուս կատարողներին, նա ասաց Բրեդբըրիին, որ նա իր լավագույն ընկերոջ ռեինկառնացիան է, ով մահացել է Առաջին համաշխարհային պատերազմում: Բրեդբըրին ավելի ուշ գրեց. «Մի քանի օր անց ես սկսեցի գրել լրիվ դրույքով: Այդ օրվանից ես գրել եմ իմ կյանքի յուրաքանչյուր օրը»։

Ֆարենհայթ 451

Բրեդբըրիի հաջորդ վեպը՝ Ֆարենհայթ 451-ը (1953), համարվում է նրա ամենամեծ ստեղծագործությունը։ Ապագա հասարակության մեջ, որտեղ գրքերն արգելված են, Գայ Մոնթագը՝ «հրշեջը», որի գործը գրքերն այրելն է, վերցնում է գիրքը և հրապուրվում կարդալով։ Ֆարենհայթ 451-ը ճանաչվել է իր հակագրաքննության թեմաներով և գրականության պաշտպանությամբ էլեկտրոնային լրատվամիջոցների ոտնձգություններից: 1966 թվականին թողարկվել է գրքի հանրահայտ կինոադապտացիան։

Վեպի գաղափարը հիմնված է Բրեդբերիի «Bright Phoenix» (1947) պատմվածքի վրա։ Բրեդբերին, չունենալով իր սեփական գրասենյակը, գրել է վեպի ձեռագիրը հանրային գրադարանում վարձակալած գրամեքենայով, որի համար վճարում էր ժամում 9.8 ցենտ։ Առաջին անգամ «Ֆարենհայթի» կրճատված տարբերակը (մոտ 25000 բառ) հրատարակվեց Galaxy Science Fiction ամսագրում 1951 թվականին «Հրշեջը» անվան տակ։ Վեպի լրիվ տարբերակը (երկու անգամ ավելի երկար քան «Հրշեջը») հրատարակեց Ballantine Books հրատարակչությունը 1953 թ.-ին։ Հաջորդ տարվա մարտին, ապրիլին ու մայիսին հրատարակվել է մաս-մաս Փլեյբոյ ամսագրում։

Բացի «Հրշեջը» պատմվածքից, վեպի շարադրման համար հիմք է հանդիսացել նաև «Հետիոտնը» ստեղծագործությունը։

Ballantine Books հրատարակչությունը վեպը գրաքննության ենթարկեց։ 1967 թվականին գրքի կրճատված տարբերակը հրատարակվում էր միջնակարգ դպրոցների համար։ Այս տարբերակում ջնջվել էին, որոշ հայհոյանքներ («hell», «damn» գրողը, գրողը տանի) հեռացվել էին աբորտների հիշատակումը, ինչպես նաև փոփոխվել էին մոտ 75 հատվածներ։ Այդ փոփոխություններն աննկատ էին մնացել, քանի որ պատանի ընթերցողները չէին տեսել վեպի բնօրինակը։ 1973 թվականին հրատարակչությունը որոշեց վաճառել միայն կրճատված տարբերակը, այն հրատարակվում էր մինչև 1979 թվականը։ Միայն այդ ժամանակ Բրեդբերին իմացավ, որ իր գիրքը կրճատված է վաճառվում, և նա պահանջեց հրատարակչությունից լրիվ տարբերակը հրատարակել։ Հրատարակչությունը կատարեց գրողի պահանջը 1980 թվականին։

Սյուժե

Մոտ ապագայում աշխարհում հաստատվում է տոտալիտար ռեժիմ, որն արգելում է բոլոր գրքերը սպառողական մտածելակերպը ամրացնելու նպատակով։ Արգելված գրքերը ենթակա են այրման։ Այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները՝ մտնելով օրենքը խախտողների տուն և այնտեղ այրելով ամեն ինչ։

Գրքի գլխավոր հերոսը՝ հրշեջ Գայ Մոնթագը, համոզված է, որ օգուտ է բերում մարդկությանը, սակայն մի օր աշխատանքից տուն վերադառնալիս նա հանդիպում է Քլարիս Մըքլելըն անունով աղջկա, որի հետ զրույցները մի քանի այլ գործոնների հետ միասին ստիպում են Գային վերանայել իր կարծիքը հասարակության մասին։ Շուտով նա ինքն է սկսում գրքեր կարդալ և համարվում է օրենքից դուրս։

Մեջբերումներ

  • Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ մարդիկ այլևս արժեք չունեն։ Մեր օրերում մարդը թղթե անձեռոցիկ է. մաքրիր քիթդ, ճմռթիր, դեն նետիր, վերցրու նորը, մաքրիր քիթդ, ճմռթիր, շպրտիր… Մարդիկ չունեն իրենց դեմքը։
  • Նրան հետաքրքրում էր ոչ թե այն, թե ինչպես է արվում ինչ-որ բան, այլ թե ինչու և ինչի համար։ Իսկ նման հետաքրքրասիրությունը վտանգավոր է։
  • Մենք ամեն ինչ ունենք երջանիկ լինելու համար, բայց դժբախտ ենք։
  • Կրակը հավերժական շարժում է. այն ինչ մարդը մշտապես ձգտել է գտնել, բայց այդպես էլ չի գտել… այնուամենայնիվ ի՞նչ բան է կրակը։ Գաղտնիք։ Առեղծված։ Գիտնականներն ինչ-որ բան են շաղակրատում շփման և մոլեկուլների մասին, բայց նրանք ըստ էության ոչինչ չգիտեն։ Իսկ կրակի հիմնական հմայքն այն է, որ ոչնչացնում է պատասխանատվությունը և հետևանքները։
  • Արևն այրում է ամեն օր, նա այրում է ժամանակը… Ժամանակն այրում է տարիները և մարդկանց։
  • Մի սպասեք փրկության ինչ-որ մեկից՝ լինի մարդուց, մեքենայից, թե գրադարանից։ Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փրկել աշխարհը, և, եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, որ լողում էիք դեպի ափը։
  • Կարևոր չէ, թե ինչ ես անում, կարևոր է, որ այն ամենը, ինչին ձեռք ես զարնում՝ ձևափոխվի, նախկինից տարբեր ձև ստանա, որ նրա մեջ քեզանից մի մասնիկ մնա։
  • Աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։
  • Ամենից առաջ հայելիների գործարան պետք է կառուցել և առաջիկայում հայելիներ արտադրել, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն…

Մեկնաբանություն և Վերլուծություն

Սյուժեից կարելի է հասկանալ, որ վեպի ընդհանուր թեման գրքերի դեմ շարժումն է, որը հեղինակը ներկայացրել է որպես մոտ ապագայի նկարագիր։ Գրքում այնպիսի յուրօրինակ ոճով ու վարպետությամբ են ներկայացված մարդկային անտարբերությունը, երբ մի ամուսնական զույգի սերն ադրեն վաղուց մտել է խորը թմբիրի մեջ, երբ մարդիկ առհասարակ միապաղաղ կյանք են վարում՝ ամեն օր գնում գործի, գործից գալիս տուն, իսկ նրանք, ովքեր չեն աշխատում՝ դիտում են հեռուստացույց, այն էլ մի սենյակում, որտեղ սենյակն ինքն է հենց հեռուստացույց՝ պատերին ամրացված մեծ էկրաններով։ Այդ հաղորդումների մեջ անգամ ամեն ինչ արված է, որ հեռուստադիտողը գոհ մնա դրանից։ Ամեն անգամ հեռուստադիտողի տրամադրությունն են հարցնում, նախընտրած թեման, որպեսզի դրան համապատասխան ամենաճիշտ հաղորդումը միացնեն տվյալ պահին։ Այդ գործընթացները կարող են ամեն օր շարունակվել ու շարունակվել, անընդհատ նույն բանը կարող է կրկնվել, սակայն ոչ ոք դա չի նկատում։ Ղեկավարությունը հոգ է տարել, որ ոչ ոք բողոքելու տեղ չունենա։ Այդ միանման հասարակության մեջ միայն հրկիզող Գայ Մոնթագն է մի օր նկատում այդ միօրինակությունը և օրեցօր սկսում խելագարվել դրանից։ Իր հանգստությունը նա գտնում է օրենքը խախտելով՝ գործի ժամանակ մի գիրք գողանալով ու ընթերցելով։

Բայց արդյո՞ք դա վեպի ընդհանուր գաղափարն էր, թե՞ այնուամենայնիվ ուրիշ իմաստ էլ է իր մեջ թաքցնում։ Հասկանանք՝ գրողի տեսանկյունից։ Շատերի կարծիքով վեպը քննադատում է ընդհանուր գրաքննությունը, սակայն ինքը Բրեդբերին հերքում էր դա. հարցազրույցներում նա ասում էր, որ «Ֆարենհայթը» պատմություն է նրա մասին, թե ինչպես է հեռուստատեսությունը անհետաքրքիր դարձնում գրքի ընթերցանությունը։ Գրողը լուրջ մտահոգություն ուներ այս հարցի հետ կապված։ Հեռուստատեսության մասին նա ասում էր, որ այն «տալիս է ձեզ Նապոլեոնի տարեթվերը, բայց չի ասում, թե ով է նա եղել»։ Բրեդբերին համարում էր, որ հեռուստատեսությունը չափազանց շատ ավելորդ ինֆորմացիա է տալիս մարդուն։ 1951 թվականին Ռիչարդ Մեթսոնին ուղղված նամակում հեղինակը գրում է նաև ռադիոյի վնասի մասին. այն դարձնում է մարդկանց «արագորեն կարդացող», ինչը նրանց համար գրեթե անհնար է դարձնում պարզապես նստելը և խորասուզվելը գրքի մեջ։

Նրանում, որ հեռուստատեսությունը ճնշեց գրականությանը, Բրեդբերին մեղադրում է ոչ թե կառավարությանը, այլ ժողովրդին։ Ըստ վեպի՝ գրքերի արգելմանը հանգեցնում են քաղաքական կոռեկտությունը և հասարակության բազմազանությունը։ Այնուամենայնիվ Բրեդբերին հայտնի դարձավ, որովհետև նրա ստեղծագործությունները հաղորդվում էին հեռուստատեսությամբ։

Կա նաև կարծիք, որ վեպն արտածում է այն ժամանակաշրջանը, որում ստեղծվել է։ Սկսվում էր Սառը պատերազմը, ԽՍՀՄ-ում տիրում էր ստալինյան ռեժիմը, իսկ ԱՄՆ-ում ծագում էր Մաքքարթիզմը։

Այնուամենայնիվ, ինչ էլ, որ գրողն արտահայտած լինի, գիրքն ընթերցելուց ակամա քո մեջ վախ է արթնանում՝ ապագայի նույնպիսի հեռանկարի մասին կանխազգալով։ Բայց մի՞թե կգա մի օր, երբ օրենքը խախտելու համար կկոտրեն տան դուռը, կներխուժեն և կհրկիզեն թաքստոցներում պահված բոլոր գրքերը։ Մի՞թե մի օր կձևավորվի այնպիսի հասարակություն, որտեղ կառավարությունը մարդկանց ուղեղներն այնպես “կլվա”, որ մարդիկ կհավատան այդ իրականությանը՝ ավելի պարզ ու նախընտրելի։

Արդյո՞ք մի օր մարդիկ կդադարեն կյանքի էության մասին մտածելուց, կհոգնեն դրա մասին անվերջ բանավեճերից ու հետազոտություններից և պարզապես կհավատան այն իրականությանը, որը վերնախավն է առաջարկում։ Կարծում եմ՝ այդ պատկերն ամբողջությամբ չի արտահայտվի։ Բայց այն, ինչ մենք այսօր թեկուզ ունենք, որոշ չափով արտացոլում է «Ֆարենհայթը»-ի պատկերը։ Երբ մարդիկ այնքան են սովոր հեռուստացույց դիտել, տարբեր սոց․ ցանցերում փոքրիկ գրառումներ անել, որ արդեն վարժված են հենց այդպիսի փոքրածավալ տեքստեր կարդալուն։ Շատերն ուղղակի վախենում են գրքի չափերից, վախենում են սկսել ընթերցել, խուսափում են ընթերցելուց, մինչև անգամ սոց․ ցանցերում փոքրիկ գրառումներ ընթերցելն իրենց համար դառնում է մեծ հոգս։ Բայց իհարկե, ինպես մեր վեպում, այնպես էլ իրականության մեջ, կգտնվեն հաստատ Գայ Մոնթագի պես շատ-շատերը, ովքեր կփորձեն փախչել իրականությունից և, ինչպես վեպի վերջում՝ կգտնեն իրենց նմաններին, կհեռանան օրեցօր անկում ապրող հասարակությունից և հեռվից, նայելով հասարակության կործանմանը, հուսահատ կգնան իրենց նմաններին որոնելու։ Բայց շատերն էլ կգերադասեն դառնալ ղեկավարության մասնիկը և լինելով շրջապատից խելացի՝ կդառնան այդ թերզարգացած հանրության ղեկավարը և կշարունակեն սնուցել նրանց՝ իրենց նախընտրած իրականությամբ․․․

Եթե ես լինեի Կրթության նախարար

Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։

Նելսոն Մանդելա

Կրթությունն իրոք շատ հզոր զենք է։ Զենք, որը մեզ հետ է դեռ մանկությունից և մինչև կյանքի վերջ մեզ բաց չի թողնում։ Ով կարողանում է ճիշտ բռնել այդ զենքը, ճիշտ օգտագործել այն, միշտ խփում է նշանակետին։ Իսկ ով ուղղակի պարծենալու համար է այն պահում, կարող է և մի օր կորցնել։

Ինչևէ, մեր ժամանակներում կրթությունը հատկապես Հայաստանում է կարևոր դեր խաղում։ Այն հիմա շատ ավելին է Հայաստանի համար, քան կարծում ենք։ Սակայն կրթությունը բավականին թերագնահատված է մեր երկրում, ինչն արդյունք է ավելի քան 30 տարվա կրթական ծրագրի անփոփոխ մնալուն։

Եվ լինել այդ համակարգի ղեկավարն ու գլուխը՝ շատ բարդ ու պատասխանատու, երբեմն նաև անշնորհակալ գործ է։ Իրականում, դա երևի ամենապատասխանատու պաշտոնն է, որ մարդ կարող է ունենալ։ Մարդ պետք է գիտակցի, որ ուղղակիորեն իրենից է կախված երկրի ապագան, գալիք սերնդի զարգացման բարձր մակարդակը։ Այսպիսով, նախքան կրթության նախարար դառնալը մարդ պետք է ունենա լիարժեք պատրաստվածություն, կյանքի փորձառություն, ինքնավստահ ու տոկուն բնավորություն և իհարկե արդյունավետ ծրագիր՝ կրթական ոլորտում հեղափոխություն անելու համար։

Ես ինքս դեռևս չունեմ հավակնություններ՝ այդ պաշտոնը զբաղեցնելու, սակայն կուզեի նշել մի քանի կարևոր կետեր, որոնք իմ կարծիքով բավականին կբարելավեն Հայաստանում կրթական համակարգը։

Մենք ներկայումս ունենք մանկավարժների, դասավանդողների օրեցօր սրացող խնդիր։ Ըստ ստատիստիկայի, տարեցտարի պակասում է երկրում դասավանդողների քանակը։ Հասկանանք, թե դա ինչից է գալիս։ Ամենաառաջին խնդիրը երևի թե ցածր աշխատավարձն է։ Ես միշտ ասել եմ, որ ուսուցիչը երկրի կարևորագույն, ամենապատասխանատու, սակայն ամենաանշնորհակալ ու չգնահատված գործն է։ Ես փոխել եմ ավելի քան չորս դպրոց և հասցրել եմ ճանաչել մի շարք մանկավարժների, որոնցից յուրաքանչյուրը, ճիշտ է, ուներ իր անհատական ուսուցման մեթոդը, սակայն դա այնքան արդյունավետ էր և ներգործող, որ իրոք մեծ ազդեցություն ունի գալիք սերնդի կայացման վրա։ Եվ այդ ամենը գնահատել շատ ցածր, մինիմում անարդարություն ու անարգանք է ոլորտի մասնագետի հանդեպ։ Չնայած երկրի բյուջեի սղությանը, պետք է դրանից մեծ բաժին հատկացվի դասավանդողների աշխատավարձի բարձրացման համար, հակառակ դեպքում կկորցնենք նաև այն, ինչ այժմ մեզ մնացել է։

Ունենք շատ լուրջ խնդիր՝ կրթական ծրագրի լիարժեքության ու կատարյալության։ Դա հատկապես տեսանելի է երկրի ավագ դպրոցներում, որտեղ կրթությունը մեծամասամբ բարձիթողի վիճակում է։ Այս ամենը գալիս է դեռևս անկախության տարիներից, երբ կրթական համակարգը նոր-նոր էր ձևավորվում։ Հայաստանը որդեգրեց 12-ամյա կրթական համակարգը՝ առանց մանրակրկտորեն ուսումնասիրելու ու մշակելու լիարժեք ուսուցման ծրագիր՝ այդ երեք տարվա համար։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ավագ դպրոցները հանրության կողմից ամենաանտեսված կրթական կառույցներն են, իսկ ներկայումս աշակերտները գերադասում են հաճախել քոլեջներ, որպեսզի գոնե անիմաստ չվատնեն այդ երեք տարիները։ Ռացիոնալ լուծումներից մեկը ավագ դպրոցների կրթական ծրագրի զրոյից վերամշակումն է։ Ճիշտ է, գործընթացի երկարատևության արդյունքում կտուժի այս և եկող մի քանի տարիների աշակերտությունը, բայց գոնե գալիք սերնդի համար լիովին մշակված ծրագիր կունենանք։

Կա մի նախագիծ, ըստ որի գալիք տարվանից դպրոցներից յուրաքանչյուրը մտնելու է համապատասխան վարչական շրջանի կառույցի ենթակայության տակ և համայնքային կառույցն ինքն է հոգալու դպրոցի կարիքներն ու ծախսերը։ Սահմանափակվելու են տնօրենի լիազորությունները և համայնքապետն անուղղակիորեն միջամտելու է դպրոցի գործերին։ Դա ունի և՛ իր լավ կողմը, և՛ վատ։ Լավ է, քանի որ այդ դեպքում բոլոր դպրոցները կունենան հավասար եկամուտ պետական կառույցներից և ավելի քիչ սովորողներ ունեցող դպրոցները ևս կունենան բավարար կապիտալ՝ զարգանալու համար։ Վատն այն է, որ դպրոցն ավելի խորն է արմատանում պետական կառույցներ։ Սակայն դեռևս հստակ չենք կարող ասել՝ վա՞տ է այն, թե՞ ոչ, մինչև նախագիծն ուժի մեջ չմտնի։

Մեր ժամանակներում շատ լուրջ խնդիր է նաև համապատասխանաբար ներկա և անցյալ սերնդի աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունները։ բազմիցս լինելով այդ հարաբերությունների սրացման կենտրոնում՝ որպես ականատես և դրա վատ հետևանքների կրող, կարող եմ վստահ ասել, որ այդ հարաբերությունների սրացումն ու լարումը կարող է աշակերտին տանել մինչև տվյալ առարկայի անտեսում, ատելություն դրա հանդեպ կամ չսովորելու բուռն ցանկություն։ Շատ անգամներ այդ լարվածությունը առաջանում է հենց սերնդային բախման արդյունքում, երբ երկու՝ իրարից բոլորովին տարբեր մտածելակերպով մարդիկ բախվում են իրենց մենթալիտետի տարբերության պատճառով։ Այդ ամենը բերում է փոխադարձ ատելության և ոչինչ դրանից հետո արդյունավետ չի կարող լինել աշակերտի կրթման գործում։ Ասածս կարող է մի փոքր վիրավորական հնչել, բայց միգուցե ազատե՞նք համակարգը “իրենց դարն ապրած” մանկավարժներից և դաշտի համար պատրաստենք ժամանակակից, առաջադեմ գաղափարներով լի մանկավարժների։ Այլ լուծում չկա, չենք կարող ազդել նախորդ սերնդի մարդկանց մենթալիտետի վրա։ Ռացիոնալ լուծումը նրանց թոշակի ուղարկելը կլինի։ Իհարկե թող ներեն ինձ բոլոր մանկավարժները այս մի կետի համար, ես ոչ ոքի դեմ ոչինչ չունեմ, պարզապես ունեմ կարծիք՝ ինչպես աշակերտին խրախուսել սովորել։

Սրանք էին այն առավել կարևոր կետերը, որոնք իմ կարծիքով առաջնահերթ լուծման ու վերամշակման կարիք ունեն՝ դպրոցների զարգացման ճանապարհին։ Ամփոփելով՝ ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ որքան կարևոր է մանկավարժի, դասավանդողի դերը պետության զարգացման ու ապագայի կառուցման հարցում։ Եթե չունենանք լավ կրթական կառույցներ՝ որակյալ կրթության տրամադրումով և դասավանդողների առողջ մթնոլորտով, չենք կարող երաշխիքներ ապահովել Հայաստանի վաղվա օրվա կայունության մասին։

Դերենիկ Դեմիրճյան-Հայը

Դերենիկ Դեմիրճյանի այս ստեղծագործությունը, պետք է ընդունել, ծայրից ծայր ճշմարտություն է։ Հայն ունի թվարկված բոլոր հատկանիշները և չնայած ստեղծագործության վաղեմությանը, դա արդիական է նաև այսօրվա համար և ապագայում էլ արդիական կլինի։ Միայն թե ստեղծագործությունում այնպիսի կառուցվածք է օգտագործվել, որ ընթերցողին հայը ներկայացվում է որպես առավել վատ կերպար, քան լավ։ Ճիշտ է, հայը աշխատասեր է, հավատացյալ է, ազատասեր է, բայց նաև ծույլ է, եկեղեցի չի գնում, չափից շատ հանդուրժող է։ Հերթով վերլուծենք հայի բոլոր հատկանիշները։

Հայը իրոք շատ ազատասեր է, և ինչպես նշում է Դեմիրճյանը՝ կյանքից առավել թանկ բան հայի համար ազատությունն է։ Նա աշխատասեր է, այո, սիրում է տանջել իրեն, բայց ոչ տանջվել ուրիշի կողմից։ Հենց դրա պատճառով է, որ գաղթի ժամանակ նա ամենածույլն է։ Հայը հյուրասեր է, իր աշխատածից էլ մաս կարող է հատկացնել ուրիշներին։ Իր ջանքերով վաստակածից կարող է հեշտությամբ հրաժարվել՝ միայն թե դիմացինին բավարարի։ Հայն իրոք հույսով լի է, անգամ այն ժամանակ, երբ բախտը երկար ժամանակով երես է թեքել նրանից։ Բայց հենց հույսն ու հավատն է, որ հային շատ անգամներ մղել է առաջ, դեպի պայքար, դեպի հաղթանակ։ Այո, հայի բնակարանը կարող է դատարկ լինել, բայց երկիրը շեն է բազմաթիվ վանքերով, բնակերտ ու մարդու կողմից շինված հրաշալիքներով։ Հայը սիրում է, երբ օտարի առջև իր գեղեցիկ երկիրն է հառնում, դրանից հետո կարևոր չէ՝ նրա տունը դատարկ է, թե լեցուն, հայի համար կարևորը օտարի հիացմունքն է, նրա գնահատականը հայրենիքի մասին։ Չէ՞ որ հայն իր աշխատասեր ոգով է հենց կերտել այդ հայրենիքի ամեն մի քարը։

Հայը միշտ օտարին ներկայանում է որպես առաջին քրիստոնյա ազգ։ Բայց արդյո՞ք նա գնում է եկեղեցի, գիտի որևէ եկեղեցական ծես, շարական, կարո՞ղ է պատասխանել քրիստոնեությամբ հետաքրքրվողի հարցին։

Ամեն հայ միշտ թշնամական է մեկ ուրիշ հայի հանդեպ։ Մեկը ոխ ունի հարևանի դեմ, հարևանը՝ խանութի տիրոջ դեմ, խանութի տերը՝ առևտրականի դեմ, առևտրականը՝ նախարարության, նախարարը՝ ղեկավարության, ղեկավարն էլ՝ ժողովրդի, որի համար անում է ամեն բան, բայց մեկ է՝ բողոքում են իրենից։ Այսպես, աստիճանաբար մեկը մյուսի հետ թշնամացած է․ հայը հայի հետ։ Բայց պարադոքս է այն, որ հայերը հանկարծ մեկ բռունցք են դառնում, բոլորը միանգամից եղբայրանում են, հարևանը դառնում է բարեկամ, խանութի տերը՝ բարեգործ, առևտրականը՝ բարերար, նախարարը՝ ժողովրդի սիրելին, ղեկավարը՝ միակ փրկություն։ Այս ամենը լինում է միայն, երբ դանակը իրոք հասնում է ոսկորին։ Հակառակ դեպքում, հայերը նորից կարող են թշնամանալ միմյանց հանդեպ։ Այսպիսով՝ հայը նաև ծայրահեղ հեղափոխական է։ Նա այնքան մարդու հետ է միաժամանակ կռիվ տալիս, որ մեկ-մեկ մոռանում է, թե ով է իր բարեկամը։ Ստիպված հանգում է այն մտքին, որ ինքն աշխարհում միայնակ է, ոչ ոք իր բարեկամը կամ օգնականը չէ, և հույսը դնում է միայն իր և Աստծո վրա։

Այո, հայը դարավոր վրեժ ունի սրտի խորքում, վրեժ, որ եթե բռնկվի կարող է մի ամբողջ տերություն կործանել։ Բայց հայը հոգ է տանում դրա մասին, ներսի կուտակված ոխն արդեն քանի դար է քնեցրած է պահում, որ հանկարծ չարթնանա։ Բայց սա չի նշանակում, թե հայը ներողամիտ է կամ թույլ է։ Ընդհակառակը, հայն այնքան է գերադասում ճշմարտությունը, որ թշնամուն նույնպես չափում է իր արշիրով։ Նա շատ անգամ չի հասկանում, որ մարդ կարող է այդքան նենգ լինել։ Հայը ճշմարիտ ու արդար է, դրա համար չունի այդքան ուժ՝ գոյատևելու այս անարդար ու անսասան աշխարհում, ուր մեռնում են լավերը, վայելում են սպանողները, օգտվում են հրահրողները։

Բայց արդյո՞ք մի օր հայը կբացի աչքերը։ Արդյո՞ք կհասկանա իրականության դառը համը։ Կգտնի՞ ճիշտ ելքն այս խեղդող իրականությունից, կմոռանա՞ ազգակցից խռոված լինելը ՝ հասկանալով, որ թշնամին է այսքան ժամանակ փորձում պառակտել իր ազգին։ Ազատասիրություն․ մի վեհ գաղափար, որ հայերը վեր են դասում ամեն ինչից։ Բայց անսահման ազատությունը ամեն ինչ չէ, անազատ մարդիկ գոնե շարունակաբար չեն կոտորվում․․․

Փորձի փոխանակում հետազոտական կարողությունների զարգացման գործում

Հետազոտական աշխատանքը գիտական որևէ թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և գործնական լուծման ակնկալիքով:

Մեր դպրոցում ևս այս տարի տեղի կունենա աշակերտների կողմից այս կամ այն թեմայի հետազոտություն և աշխատանքի ներկայացում հանրության առաջ։ Սա նոր բան է մեզ համար, և բնական է, որ չի կարող ամեն բան անթերի լինել։ Ուսուցիչների և դասավանդողների օգնությունից և ուղղորդումից բացի մեր դպրոցում արդեն կազմակերպվում են հետազոտական կարողությունների զարգացման համար փորձի փոխանակումներ։ Այդ հանդիպումներից մեկին մասնակցեցի նաև ես, որի հյուրն էր փորձառու հետազոտող Մարիամ Եվդոկիմովան։ Նրա նպատակն էր հանդիպման ընթացքում հնարավորինս շատ տեղեկություն հաղորդել հետազոտական աշխատանքի կարևորության, դրա չափանիշների և ընդհանուր էության մասին։

Հետազոտությունն ընդամենը մի դպրոցական հանձնարարություն կամ պարտականություն չէ, դա մի բան է, որ մեզ պետք է գալու դպրոցից հետո՝ համալսարանում և ինչու ոչ՝ նաև աշխատանքում։ Մարիամ Եվդոկիմովայի խոսքերով՝ հետազոտական աշխատանքը հնարավորություն է տալիս ինչ-որ երևույթի մեջ ավելի խորանալ, տվյալ երևույթի մասին ավելի խորքային պատկերացումներ կազմել և լինել ավելի ինֆորմացված։

Այս ամենը կարող է իրականանալ և հետազոտությունը կարող է լինել արդյունավետ միայն, եթե այն ճիշտ կազմվի։ Հետազոտություն իրականացնելու համար նախևառաջ պետք է տարբերակել ընտրված թեմայի օբյեկտն ու առարկան։ Ընդ որում օբյեկտը տվյալ դեպքում համարվում է ուսումնասիրվող երևույթը, գործողությունը, իսկ առարկան մարդն է, ժողովուրդը, ով ընդգրկված է տվյալ օբյեկտի կատարման գործում, ում մասին արդեն պետք է տեղեկություն հավաքել։ Հետո արդեն աշխատանքը բաժանվում է փուլերի․ առաջին փուլում՝ նախագծումն է, երբ ընտրվում է թեման, օբյեկտն ու առարկան։ Հաջորդիվ կատարվում է հետազոտության մաս կազմող ոչ պակաս կարևոր գործընթաց՝ աղբյուրների որոնումը և թեմայի սահմանումը։ Աղբյուրների ճշգրտությունը ստուգելու մի քանի ձև կա․ գտնել դրա սկզբնաղբյուրը, համեմատել դրանք այլ հոդվածների ու հետազոտությունների հետ, ի վերջո ստուգել տվյալ աղբյուրտժը՝ արդյո՞ք մշտապես վստահելի է, թե՞ ոչ։

Մարիամ Եվդոկիմովան ներկայացրեց նաև սոցիալական հարցման կարևորագույն չափանիշները, դրանք կազմելու հիմնական ուղղություններն ու անհրաժեշտ տեղեկությունները։ Սոցիալական հարցումը ևս շատ մեծ նշանակություն ունի հետազոտական աշխատանքում, սակայն դա նույնպես ենթադրում է բարդ ու երկար աշխատանք։ Պետք է շատ ճշգրտորեն կազմել հարցման թերթիկն ու ճիշտ քայլերով իրականացնել հարցումը, որպեսզի արդյունքները լինեն օբյեկտիվ ու համապատասխանեն իրականությանը։

Ամփոփելով հանդիպումը՝ ուզում եմ նշել, թե դա ինչքան կարևոր կարող է լինել մեզ համար։ Նախևառաջ այն բացում է գաղտնիքներն ու քայլերը հետազոտություն կատարելու, բացի այդ հաղորդում այնպիսի տեղեկություններ և աշխատանքի բաղկացուցիչ մասեր, որոնք հաստատորեն կօգնեն աշակերտներին ավելի կոկիկ և ավելի գեղեցիկ կազմել հետազոտությունը։ Ստացած տեղեկություններով կարելի է ավելի արդյունավետ դարձնել հետազոտության արդյունքները, հետազոտությունը դարձնել ավելի ուշագրավ ու լիարժեք։

Շնորհակալ ենք հանդիպման հյուր Մարիամ Եվդոկիմովային, ով ցանկացավ իր փորջով կիսվել այդ գործում դեռևս ոչ փորձառուների՝ սկսնակների հետ, և տվեց բավականին պիտանի գիտելիք ու տեղեկություններ։ Հուսով եմ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն և մենք՝ աշակերտներս բարեհաջող կտիրապետենք հետազոտություն իրականացնելու հմտությանը։

Արտաշես և Արտավազդ

Մաս Առաջին

1. Սա առաջին եղեալ ի կանանցն Արտաշիսի` ծնանի նմա զԱրտաւազդ եւ զայլս բազումս:

Աշխարհաբար

Սա (Սաթենիկը) Արտաշեսի կանանց մեջ առաջինը դառնալով` (նրա համար) ծնում է Արտավազդին ուրիշ շատ զավակներ:

2. Ոմանք ասեն եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. Զոր համարեցան կախարդել զսա կանանց զարմիցն Աժդահակայ. վասն որոյ զնոսա բազում չարչարեաց Արտաշէս: Եւ զայս նոյն երգիչքն յառասպելին ասեն այսպէս. եթէ

Վիշապազունք գողացան զմանուկն Արտավազդ

Եւ զդեւ փոխանակ եդին:

Աշխարհաբար

Ոմանք էլ ասում են, թե հենց սրա (Արտավազդի) ծնվելու ժամանակ մի պատահար է եղել, և կարծում են, թե Աժդահակի սերնդից կանայք նրան կախարդել են, որի պատճառով Արտաշեսը նրանց շատ չարչարեց: Այս նույն երգիչներն առասպելի մեջ այսպես են ասում…

Հարցեր և առաջադրանքներ

1․Ի՞նչ կարող է նշանակել վիշապազուն բառը(համեմատիր արքայազուն, իշխանազուն բառերի հետ)։

Պատասխան․ Վիշապազուն նշանակում է վիշապից սերված, ծագած վիշապի սերունդ։ Նույն իմաստով էլ արքայազուն՝ արքաների սերնդից և իշխանազուն՝ իշխանների սերնդից։

2․Աշխարհաբար դարձրու առասպելից մեջբերված հատվածը:

Պատասխան․ Վիշապազունները գողացան մանուկ Արտավազդին և փոխարենը դև դրեցին։

Մաս Երկրորդ

Ի մահուանն Արտաշիսի բազում կոտորածք լինէին ըստ օրինի հեթանոսաց. դժուարի, ասեն, Արտավազդ` ասելով ցհայրն.

Մինչ դու գնացեր,

Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,

Ես աւերակացս ում թագաւորեմ:

Աշխարհաբար

Արտաշեսի մահվան ժամանակ, հեթանոսական սովորությամբ, շատ կոտորածներ էին լինում. սրա վրա(պատճառով), ասում են, Արտավազդը նեղանում է և ասում է հորը…

Հարցեր և առաջադրանքներ

1․Փորձիր գլխի ընկնել, թե զերկիրս ամենայն բառակապակցությունն ու աւերակացս բառը բացատրելիս որտեղից է ավելացել այս բառը:

Պատասխան․ տվյալ բառերում առկա է Ս հոդը, որը ինքնին բառավերջում գործածվելիս նշանակում է այս։

2․Աշխարհաբար դարձրու Արտավազդի խոսքը:

Պատասխան․ Երբ դու գնացիր, այս ամբողջ երկիրը քեզ հետ տարար, ես այս ավերակների վրա ու՞մ թագավորեմ։

3․Հորն ուղղված այս խոսքի մասին քո վերաբերմունքը շարադրիր.

ա)մեղադրիր Արտավազդին

Պատասխան․ Արտաշեսը արժանի չէր այդ խոսքերին, այն էլ իր որդու կողմից։ Ի վերջո դա ժամանակի բարքն էր, այլ ոչ Արտաշեսի մեղավորությունը։ Եվ անընդունելի է այդպիսի հեգնական ու մեղադրող տոնով խոսել հոր՝ ազգի համար հզոր մարդու հետ։

բ)արդարացրու նրան

Պատասխան․ Արտավազդը շփոթմունքի մեջ էր առաջացած խառնաշփոթից։ Նա իր հոր կողմից լիարժեք պատրաստված չէր այդ պատասխանատվությանը և ընդունելի է նրա կողմից հորն այդպիսի հարց հնչեցնելը։ Նա այդպես նաև ակնկալում է հոր օգնությունը ստեղծված իրավիճակում։

4․Արտավազդի բնավորության ո՞ր գիծն է երևում այս հատվածում:

Երբ նա զայրացած դիմում է հորը, երևում է նրա եսասիրությունն ու գոռոզությունը, կարելի է նաև ասել նրա անբավարարվածությունը։

Մաս Երրորդ

Վասն որոյ անիծեալ զնա Արտաշիսի` ասաց այսպէս.

Եթէ դու յորս հեծցիս

ՅԱզատն ի վեր ի Մասիս,

Զքեզ կալցին քաջք, տարցին

ՅԱզատն ի վեր ի Մասիս.

Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:

Հարցեր և առաջադրանքներ

1․Աշխարհաբար դարձրու հատվածը: Աշխարհաբար ինչպե՞ս կլինի` յորս հեծցիս բառակապակցությունը:

Պատասխան․

Ինչի համար էլ Արտաշեսն անիծեց նրան՝ ասելով․

Եթե դու հեծնես որսի

Դեպի վեր՝ ազատ Մասիս,

Քաջքերը քեզ բռնեն, տանեն

Դեպի վեր՝ ազատ Մասիս,

Այնտեղ մնաս ու լույս չտեսնես։

2․Ինչպե՞ս ես հասկանում զլոյս մի տեսցես արտահայտությունը:

Պատասխան․ լույս այստեղ նշանակում է ազատություն։ Լույս չտեսնես՝ ազտաություն չտեսնես, ազատության մեջ չլինես։ Նմանատիպ բառակապակցություններ են օր ու արև չտեսնես, աչքդ լույս չտեսնի։

3․Կազմիր նախադասություններ, որոնցում լույս տեսնել – ն ունենա տարբեր իմաստներ:

Պատասխան․

Շենքում էլեկտրականության վթարի չեզոքացումից հետո աչքս վերջապես լույս տեսավ։

Նրան իր գաղափարների համար վտարեցին երկրի խորքեր և նա այդ օրվանից լույս չտեսավ։

Մաս Չորրորդ

Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն Արտաւազդայ:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար․

պառաւունք, չունք, կապանքն, շղթայքն, զսալն

Պատասխան․ պառավներ, շներ, կապանքներ, շղթաներ, սալեր

2․ Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմության նկատմամբ:

Տվյալ հատվածն արդեն ավարտն է Արտաշես և Արտավազդ առասպելի։ Այստեղ մենք տեսնում ենք հոր կողմից անիծված Արտավազդին, ում իրոք չարքերը բռնեցին և շղթայեցին մի քարանձավում, որտեղ նա ջանում է ամեն կերպ ազատվել շղթաներից, դուրս գալ և աշխարհի վերջը բերել։ Սակայն դարբինների սալերի ամեն մի զարկով նրա շղթաներն ավելի են ամրանում։ Եվ մինչ օրս շատ դարբիններ ամեն կիրակի օրը զարկում են իրենց դարբինները՝ առասպելական սովորույթի ուժով։

Սա մի պատմություն էր հին ժամանակների բարքերի, սովորույթների մասին։ Նախ և առաջ մենք տեսնում ենք իրականում գոյություն ունեցած Արտաշես կերպարի պաշտամունքը, թե ինչպես է ժողովուրդը պաշտում նրան՝ իր կատարած սխրանքների ու հերոսությունների համար։ Այնուհետև արդեն ծնողին ուրանալու գաղափարն է, երբ Արտավազդը, գոռոզությունից ելնելով, դեմ է գնում հորը՝ նրա մահից հետո։ Արտավազդին մեզ դարերով ներկայացրել են որպես չար կերպար, առասպելի վատ հերոս։ Եվ արդյունքում նա անիծվում է հոր կողմից ու փակվում ժայռում՝ պատրաստ ամեն րոպե դուրս գալուն ու աշխարհը կործանելուն։ Սակայն դարբինները, որոնք իրականում մեզ պահապան այն հայրենասեր, անվախ ու քաջազուն հսկաներն են, իրենց ուժով ու խիզախությամբ չեն թողնում Արտավազդին՝ հասնելու իր կործանարար նպատակին։ Սա մի պատմություն էր հերոսության, երախտամոռության և իհարկե, հայրենասիրության մասին։

Design a site like this with WordPress.com
Get started