Թափառումներ Ամանորի նախօրեին․ Այց չինական վայելչագրության ցուցասրահ

Բնությունն ամեն ինչի մասին այնպես է հոգացել, որ ամեն տեղ սովորելու բան գտնես:

Լեոնարդո դա Վինչի

Ինչքան ճշմարիտ են ասված այս խոսքերը։ Իրոք որ, ցանկության դեպքում, մարդ կարող է միջավայրում բացահայտել այնպիսի հիասքանչ, գեղեցիկ մասնիկներ, ծանոթանալ տարբեր երևույթների, զարդերի ու գոհարների, սովորել նոր ու հետաքրքիր բաներ։ Այս անգամ ևս չինարենի խմբակով գնացել էինք նոր բաներ սովորելու, ավելի խորը թափանցելու չինական մշակույթ և բացահայտելու դրա գերակա արվեստներից մեկի՝ չինական կալիգրաֆիայի գաղտնիքները։

Խումբը շատ ոգևորված էր՝ ծանոթանալու մշակութային այդ գոհարներին, վայելելու չինական գեղանկարչությունն ու արվեստը և հաճելի զրույց ունենալու չինացի արվեստագետների հետ՝ իրենց իսկ մայրենի լեզվով։ Ընդ որում՝ նախքան այցելությունը, բոլորս փոքր-ինչ պատրաստված էինք և արդեն իսկ ծանոթ էինք չինական վայելչագրության առաջացմանը և դրա մասին հետաքրքիր տեղեկություններին։ Այդ մասին պատմող իմ հետաքրքիր նյութը կարող եք ընթերցել այստեղ։

Այդպիսով՝ մուտք ենք գործում ցուցասրահ և անմիջապես կլանվում տարբեր տեսակի, բնույթի և իմաստի պատկերների, որոնց հեղինակն էր Հայաստանում արդեն անվանի՝ չինացի տաղանդավոր արվեստագետ։ Անչափ հետաքրքիր էր ծանոթանալ գեղանկարչության երկու՝ սիրողական և պրոֆեսիոնալ ոճերին։ Գեղատեսիլ բնապատկերներ, դեպի անսահմանություն ձգվող երկինք, կախարդական աշխարհ իր կապույտ, հսկա լեռներով և նախշուն, գրավիչ ծաղիկներով, և այս ամենը հիերոգլիֆների կալիգրաֆիայի գեղեցիկ համադրությամբ։

Շատ շուտով ընկերացանք չինացի ներկաների հետ, ովքեր շատ ուրախ էին հանդիպել երեխաների, ովքեր շատ ակտիվ սովորում են չինարեն և շատ հետաքրքրված են չինական մշակույթով։ Ինչպես նաև գովելի էր նրանց հետաքրքրասիրությունը Հայաստանի, նրա գեղատեսիլ վայրերի և մշակույթի հանդեպ։ Հաճելի զրույց ունեցանք նաև չինացի արվեստագետի հետ, ով համբերատար պատասխանում էր բոլորիս հարցերին և ուրախ էր տեսնել՝ ինչպես ենք զմայլվում իր արվեստով։

Հիանալի տպավորություններով հաջողություն ենք մաղթում չինացիներին և որոշում ենք այցելել Զանգակ գրատուն՝ ծանոթանալու գրական նորություններին և հայացք ուսումնասիրելու մի շարք գրքեր՝ ամենատարբեր ժանրերի և մշակույթների։ Գրատների կողքով ես չեմ կարող անտարբեր անցնել և միշտ մտնում եմ տարբեր գրքերի ծանոթանալու, իսկ այդ գործընթաացը տևում է շա՜տ երկար։ Տարբեր գրքերի մասին մեկնաբանություններ, նկարագրություններ լսելուց հետո, այնուամենայնիվ չկողմնորոշվեցի՝ ինչ գիրք գնել, որովհետև բոլորն էլ հետաքրքիր էին թվում։ Դիստոպիայից մինչև սարսափ, ֆանտաստիկայից մինչև սիմվոլիզմ, բոլոր գրքերն էլ գրավիչ էին։ Մի փոքր էլ գրատնով շրջվելուց հետո որոշեցինք առիթը բաց չթողնել և գեղեցիկ ամանորյա նկարներ անել։

Դե, իսկ հետո արդեն որոշեցինք արդյունավետ և հետաքրքիր օրն ավարտել՝ մի փոքր Երևանով զբոսնելով։

Օրն իրոք հիանալի էր և շատ բան տվեց մեզ։ Գիտելիքը թողնենք մի կողմ, այն մեզ տվեց հիանալի զգացողություններ ու տպավորություններ, նոր ծանոթություններ ու բացահայտումներ։ Մի խոսքով, այդքան սպասված օրը կարող ենք ստացված համարել։ Դե ինչ, մնում է միայն դիմավորել Նոր տարին՝ նոր ակնկալիքներով և նոր բաներ բացահայտելու պատրաստակամությամբ։

Design a site like this with WordPress.com
Get started