Փարիզի տեսարժան վայրերը։ Վերսալ

Արքայական շնչից մինչեւ խաղաղության պայմանագրեր

Ֆրանսիական թագավորների երբեմնի նստավայր Վերսալն, անշուշտ, ողջ Ֆրանսիայի հպարտությունն է եւ հիմնական այցեքարտերից մեկը։ Այն պալատական ու այգիների հոյակերտ անսամբլ է։ Վերսալը գտնվում է Փարիզից 20 կմ հեռավորության վրա։ Վերսալի պալատը ձեւավորվել է 17-րդ դարի կեսերին՝ Արեւ արքա Լյուդովիկոս 14-րդի նախաձեռնությամբ։ Պալատի ոսկեզօծ դարպասների մոտ վեր է խոյանում Լյուդովիկոս 14-րդի արձանը։ Մուտքի մոտ մշտապես հսկայական հերթեր են։

Պալատական համալիրի գեղեցկագույն մասն են կազմում այգիները, որտեղ ավելի քան 400 քանդակներ են տեղադրված, կա նաեւ 1400 շատրվան։ Վերսալյան այգիների արեւմտյան մասում 1,6 կմ-անոց ջրանցք կա, ասում են՝ Լյուդովիկոս 14-րդը շատ է սիրել նավարկել այդ ջրանցքով։ Ի դեպ, Վերսալյան այգում զբոսնելու համար ժամանակին դրես կոդ էր սահմանված՝ պետք էր լավ հագնված լինել։

Պալատը 700 սենյակ ունի, կահկարասու մաս կազմող բաղադրիչները 5000-ից ավելի են։ Ի թիվս այլնի՝ առանձնանում է նաեւ փոքր Տրիանոն, որը Լյուդովիկոս 16-րդի կնոջ՝ Մարի Անտուանետի նստավայրի մաս էր կազմում։ Այն օժտված է յուրահատուկ նրբագեղությամբ։

Ընդհանրապես, Վերսալը բառերով ներկայացնելն անպտուղ գործ է, եւ մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելի ֆրանսիական շքեղությունն ու պատմության շունչն ամփոփող այս չքնաղ վայրը ու մշակութային շոկ ապրի։

Կարդացեք Ավելին

Գեղատեսիլ Հայաստան․ Մեծամոր

Մարդն առանց իր անցյալի պատմության, ծագման ու մշակույթի իմացության նման է առանց արմատների ծառի։

Մարկուս Գարվի

Եվ իրոք, ինչպե՞ս կարող է մարդ իր նախնյաց ժառանգորդը լինել՝ առանց իմանալու իր ծագումն ու մշակույթը։ Շատերը կասեն, որ պատմությունն ու մշակույթը զուտ թղթին կամ որևէ իրին հանձնված մտքեր ու պատկերներ են, որ անհրաժեշտություն չկա դրանք իմանալու։ Բայց չէ՞ որ հենց դրանք են պայմանավորում ու պահպանում ազգի ինքնությունը, չէ՞ որ դրանով է ժողովուրդը ազգ համարվում և դրանցով է բնորոշվում։ Եվ այս ամենը հասկանալով՝ չծանոթանալ քո ազգային արժեքների հետ, անընդունելի է։

Այս անգամ խմբով ուղևորվել էինք Տարոնիկ գյուղից ոչ հեռու գտնվող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Պատմական վայրում կառուցված մի շինություն, որտեղ պահպանվում են դեռևս կես դար առաջ պեղված և գտնված եզակի մշակութային արժեքներ՝ տեղի ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերից մինչև հնագույն արհեստների և ծեսերի բաղադրիչներ։

Յուրաքանչյուր իր, որը պահվում է թանգարանում, ունի իր բազմադարյա պատմությունը։ Շինությունը կարծես մի ամբողջ պատմություն է պահում իր ներսում՝ վաղ բրոնզի դարից մինչև ուշ-միջնադարյան ժամանակներ։ Եվ նայելով այդ ամենին՝ զարմանում ես, թե ինչպիսի նրբագեղությամբ և որակով է պատրաստված այս կամ այն իրը այն ժամանակների համեմատ։ Այցելության ընթացքում տեղեկացանք հնամյա կարգերին ու կենցաղին, իմացանք ժամանակի ապրելաձևի ու դրա մաս կազմող կարևոր բաղադրիչների մասին․ մարդկանց զբաղմունքի, նախասիրությունների, ոճի և անցուդարձի մասին։ Տեսանք մի շարք ձեռագործ աշխատանքներ, որոնք փաստում են մեր նախնիների հնարամտությունն ու աշխատասիրությունը։

Ճանապարհին այցելեցինք նաև պատմական Զվարթնոցի տաճար և հարակից թանգարան։ Թեև այդ հսկայական կառույցից կանգուն են մնացել միայն սյուները, միևնույն է՝ շատ հաճելի և դուրեկան էր տեսնել այդ պատկերը․ դիմացդ խոյացող վեհ սյուները երկնքի կապույտի մեջ, հսկա բեկորներն ու տաճարը բոլորող վիթխարի աստիճանները։ Իսկ թանգարանն արդեն մեկ այլ գեղեցկություն էր։ Այն ուղղակի լեցուն էր այդ պատմական և չավերված խաչքարերով, բեկորներով և տաճաչի մասը կազմած տարբեր իրերով։ Ապշեցուցիչ էր տեսնել այդ երբեմնի հսկա, ահեղ տաճարը՝ վերածված սյուների և բեկորների այդ ամբողջության։

Եվ ահա՝ արդեն վերադարձի ճանապարհին, ինքս իմ մեջ ուրախ էի, որ այցելությունը ավելի քան ստացված էր։ Ձեռք բերած տեղեկություններս ու հուշերս միշտ կպահվեն հիշողությանս մեջ որպես գեղեցիկ և հետաքրքիր օրվա մի մաս։ Եվ հուսամ՝ ապագայում ևս կլինեն նմանատիպ ուսուցողական-ճանաչողական ու հետաքրքիր այցելություններ, քանի որ հենց այսպիսի ուղևորություններն են, որ մարդուն ճանաչել են տալիս իր ազգային արժեքն ու ինքնությունը, և այդ ամենն անում են՝ պարգևելով վառ հիշողություններ։

Մխիթարյան միաբանություն

Վիեննայի 7-րդ թաղամասի Մխիթարեան փողոցի համար 4 շէնքի դարպասի վրայ մի անսովոր, եպիսկոպոսական խոյրով զարդարուած, քարէ զինանշան է երեւում: Այն զարդարում է Մխիթարեան վանքի գլխաւոր մուտքը: Այստեղ, 200 տարի է, վանականները ծառայում են հայ եկեղեցուն եւ մշակոյթին: Հայոց հաւատքի եւ մշակոյթի պահպանմանը նուիրուած ստեղծագործական աշխատանքը դարձրել է վանքը հայ ոգու կենտրոն, առանց որի հայոց մշակոյթը անհնար է պատկերացնել: Սակայն ինչպէ՛ս եղաւ, որ հենց այստեղ Վիեննայում հայ կաթոլիկ վանականներ սկսեցին ապրել ու գործել ըստ Սուրբ Բենեդիկտոսի կանոնների:

1676թ. ծնուած Մխիթար Սեբաստացին հիմնելով իր Միաբանութիւնը 1701թ. Սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում, չէր էլ պատկերացնում, որ ապագայում հայոց մշակոյթի պատմութեան կարեւորագոյն անձանց թուին է պատկանելու: Շուտով Մխիթարն ու իր եղբայրակիցները լքեցին Օսմանեան Կայսրութիւնը եւ Պելոպոնեսում, այն ժամանակ Վենետիկի իշխանութեան ենթակայ Մեթոն քաղաքում, հայկական վանք հիմնեցին: Դեռ այնտեղ գտնուած ժամանակ նրանք ընդունեցին Սուրբ Բենեդիկտոսի կանոնները: Կղեմէս ԺԱ. Պապը պաշտօնապես հաստատեց նրանց որպէս Բենեդիկտեաններ: Այդ պատճառով օտարները Մխիթարեաններին կոչում են նաեւ հայ Բենեդիկտեաններ: Երբ թուրքերը գրաւեցին Մեթոնը, հայ կրօնաւորները նահանջող վենետիկցիների հետ փախան եւ Վենետիկում Դոժի կողմից մի փոքր կղզի ստացան: Այդ Սուրբ Ղազար կոչուած կղզու վրայ հիմնուած վանքը մինչ օրս Միաբանութեան սեփականութիւնն է:
1773թ.-ին վանականների մի մասն անջատուեց Մայր վանքից եւ հաստատուեց Թրիեստում, որն այդ ժամանակ պատկանում էր Աւստրիական կայսրութեան: 1775թ.-ին Մարիա Թերեզիա կայսրուհու յատուկ արտօնագրով Մխիթարեանները իրաւունք ստացան Թրիեստում վանք ու եկեղեցի կառուցելու, ինչպէս նաեւ տպարան հաստատելու: Երբ 1805թ. ֆրանսիական զօրքը գրաւեց Թրիեստը, Մխիթարեանները որպէս Հաբսբուրգեան կայսրութեան հպատակներ մատնուեցին նիւթական տագնապի եւ 1810թ. Դեկտեմբերին ստիպուած եղան լքել Թրիեստը եւ ապաստան փնտրել կայսերական Վիեննայում:

Ֆրանց Ա. կայսրը 1810թ. Դեկտեմբերի 5-ի պաշտօնական գրութեամբ ընդունում է վանականներին եւ տալիս նրանց իրաւունք ապրել ու գործել իր Կայսրութեան մայրաքաղաք՝ Վիեննայում:
Նրանք 1811թ.-ից ապաստանեցին Սուրբ Ուլրիխ արուարձանի “Am Platzl” հրապարակում գտնուող Կապուչինների լքուած վանքում:
1837թ.-ին սկսուեց նոր վանքի կառուցումը, որի գլխաւոր հատուածը գտնւում է ներկայիս «Մխիթարեան» կոչուած փողոցում: 1874թ.-ին երկու նոր կառուցուած մասերի եւ նորակառոյց եկեղեցու հետ միասին վանքը ստացաւ իր այսօրուայ տեսքը:

Միաբանության սկզբնական գործունեությունը

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է։ Մխիթարյան է կոչվել
Սեբաստացու մահվանից հետո:

Մխիթարյան միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական:
Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն:

Վենետիկի Մխիթարյանների տպարանը հիմնվել է 1789-ին: Առաջին տարում տպարանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու երկերը՝ «Մատեան ողբերգութեան» և «Մեկնութիւն Երգոց երգոյն Սողովմոնի», ապա՝ Մխիթար Գոշի առակները («Առակք և ոտանաւորք խրատականք», 1790), Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ը (1793), Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք պիտոյից»-ը (1796) ևն:


1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում:

Միաբանության այժմյան գործունեությունը

Մխիթարյանները գործուն մասնակցություն են ունենում հայագիտական միջազգային գիտաժողովներին, սերտորեն համագործակցում Հայաստանի գիտնականների հետ: 1993-ից ՀՀ-ում գործում է «Հայաստանի Մխիթարյան կենտրոնը», որի նպատակն է օժանդակել Հայաստանի և սփյուռքի ազգային –մշակութային և կրթական կյանքին, ավելի սերտացնել հայրենիքի և սփյուռքի գիտնականների համագործակցությունը Ս. Ղազարի ակադեմիայի հետ: Կենտրոնը (2000-ից ղեկավարն է Սերոբ վրդ. Չամուրլյանը) կազմակերպում է դասախոսություններ, հրատարակում գրքեր:

2000թ.-ին, հիմնադրման 300- ամեայ յոբելեանի առիթով եւ անջատումից 227 տարի անց, Վիեննայի եւ Վենետիկի Մխիթարեանները նորից միացան, դառնալով մէկ Միաբանութիւն: Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի և Վիեննայի պատմական զույգ ճյուղավորումներով, երկարատև բանակցություններից և քննարկումներից հետո Վենետիկի Ս. Ղազար Մայրավանքում 2000-ի հուլիսի 10–21-ը կազմակերպել է միացյալ ընդհանուր արտակարգ ժողով, որին մասնակից երկու հաստատությունների բոլոր միաբանները որոշել են միավորվել՝ ստեղծելով Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտր. վարչությունով: Վենետիկի Ս. Ղազար Մայրավանքը Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին է, Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը, որը պետք է ունենա տեղական աբբահայր տիտղոսը կրող մի վանահայր: Զույգ միաբանությունների բոլոր առաքելավայրերն ու կենտրոնները կառավարվելու են նորընտիր ընդհանրական աբբահոր և իր Միացյալ վարչական խորհրդի կողմից: Ընդհանուր ժողովի հուլիսի 9-ի նիստում Եղիա ծ. վրդ. Քիլաղպյանն ընտրվել է Մխիթարյան միացյալ միաբանության 15-րդ Ընդհանուր աբբահայր:

2000 թվականին Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։
2002-2004 թվականներին Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:

Համաշխարհային կրոններ

Կրոնը կարելի է սահմանել որպես.

  • Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն:
  • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

Կրոնը հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:

Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։ Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։

Համաշխարհային կրոններն են՝

  1. Արևապաշտություն
  2. Զրադաշտականություն
  3. Բուդդայականություն
  4. Քրիստոնեություն
  5. Մահմեդականություն

Արևապաշտություն

Արևապաշտությունը համաշխարհային կրոնադիցաբանական համակարգ է։ Հնագույն ժամանակներից Արևը եղել է երկրպագության առարկա և աստվածացվել է տարբեր ժողովուրդների կողմից։ Արևապաշտության մեջ առանձնանում են մեկ տասնյակից ավելի շատ հայտնի աստվածներ կամ աստվածություններ, որոնք դիցարանում կամ կրոնածիսական համակարգում ունեն առաջնային դեր և մինչև այժմ համարվում են պաշտամունքի կամ երկրպագման առարկա։ Արևապաշտությունը տարածված է եղել Ամերկյան Մայրցամաքում մասնավորապես Մեքսիակա, Հեռավոր Արևելքում՝ Ճապոնիա, արևելքում՝ Հնդկաստան։ Մերձավոր Արևելքում՝ Եգիպտոս և արաբական աշխարհ։ Փոքր Ասիայում՝ խեթեր, հուրիներ, միտանիացիներ, հայեր, ֆարսիներ։ Արևմուտքում՝ հույներ, ֆրանգներ, գերմաններ, սկանդինավներ, շոտլանդացիներ։

Զրադաշտականություն

Զրադաշտականությունը աշխարհի ամենահին գործող կրոններից մեկն է։ Միաստվածային կրոն է (այսինքն՝ արարիչը մեկն է), հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը։ Վերագրվելով իրանախոս մարգարեի՝ Զրադաշտի ուսմունքներին՝ այն մեծարում է իմաստության աստվածությունը՝ Ահուրա Մազդային համարելով գերագույն աստված։ Զրադաշտականության հիմնական հատկանիշները, ինչպիսին մեսիայականությունը, դատավճիռը մահից հետո, դրախտն ու դժոխքը և կամքի ազատությունը կարող են ազդեցություն թողած լինել այլ կրոնական համակարգերի վրա, ինչպիսիք են Երկրորդ տաճարի հուդայականությունը, գնոստիցիզմը, քրիստոնեությունը, իսլամը և բուդդայականությունը։

Բուդդայականություն

Բուդդայականությունը երեք համաշխարհային կրոններից մեկն է: Իրենից ներկայացնում է դհարմա՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով։ Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։

Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են Թհերավադան, որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան, որն առաջացել է ավելի ուշ։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում, Մահայանան՝ Արևելյան Ասիայում։ Այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով։

Բուդայականությունն ունի 10 պատվիրաններ, դրանք են․
1.Մի՛ կործանիր որևէ մեկի կյանքը (ոչ մեկին չզրկել կյանքից)
2.Մի՛ խլիր ուրիշի ունեցվածքը
3.Մի՛ ստիր
4.Մի՛ խմիր հարբեցնող խմիչքներ
5.Մի՛ զբաղվիր անօրեն սեռական հարաբերություններով

Այս հինգ պահանջները պարտադիր են բոլորի համար։ Հաջորդ հինգը միայն հոգևորականների համար են․
1.Անժամանակ մի՛ սնվիր (որոշ դեպքերում նշվում է. ժամը 16-ից հետո այլևս չսնվել)
2.Զարդեր մի կրիր և խուսափիր օծանելիքից
3.Քնիր կոշտ անկողնում (չօգտագործել բարձ կամ փափուկ մահճակալ)
4.Խուսափի՛ր պարից, երաժշտությունից և զվարճախաղերից
5.Մի՛ ունեցիր ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ

Քրիստոնեություն

Քրիստոնեությունը միաստվածային կրոն է, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։ Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների, իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում։

Քրիստոնեությունում Աստծո 10 պատվիրաններն են.
1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար
2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես
4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն
5.Պատվիր քո հորն ու մորը
6.Մի սպանիր
7.Մի շնանար
8.Մի գողանար
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր

Մահմեդականություն

Իսլամ միաստվածային կրոն է, որի համաձայն կա միայն մեկ աստված՝ Ալլահը, և Մուհամմադը աստծու մարգարեն է: Այն աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնն է՝ 1.8 միլիարդ հետևորդ: Իսլամը սովորեցնում է, որ Աստված բարեգութ է, ամենազոր, եզակի և մարդկությանն ուղղորդում է իր մարգարեների, հայտնաբերված սուրբ գրությունների և բնական նշանների միջոցով: Իսլամի նախնական սուրբ գրություններն են Ղուրանը, որը մուսուլմանների համար Աստծո բառացի խոսքն է, և Մուհամմադի ուսմունքները, որոնք կոչվում են սունա և բաղկացած են հադիս կոչվող բաժիններից (մոտ մ.թ. 570- 632 թվականներ):

Մուսուլմանները հավատում են, որ իսլամը ամենահին հավատի ամբողջական ու տիեզերական տարբերակն է, որը բացահայտվել է շատ վաղ շրջանում մարգարեների կողմից՝ ներառյալ Ադամի, Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի: Մուսուլմանները գտնում են, որ Ղուրանը Աստծո վերջնական ու անփոփոխ բացահայտումն է: Իսլամը սովորեցնում է, որ գոյություն ունի վերջին դատաստան՝ արդարամիտների համար դրախտի պարգևատրումով և մեղսավորների համար դժոխքի պատիժով: Կրոնական գաղափարների ու պրակտիկայի մեջ են մտնում իսլամի Հինգ հիմնասյուները, որոնք երկրպագության պարտադիր գործողություններ են, և Իսլամական օրենքը (շարիա), որը բառացիորեն վերաբերում է կյանքի ու հասարակության բոլոր ոլորտներին՝ բանկային համակարգից ու կանանց բարեկեցությունից մինչև շրջակա միջավայր: Մեքքա, Մեդինա և Երուսաղեմ քաղաքները իսլամի երեք ամենասուրբ վայրերն են:

Հետազոտություն՝ Աշոտ Ոսկանյանի հետ հանդիպմանն ընդառաջ

Աշոտ Ոսկանյանի մասին

Փիլիսոփայության գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանը ծնվել է 1949թ. ապրիլի 24-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` փիլիսոփայի որակավորմամբ, իսկ 1972-1975թթ․ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեություն

  • 1976-1977թթ․ դասավանդել է Բրյուսովի անվ. մանկավարժական ինստիտուտում։
  • 1977-1990թթ․ դասավանդել է ԵՊՀ-ում:
  • Եղել է ՀՀ ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
  • Առաջին անկախ խորհրդարանի՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և Նախագահության անդամ, հետագայում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
  • 1990-1995թթ․ ՀՀ Սահմանադրական հանձնաժողովի անդամ և Ազգային Եկեղեցական ժողովի պատվիրակ։
  • 1995 -1997թթ․ Սլովակիայում և Ավստրիայում ՀՀ դեսպան ԵԱՀԿ –ում և ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ
  • 1996-1997թթ․Չեխիայում ՀՀ դեսպան
  • 1997-2001թթ․ Գերմանիայում ՀՀ դեսպան
  • 2002-2017թթ․ մի շարք պաշտոններ է վարել ՀՀ ԱԳՆ-ում
  • 2007-2010թթ․ Վիեննայում ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար
  • 2010-2017թթ․ ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանայի և Աֆրիկայի վարչության պետ

Այլ գործունեություն

Ավելի քան հիսուն գիտական՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն հրապարակումների հեղինակ է, որոնց թվում՝ «Հասկացման անխուսափելիությունը. Դրվագներ փիլիսոփայական հերմենևտիկայի և կազմաքանդման պատմությունից» (Եր., 2015) և «Չարենցի ժամանակը (Ոգու մասին)» (Եր., 2017) մենագրությունները։

1993-ին հիմնադրել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ), որի նախագահն է մինչ այժմ։ ՀՀՀԿ երկու տարեգրքերի՝ «Ինքնություն» (Եր., 1995) և «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. Ինքնություն – 2» (Եր., 2005) կազմողն է և գլխավոր խմբագիրը։

Փիլիսոփայության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած  դասընթացի հեղինակ է (ցուցադրված է Boon.TV համացանցային հարթակում):

Մեկնաբանություն և Վերլուծություն

Փիլիսոփայության դոկտոր, դոցենտ Աշոտ Ոսկանյանի հետ հանդիպմանն ընդառաջ, ծանոթացա նրա կյանքին, գործունեությանը և իհարկե մի քանի հարցազրույցներ և հոդվածների ուսումնասիրության արդյունքում որոշակի առումով ծանոթացա Աշոտ Ոսկանյանի ու նրա գաղափարների հետ։

Բուն թեման պատմությունն էր և դրա ազդեցությունը ներկայիս հանրության վրա։ Ինձ՝ որպես պատմություն սիրող ու դրանով բավականին հետաքրքրվող մարդ, հաճելի էր լսել ու հասկանալ նրա կողմից այդ թեմայի շուրջ արված մեկնաբանությունները, բացատրություններն ու վերլուծությունները։

Հատկապես ուշադրությունս գրավեց մի հարցադրում․ արդյո՞ք պետք է կառչել մեր անցյալից և մեր պատմությունից։ Սա մի հարց է, որ ես բազմիցս եմ տալիս ինքս ինձ, մանավանդ, երբ գտնվում եմ մի երկրում, որտեղ ազգն իր պատմությանը շատ ամուր է կպած, միշտ անցյալի օրինակով է առաջ շարժվում և միշտ անցյալն է հիշում՝ իր ազգի մասին խոսելիս։ Հետաքրքիր էր լսել պարոն Ոսկանյանի բացատրությունն այս հարցի շուրջ, ըստ որի պատմությունը կարող է և՛ սովորեցնել, և՛ ոչ, նայած թե որ տեսանկյունից են դրա նայում։ Շատ հաճախ պատմությունը կրկնվում է և պետք է որոշակի փորձ ունենալ պատմության ինչ-ինչ դրվագներ ուսումնասիրելուց հետո, որ կարողանաս կանխել գալիք վտանգը։ Սակայն չպետք է անձնուրաց տրվել այդ հաղթական դրվագներին՝ առանց դրանք ամեն տեսանկյունից ուսումնասիրելու և իրական իրադարձությունը պարզելու։ Շատ սխալ է նաև կենտրոնանալ միայն պատմության լավ էջերի վրա։ Չէ՞ որ մեզ այդ վատ էջերն էլ են պետք՝ լիարժեք մտածողություն կազմելու համար։ Մենք շատ դրվագներ բաց ենք թողնում պատմությունից՝ առանց հասկանալու, որ ներկայիս մի շարք սովորություններ գալիս են հենց այդ ժամանակներից և կապված են դրանց հետ։

Այս թեմայով հաջորդ մեկնաբանությունը, որ ինձ դուր եկավ՝ այն էր, որ պետք է սովորել վարել քննադատություն, բանավեճ տվյալ թեմայի շուրջ։ Սա հատկապես կարևոր է մեզ համար, որովհետև շատերն են մերժում դիմացինին, անտեսում նրան, որպեսզի ուղղակիորեն բանավեճի չմտնեն դիմացինի հետ։ Շատ ճիշտ էր պարոն Ոսկանյանի այն հիշատակումը, որ մարդիկ գերադասում են մոռանալ, մերժել դիմացինին ամբողջովինա, քան երկու կարծիքների շուրջ բանավիճել՝ հասկանալու ամեն մեկի կարծիքի թուլությունը, կամ ճշմարտացիությունը։

Եվ կուզեի նշել ևս մի բան, որ տպավորեց ինձ։ Խոսքը սխալ քարտեզի և քարտեզի բացակայության մասին է, այդ երկու իրավիճակների տարբերությունը․ ո՞րն է ավելի լավ և ո՞րն է գերադասելի։ Ինչպես նաև նախապաշարմունքի և մարդու նախապատրաստման մասին խոսք գնաց։ Նախ և առաջ մարդը յուրաքանչյուր իրավիճակում պետք է մարզված և պատրաստված լինի։ Մեր քաոսային ժամանակներում առավել ևս, եթե չի ուզում առանց քարտեզի անվերջ թափառել լաբիրինթոսում կամ ջունգլիներում՝ չկարողանալով ելք գտնել այդ դժբախտ իրականությունից։ Եվ իհարկե, սխալ քարտեզը հենց մարդու նախապաշարմունքն է, իր պատրաստած պաշարները՝ այդպիսի մի օրվա համար։ Նա պետք է օգտագործի դրանք, պետք է սխալի վրա իր ճիշտը կառուցի և գտնի ելքը, իր մարզվածությամբ ու պաշարած գիտելիքով պետք է գտնի իր համար ճիշտ ուղին և փրկվի իրականության կապանքներից։

Եվ դա բոլորովին բնական է, երբ մարդը կառչում է իր անցած ուղուց, և դժվար է լինում դրանից հետո կառուցել նորը, անցնել նոր ճանապարհով, քանի որ անցյալի փորձը, գիտելիքն ու ուղին քեզ հետապնդելու են, քաշեն դեպի իրենց։ Այս ամենում կարևորը ճիշտ դասեր քաղելն է։ Երբ կյանքը քեզ մի փորձության մեջ է գցում, փորձիր դրանից միայն լավը քեզ հետ տանել, քո փորձը, վաստակածդ գիտելիքը, ինչը կարող է քեզ ապագայում կրկին պետք գալ։

Եվ վերջում ասեմ, որ նախքան հանդիպումն արդեն բավականին բան իմացա թեմայի շուրջ և նաև ուրախ եմ, որ կարողացա ծավալուն վերլուծություն գրել։ Նշանակում է, որ ուսումնասիրություններս տվել են իրենց արդյունքը և գոնե մի բան փոխել իմ մեջ։ Վստահ եմ՝ հանդիպումից հետո մտածողությանս մեջ շատ բաներ կվերաձևավորվեն և կունենան նոր պատկերացումներ ու բացատրություններ։

Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ

Եթե անընդհատ զիջելու լինես, ոչ մի տեղ չես հասնի, պետք է ավելին պահանջես, որ հետո սակարկելու տեղ ունենաս։

Ռուբեն Գալչյան

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ հանդիպմանն ընդառաջ մի ծավալուն վերլուծություն էի գրել նրա կյանքի, գաղափարախոսության և նրա «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» աշխատության մասին։ Նրա աշխատությունն ընթերցելուց ու հարցազրույցներն ունկնդրելուց հետո բավարար պատկերացում կազմեցի նախ՝ Հայաստանի քարտեզագրության և սահմանների բազմադարյա փոփոխության պատմության մասին, հետո նաև նրա գաղափարախոսության և առաջարկած լուծումների մասին։ Գրածս վերլուծությունը կարող եք կարդալ՝ անցնելով այս հղումով։

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Գալչյանին՝ նրա կատարած մեծ գործի համար, որ տարիներով հետազոտություններ է կատարել քարտեզագրության ոլորտում, ճանապարհորդել, ծանոթացել տարբեր երկրների քարտեզներին, իր գրած աշխատություններով փորձել աշխարհին ներկայացնել ընդդեմ հայի կատարված խեղաթյուրումները, անարդար որոշումներն ու հայի իրավունքների ոտնահարումը։ Նա բազմաթիվ երկրներում վարել է դասախոսություններ և ներկայացրել իր հետազոտությունները։

Այդ դասախոսությունից անմասն չմնաց նաև մեր դպրոցը, և պարոն Գալչյանը սիրով հյուրընկալվեց մեր դպրոցում՝ պատրաստակամ լսարանին ներկայացնելու իր գիրքն ու Հայաստանի սահմանների մասին իր կատարած հետազոտությունը։ Դասախոսությունը շատ լիարժեք էր և լիովին ներկայացնում էր այն ամենը, ինչ պետք էր իմանալ Հայաստանի ներկայիս իրավիճակի ու դարավոր քարտեզների մասին։

Աշակերտները նաև հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու քարտեզագետին և անհատական զրույց վարելու նրա հետ՝ հանդիպումից հետո։ Չնայած հաղորդված տեղեկության լիարժեքությանը, ինձ մոտ դեռևս մի քանի բաց կետեր կային՝ կապված Հայաստանի ներկայիս անելիքի ու խաղաղություն հաստատելու հնարավորության հետ կապված։ Պարոն Գալչյանը սիրով պատասխանեց հնչեցրած հարցիս՝ նշելով, որ ներկայում դեռևս խաղաղություն չի կարող լինել՝ ըստ Ադրբեջանի օրեցօր աճող պահանջների, պետք է ունենալ բավարար ուժ մեր ձեռքերում, որ մեր ուզածը կարողանանք ուժով պարտադրել։

Ընդհանուր առմամբ՝ հանդիպումն անցավ շատ արդյունավետ։ Այն բավականին ուսուցողական էր ու հաղորդեց այնպիսի ուշագրավ փաստեր, որոնց մասին դժվար թե իմանացած լինեինք։ Շնորհակալ ենք պարոն Գալչյանին՝ մեր դպրոց հյուրընկալվելու և այսպիսի զրույց վարելու համար։ Հուսամ այսպիսի հանդիպումները շարունակական կլինեն։

Ռուբեն Գալչյան-«Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը»

Ռուբեն Գալչյանի մասին

Բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը ծնվել է 1938 թ․ Իրանի Թավրիզ քաղաքում, հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ փախել են Վանից, հաստատվել են` Հայաստանում, Վրաստանում և Ֆրանսիաում ու հասել Իրան։ Ռուբեն Գալչյանը սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում, կրթաթոշակ ստանալով՝ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանում՝ որպես էլեկտրոտեխնիկայի ճարտարագետ, որն ավարտել է 1963 թվականին։

Աշխատություններ

Գրել է բազմաթիվ գրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին, հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում։ Այս ամենի հետ մեկտեղ, լայնորեն դասախոսել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում, Հայաստանում և այլուր։ Գրում է անգլերեն, որոնք թարգմանվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ու պարսկերեն լեզուներով։

Կոչումներ և պարգևներ

  • 2008 թվականի նոյեմբերին ստացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատվավոր Դոկտորի կոչում։
  • 2009 թվականին արժանացել է «Վազգեն Ա» մշակութային նվաճումների մեդալի։
  • 2013 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով՝ հայկական ժառանգության պահպանման և Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունների բարելավման գործում ունեցած նվաճումների համար։

«Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» գիրքը

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ հանդիպմանն ընդառաջ ընթերցեցի նրա «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» աշխատությունը։ Գիրք, որը հանրամատչելի կերպով ներկայացնում է Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա երկրների միջև պատմական, աշխարհագրական ու մշակութային խնդիրները, նրանց միջև եղած հակասությունները և կատարված պատմագրական խեղաթյուրումները։ Գրքում ներկայացված փաստերը, քարտեզներն ու մեկնաբանությունները լիարժեք տեղեկություն են տրամադրում ի վնաս Հայաստանի կատարված սահմանազատումների մասին, ինչպես նաև դարերի խորքից եկած՝ տարբեր երկրների քարտեզների միջոցով ապացուցում է Հայաստանի գոյությունը վաղ շրջանում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ մինչև 1918 թ․ դա եղել է Իրանի հյուսիսարևմտյան նահանգի անվանումը և մինչ այդ Արաքսի հյուսիսում այդ անունով հանրապետություն գոյություն չի ունեցել։ Հեղինակն իր գրքում անդրադարձել է նաև ՀԽՍՀ-ի պատմությանը, այդ ընթացքում կատարված ապօրինի սահմանազատումներին և խեղաթյուրումներին, այդ ամենը բացատրել հստակ, վավերացված քարտեզների ներկայացումով։

Ադրբեջանի ծագումն էլ ավելի է խճճում այն փաստը, որ արդեն տասնյակ տարիներ են անցել, բայց գիտնականները չեն կողմնորոշվել ազգի ծագման հարցում․ քրիստոնյա աղվանների՞ց են սերում նրանք, թե՞ թուրքերից։ Արդյունքում ստացվում է մի պատկեր, որ Ադրբեջանում արգելված է կատարել ԴՆԹ թեստ, իսկ Ադրբեջանը Արևմուտքին ու Եվրոպային ներկայանում է՝ որպես քրիստոնյա աղվանների սերունդ, Թուրքիային՝ որպես ադրբեջանցի թուրքեր։ Բայց արդյո՞ք նրանք քրիստոնյաներից են սերում։ Այդ դեպքում ինչու՞ են ոչնչացնում իրենց նախնիների կառուցած վանքերն ու մշակութային կոթողները։ Հարցեր, որոնք առ այսօր չեն գտել իրենց պատասխանը։

Կովկասյան Ալբանիա

  • 4-րդ դար։ Տարածքում բնակվող ցեղերն ընդունում են քրիստոնեություն
  • 7-8-րդ դդ․։ Հրաժարվում են քրիստոնեությունից և ընդունում իսլամ
  • 10-12-րդ դդ․։ Վայրը կոչվում է Աղվանք
  • Միջին դարեր։ Տեղում իշխում էին իսլամական խաներ և ցեղապետեր
  • 16-19-րդ դդ․։ Արցախի հայ բնակչությանն ինքնավար իշխում էին տեղում հաստատված հինգ մելիքությունները
  • 18-20-րդ դդ․։ Տարածաշրջանն օտարներին ծանոթ էր “Շիրվան” անունով
  • 1918 թ․։ Ի հայտ է գալիս Ադրբեջան անունով հանրապետություն՝ յուրացնելով Իրանի հյուսիսարևմտյան նահանգի անվանումը

Մեկնաբանություն և Վերլուծություն

Այսպիսով, Ադրբեջանը ոչ մի երկրի՝ անգամ իսլամական քարտեզի վրա չի հիշատակվում՝ որպես Արաքս գետի հյուսիսում գտնվող հանրապետություն, մինչդեռ Հայաստանը՝ իր քաղաքներով նշվում է բոլոր քարտեզներում, սկսած Բեհիսթունյան արձանագրությունից մինչև Օսմանյան կայսրության կողմից պատրաստված քարտեզներ։ Անգամ Ֆռա Մաուրոյի եվրոպական աշխարհացույցում Հայաստան անունը հանդիպում է հինգ անգամ՝ նշելով հինգ հայկական թագավորությունները։

Դարեհ արքայի սեպագիր արձանագրությունից բացի Հայաստանը հիշատակվում է նաև բաբելոնյան կավե սալիկի վրա, հույն պատմիչ Հերոդոտոսի աշխատությունում, ինչպես նաև Պտղոմեոսն իր գրքում տեղ գտած աշխարհի 8000 տեղանուններից 164-ը հատկացրել է Հայաստանին։

Գիրքն ընթերցած յուրաքանչյուր անձ կարող է հասկանալ, որ մինչև նախորդ դար Ադրբեջան հանրապետություն գոյություն չի ունեցել և դրա ի հայտ գալուն պես, երկիրը փորձել է խեղաթյուրել հարևան Հայաստանի պատմությունը, դրա քարտեզներն ու ապօրինի տիրացել նրա տարածքներին։ Հեղինակն իր գրքի գերակշիռ մասը հատկացրել է՝ մանրակրկտորեն ներկայացնելու Ադրբեջանի տարածքային զավթումները, ԽՍՀՄ-ի ընդունած անարդար ու ոչ անաչառ որոշումներն ի վնաս Հայաստանի և թե ինչպիսի՞ լուծումներ կարելի է տալ ստեղծված իրավիճակին։

Գրքից բացի բազմաթիվ այլ հոդվածներ կարդալուց հետո ինձ մոտ ստեղծվեց բավարար հիմք ունեցող մի պատկեր, որը ներառում է Հայստանի ներկայիս իրավիճակն ու հակասությունները՝ դրանց լուծումների հնարավոր տարբերակների հետ միասին։ Մինչև դրան հասնելը հակիրճ ներկայացնեմ իրադարձություններն ու ստեղծված իրավիճակը։

Նախ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդայնացման առաջին տարիներին՝ 1920-ականներին, քարտեզներ են պատրաստվել տարբեր հանրապետությունների սահմանների համար, բայց այդ զինվորական քարտեզները մեզ չեն ներկայացվել։ Այդ ժամանակ դրանք եղել են ոչ պաշտոնական և միայն Մոսկվան է դրանք պահպանել։ 1929-ից հետո սկսեցին պաշտոնական քարտեզներ պատրաստվել, որոնք հույժ գաղտնի էին: Այդ քարտեզների հիման վրա գծվեցին ԽՍՀՄ սահմանները։ Այդ բոլոր քարտեզներն այժմ պահվում են Մոսկվայի արխիվներում և դրանց մեջ Հայաստանը պատկերված էր առանց ադրբեջանական անկլավների, Նախիջևանի և Արցախի հետ միասին։ Հայաստանինն է նաև այն 1500 քառակուսի կմ հայկական տարածքը, որը տրվեց Ադրբեջանին՝ “Կարմիր Քրդստան”-ը հիմնելու նպատակով, որը այդպես էլ տեղի չունեցավ, բայց տարածքի վերահսկողությունը մնաց Ադրբեջանին։ ՀԽՍՀ-ի քարտեզների ցանկն ուսումնասիրելով՝ կարելի է տեսնել խորհրդային տարիներին եղած փոփոխությունները և Հայաստանի դեմ ընդունված անարդար որոշումները։ Կարելի է հստակ տեսնել, որ սկզբում Հայաստանի տարածքում որևէ ադրբեջանական անկլավ չի եղել, իսկ Արծվաշենը եղել է Հայաստանի տարածքում։ Տարեցտարի Ադրբեջանին են տրվել երեք անկլավներ, իսկ Արծվաշենի հարակից տարածքները նվաճվել են Ադրբեջանի կողմից այնքան, մինչև Արծվաշենը հայտնվել է Ադրբեջանի տարածքում և դարձել հայկական միակ անկլավը։ Ընդ որում, Արծվաշենը Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունի, դա չի կարող օգտագործվել ո՛չ ռազմական, ո՛չ էլ տնտեսական առումով։ Մինչդեռ ադրբեջանական անկլավները գտնվում են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մայրուղիների, ճանապարհների վրա, այդ կերպ առիթ հանդիսանալով, որ Ադրբեջանը հսկողություն ունենա մեր ճանապարհների որոշ հատվածներում։ Ինչպես նաև Հայաստանի արևմտյան սահմանի ճանապարհը մի քանի անգամ հատում է Ադրբեջանի սահմանը, մինչդեռ մեզ ներկայացված քարտեզներում մինչ օրս այդ ճանապարհը ամբողջովին գտնվում է Հայաստանի տարածքում։ Հարկ է նշել նաև Գորիս-Կապան մայրուղու հարցը, ըստ որի 1930-ականներին այդ շրջանից հողեր էին հանձնվել Ադրբեջանին, իսկ 1950-ականներին այնտեղ կառուցվում է վերոհիշյալ մայրուղին։ Այս և վերոնշյալ որոշումները կայացվել են այն ժամանակ ԽՍՀՄ ղեկավարության կողմից՝ ապօրինի կերպով Ադրբեջանին՝ Հայաստանի կարևոր նշանակություն ունեցող ճանապարհների վրա հսկողության լիազորություն տալու համար։ Ավելի քան 70 տարի ԽՍՀՄ-ն առանց հայերի, տեղաբնակների բողոքներն ու կարծիքը հաշվի առնելու, հայկական տարածքներ է տվել Արդբեջանին։ Այսպիսով՝ գալով խնդրի լուծմանը, ռացիոնալ լուծումը կլինի սահմանազատումն ու սահմանագծումը, որի ընթացքում հիմք կհանդիսանան 1920-ականների ԽՍՀՄ քարտեզները։ Իրավական տեսանկյունից մենք կարող ենք պահանջել տվյալ տարածքները, մանավանդ այն դեպքում, երբ Ադրբեջանը իրեն համարում է 1918-20 թթ․ հանրապետության ժառանգորդ։ Ըստ այդմ ադրբեջանական անկլավները, Նախիջևանն ու մի շարք տարածքներ պետք է վերադարձվեն Հայաստանին, քանի որ մինչև խորհրդայնացվելը ոչ մի նման տարածք չի եղել Ադրբեջանի տարածքում։ Բացի այդ, Արցախը Հայաստանի հետ ունեցել է ընդհանուր սահման՝ ընդհատվելով միայն Աղավնո գետով։ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը կարող է տարիներ տևել, բայց գոնե կկանխի Ադրբեջանի անպատիժ ներխուժումները հայկական տարածաշրջաններ։ Երևանը դեռևս չպիտի շտապի համաձայնագրի հարցով։ Պետք է պահանջել մեր տարածքները, պետք է ավելին պահանջել, քանզի իրավական առումով բոլոր փաստերը մեր կողմից են։ Մնում է այդ գործընթացը ուղեկցվի միջազգային դիտորդների կողմից, ովքեր չունեն աշխարհաքաղաքական շահեր տարածաշրջանում: Պետք է կազմում լինեն միջազգային իրավունքի մասնագետներ, որ այդ տարածքներում ապրող ժողովրդի շահերը հաշվի առնվեն, բարձրաձայնվեն նրանց ձայնն ու բողոքները։ Պետք է Նախիջևանն էլ հետ ուզենք, քանի որ դա էլ է հայկական տարածք, և այն հանձնվել է կոմունիստ իշխանության կողմից, որին Ադրբեջանը չի ճանաչում։ Ամենավերջին խեղաթյուրումը Սև լճի յուրացումն է Ադրբեջանի կողմից։ Խորհրդային տարիներին գծված և երկու երկրների կողմից վավերացված այդ սահմանն իր մեջ չէր ներառում հայկական Սև լիճն ու դրա հարակից շրջանը։ Նախորդ տարի Ադրբեջանը ներկայանում է իր կողմից կեղծված քարտեզով և զավթում այդ տարածքները։ Եվ մինչ օրս այդ օրինազանցությանը որևէ լուծում չի տրվել։ Այս ամենը պետք է մանրակրկտորեն ուսումնասիրվի և քննարկվի սահմանագծման ու սահմանազատման գործընթացում, պետք է արխիվներից դուրս բերվեն մինչ այժմ մեզ անհայտ, բայց ճշգրիտ, ԽՍՀՄ-ի կողմից վավերացված քարտեզները և պետք է դա անել ամենայն զգուշավորությամբ և ոչ հապճեպ շտապողականությամբ, այլապես Հայաստանը կձախողի և կունենա հերթական կորուստներ։

Պետություն․ հնագույն պետությունների համեմատություն

Պետությունը հասարակության միասնական քաղաքական համակարգի կազմակերպություն է, որի իշխանությունը տարածվում է երկրի ամբողջ տարածքի ու նրա բնակչության վրա, դրա համար ունի կառավարման հատուկ համակարգ, ընդունում է բոլորի համար պարտադիր կարգեր և օժտված է ինքնիշխանությամբ։ Պետության գոյության համար անհրաժեշտ է որոշակի տարածք ու սահմաններ, բնակչություն, իշխանություն և ղեկավար մարմիններ և իհարկե բանակ, որ պահպանվի պետության սուվերեն տարածքը։

Պետության ստեղծման համար վերոնշյալ հատկանիշներից բացի հարկավոր են այլ պայմաններ ևս, որոնք կդիտարկենք հնագույն պետությունների ստեղծման օրինակով։

1․Պետության կազմավորումը Եգիպտոսում

Եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքի շրջանում։ Այն բաժանված էր երկու մասի՝ Վերին և Ստորին Եգիպտոս։ Այնտեղ մշտական բնակավայրերը հանդես են գալիս Ք․ա․ 6-րդ հազարամյակում, որոնց բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ։ Հաջորդ հազարամյակի վերջում նրանք սկսեցին ջրանցք կառուցել, օգտագործել պղնձե գործիքներ ու զենքեր։ Զարգացավ խեցեգործությունն ու սկիզբ դրվեց միջազգային առևտրին։ Ք․ա․ 4-րդ հազարամյակում տեղի ունեցավ հասարակության շերտավորում և քաղաքական կենտրոնացվածություն։ Այս պահից սկսած ծնունդ առան առաջին պետականությունները, որոնք կազմավորվեցին խոշոր բնակավայրերի՝ նոմերի հիման վրա։ Նոմերը հաճախ էին պատերազմում իրար դեմ։ Ք․ա․ 34-33-րդ դարերում նոմերը միավորվում են Վերին և Ստորին Եգիպտոսներում։ Երկարատև պատերազմներից հետո հաղթեց Վերին Եգիպտոսը և կազմավորվեց առաջին համաեգիպտական պետությունը։ Այսպիսով՝ հնարավոր դարձավ պետության զարգացումն ու ամրապնդումը և Վաղ թագավորության ավարտին Եգիպտոսը ձևավորված ամուր պետություն էր։

2․Շումերի քաղաք-պետությունները

Երկրագործությունը Միջագետքում սկսվել է ավելի վաղ, քան Եգիպտոսում՝ մոտավորապես Ք․ա․ 9-րդ հազարամյակում։ Առաջին վաղ երկրագործական բնակավայրերն ի հայտ են եկել Միջագետքի հյուսիսում, ապա աստճանաբար տարածվել դեպի հարավ։ Ք․ա․ 6-րդ հազարամյակում մարդիկ անցկացրին առաջին ոռոգող առուները, յուրացրին նոր հողեր, ի հայտ եկան նոր բնակատեղիներ։ Հարավում ապրող հնագույն բնակիչները շումերներն էին։ Ք․ա․ 3-րդ հազարամյակից Միջագետքում գալիս և հաստատվում են տարբեր ժողովուրդներ ու ցեղեր։ Մինչև այդ հազարամյակի սկիզբը Միջագետքը միավորված չէր։ Հարավում շումերներ ունեին տասնյակ քաղաք-պետություններ, որոնցից են Քիշը, Ուրը, Լագաշը, Ուրուկը։ Սրանք մշտական պայքարի մեջ էին իրար դեմ։ Ի վերջո Հարավային Միջագետքի իշխանությունը Քիշից անցավ Ուրուկի ձեռքը։ Այնուհետև իշխանությունը ձեռքից ձեռք անցավ, նախ Ուրին, հետո Լագաշին և ի վերջո Ումմային, որի իշխանության ներքո էլ Շումերը կարճ ժամանակով միավորվեց։

3․Քաղաքակրթության սկիզբը Հնդկաստանում և Չինաստանում

Ք․ա․ 33-րդ դարից սկսած՝ Ինդոս գետի հովտում նկատվում է արտադրողական ուժերի բուռն աճ, յուրացվում բրոնզի ձուլման տեխնիկան, ի հայտ են գալիս առաջին քաղաքները։ Ամենահայտնին Խառապպան էր, որի քաղաքակրթության կարևորագույն ձեռքբերումներից մեկը գրի ստեղծումն էր։ Դրա անունով դարաշրջանը ստացել է Խառապպայի մշակույթ անվանումը, որի բնորոշ կողմերից մեկը քաղաքային մշակույթի աննախադեպ բարձր մակարդակն էր։ Սակայն այդ մշակույթը մոտ Ք․ա․ 1800 թ․ սկսած անկում է ապրում։ Խոշոր քաղաքների մեծ մասը լքվում էին բնակիչների կողմից, ինչի պատճառը կլիմայական փոփոխություններն էին։ Ք․ա․ 18-րդ դարից սկսած Հնդկաստան եկան արիական ցեղերը և տիրեցին Հյուսիսային Հնդկաստանին։ Նրանք հետագայում յուրացրին երկրագործությունն ու քաղաքային կենցաղը։ Ք․ա․ 15-13-րդ դարերում նրանք ստեղծեցին պետություններ։ Արդյունքում արիացիների և տեղացիների միջև շատ մեծ տարբերություն ձևավորվեց։ Բնակչությունը բաժանվեց դասերի (վարնա)․

1․Արտոնյալ խավի բրահմաները(քրմեր), քշատրիներն(ռազմիկներ) ու վայշիները(արհեստավորներ)

2․ Անազատների խավի շուդրաները(ծառաներ)

Այս համակարգի հիման վրա միջնադարում և նոր ժամանակներում ձևավորվեց Հնդկաստանի հասարակության կաստայական կառուցվածքը։

Չինաստանում վաղ երկրագործական հասարակությունը ձևավորվեց նեոլիթյան հեղափոխության շրջանում։ Ք․ա․ 8-6-րդ հազարամյակներում Յանցզի գետի ավազանում կային մի շարք բնակավայրեր։ Այնուհետև դրանց խոշորացումը հանգեցրեց պետականությունների ձևավորման։ Ստեղծվում է հիերոգլիֆային գիրը։ Ք․ա․ 16-րդ դարում հիմնվեց առաջին խոշոր պետությունը՝ Ին հարստության գլխավորությամբ, որի արքայական իշխանությունը աստվածապետական էր։ Այս դարաշրջանը մշակույթի ծաղկման փուլ էր։ Առաջ եկան պարսպապատ քաղաքներ, լայն կիրառում ստացավ գիրը, ծաղկեց մետաղագործությունը՝ հատկապես բրոնզի ձուլումը։ Ք․ա․ 11-րդ դարում չժոու ցեղերի առաջնորդ Ու Վանը գրավում է Ին հարստության տարածքները և հիմնում Չժոու հարստությունը։ Բուռն զարգացում է ապրում տնտեսությունը, ստեղծվում ջրանցքների միասնական համակարգ։ Լայն տարածում է ստանում երկաթը։ Ծաղկում են գիտությունը, արվեստները, փիլիսոփայությունը։

4․Քաղաքակրթության սկզբնավորումը Հայկական լեռնաշխարհում

Ք․ա․ 4-րդ հազարամյակի կեսերից սկսվում է վաղբրոնզիդարյան ժամանակաշրջանը, որի ընթացքում Հայկական լեռնաշխարհը միավորվում է մեկ մշակութային գոտու մեջ։ Այս ժամանակաշրջանում արձանագրված են վաղ քաղաքակրթություններին բնորոշ գրեթե բոլոր հատկանիշները։ Բավականին զարգացած էր քաղաքաշինությունը։ Հասարակությունն ուներ բարդ կառուցվածք և համայնքային-տնտեսական շերտավորում։ Զարգացած էր նաև գիտությունը, արհեստը, մետաղաձուլությունը։ Ծաղկում էր ապրում միջազգային առևտուրն ու տարածաշրջանային կապերը։ Ք․ա․ 28-րդ դարում Հայկական լեռնաշխարհից մշակույթը աննախադեպ տարածում է ունենում գրեթե բոլոր ուղղություններով։ Հայկական լեռնաշխարհում՝ ավելի կոնկրետ Արատտայում Ք․ա 28-27-րդ դարերում սկսել են օգտագործել ձիերին՝ որպես փոխադրամիջոց։ Վաղբրոնզիդարյան ժամանակաշրջանի մշակույթը տարածվում է շուրջ մեկ միլիոն քառակուսի կմ տարածության վրա։

Ք․ա․ 3-րդ հազարամյակի շումերական բնագրերում հիշատակվում է հայկական առաջին վաղ պետական կազմավորման՝ Արատտայի մասին, որը եղել է 28-27-րդ դարերում։ Այն եղել է աստվածապետական երկիր, որի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։ Երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյային կոչում էին կառավարիչ։ Տնտեսական ոլորտի այլ պաշտոնյաներ էին հարկահանները, վերակացուները և այլոք։ Երկրի կարևոր հարցերի լուծման համար գումարվում էր ավագների ժողով։ Բնագրերում հիշատակվում է Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին։ Կարևորագույն տեղեկություններից մեկը երկրում սեփական գրի գործածության փաստն է։

Այսպիսով՝ ուսումնասիրելով որոշ վաղ պետականությունների ստեղծման ու զարգացման պատմությունները, կարող ենք մի շարք ընդհանուր կետեր դուրս բերել դրանց միջև։

  • Բնակության համար նպաստավոր պայմաններ ունեցող վայրերում բնակատեղիների առաջացում
  • Երկրագործության զարգացում
  • Ջրանցքների անցկացում
  • Մետաղաձուլության զարգացում
  • Միջազգային առևտրական կապերի ստեղծում
  • Հասարակության շերտավորում
  • Մի շարք ուժեղ կազմավորումների առաջացում
  • Պատերազմ ու պայքար վերջիններիս միջև
  • Միավորում և միասնական պետականության ստեղծում, կամ ժամանակի ընթացքում իշխանության հափշտակում ձեռքից ձեռք
  • Հետագա քաղաքական, տնտեսական և մշակութային բուռն զարգացում

Սա է այն հիմնական հաջորդականությունը, որի օրինաչափությամբ ստեղծվում և զարգանում էին վաղ պետական կազմավորումները։ Շատերը կարողացան պահպանել իրենց գերակշռող դիրքը, շատերը ասպարեզից վաղ հեռացան, շատերն էլ չդիմացան թշնամի ցեղերի մրցակցությանը և անկում ապրեցին՝ հիմք հանդիսանալով հետագա կազմավորումների առաջացման։

Design a site like this with WordPress.com
Get started