Ոսկե Ցլիկ․ Պայքար հանուն առաջատարության

Ոսկե ցլիկը 1955 թվականին Մոկո Հակոբյանի նկարահանած կարճամետրաժ կատակերգություն է։ Այն շատ հետաքրքիր, արագ զարգացող սյուժեով և բավականին աշխույժ, արկածային ֆիլմ է։ Դերասանների խաղն ու դեմքի միմիկաներն ստիպում են հանդիսատեսին ծիծաղել ողջ ֆիլմի ընթացքում։ Ֆիլմն այնքան հաջողված և սիրված է եղել, որ շատ շուտով դրանում օգտագործված մի շարք արտահայտություններ (Զահրումար, դավաճան հայվան; մեր միլիոնը տարան, և այլն) դարձել են թևավոր խոսքեր և լայնորեն օգտագործվել ժամանակակիցների բառապաշարում։

Ֆիլմում գերակշիռ մաս են կազմում նաև խոսքային արտահայտությունները՝ դարձվածքներն ու ասացվածքները (պապս էլ հորս ձեռը բռնած գա․․․; քեզանից քարվան կտրող դուրս չի գա; ամեն մարդու բան չի; գլուխը պատին է տալիս; էլ ի՞նչ երեսով երևանք գյուղում; ծանր տեղդ մի թեթևացրու, և այլն), ուղիղ և փոխաբերական իմաստներով օգտագործված արտահայտությունները։ Ֆիլմում նաև հատկանշական են ոչ բառային հաղորդումները (կամուրջ-գերան, կենդանիներ, գորգեր, ուտեստներով լի սեղան, աղ, գինի, վագր, երաժշտություն, հագուկապ, ջուր, և այլն)։

Ֆիլմում կարելի է հետևել երկու մրցակից կոլտնտեսությունների պայքարին՝ հանուն տեղական ազնվական ցլիկի։ Մի կողմում՝ ընկեր Նաջարյանն է՝ ամբիցիոզ, համառ, չզիջող, խիստ և պահանջկոտ, մյուս կողմում՝ Գուրգենն ու Ցոլակն են, ովքեր հանուն իրենց ֆերմայի պատրաստ են ամեն ինչի և չեն ուզում գյուղ վերադառնալ ձեռնունայն։ Ամբողջ ֆիլմի ընթացքում այդ երկուսի համառ ու անզիջում կռիվն է, որը զարգանում է մի շարք փորձությունների միջով, տատանվում կողմերի միջև և ընթանում առանց փոխզիջման։ Բնական է, որ ոչ մի կողմ չի ուզի զիջել մրցակից կոլտնտեսությանը, մարդկային բնազդի համաձայն՝ երկուսն էլ անզիջում են այդ հարցում և պայքարում են՝ հանուն իրենց ֆերմայի համբավի։

Ֆիլմի վերջն է շատ ուրախացնող և նշանակալի։ Վերջում, երբ ընկեր Նաջարյանը վերջապես հասնում է ցլիկին, մոտենում է նրան, որ վերադարձնի գյուղ, տեսնելով մարդկանց դեմքի ժպիտները, իր ու իր ֆերմայի մասին գովասանքները, չի կարողանում մերժել Սուրենի խնդրանքը և ճարահատյալ, հոժար կամքով տալիս է “ոսկե ցլիկին”։ Իհարկե սա նույնպես հոգու խորքից եկած՝ հաշվարկով արված քայլ է՝ Նաջարյանի ֆերմայի բարի համբավի տարածման համար, բայց այնուամենայնիվ՝ մարդկային բնազդի հանդեպ ոչինչ ի զորու չէ։ Եթե այն գտնում է, որ տվյալ պահին այդ արարքն է ճիշտ, ապա մարդուն մնում է միայն վարվել այդպես և հետո սպասել դրա օգուտին։

Design a site like this with WordPress.com
Get started