Դպրոցներում ռուսերենի ուսումնասիրման անհրաժեշտությունը

Ըստ ռուս մեծերի՝ ռուսաց լեզուն ամենահարուստ, ամենագեղեցիկ ու ամենաճշգրիտ լեզուներից մեկն է։ Բայց արդյոք դա իրոք այդպե՞ս է, թե դա ընդամենը ռուս պատրիոտների գովաբանական խոսքն է իրենց մայրենի լեզվին։

Նախ և առաջ լեզվի տարածումն ու անհրաժեշտությունը դիտարկենք մեր երկրի մասշտաբով․ Հայաստանում ռուսերենը համարվել և ցայսօր համարվում է հիմնական օտար լեզուներից մեկը։ Գրեթե բոլոր հանրակրթական դպրոցներում այն պարտադիր դասավանդվում և ուսումնասիրվում է։ Այն հիրավի համարվում է գեղեցիկ, ինչու ոչ՝ ականջահաճո և հարուստ բառապաշար ունեցող լեզու։ Ի թիվս այլ հատկանիշների, ռուսաց լեզուն բավականին խրթին լեզու է և երբեմն կարող է ցանկացած լոգիկայից ու օրինաչափությունից շեղվել՝ իր խճճող լեզվական ու քերականական օրենքներով։

Մի փոքր շեղվելով ռուսերենի առանձնահատկություններից՝ հասկանանք, թե ինչու են հատկապես Հայաստանում պահանջում և խրախուսում տվյալ լեզվի իմացությունը, և ի վերջո ինչու է մինչ օրս անհրաժեշտ դպրոցներում դրա ուսումնասիրումը։ Դա կարող է ունենալ մի քանի նախադրյալ և բացատրություն՝ մի քանի տեսանկյունից։

Առաջին և ամենապարզ բացատրությունն ունի քաղաքական բնույթ։ Մեր երկիրը դարեր շարունակ եղել է Ռուսաստանի տիրապետության տակ, որտեղ էլ գործել է դիկտատուրա՝ ընդդեմ ազգերի մշակույթի, ավանդույթների և իհարկե լեզվի։ Հայաստանը, կազմելով Ռուսաստանի մի մաս, ակամա ռուսաց լեզվի բարգավաճման ուղի է հարթել ողջ երկրով մեկ։ Արդյունքում՝ պոպուլյացիայում սերնդեսերունդ փոխանցվել է ռուսերենի հանդեպ ժողովրդի տածած այն կարծիքը, որ վերջինս կարևորվում և արժևորվում է հասարակության կողմից։

Հաջորդ նախադրյալը հարում է ավելի արդի ժամանակներին և կրում է տնտեսական բնույթ։ Գաղտնիք չէ, որ ի թիվս այլ ոլորտների, Հայաստանի տնտեսության մեջ նույնպես վիթխարի է Ռուսաստանի դերը։ Այդ թվում՝ շատ առևտրականներ իրենց արտադրության հումքը բերում են Ռուսաստանից, շատ բիզնեսմեններ իրենց ապրանքը ներկրում են Ռուսաստանից։ Սակայն կա մի շատ կարևոր կետ ևս, որն ավելի ազդեցիկ է վերոնշյալ օրինակներից․ այն, որ միջազգային ճանաչողականություն ունեցող մի շարք բրենդների, ֆիրմաների և այլ կառույցների հայկական մասնաճյուղերն ուղղակիորեն կապ ունեն ռուսականի հետ։ Դրանից հետևում է, որ դրանց ողջ սիստեման ու աշխատանքային համակարգի հիմքում ընկած է ռուսաց լեզուն։ Դա, իհարկե, ցավով պետք է նշել, սակայն այդպիսի դեպքերում ամբողջ համակարգը համապատասխանեցված է ռուսաց լեզվին և իրականացվում է հենց այդ լեզվով, իսկ դրա հայերեն համարժեքը բացակայում է՝ ելնելով մի շարք պատճառներից։ Ինչպես տեսանք, Հայաստանը մինչ օրս էլ կախվածություն ունի Ռուսաստանից, հատկապես տնտեսական առումով։ Այս ամենը, վերը նշված բազում կետերն ու օրինակները արդեն անխուսափելի են դարձնում ռուսերենի խիստ անհրաժեշտությունը Հայաստանում։

Ամփոփելով՝ եզրակացնենք, որ, քանզի ռուսերենը ցայսօր մեծ տարածում ունի Հայաստանում, դա ահագին մեծացնում է այդ լեզվի պահանջարկը՝ դրա հետ մեկտեղ մեծացնելով նաև դպրոցներում դրա ուսումնասիրման անհրաժեշտությունը։ Եվ քանի դեռ Հայաստանը շարունակում է կախվածություն ունենալ Ռուսաստանից և ջանք չի ներդրվում՝ հայերենը նույնչափ տարածելու, ռուսերենի ուսումնասիրումն անխուսափելիորեն անհրաժեշտություն է լինելու դպրոցներում։

One thought on “Դպրոցներում ռուսերենի ուսումնասիրման անհրաժեշտությունը”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started