Մայիսյան 18-րդ հավաք․ հայոց լեզվի բաց դաս-քննարկում

Մենք բոլորս էլ մեր օրվա ընթացքում ընթերցում ենք․ մեկս մի քիչ քիչ, մյուսը մի քիչ շատ։ Մարդիկ կան սիրում են ընթերցել գեղարվեստական գրականություն, մարդիկ էլ կան՝ կարդում են փոքրիկ հոդվածներ և գրառումներ, որոնք մենք կարող ենք գտնել տարբեր սոցիալական հարթակներում։

Եվ ահա անցնող մեկ տարվա ընթացքում այդպիսի գրառումները բազմիցս մաս են կազմել մեր ուսումնական ծրագրի։ Այս մեկ տարվա ընթացքում հասցրել ենք ուսումնասիրել մի շարք հոդվածներ և գրառումներ՝ տարբեր թեմաների ու բնույթի։ Եվ այդ վերլուծությունների ընթացքում դիտարկել ենք գրառման մի շարք բաղադրիչներ․ հեղինակի իրական ասելիքը՝ բուն ենթատեքստը, նպատակին հասնելու համար օգտագործած բառային ու խոսքային միջոցները, խոսքում առկա զուտ գրական եզրույթները, արտահայտությունները կամ խոսակցական բառերը, և այլ շատ բաղադրիչներ։ Ու այս ամենը, երբ անում ես մի քանի անգամ, այն էլ՝ տարբեր գրառումներ վերլուծելիս, արդեն հասկանում ես, որ ուղղակի կարդալ անցնելն ու գրառումը մանրակրկիտ վերլուծելը լիովին տարբեր ազդեցություն կարող են թողնել քեզ վրա։ Երբ դու պարզապես կարդում ես հոդվածը, ազդեցությունը, որը ունենում ես ընթերցումից հետո, կարող է հենց այն լինել, ինչին գրառման հեղինակը ձգտում էր։ Բայց երբ լիարժեք վերլուծում ես որևէ հոդված, գտնում ես այն հնարքը, որով հեղինակն ուզում էր խոսքն ազդեցիկ ու վստահելի դարձնել, արդեն դու ես կարողանում հասկանալ հեղինակի բուն ցանկությունը, ինչու՞ է այդ հոդվածը գրել և ի՞նչն է իրեն դրդել այդ միտքն արտահայտելու։

Այսինքն վերլուծելիս, ինքնաբերաբար ի հայտ են գալիս հարցեր, որոնց սկզբում դժվար է պատասխանել, քանի որ գրառման հեղինակը կարող է վարպետորեն քողարկած լինել դրանք։ Սակայն շարունակաբար այդպիսի վերլուծություններ անելուց հետո, արդեն հմտանում ես իրական ենթատեքստի բացահայտման գործում։

Եվ այս հմտությունը անհրաժեշտություն է կյանքի բոլոր իրավիճակներում ու բոլոր մարդկանց համար։ Կենդանի շփման մեջ խոսքի բաղադրիչներից կարող են լինել նաև միջավայրը, գույները, խոսակցի շարժուձևը, ձայնի հնչերանգն ու խոսքի ժամանակ արած շարժումները։ Եվ այս ամենն իմանալն ու վերլուծելու կարողությունը քեզ հնարավորություն են տալիս տարբերել ու հասկանալ․ դիմացինիդ խոսքն իրո՞ք ազդեցիկ է, թե՞ այն լի է մի շարք թաքնված խոսքային միջոց-հնարքներով, որոնք հենց ստիպում են քեզ հավատալ, անգամ սատարել նրա այդ տեսակետը։

Տարվա ընթացքում եղել է նաև, որ անենք հետաքրքիր խաղարկային բանավեճեր, որի ընթացքում մի խումբը պատրաստվում էր մի թեմայի շուրջ քննարկման, ընտրում էր բանավիճողին, թեմայի կարևորությունը, այն հանգամանքները, որոնց պետք է անդրադառնալ, իսկ մյուս խումբը պետք է հնարավորինս ուշադիր լսեր թեման ներկայացնողին ու այնուհետև մեկնաբաներ նրա օգտագործած հնարքը, շարժուձևը, վստահությունը, հագուստը և այլ շատ գործոններ։ Կարծում եմ այդպիսի փորձեր պետք է անել տարվա ընթացքում ավելի շատ, որպեսզի մեր հմտությունները զարգանան ոչ միայն տեսական, այլև գործնական միջավայրում ու մենք ինքներս զգանք՝ ինչպես բազում անգամներ մեր մտածողությունը կարող է զիջել ենթագիտակցությանը և թե ինչպես մեր խոսքում կանխել այդ երևույթը։

Այսքանը գրառումների վերլուծության մասին, ուղղակի կուզեմ՝ պատկերացնեք, թե ինչքան բան կարող է թաքնված լինել մի փոքր տեքստում, ինչքան գիտակցաբար կամ ակամա ասված խոսք՝ հեղինակի գրառման մեջ և թե ինչքան տարբեր բացատրություններ կարող է ունենալ այդ, թեկուզ փոքր, բայց բազմաբովանդակ հոդվածը։

Դասավանդողի ծանր առաքելությունը

Լավ ուսուցումը պետք է բավական դանդաղ լինի, որպեսզի շփոթեցնող չլինի, և բավական արագ, որպեսզի ձանձրալի չլինի:

Սիդնի Ջ. Հարիս

Ինչու եմ հենց այսպե՞ս վերնագրել մեկնաբանությունս։ Մի պարզ պատճառով։ Հոդվածում վեր էին հանվում հատուկ կարիքով սովորողների, ներառականների ուսուցման մարահրավերներն ու դժվարությունները։ Բայց դրանցից այն կողմ՝ բուն ենթատեքստում, ուսուցչի դասավանդման ընթացքում առաջացող խոչընդոտներն ու բարդություններն են արծարծվում։ Եվ մի պահ հասկանում ես, թե իրոք՝ ինչքան բարդ է դառնում ուսուցչի աշխատանքը, և ինչքան պարտավորված ու պատասխանատու է զգում մի մարդ, ով առաքելություն ունի կրթել, դաստիարակել և կատարելագործել մի խումբ մարդկանց, որոնց շարքերում ամեն խավի և տարիքի երեխա կարող է լինել։ Ակնհայտորեն հասկանալով, որ յուրաքանչյուր աշակերտի պետք է անհատական մոտեցում և խնամք, եզրահանգում ենք մի բանի․ դասավանդողի աշխատանքն ավելին է, քան մի խումբ երեխաների դաս տալն ու ուսուցանելը։

Իսկապես, մանկավարժն ամեն ինչ է․ և՛ հոգեբան, և՛ ուսուցիչ, և՛ մարդաբան, և՛ ընկեր, և՛ առաջնորդ։ Այսքան բան միայն այդ մի մարդու մեջ, ում մենք ծանոթ ենք դառնում դեռ շատ վաղ տարիքում։ Բայց արդյո՞ք բոլորս հավասարաչափ ենք գիտակցում ուսուցիչ-մանկավար մասնագիտության իրական պատկերն ու կարևորությունը։

Իհարկե, բազմիցս եմ անդրադարձել ուսուցչի աշխատանքին և ուսուցման գործին, շատ անգամ եմ մեկնաբանել այդ երևույթը, արել տարբեր դիտարկումներ, բայց այս հոդվածը կարդալուց հետո էլ շատ բաների սկսեցի այլ կերպ նայել։

Հենց օրինակ ուսուցչի խոսքը աշակերտին հասկանալի դարձնելու գործը։ Բնականաբար, մենք միշտ կենտրոնանում ենք առաջինը կարիքով սովորողներին հասկանալի, ընկալելի լինելու վրա։ Բայց արդյո՞ք արդյունքում չենք մոռանում մնացած սովորողներին․ գուցե նրանց թվում շատերն ունեն այս կամ այն բանը չհասկանալու խնդիր։

Կա նաև դրան հակասող պնդումը, ինչն այս երևույթը դարձնում է պարադոքսալ։ Ինչու՞ ենք մենք սահմանափակում կարիքավոր սովորողների ուսուցման օղակը։ Ինչու՞ ենք նրանց զերծ պահում իրենց անծանոթ ու անհասկանալի նյութերից։ Դա նման է նորածին, դեռևս չխոսող երեխային մարդկային խոսքը լսլեուց զերծ պահելուց։ Մինչև նա չլսի, չհասկանա և չյուրացնի, հետո նաև չկիրառի՝ չի կարող առաջընթաց ունենալ։ Դրա համար էլ ներառականների կրթման գործում պահանջվում է առավել ուշադրություն և խնամք, կամ ինչպես հոդվածում է ասվում՝ “հատուկ օժանդակություն”։

Այսպիսով, հոդվածից պարզ է դառնում, որ վերոնշյալ առաջացող խնդիրների լուծման հարցում գլխավոր դերակատար է ուսուցիչը․ այն մի հոգին, ով պետք է իր ուսուցման ձևը հարմարեցնի դասարանում գտնվող բոլոր սովորողների ընկալմանն ու կարիքներին։ Անարդար է, չէ՞։ Այդ դեպքում միակ ռացիոնալ լուծումը կլինեն հոդվածում նշված “հատուկ դասարանները”, որտեղ ներառական, կարիքավոր սովորողները կստանան առավել մեծ օժանդակություն, միաժամանակ չզգալով, որ իրենք մնացածից տարբերվում են (այո, բնականաբար տարբերվում են ինչ-ինչ պատճառներով)։ Այդ դեպքում կրթական գործն ու արդյունքը կլինի առավել հուսալի և արդյունավետ։

Սուտը՝ հասարակության բաղկացուցիչ տարր

Ինձ հետ խոսելու պատճառն այն է, որ ես միակն եմ, ում պատասխաններն ընդունում եմ:

Ջորջ Կարլին

Դեռ մանուկ հասակից մեզ ամենուր հրահանգում են՝ երբեք սուտ չխոսել, սուտը վատ բան է, սուտասանին պատիժ է հասնում։ Մանկուց մեքն սովորում ենք, որ սուտն աններելի մեղք է և երբեք պետք է ստել։ Մի քիչ մեծանում ենք, տեսնում, որ հասարակության մեջ շատերն են ստում և գրեթե միշտ, զարմանում ենք և ինքներս մեզ խոսք տալիս, որ նույն ազնիվն ու ճմարտախոսը կլինենք։ Մի փոքր էլ է անցնում և մենք մեզ տեսնում ենք նույն այն իրավիճակում, ինչ մյուսներն են․ հասկանում ենք, որ ինքնըստինքյան մենք էլ ենք սկսում երբեմն ստել։

Ի վերջո, ի՞նչ է այդ սուտը և ինչու՞ է այսքան արագ տարածվում մարդկանց շարքերում։ Սուտը շատ մեծ հասկացություն է և ինչպես մնացած ընդհանրական երևույթները՝ սա նույնպես ունի իր մի շարք դրսևորումներն ու բնույթները։ Ըստ երևույթին՝ սուտը շատ ժամանակ ի հայտ է գալիս խոսքի, շփման մեջ, երբ հատկապես պետք է փրկել իրավիճակը, հարաբերությունները կամ ինքդ քեզ։ Ամենայն հավանականությամբ՝ մարդն ասել կամ արել է որևէ արգելված բան, որը պետք է քողարկել։ Եվ այնտեղ օգնության է գալիս սուտը։ Իհարկե, այն շատ անգամներ մեծ ու էական բաներ է փրկում կործանումից, բայց այդ դեպքում հարց է առաջանում․ արդյո՞ք ի սկզբանե չէր կարելի կանխել ստի վտանգը և չգնալ այն սկզբնական արգելված քայլին։ Այդ դեպքում ստելու կարիք էլ չէր լինի։ Պատասխանն ակնհայտ է․ շատ անգամներ մարդիկ գիտակցում են արարքի իրական վտանգը այն գործելուց հետո միայն։ Եվ մեզ մնում է ոչինչ, քան ստել, խաբել և ծածկել այդ դեպքը։

Երբեմն այս ամենը դառնում է շատ անկայուն և վախեցնող, որովհետև երբեք ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է իրականում մարդու մտքին, կամ ինչ կլիներ, եթե մարդու խոսքից ջնջեինք սուտը և թողնեինք միայն ճշմարիտը։ Անհեթեթ է, բայց այդ դեպքում միգուցե լինի ավելի սարսափելի պատկեր, քան սուտն է։ Հենց դրա համար գրեթե միշտ մարդիկ ցանկանում են լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը։ Այսինքն, հասարակությունը ոչ միայն չի դատապարտում սուտը, այլև խրախուսում այն և նախընտրում ճշմարտության փոխարեն։

Եթե արտահայտեմ կարծիքս այս երևույթի մասին, ապա ես շատ հատուկ վերաբերմունք ունեմ ստի նկատմամբ։ Ես պարզ մարդ եմ և կարծում եմ՝ յուրաքանչյուր իրավիճակում ճշմարտախոս և ազնիվ լինելն ամենաուժեղ բանն է, որ մարդ կարող է անել։ Եվ իրոք, ինչպե՞ս կարող է մարդ ճիշտ խոսել և ճշմարիտն ընդունել, եթե չունի պահանջվող խիզախությունը դա անելու համար։ Յուրաքանչյուր խոսքից առաջ ես իմ առջև եմ դնում դեպքերի իրադարձությունների հնարավոր ընթացքն ու հեռանկարը և հասկանում, որ ամենաճիշտն է ներկայում ճիշտն ասել, քան գալիք ամբողջ ընթացքում տառապել ստի, խղճի և մեղքի զգացումով։ Իհարկե, եթե ստախոսն օժտված է վերոնշյալ զգացումներով։

Անհատն ու հանրությունը

Դուք չպետք է կորցնեք ձեր հավատը մարդկության հանդեպ։ Մարդկությունը օվկիանոս է. եթե օվկիանոսի մի քանի կաթիլը կեղտոտ է լինում, օվկիանոսը չի կեղտոտվում:

Մահաթմա Գանդի

Հենց այս խոսքերն էլ պետք է հաշվի առնել անհատի ու հանրության հարաբերությունների մասին խոսելիս։ Պետք է հասկանալ, որ եթե մարդն անընդհատ բողոքում է իր շրջապատի ճնշող միջավայրից, մարդկանց ու հանրությանը համարում է անմիտ կամ բութ, այդ ամենը միայն մի պատճառով է։ Այն, որ անհատը գոյատևում է սխալ միջավայրում, ի վերջո՝ ոչ բոլորը կարող են համապատասխանել մեր սպասելքիներին և ոչ բոլորը կարող են արդարացնել մեր ակնկալիքները։

Հանրությունն ինքնին կարող է վնասող լինել, ճնշող լինել անհատի համար։ Սակայն մի պահ գիտակցենք, որ բոլորս մարդ ենք և մեզնից յուրաքանչյուրն օժտված է բանականության ու մարդկային բնազդներով։ Շատ մտավորականների կարող է հուզել հանրության մեջ տիրող անմտությունն ու անտարբերությունը։ Բայց մի՞թե ոչ ոք չի գիտակցում դա։ Իհարկե գիտակցում են։ Սակայն մարդկային բնազդն է ապրել միջավայրում իր ցանկությունների համաձայն, քան դիմացինի պահանջմունքներին համապատասխան։

Մարդկային հարաբերությունները ավելի քան միլիոնավոր տարիներ առեղծված են մնացել։ Ոչ ոք չի կարող ասել՝ կստանա՞նք արդյոք ապագայում միասնական հասարակություն, որտեղ համայն մարդկությունը կհամախմբվի մի գաղափարի շուրջ, կմիավորվի մի լեզվի ու մշակույթի տակ և իրեն կկոչի իդեալական հանրություն։ Ձևակերպումս շատ դիստոպիական էր, սակայն ոչ ոք չի կարող ասել՝ կարո՞ղ ենք որևիցե մի օր ապահովել մարդկության անխռով ու ընդմիշտ հաշտ փոխհարաբերությունները։

Սակայն ներկայումս դեռ, պետք է շարժվել ներկայի թելադրանքով․ լինել մի փոքր նրբանկատ, սակայն չկորցնել սեփական եսը։ Ի վերջո, կյանքի խաչմերուկներում Դուք կարող եք կորցնել շատ մարդկանց, բայց երբե՛ք մի կորցրեք ինքներդ Ձեզ։

Աբիժնիկների վրեժը հոդվածի վերլուծություն

Ակնհայտ է, որ այս հոդվածում առաջին բանը, որ ընթերցողին գրավում է և առհասարակ ստիպում ընթերցել այն՝ հոդվածի անսովոր վերնագիրն է։ Նախ և առաջ՝ օտար լեզվով օգտագործված “աբիժնիկ” բառն օգտագործվում է ոչ այն բնագավառում, ինչը հոդվածում նկարագրվում է։ Եվ այն հատուկ չէ մեզ հաճախ հանդիպող հոդվածների լեզվին։ Այնուամենայնիվ, սա ինչ-որ կերպ հնարք է՝ գրավելու ընթերցողին։

Կարծում եմ՝ ընտրված թեման, նույն ինքը՝ իշխանության կողմից դատական համակարգի արմատախիլ անելու գործընթացը, դեռևս սկսվել է տարիներ առաջ։ Հոդվածում իշխանության արարքը բնութագրվում է որպես ծայրագույն անարդարություն։ Հատկապես նշվում է այն փաստը, որ դա ոչ թե արդարացի վրեժ է, ոչ թե քաղբանտարկյալի վրեժ է, այլ ուղղակի հանրության ասեկոսեների ազդեցության տակ ընկած, թերուս մարդու արարք։ Այստեղ հոդվածագիրը ներկայացնում է իշանությանը՝ որպես մի համակարգի, որը բաղկացած է մի խումբ տգետ մարդկանցից, ուստի որևէ որոշում, որն ընդունվում է իրենց կողմից՝ անկայուն է և անհեթեթ։

Մեկ այլ կողմից՝ բարձրացնում է փորձառու դատավորներին, ովքեր որդեն տասնյակ տարիներ է՝ համակարգում են և արդեն պրոֆեսիոնալ են իրենց գործում։ Նրանց կողքին ներկայացվում են արդեն նոր, չափազանց երիտասարդ ու անփորձ, համակարգում բոլորովին վերջերս հայտնված դատավորներին։ Այսինքն, այստեղ էլ՝ խոսքի ենթատեքստում, դրված է մարդու փարձառություն ունենալու և տարիքի հարցը՝ “մեծերն ու համակարգի հներն ավելի փորձառու են” խոսքից ելնելով։

Եթե հոդվածի սկզբում հոդվածագրի խոսքերը դեռևս հանգիստ են թվում, կամ առնվազն՝ այդ բռնկումները լինում են ոչ բոլոր նախադասություններում, ապա հոդվածի վերջին մի քանի նախադասություններում, ամնհայտորեն կարելի է տեսնել հոդվածագրի անձնական բարձր հակակրանքը Նիկոլ Փաշինյանի և համակարգ նոր մուտք գործած “անինքնասեր, թույլ” դատավորների հանդեպ։ Այսինքն, խոսքային ցնցումները վերջին նախադասություններում դառնում են ավելի բուռն և հաճախակի։

Այս ամենից կարելի է եզրակացնել մի քանի բան․ կա՛մ հոդվածը գրվել է, ելնելով իշխանության հանդեպ հոդվածագրի ակնհայտ հակակրանքից, կա՛մ իրոք թեման հրատապ է և պարունակում է արդարության հատիկներ և կայուն հիմք, կա՛մ էլ հոդվածը գրվել է՝ անձնական այլ նկատառումներից ելնելով։

Մխիթար Սեբաստացու մասին

Մխիթար Սեբաստացին ծնվել է փետրվարի 7-ին, 1676 թ․։ Նրա իսկական անունը Մանուկ էր, նրա հոր անունը՝ Պետրոս, մոր անունը՝ Շահրիստանի։ Մանուկն ուներ շատ մասնագիտություններ․ վանական, գրող, թարգմանիչ։ Նրան կոչում էին Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ։ Նա հայտնի է իր Մխիթարյան միաբանությունով։ 20 տարեկանում նա դարձավ քահանա։ Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում։ Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը։ Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։

Մխիթար Սեբաստացու բնավորությունը

Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Մխիթարն ըմբռնել էր ընկերական կենաց օգուտները, գիտեր, թե միաբանությունը, առանց սիրո և սրտերի միության, սոսկ բանդագուշանք է. անհրաժեշտ էր, որ մտքերն իրար շփվեին և բարքերը՝ իրար սրբագրելու և հղկելու համար, հարկ էր որ խոսքերի և մտածմունքների առնչություն լիներ, որով կապվեին հոգիները:

Կարդալ ավելին

Ոսկե Ցլիկ․ Պայքար հանուն առաջատարության

Ոսկե ցլիկը 1955 թվականին Մոկո Հակոբյանի նկարահանած կարճամետրաժ կատակերգություն է։ Այն շատ հետաքրքիր, արագ զարգացող սյուժեով և բավականին աշխույժ, արկածային ֆիլմ է։ Դերասանների խաղն ու դեմքի միմիկաներն ստիպում են հանդիսատեսին ծիծաղել ողջ ֆիլմի ընթացքում։ Ֆիլմն այնքան հաջողված և սիրված է եղել, որ շատ շուտով դրանում օգտագործված մի շարք արտահայտություններ (Զահրումար, դավաճան հայվան; մեր միլիոնը տարան, և այլն) դարձել են թևավոր խոսքեր և լայնորեն օգտագործվել ժամանակակիցների բառապաշարում։

Ֆիլմում գերակշիռ մաս են կազմում նաև խոսքային արտահայտությունները՝ դարձվածքներն ու ասացվածքները (պապս էլ հորս ձեռը բռնած գա․․․; քեզանից քարվան կտրող դուրս չի գա; ամեն մարդու բան չի; գլուխը պատին է տալիս; էլ ի՞նչ երեսով երևանք գյուղում; ծանր տեղդ մի թեթևացրու, և այլն), ուղիղ և փոխաբերական իմաստներով օգտագործված արտահայտությունները։ Ֆիլմում նաև հատկանշական են ոչ բառային հաղորդումները (կամուրջ-գերան, կենդանիներ, գորգեր, ուտեստներով լի սեղան, աղ, գինի, վագր, երաժշտություն, հագուկապ, ջուր, և այլն)։

Ֆիլմում կարելի է հետևել երկու մրցակից կոլտնտեսությունների պայքարին՝ հանուն տեղական ազնվական ցլիկի։ Մի կողմում՝ ընկեր Նաջարյանն է՝ ամբիցիոզ, համառ, չզիջող, խիստ և պահանջկոտ, մյուս կողմում՝ Գուրգենն ու Ցոլակն են, ովքեր հանուն իրենց ֆերմայի պատրաստ են ամեն ինչի և չեն ուզում գյուղ վերադառնալ ձեռնունայն։ Ամբողջ ֆիլմի ընթացքում այդ երկուսի համառ ու անզիջում կռիվն է, որը զարգանում է մի շարք փորձությունների միջով, տատանվում կողմերի միջև և ընթանում առանց փոխզիջման։ Բնական է, որ ոչ մի կողմ չի ուզի զիջել մրցակից կոլտնտեսությանը, մարդկային բնազդի համաձայն՝ երկուսն էլ անզիջում են այդ հարցում և պայքարում են՝ հանուն իրենց ֆերմայի համբավի։

Ֆիլմի վերջն է շատ ուրախացնող և նշանակալի։ Վերջում, երբ ընկեր Նաջարյանը վերջապես հասնում է ցլիկին, մոտենում է նրան, որ վերադարձնի գյուղ, տեսնելով մարդկանց դեմքի ժպիտները, իր ու իր ֆերմայի մասին գովասանքները, չի կարողանում մերժել Սուրենի խնդրանքը և ճարահատյալ, հոժար կամքով տալիս է “ոսկե ցլիկին”։ Իհարկե սա նույնպես հոգու խորքից եկած՝ հաշվարկով արված քայլ է՝ Նաջարյանի ֆերմայի բարի համբավի տարածման համար, բայց այնուամենայնիվ՝ մարդկային բնազդի հանդեպ ոչինչ ի զորու չէ։ Եթե այն գտնում է, որ տվյալ պահին այդ արարքն է ճիշտ, ապա մարդուն մնում է միայն վարվել այդպես և հետո սպասել դրա օգուտին։

13/12/22

1. Զբոսայգի + գործարան = այգեգործ

Բաղձանք + կարոտել  = կարոտաբաղձ

Դյուրություն + հալչել = դյուրահալ

Պարախումբ + նկարիչ = խմբանկար

Շիղաձուկ + որսորդ = ձկնորս

Մրգատու + վաճառք = մրգավաճառ

2. Անմաքուր + մաքրել = մաքրամաքուր

Ամենաքնքուշ + սրտակեղեք = քնքասիրտ

Կարմրադեղին + կտցել = դեղնակտուց

Ալիք + ծփծփալ = ալեծուփ

Աշուն + ցանք = աշնանացան

Մոմակալ + աշխարհ = աշխարհակալ

3. Կարկուտ + մտաբերել = կարկտաբեր

Ճարպագունդ + ասեղնագործ = գնդասեղ

Արևմուտք + օծանելիք = արևազօծ

Խնկածաղիկ + շղթայազերծ = ծաղկաշղթա,

Մարդկային + հրաշամանուկ = մանկամարդ

Գերակշռել + ծանրոց = ծանրակշիռ

4. Ամսեամիս + վճարովի = ամսավճար

Բարեկամ + սրտակեղեք = բարեսիրտ

Տավիղ + հարվածային = տաղվահար

Նախահաշիվ + կշռաքար = հաշվեկշիռ

Դաշտամուկ + դեղաբույ = դաշտաբույս

Ինձ + ուղտապան = ընձուխտ

5․ Սրբավայր + գաղութ = գաղթավայր

Խրձադեզ + փրփուր = փրփրադեզ

Անուշ + բուրմունք = անուշաբույր

Պտուղ + կերակուր = պտղակեր

Բուժօգնություն + սեղանատամ = ատամնաբույժ

Խաղաղասեր + կարոտագին = խաղաղակարոտ

6․ Դափնի+քաջվարդ-դափնեվարդ

Ամենաուղիղ+ձգողություն-ուղղաձիգ

Հերարձակ+գանգուր-գանգրահեր

Մեկընդմիշտ+աչագեղ-մշտագեղ

Դաշտամուկ+խճանկար-դաշտանկար

Մաշկել+գանգ-գանգեմաշկ

7․ Զտարյուն+կոլոլակ-արնակոլոլ

Գրգռել+դյուրահավատ-դյուրագրգիռ

Հոգևոր+անզավակ-հոգեզավակ

Օրընդմեջ+բերդաքաղաք-քաղաքամեջ

Քրոջական+հարսնատես-հարսնաքույր

Խաչապաշտ+փափկամորթ-մորթապաշտ

8․ Շուտափույթ+ջանադիր-փութաջան

Բուրավետ+խնկաման-խնկաբույր

Խեղդամահ+գայլակեր-գելխեղդ

Փրփուր+խրձադեզ-փրփրադեզ

Արտերկիր+գնդասեր-երկրագունդ

Հմայք+մեծահոգի-հոգեհմա

Ռեյ Բրեդբըրի-«Ֆարենհայթ 451»

Մեկնաբանություն և Վերլուծություն

Սյուժեից կարելի է հասկանալ, որ վեպի ընդհանուր թեման գրքերի դեմ շարժումն է, որը հեղինակը ներկայացրել է որպես մոտ ապագայի նկարագիր։ Գրքում այնպիսի յուրօրինակ ոճով ու վարպետությամբ են ներկայացված մարդկային անտարբերությունը, երբ մի ամուսնական զույգի սերն ադրեն վաղուց մտել է խորը թմբիրի մեջ, երբ մարդիկ առհասարակ միապաղաղ կյանք են վարում՝ ամեն օր գնում գործի, գործից գալիս տուն, իսկ նրանք, ովքեր չեն աշխատում՝ դիտում են հեռուստացույց, այն էլ մի սենյակում, որտեղ սենյակն ինքն է հենց հեռուստացույց՝ պատերին ամրացված մեծ էկրաններով։ Այդ հաղորդումների մեջ անգամ ամեն ինչ արված է, որ հեռուստադիտողը գոհ մնա դրանից։ Ամեն անգամ հեռուստադիտողի տրամադրությունն են հարցնում, նախընտրած թեման, որպեսզի դրան համապատասխան ամենաճիշտ հաղորդումը միացնեն տվյալ պահին։ Այդ գործընթացները կարող են ամեն օր շարունակվել ու շարունակվել, անընդհատ նույն բանը կարող է կրկնվել, սակայն ոչ ոք դա չի նկատում։ Ղեկավարությունը հոգ է տարել, որ ոչ ոք բողոքելու տեղ չունենա։ Այդ միանման հասարակության մեջ միայն հրկիզող Գայ Մոնթագն է մի օր նկատում այդ միօրինակությունը և օրեցօր սկսում խելագարվել դրանից։ Իր հանգստությունը նա գտնում է օրենքը խախտելով՝ գործի ժամանակ մի գիրք գողանալով ու ընթերցելով։

Բայց արդյո՞ք դա վեպի ընդհանուր գաղափարն էր, թե՞ այնուամենայնիվ ուրիշ իմաստ էլ է իր մեջ թաքցնում։ Հասկանանք՝ գրողի տեսանկյունից։ Շատերի կարծիքով վեպը քննադատում է ընդհանուր գրաքննությունը, սակայն ինքը Բրեդբերին հերքում էր դա. հարցազրույցներում նա ասում էր, որ «Ֆարենհայթը» պատմություն է նրա մասին, թե ինչպես է հեռուստատեսությունը անհետաքրքիր դարձնում գրքի ընթերցանությունը։ Գրողը լուրջ մտահոգություն ուներ այս հարցի հետ կապված։ Հեռուստատեսության մասին նա ասում էր, որ այն «տալիս է ձեզ Նապոլեոնի տարեթվերը, բայց չի ասում, թե ով է նա եղել»։ Բրեդբերին համարում էր, որ հեռուստատեսությունը չափազանց շատ ավելորդ ինֆորմացիա է տալիս մարդուն։ 1951 թվականին Ռիչարդ Մեթսոնին ուղղված նամակում հեղինակը գրում է նաև ռադիոյի վնասի մասին. այն դարձնում է մարդկանց «արագորեն կարդացող», ինչը նրանց համար գրեթե անհնար է դարձնում պարզապես նստելը և խորասուզվելը գրքի մեջ։

Նրանում, որ հեռուստատեսությունը ճնշեց գրականությանը, Բրեդբերին մեղադրում է ոչ թե կառավարությանը, այլ ժողովրդին։ Ըստ վեպի՝ գրքերի արգելմանը հանգեցնում են քաղաքական կոռեկտությունը և հասարակության բազմազանությունը։ Այնուամենայնիվ Բրեդբերին հայտնի դարձավ, որովհետև նրա ստեղծագործությունները հաղորդվում էին հեռուստատեսությամբ։

Կա նաև կարծիք, որ վեպն արտածում է այն ժամանակաշրջանը, որում ստեղծվել է։ Սկսվում էր Սառը պատերազմը, ԽՍՀՄ-ում տիրում էր ստալինյան ռեժիմը, իսկ ԱՄՆ-ում ծագում էր Մաքքարթիզմը։

Այնուամենայնիվ, ինչ էլ, որ գրողն արտահայտած լինի, գիրքն ընթերցելուց ակամա քո մեջ վախ է արթնանում՝ ապագայի նույնպիսի հեռանկարի մասին կանխազգալով։ Բայց մի՞թե կգա մի օր, երբ օրենքը խախտելու համար կկոտրեն տան դուռը, կներխուժեն և կհրկիզեն թաքստոցներում պահված բոլոր գրքերը։ Մի՞թե մի օր կձևավորվի այնպիսի հասարակություն, որտեղ կառավարությունը մարդկանց ուղեղներն այնպես “կլվա”, որ մարդիկ կհավատան այդ իրականությանը՝ ավելի պարզ ու նախընտրելի։

Արդյո՞ք մի օր մարդիկ կդադարեն կյանքի էության մասին մտածելուց, կհոգնեն դրա մասին անվերջ բանավեճերից ու հետազոտություններից և պարզապես կհավատան այն իրականությանը, որը վերնախավն է առաջարկում։ Կարծում եմ՝ այդ պատկերն ամբողջությամբ չի արտահայտվի։ Բայց այն, ինչ մենք այսօր թեկուզ ունենք, որոշ չափով արտացոլում է «Ֆարենհայթը»-ի պատկերը։ Երբ մարդիկ այնքան են սովոր հեռուստացույց դիտել, տարբեր սոց․ ցանցերում փոքրիկ գրառումներ անել, որ արդեն վարժված են հենց այդպիսի փոքրածավալ տեքստեր կարդալուն։ Շատերն ուղղակի վախենում են գրքի չափերից, վախենում են սկսել ընթերցել, խուսափում են ընթերցելուց, մինչև անգամ սոց․ ցանցերում փոքրիկ գրառումներ ընթերցելն իրենց համար դառնում է մեծ հոգս։ Բայց իհարկե, ինպես մեր վեպում, այնպես էլ իրականության մեջ, կգտնվեն հաստատ Գայ Մոնթագի պես շատ-շատերը, ովքեր կփորձեն փախչել իրականությունից և, ինչպես վեպի վերջում՝ կգտնեն իրենց նմաններին, կհեռանան օրեցօր անկում ապրող հասարակությունից և հեռվից, նայելով հասարակության կործանմանը, հուսահատ կգնան իրենց նմաններին որոնելու։ Բայց շատերն էլ կգերադասեն դառնալ ղեկավարության մասնիկը և լինելով շրջապատից խելացի՝ կդառնան այդ թերզարգացած հանրության ղեկավարը և կշարունակեն սնուցել նրանց՝ իրենց նախընտրած իրականությամբ․․․

Թարգմանությունների խմբագրում

Մի անգամ, երբ մի աթեիստ քայլում էր ժայռի երկայնքով, սայթաքեց ու ընկավ։ Ընկնելիս նրան հաջողվեց բռնել ժայռի ճեղքից դուրս եկած փոքրիկ ծառի ճյուղից: Ճյուղից կախված, ցուրտ քամուց օրորվելով՝ նա գիտակցում էր իր դրության անհուսալիությունը։ Ներքևում մամռոտ քարեր էին, և վեր բարձրանալու հնարավորություն չկար։ Նրա՝ ճյուղից բռնած ձեռքերը, թուլացան։
<<Դե,- մտածեց նա,- հիմա ինձ միայն Աստված կարող է փրկել։ Ես երբեք չեմ հավատացել Աստծուն, բայց կարծես թե սխալվում էի։ Ի՞նչ եմ կորցնում:>> Ուստի նա կանչեց.
— Աստվա՛ծ, եթե ​​դու կաս, փրկիր ինձ, և ես կսկսեմ հավատալ քեզ:
Պատասխան չեղավ։ Նա նորից կանչեց.
— Խնդրում եմ, Աստվա՛ծ: Ես երբեք չեմ հավատացել քեզ, բայց եթե դու ինձ փրկես հիմա, ես այսուհետ կհավատամ քեզ:
Հանկարծ ամպերից Գերագույն Ձայն հնչեց.
— Օ՜, ոչ, դու չես անի: Ես ճանաչում եմ քեզ նմաններին։
Մարդն այնքան զարմացավ, որ քիչ էր մնում բաց թողներ ճյուղը։
— Խնդրում եմ, Աստվա՛ծ։ Դու սխալվում ես։ Ես իսկապես այդպես եմ մտածում: Ես կսկսեմ հավատալ։
—Օ՜, ոչ, դու չես անի։ Բոլորդ էլ այդպես եք ասում:
Մարդը աղաչում էր ու համոզում.
Վերջապես Աստված ասաց.
—Լավ: Ես կփրկեմ քեզ… Բաց թող ճյուղը:
— Բա՞ց թողնել ճյուղը,–բացականչեց տղամարդը,–քո կարծիքով՝ ես գժվե՞լ եմ։

Design a site like this with WordPress.com
Get started