Փարիզի տեսարժան վայրերը։ Վերսալ

Արքայական շնչից մինչեւ խաղաղության պայմանագրեր

Ֆրանսիական թագավորների երբեմնի նստավայր Վերսալն, անշուշտ, ողջ Ֆրանսիայի հպարտությունն է եւ հիմնական այցեքարտերից մեկը։ Այն պալատական ու այգիների հոյակերտ անսամբլ է։ Վերսալը գտնվում է Փարիզից 20 կմ հեռավորության վրա։ Վերսալի պալատը ձեւավորվել է 17-րդ դարի կեսերին՝ Արեւ արքա Լյուդովիկոս 14-րդի նախաձեռնությամբ։ Պալատի ոսկեզօծ դարպասների մոտ վեր է խոյանում Լյուդովիկոս 14-րդի արձանը։ Մուտքի մոտ մշտապես հսկայական հերթեր են։

Պալատական համալիրի գեղեցկագույն մասն են կազմում այգիները, որտեղ ավելի քան 400 քանդակներ են տեղադրված, կա նաեւ 1400 շատրվան։ Վերսալյան այգիների արեւմտյան մասում 1,6 կմ-անոց ջրանցք կա, ասում են՝ Լյուդովիկոս 14-րդը շատ է սիրել նավարկել այդ ջրանցքով։ Ի դեպ, Վերսալյան այգում զբոսնելու համար ժամանակին դրես կոդ էր սահմանված՝ պետք էր լավ հագնված լինել։

Պալատը 700 սենյակ ունի, կահկարասու մաս կազմող բաղադրիչները 5000-ից ավելի են։ Ի թիվս այլնի՝ առանձնանում է նաեւ փոքր Տրիանոն, որը Լյուդովիկոս 16-րդի կնոջ՝ Մարի Անտուանետի նստավայրի մաս էր կազմում։ Այն օժտված է յուրահատուկ նրբագեղությամբ։

Ընդհանրապես, Վերսալը բառերով ներկայացնելն անպտուղ գործ է, եւ մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելի ֆրանսիական շքեղությունն ու պատմության շունչն ամփոփող այս չքնաղ վայրը ու մշակութային շոկ ապրի։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started