Գեղատեսիլ Հայաստան։ Մեղրի

Բացահայտելով բնության հրաշալիքները, գնահատելով գեղեցիկն ու արժևորելով կյանքը, բացահայտում և արժևորում ես ինքդ քեզ։

Արի Ագոփ

Լինելով ակտիվ ճանապարհորդ և տարիներով ուսումնասիրելով Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրերն ու բազմատեսակ պատմամշակութային արժեքները, հիանալով գեղատեսիլ բնության կախարդական գեղեցկությամբ և չքնաղ բնածին հրաշալիքներով՝ դեռևս կար մի շրջան, որը մինչ օրս դուրս էր իմ ճամփորդական քարտեզից։ Եվ վերջին շրջանում այն հարցին, թե Հայաստանի ո՞ր շրջանը հատկապես կուզեի բացահայտել, պատասխանս մեկն էր․ երկրի հարավը։ Ավելի կոնկրետ երկրի հարավում գտնվող երեք չքնաղագեղ ու տեսարժան շրջանները․ Մեղրի, Գորիս և Կապան։

Այո, չնայած այն հանգամանքին, որ տարիներով ճամփորդել և բացահայտել եմ հայաստանյան գրեթե ամեն մի շրջան, այս երեքը մշտապես եղել էին իմ ամենացանկալիները առաջիկա ճամփորդական ցանկում։ Հաճախ էի լսում Մեղրիի բազմաթիվ պատմամշակութային կոթողների մասին, Գորիսի աննկարագրելի շքեղ բնության և անբացատրելի բնական կերտվածքի անհավատալի նկարագրությունները և այդ ամենը նախադրյալ հանդիսացան, որպեսզի գնամ և ինքս բացահայտեմ այդ հարուստ և էներգիայով լի վայրերը։

Եվ վերջապես՝ ի ուրախություն ինձ, տեղեկացա, որ մոտ օրերես կազմակերպվում է նման մի ճամփորդություն դեպի երկրի չքնաղագեղ հարավը։ Նախքան ճամփորդությունը ծրագիրն ու երթուղին կարդալիս փոքր-ինչ չէի հավատում, որ հնարավոր էր այդքան այցելություն և շրջայց կազմակերպել ընդամենը մի քանի օրում, այնուամենայնիվ այն, ինչ ինձ ի սկզբանե գրավեց, դա յուրաքանչյուր օրվա խիտ ծրագիրն էր և գեղատեսիլ վայրերի, բազմաթիվ պատմական կոթողների այցելությունների շարքը։ Ինձ նման ակտիվ ճամփորդող և արկածախնդիր սովորողների մի մեծ խմբով էլ շուտով ուղևորվեցինք անմոռանալի մի ճանապարհորդության և իրավամբ այն եզակիներից մեկը, որն ինձ մոտ տպավորվել է և մշտապես կտպավորվի իր ամեն մի բաղադրիչով, առանձնահատուկ այցելություններով, ընկերական անմոռանալի ժամանցով և բազում-բազում ճամփորդական արկածներով։ Սա իրոք մի ճամփորդություն էր, որ լիարժեք ստացված էր թե՛ այցելությունների մասով, թե՛ ունեցած պավորություններով, և թե՛ ընկերական անգնահատելի ու անփոխարինելի ժամանցով։ Եվ հիմա, երբ հետադարձ հայացքով հիշում եմ այդ ամենը, կարծես ոչ թե չորս, այլ մի ամբողջ հավերժություն եմ եղել այդ հրաշք վայրերում, այդ աժդահա սարերի միջին, վեհաշուք լեռների և գողտրիկ բնության ստեղծած այդ սարյանական համայնապատկեր հիշեցնող համադրության մեջ, իրանական ոճով և հայկական պատմությամբ ողողված այդ հին թաղամասերում ու եկեղեցական սուրբ շինություններում։ Դժվար է մի պատումի մեջ համատեղել թե՛ ապրածս զգացումները, թե՛ ունեցածս տպավորությունները, և թե՛ կերտածս անմոռանալի հիշողությունները, սակայն ընթերցողիս համար հնարավորինս կփորձեմ անդրադառնալ իմ ապրումներին, հույզերին և այն արկածներին, որոնք ինձ մշտապես ուղեկցել են ողջ ճամփորդության ընթացքում։

Կարդացեք Ավելին

Գեղատեսիլ Հայաստան։ Աշնակ

Աշունը երկրորդ գարունն է, երբ յուրաքանչյուր տերեւ ծաղիկ է:

Ալբեր Քամյու

Արագածոտնի մարզը հայտնի է իր տեսարժան և գեղատեսիլ բնությամբ, հրաշագեղ ճարտարապետությամբ և գյուղական հարուստ կյանքով։ Ինչպես Հայաստանի ցանկացած համայնք, այստեղ նույնպես գյուղական միջավայրը հարուստ է բազում ազգային ու մարդկային արժեքներով լի մարդկանցով։ Հոգիդ լցվում է, երբ հիանում ես այդ հրաշք բնությամբ, լցվում ջինջ օդով և վայելում տեղի ճարտարապետական չքնաղագեղ ու հեքիաթային կոթողները։

Այս անգամ աշխույժ ու համարձակ խմբով ուղևորվեցինք չքնաղագեղ Թալինի շրջան, դեպի Աշնակ գյուղ, որտեղ լիիրավ զգում ես պետության արժեքը, ազատության միտքն ու միմյանց օգնելու, լայն ու նեղ օրերին իրար հասնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Մայրաքաղաքից մի քանի ժամում գյուղական այդպիսի ջերմ ու հարազատ միջավայր հայտնվելիս քեզ մի տեսակ ուրիշ մարդ ես զգում․ ավելի լեցուն, ավելի աշխույժ և ավելի լիարժեք։

Կարդացեք Ավելին

Գեղատեսիլ Հայաստան․ Դիմաց լեռ

Մենք ճանապարհորդում ենք, մեզանից ոմանք անընդհատ, այլ տրամադրություններ, այլ կյանքեր, այլ հոգիներ փնտրելու համար:

Անաիս Նին

Մարդն այնպիսի հուզական էակ է, ում պետք է հաճախակի ճանապարհորդել, փնտրել նոր շունչ, նոր միջավայր և մարդկանց մեջ նոր անձնավորություններ, երբ հոգուդ ներդաշնակությունն արտահայտվում է նորովի։ Երբ ամեն մի ճանապարհորդությունից հետո սովորում ես մի նոր բան, առընչվում ես նոր երևույթի հետ և ավարտին քեզ հետ տանում այդ նոր հիշողությունների ու տպավորությունների կտորները։

Այս անգամ ուղևորվեցինք բացահայտելու Տավուշ մարզի գեղատեսիլ անկյունները, մասնավորապես մարզի գողտրիկ գրկում գտնվող չքնաղագեղ Դիմաց լեռն իր կանաչ հեքիաթային շրջակայքով։ Ինչպես միշտ, պատրաստ բոլոր հաճելի ու դժվար փորձություններին, արկածներին ու թափառումներին, ընկանք ճամփա։

Ճանապարհին վայելելով կապուտակ, չքնաղ Սևանա լիճը, հայկական խրոխտ լեռներն ու գեղեցիկ բնությունը՝ հասանք չքնաղատես Դիլիջան։ Ժամերով կարելի է քայլել՝ հմայվելով Աղստև գետի և հարակից այգիների գեղեցկությամբ, զգալ, թե ինչպես է հանգստանում հոգիդ ու միտքդ ազատվում բոլոր մտքերից։ Եվ ահա այդպիսի տրամադրությամբ էլ ուղևորվեցինք դեպի վերջնակետ․ Տավուշ մարզի Գոշ գյուղ։

Կարդացեք Ավելին

Գեղատեսիլ Հայաստան․ Ռազմամարզական ճամբար Արատեսում

Չկա որևէ մի Սեբաստացի, ով չի եղել Արատեսի դպրական կենտրոնում, չի վայելել տեղի գեղեցիկ բնության երանգներն ու գույները, ընկերական մտերմիկ միջավայրն ու չորսբոլորը խոյացող անառիկ ու անսասան լեռները։ Ինքս Արատեսում եղել եմ դեռևս մեկ տարի առաջ՝ “Մուտք” ճամբարի շրջանակներում, երբ դեռ առաջին քայլերս էի անում որպես Սեբաստացի։ Եվ ահա մեկ տարի անց, վերադառնալով Արատես, բազում հիշողություններ վերականգնվեցին գլխումս և ինքս ինձ վերագտա այն նույն մեկ տարի առաջվա Սեբաստացու կարգավիճակում, ով դեռևս նոր էր ուսումնասիրում դպրոցի ամեն մի բաղադրիչն ու անկյունը։

Ինչքա՜ն բազմաբովանդակ ու ակտիվ մեկ տարի էր անցնող ուսումնական շրջանը կրթահամալիրում, ինչքան եռանդուն ու տքնաջան աշխատանքներով լի տարի էր նախատեսված ինձ այստեղ։ Եվ որպես այդ արդյունավետ մեկ տարվա տրամաբանական ավարտ՝ կրկին վերադարձա Արատես, այս անգամ արդեն ակտիվ, հարազատ ու իսկական Սեբաստացու կերպարով։

Կարդացեք Ավելին

Գեղատեսիլ Հայաստան․ Մեծամոր

Մարդն առանց իր անցյալի պատմության, ծագման ու մշակույթի իմացության նման է առանց արմատների ծառի։

Մարկուս Գարվի

Եվ իրոք, ինչպե՞ս կարող է մարդ իր նախնյաց ժառանգորդը լինել՝ առանց իմանալու իր ծագումն ու մշակույթը։ Շատերը կասեն, որ պատմությունն ու մշակույթը զուտ թղթին կամ որևէ իրին հանձնված մտքեր ու պատկերներ են, որ անհրաժեշտություն չկա դրանք իմանալու։ Բայց չէ՞ որ հենց դրանք են պայմանավորում ու պահպանում ազգի ինքնությունը, չէ՞ որ դրանով է ժողովուրդը ազգ համարվում և դրանցով է բնորոշվում։ Եվ այս ամենը հասկանալով՝ չծանոթանալ քո ազգային արժեքների հետ, անընդունելի է։

Այս անգամ խմբով ուղևորվել էինք Տարոնիկ գյուղից ոչ հեռու գտնվող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Պատմական վայրում կառուցված մի շինություն, որտեղ պահպանվում են դեռևս կես դար առաջ պեղված և գտնված եզակի մշակութային արժեքներ՝ տեղի ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերից մինչև հնագույն արհեստների և ծեսերի բաղադրիչներ։

Յուրաքանչյուր իր, որը պահվում է թանգարանում, ունի իր բազմադարյա պատմությունը։ Շինությունը կարծես մի ամբողջ պատմություն է պահում իր ներսում՝ վաղ բրոնզի դարից մինչև ուշ-միջնադարյան ժամանակներ։ Եվ նայելով այդ ամենին՝ զարմանում ես, թե ինչպիսի նրբագեղությամբ և որակով է պատրաստված այս կամ այն իրը այն ժամանակների համեմատ։ Այցելության ընթացքում տեղեկացանք հնամյա կարգերին ու կենցաղին, իմացանք ժամանակի ապրելաձևի ու դրա մաս կազմող կարևոր բաղադրիչների մասին․ մարդկանց զբաղմունքի, նախասիրությունների, ոճի և անցուդարձի մասին։ Տեսանք մի շարք ձեռագործ աշխատանքներ, որոնք փաստում են մեր նախնիների հնարամտությունն ու աշխատասիրությունը։

Ճանապարհին այցելեցինք նաև պատմական Զվարթնոցի տաճար և հարակից թանգարան։ Թեև այդ հսկայական կառույցից կանգուն են մնացել միայն սյուները, միևնույն է՝ շատ հաճելի և դուրեկան էր տեսնել այդ պատկերը․ դիմացդ խոյացող վեհ սյուները երկնքի կապույտի մեջ, հսկա բեկորներն ու տաճարը բոլորող վիթխարի աստիճանները։ Իսկ թանգարանն արդեն մեկ այլ գեղեցկություն էր։ Այն ուղղակի լեցուն էր այդ պատմական և չավերված խաչքարերով, բեկորներով և տաճաչի մասը կազմած տարբեր իրերով։ Ապշեցուցիչ էր տեսնել այդ երբեմնի հսկա, ահեղ տաճարը՝ վերածված սյուների և բեկորների այդ ամբողջության։

Եվ ահա՝ արդեն վերադարձի ճանապարհին, ինքս իմ մեջ ուրախ էի, որ այցելությունը ավելի քան ստացված էր։ Ձեռք բերած տեղեկություններս ու հուշերս միշտ կպահվեն հիշողությանս մեջ որպես գեղեցիկ և հետաքրքիր օրվա մի մաս։ Եվ հուսամ՝ ապագայում ևս կլինեն նմանատիպ ուսուցողական-ճանաչողական ու հետաքրքիր այցելություններ, քանի որ հենց այսպիսի ուղևորություններն են, որ մարդուն ճանաչել են տալիս իր ազգային արժեքն ու ինքնությունը, և այդ ամենն անում են՝ պարգևելով վառ հիշողություններ։

Գեղատեսիլ Հայաստան․ Ջավախք

Վերցրու միայն հիշողությունները, թող միայն ոտնահետքերդ

Չիֆ Սիթլ

Եթե սիրում ես ճանապարհորդել, ապա ոտքերդ սահմաններ չեն ճանաչում, տանում են քեզ որտեղ ասես և որքան հեռու ուզես։ Այս անգամ սահմաններ չճանաչողս գնացել էր Վրաստանի հայկական Ջավախք համայնք՝ ծանոթանալու ջավախեցիների կյանքին ու կենցաղին, մշակույթին ու տեսարժան հրաշալիքներին։ Հոգիդ մի տեսակ խաղաղվում է, երբ տեսնում ես, որ նույնիսկ օտար երկրում՝ ազգությամբ քեզնից տարբեր մարդկանց կողքին ապրում ու զարգանում է քո ազգը, քո մշակույթը, քո պատմությունը։ Անբացատրելի զգացողություն է, երբ լքել ես երկիրդ, բայց ամենուր կրկին հայատառ գրվածքներ են, մարդիկ խոսում են հայերեն։ Այդժամ հասկանում ես, որ դու միայն հատել ես գծված սահմանը, որից հետո հայրենիքդ դեռ շարունակվում է։

Ողջ ճանապարհորդությունն էր նվիրված հայ-վրացական համայնքի զարգացմանն ու կապերի ամրապնդմանը։ Եվ հենց առաջին օրվանից դրա պակասը չունեցանք։ Գյումրիում փոքրիկ կանգառ ունենալուց հետո ուղևորվեցինք դեպի Վրաստան։ Ճանապարհն այնքան է հոգնեցնում ու ուժասպառ անում քեզ, բայց այդ ազատ ու դեպի անսահմանություն ծավալվող գողտրիկ բնությունը տեսնելուց ևեթ, իսկույն մոռանում ես հոգնածությանդ մասին և փորձում ապրել այդ պահի ամեն մի վայրկյանը։ Միտքդ խաղաղվում է ամեն տեսակ մտածմունքից ու հոգսից, և ուղեղդ միայն այդ պատկերներն է ուզում կլանել ու կլանել․․․

Երկար ճանապարհ անցնելուց հետո, վերջապես հասանք մեր առաջին նշանակետին՝ Նինոցմինդա սահմանային քաղաք։ Այստեղ էինք՝ մասնակցելու և վայելելու «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Վահան Տերյանին, որտեղ պետք է ելույթ ունենային ջավախեցիների համայնքի տաղանդաշատ ներկայացուցիչները և մեր կրթահամալիրի բենդի տաղանդաշատ անդամները՝ իրենց ուշագրավ կատարումներով։ Միջոցառումը բավականին հաճելի անցավ։ Հաճելի էր լսել Տերյանի հանրահայտ գլուխգործոցները՝ ջավախեցիների կատարմամբ։ Եվ իհարկե հպարտանալու առիթ էր տալիս մեր բենդի փայլուն ելույթը, որը ոչ պակաս հիացմունքի էր արժանի, եթե ոչ ավել, քան մյուս ելույթները։ Շնորհակալ ենք «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին՝ նման գեղեցիկ ու հաճելի միջոցառում կազմակերպելու համար։

Հաջորդիվ մի փոքրիկ զբոսանք ունեցանք քաղաքում և երեկոյան մոտ գնացինք վրացական ռեստորան՝ ճաշակելու վրացական ավանդական ուտեստները։ Հետաքրքիր էր ճաշակել այդքան սիրված ու հայտնի ուտեստների ավանդական՝ իսկական տարբերակները։ Զովաշունչ երեկո, մեղմ քամին օրորում է չորս կողմի կանաչությունը, հաճելի ու վայելչագեղ մթնոլորտ, գողտրիկ անկյուն․ ուրիշ ի՞նչ է պետք կատարյալ երեկոյի համար։ Մնում է միայն այդ իրադարձություններով լեցուն օրվանից հետո մի լավ հանգստանալ՝ պատրաստվելու հաջորդ օրվա անցուդարձին։ Մեր հանգիստը գտանք Ռաբաթ բերդի հարևանությամբ գտնվող հյուրատանը։ Երեկոները միշտ հաճելի են անցնում սեղանի շուրջ՝ ընկերների հետ նստած, մեկ բաժակ սուրճի շուրջ ընկերական զրույցը վայելելիս։ Բայց արդեն ուժասպառ էինք և պետք էր գոնե մի քանի ժամ հանգստանալ։

Հաջորդիվ մեզ արկածաշատ օր էր սպասում։ Օրը սկսեցինք նախաճաշից անմիջապես հետո զարմանահրաշ ու հոյակերտ վրացական Ռաբաթի բերդը բարձրանալով։ Ինչպիսի ճարտարապետություն, մարդկային ինչպիսի կերտվածք, ամեն անգամ այսպիսի վայրեր այցելելիս հայտնվում եմ ուրիշ աշխարհում, որտեղ միայնակ եմ՝ ես ու աշխարհը։ Սկսում եմ հետազոտել դրա ամեն մի անկյունը և ուր էլ, որ գնում եմ՝ հրաշալիք է, ուր էլ, որ թեքվեմ՝ չքնաղատես մի շինություն։ Աշխարհն իմ մեջ է և ես՝ շրջապատված այդ աշխարհով։

Բայց դեռ այնքա՜ն աշխարհներ եմ ուսումնասիրելու։ Առջևում դեռ բազում նորերն են սպասում։ Դեռևս զմայլված ու կախարդված Ռաբաթի բերդով՝ ինքս ինձ հայտնաբերեցի բոլորովին մի ուրիշ աշխարհում՝ այս մեկն ավելի բնակերտ, ավելի գրավիչ և կախարդող։ Պարզվեց Վարձիա քարանձավային քաղաքում եմ։ Կարելի է անվերջ նայել, թե ինչ է արել բնությունն այս վայրի հետ։ Ինչպես է իր կախարդական գործիքներով մի մեծ ժայռի վրա փորել, կերտել, պատրաստել մի ամբողջ քարանձավային համալիր․ ամեն տեղ փոս ու ծավալվող արահետ։ Այնքան խճճված, որ վերադարձի ճանպարհին մոլորվել էինք, մի կերպ գտանք հետդարձի ճանապարհը։

Օրը անցնում է՝ առանց զգալուդ։ Մեկ էլ տեսնում ես՝ երեկո է։ Մենք երեխաներով բաց չթողեցինք առիթը՝ շրջելու քաղաքի փողոցներով ու խանութներով, ծանոթանալու տեղի մարդկանց ու հայտնի հանրախանութներին։ Կրկին հոգնած և դեռևս օրվա տպավորություններով լի՝ քնեցինք՝ դիմավորելու մեր վերջին օրվան հայկական համայնքում։

Ուղղակի գովելի փաստ է, որ չնայած այլ երկրի տարածքում գտնվելուն՝ հայկական եկեղեցիները չեն ավերվել և մնացել են կանգուն առ այսօր։ Առավոտյան այցելեցինք Ախալքալաքի հայկական առաքելական եկեղեցի։ Բակում ջավախեցիների հետ պարատուն ունեցանք՝ երկուստեք ներկայացնելով մեր պարային տաղանդն ու ազգային մշակույթը։ Շատ ուրախալի է տեսնել, որ հայ մանուկները՝ ապրելով Հայաստանից դուրս, կատարյալ տիրապետում են մի շարք հայկական ազգագրական պարերի։

Այցելելով Վահան Տերյանի ծննդավայր՝ նրա տուն-թանգարան չգնալը անիմաստ է դարձնում մեր ճամփորդությունը։ Հետաքրքիր էր լսել հայ մեծ բանաստեղծ Տերյանի կյանքի ու գործունեության մասին, և թե ինչ սխրանքներ է նա հասցրել անել իր կյանքի 35 տարվա ընթացքում, որոնց մասին քչերը գիտեն։ Նա հիրավի մեծ մարդ է եղել, ով փրկել է հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Հաջորդիվ հենց Տերյանի տանը ունեցանք փոքրիկ ելույթ՝ բենդի ձիրքով լի երեխաների մասնակցությամբ՝ նվիրված Վահան Տերյանի հիշատակին, և ասմունքեցինք Տերյանի բանաստեղծություններից մի քանիսը։ Այսպիսի երեք հարուստ օրերից հետո վերջապես ճանապարհ ընկանք դեպի բոլորիս սրտի տուն՝ Հայաստան աշխարհ։

Ես միմիայն հպարտ եմ իմ հայ ազգով, որ՝ ապրելով օտար երկրում, օտարի կողքին, չի մոռանում իր ինքնությունը, կրոնը, մշակույթը, ազգային արժեքները և առ այսօր՝ արդեն մեկ դար անց, Ջավախքի համայնքը պահպանում է մեր ազգի ինքնությունը, չի պառակտվում ու չի միաձուլվում ուրիշ ազգերի հետ։ Հուսամ մի օր մեր բոլոր գաղութներն ու համայնքները մեկ բռունցք կկազմեն և հաշտ ու խաղաղ կապրեն մեկ միասնական հայրենիքում։

Գեղատեսիլ Հայաստան․ Դիլիջան

«Ինչպես բոլոր ճանապարհորդները, ես տեսել եմ ավելին, քան հիշում եմ և հիշում եմ ավելին, քան տեսել եմ»- Բենջամին Դիսրաելի

Այս խոսքերն իրոք բացատրում են ճանապարհորդության իմաստն ու դրանից ստացած զգացողությունները։ Այո, ես տեսել եմ ավելին, բայց նաև հիշում եմ ավելին, քանի որ այդ պահերն այնքան տպավորիչ են, այնքան հրաշալի ու գունեղ, որ էմոցիաներդ տասնապատիկ ծաղկացնում ու գեղեցկացնում են հիշողությունդ այդ պահերի մասին։ Եվ այդ ամենը չզգալ աշնանային Դիլիջանի դրախտային երփներանգ բնության ներքո, ուղղակի անհնար է։ Համայնապատկերի ինչպիսի կտրուկ փոփոխություն, երբ էմոցիաներդ արդեն սահմաններ չեն ճանաչում, ուզում ես ուղղակի գամվել աթոռին ու նայել դեպի անսահմանություն, դեպի եդեմական գեղեցկություն, դեպի կատարելություն․․․

Խոսքերիցս պարզ էր, որ այս անգամ խմբով ուղևորվել էինք Դիլիջան՝ բացահայտելու դրա աշնանային գեղեցկությունն ու բնության հրաշալիքները։ Ճամփորդությունը սկսեցիքն Սևանա լճի մոտ կանգառից, այնուհետև շարժվեցինք դեպի դարերի պատմություն ունեցող Հաղարծին վանական համալիր։ Անվերջ կարող եմ խոսել այդ ճարտարապետական գլուխգործոցից ու դրա գրավչությունից, սակայն ավելի սքանչելիները դեռ առջևում են։

Վանական համալիրից հետո քայլարշավով ուղևորվեցինք դեպի Թաքնված ջրվեժ․ մի վայր, որտեղ նախկինում եղել եմ, բայց դրա գրավչությունն ինձ մեկ անգամ ևս ստիպեց անցնել երկար-բարակ ճանապարհներով, քարերի, ժայռաբեկորների վրայով։ Այն իրոք թաքնված է բազմաթիվ բարձր խոտերի, դեզերի և ժայռերի հետևում։ Այս անգամ ջրվեժի գեղեցկությունն ինձ ստիպեց ավելի մոտենալ դրան, ավելի մոտիկից վայելել ջրի գահավիժող հոսքը։

Թաքնված ջրվեժից հետո ուղևորվեցինք Գոշ գյուղ՝ հյուրատուն։ Ավարտվեցին օրվա ճամփորդությունները, սկսվեց ոչ պակաս հետաքրքիր՝ օրվա ավարտը ճանապարհորդության մասնակիցների հետ։ Ճամփորդության ողջ ընթացքում չեմ ունեցել ոչ միայն բնության գեղեցկության, այլև մարդկային շփման կարոտ։

Հաջորդ օրը նախատեսված էր քայլարշավ դեպի Գոշ լիճ, որն ավելի բարդ ու երկար էր, քան նախորդը։ Քայլարշավները կարծես արկածային խաղեր լինեն, երբ հերոսն անցնում է երկար ճանապարհ՝ տարբեր փորձությունների միջով, սակայն վերջում նրան սպասում են փայլող ու շողշողուն գանձեր։ Գոշ լիճն էլ այդ գանձերից մեկն է։ Բառերով բացատրելիս չեք պատկերացնի այն գեղեցկությունը, որ ես՝ հոգնած ու ծարավ աչքերով տեսա։ Ամբողջ բնությունն էր արտացոլվում լճի անապակ ջրերում, չորս կողմից երևացող գույնզգույն ծառերն իրենց արտացոլանքն էին գտնում այդտեղ։

Օրվա երկրորդ կեսն անցկացրինք Դիլիջան քաղաքում, որտեղ ոչ պակաս լավ ժամանակ անցկացրինք․ մեկը՝ սրճարանում, մյուսը՝ այգում, մեկ ուրիշը՝ փողոցներով քայլելիս։ Երեկոյան վերադարձանք հյուրատուն՝ օրվա դրական էմոցիաների մեծ պաշարով, հոգնած, ուժասպառ, քնեցինք՝ Դիլիջանում մեր վերջին օրվա արկածների սպասումով։

Վերջին օրն էր և մենք շուտով հրաժեշտ պետք է տայիքն այդ կախարդական գեղեցկությանը։ Հաջողություն մաղթելով հյուրատան ջերմ անձնակազմին, ովքեր երեք օր շարունակ սիրով պահեցին մեզ՝ ավտոբուսով ուղևորվեցինք Դիլիջանի ազգային պարկ՝ եղջերուներին մոտիկից տեսնելու։ Մեկ անգամ էլ եմ այտսեղ եղել և շատ հաճելի էր տեսնել եղջերուներին այդքան մոտիկից, կերակրել նրանց, հետևել նրանց անցուդարձին։ Այնուհետև արդեն այստեղից էլ դուրս գալով նստեցինք ավտոբուս՝ ճամփորդությունը եզրափակելու և ուղևորվելու մայրաքաղաք Երևան։

Պատումիս ողջ ընթացքում անընդհատ օգտագործել եմ ծայրահեղական իմաստով հատկանիշներ։ Որոշները կմտածեն չափազանցրել եմ, որոշներն, ովքեր գոնե մեկ անգամ այցելել են Դիլիջան, կհաստատեն իմ խոսքերը, որոշներին էլ կհետաքրքրի ու կոգևորի վայելչագեղ Դիլիջանը և քաղաքի հաջորդ այցելուները կլինեն նրանք։ Բոլոր ճամփորդողներին մաղթում եմ բարի հանգիստ և անվտանգ ճանապարհորդություն, հուսով եմ, որ Դիլիջանից ետ կվերադառնաք նույնքան հագեցած ու կախադրված, որքան ես էի։

Գեղատեսիլ Հայաստան․ Աշտարակ

«Արկածը գուցե վնասի քեզ, բայց միապաղաղությունը կսպանի»

Իրոք, որ․ եթե կյանքումդ չես ճաշակել արկածների և ճանապարհորդությունների համը, ուրեմն առհասարակ չես վայելել այն։

Այս անգամ ուղղությունը դեպի գեղատեսիլ ու զարմանահրաշ Աշտարակն էր, նրա բազմադարյա, գեղեցիկ եկեղեցիներն ու տեսարժան վայրերը։ Ուղևորությունն ավելի հետաքրքիր և հատուկ դարձրեց այն հանգամանքը, որ այնտեղ ուղևորվեցինք քաղաքային տրանսպորտով։ Եվ այդպես՝ փոքր խմբով, շարժվեցինք Աշտարակի նեղլիկ փողոցներով, քաղաքի հրապարակով դեպի գեղանի Սուրբ Մարիանե եկեղեցի։ Յուրահատուկ ճարտարապետությամբ և հայերիս բնորոշ աշխատասիրությամբ կառուցված այդ եկեղեցին իր կանաչ այգով հմայում է իր այցելուներին։

Քայլարշավի ողջ ընթացքում կարելի էր հաճույք և բավականություն ստանալ բնության գեղեցկությունից և զով ու մաքուր օդից։ Հաջորդիվ շարժվեցինք դեպի երեք քույր եկեղեցիներին, որոնցից առաջինը և ամենականգունը Կարմրավոր եկեղեցին էր՝ փոքրիկ, գեղեցիկ պուրակով։ Ճանապարհի ընթացքում պարբերաբար ծառերից համտեսում էինք Աշտարակի բարիքները․ քաղցրահամ խաղողներ և հյութալի դեղձեր։ Հաջորդ կանգառը կողք կողքի գտնվող Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներն էին, որոնք, ցավոք ավերվել էին երկրաշարժից։ Սակայն ապշեցուցիչ էր այն, որ եկեղեցիների սյուներն ու գմբեթի մեծ մասը կանգուն էր մնացել՝ շնորհիվ հայ վարպետների հմուտ աշխատանքի։

Երթով իջանք նաև Քասախի կիրճ և այնտեղից բարձրացանք ժայռի վրա գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին։ Չորս կողմից բացվում էր հրաշալի տեսարան դեպի Աշտարակ քաղաքը։ Մի փոքր հանգիստ ունենալով այնտեղ՝ վերադարձանք, ինչպես տեղացիներն են ասում՝ Հին կամրջով դեպի քաղաքի կենտրոն։ Խումբը հիացած և անմոռանալի հիշողություններով վերադարձավ մայրաքաղաք Երևան։

Ես նախկինում ևս եղել եմ Աշտարակում և նրա չքնաղագեղ եկեղեցիներում։ Սակայն ինձ համար ուրիշ զգացողություն էր քաղաքում շրջել երթով՝ ճանապարհին բացահայտելով Աշտարակի նեղլիկ փողոցները, գողտրիկ տներն ու վայելչագեղ բնությունը։ Սա ևս մեկ հիշողություն էր, որ անմոռաց կմնա։ Իսկ բազում այլ արկածներ և ճանապարհորդությունները ճանապարհին են՝ մոտ ապագայում։

Գեղատեսիլ Հայաստան․ Արագած

«Պարզապես ճանապարհորդելը բավականին ձանձրալի է, բայց երբ այն նպատակ ունի, կրթում է և բավականություն պատճառում» – Սարջենք Շրիվեր

Շրիվերի այս խոսքերը հենց այնպես չեն ասված։ Ճանապարհորդությունը նախևառաջ պետք է ունենա նպատակ։ Եթե այն կա, ուրեմն գործդ իզուր չէ, մնում է միայն ձգտում՝ հասնելու նպատակակետին։

Այս անգամ նպատակակետն Արագածն էր՝ դրա հարավային գագաթը։ Թվում է, թե 3887 մ բարձրությամբ այդ գագաթը հեշտ է հաղթահարել, բայց ամենևին այդպես չէ։ Ճանապարհը տեղ-տեղ լցված է հազարավոր մեծ ու փոքր ժայռաբեկորներով, որոնք ճանապարհը դարձնում են դժվարանցանելի ու վտանգավոր։ Պետք է ամեն քայլը զգույշ ընտրել՝ անվնաս տեղ հասնելու համար։

Ճանապարհորդությունը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Մոտ մեկուկես ժամ ավտոբուսով ճանապարհ անցնելուց հետո հասանք Քարի լիճ։ Այնտեղից էլ ճանապարհը շարունակեցինք ոտքով։

Այնտեղից արդեն սկսվեց բուն ճանապարհորդությունը՝ լեռնագնացությունը։ Շատ չանցած մի փոքրիկ դադար ունեցանք՝ ազգագրական պարով։ Այնուհետև արդեն մեզ մնում էր միայն մի քանի հարյուր մետրը մեկ կանգնել՝ մի փոքր հանգստանալու, ուժերը վերականգնելու և շարունակելու ճանապարհը։ Ինչպես ասացի, ճանապարհը բարդացնող շատ խոչընդոտներ կային։ Եվ քայլելով չորս ժամ անընդմեջ՝ հասանք նպատակակետին։

Արագած՝ Հարավային գագաթ․ այո, չնայած՝ եղանակի անբարենպաստ ու ճանապարհի դժվարանցանելի լինելուն, մենք վերջապես նվաճեցինք բարձունքը։ Իսկ տեսարանի գեղեցկությունը, որ բացվում է այնտեղից՝ նկարներով անգամ չեք զգա։ Չորս կողմից տարածվող մի անսահմանություն։

Վերջ․ առաջադրանքը հաջողությամբ կատարված էր, արդյունքը՝ գիտելքին ու բավականությունը, ստացված, իսկ հիշողությունները անմոռանալի, քանզի ինչպես ասել է Չիֆ Սիթլը՝ վերցրու միայն հիշողությունները, թող միայն ոտնահետքերդ։ Սա իմ առաջին լեռնագնացությունն էր, և ես վստահ եմ, որ սրանով դրվում է հետագա իմ բազում արկածների սկիզբը, որ ունենալու եմ գալիք լեռնագնացությունների ժամանակ։

Գեղատեսիլ Հայաստան․ Արատես

«Ճանապարհորդությունը քեզնից խլում է խոսելու ունակությունը, ապա վերածում քեզ հիանալի պատմողի» – Իբն Բատուտան

Ճանապարհորդություն․ մի բան, որն օգնում է քեզ ճանաչել աշխարհը, այն ընկալել յուրովի ու ընդլայնում երևակայությունը։ Այս անգամ ուղղությունը Արատես գյուղն էր, որտեղ ուղևորվեցինք «Մուտք» ճամբարի մասնակիցներով։ Տպավորությունները ավելի քան հիասքանչ էին։ Սա մի հնարավորություն էր մտերմանալու ապագա դասարանցիներիդ հետ, բացահայտել նրանց կարողություններն ու ճանաչել նրանց մոտիկից։

Նախևառաջ տպավորիչ էր Սմբատաբերդի բարձունքի հաղթահարումը։ Բարձունքից բացվում էր հիանալի տեսարան դեպի Եղեգիսի ձոր։ Ինչպես նաև տպավորող էին Սմբատաբերդ ամրոցի փլատակները, որոնք դարերով պահպանվել էին։

Արկածախնդիր օրվա ավարտին մեզ մնում էր ծանոթանալ ճամբարականների հետ, որն էլ արեցինք խարույկի շուրջ նստած՝ երգելով և օրվա տպավորություններով կիսվելով։

Իհարկե չկա ճամբար առանց ֆիզիկական աշխատանքի ու միջավայրի խնամքի։ Կատարելով աշխատանք՝ դու կոփում ես ինքդ քեզ և կատարելագործում քո կարողությունները։ Եվ ինչու ոչ հպարտանում կատարածդ աշխատանքի համար՝ գիտակցելով, որ մի կարևոր գործում քո մասնակցությունն ես անուցել։ Յուրաքանչյուր թիմային աշխատանք անցնում է արդյունավետ, եթե մասնակիցներն ունեն որոշակի նպատակ ու ձգտում՝ ամեն գնով դա իրականացնելու։

Անգին գործ է միջավայրի խնամքը։ Ի վերջո քո հողն է քեզ կայուն ու հաստատուն պահում, ինչին ի պատասխան՝ նրա մասին պետք է հոգ տանել։ Գիտակցել, որ աղտոտելով միջավայրը՝ դու սպանում ես առաջին հերթին ինքդ քեզ և հետո մի ամբողջ հասարակության։ Յուրաքանչյուր քայլ քո կողմից կարող է վնասել բնությանը և յուրաքանչյուր օգնություն քո կողմից կարող է մեծ նշանակություն ունենալ։

Ճամբարի ողջ ընթացքում մեզնից անպակաս էին խմբային խաղերը՝ սեղանի, ժամանցային ու սպորտային, ինչը ևս կարևոր նշանակություն ունի մասնակիցների փոխհարաբերությունների ամրապնդման գործում։ Ճամբարում դու երբեք ձանձրացած չէիր զգա։ Այդ երեք օրը լի էր արկածներով և խաղերով։ Ինչը ինձ հատկապես դուր եկավ՝ դա դետեկտիվ ժանրի խաղն էր, որի իմաստն էր կատարված հանցագործությունը բացահայտելը՝ տրված փաստերի, փաստաթղթերի և այլ տեղեկությունների միջոցով։ Մի քանի ժամվա համառ աշխատանքից հետո և դպրոցի ավագ աշակերտների աջակցության շնորհիվ՝ գործը բացահայտվեց։

Վերադարձի ճանապարհին այցելեցինք մի քանի գեղատեսիլ վայրեր ևս։ Գեղեցիկ ու հրապուրիչ էր Սելիմի լեռնանցքի ձեռակերտ Քարավանատունը, որի շուրջ բոլորը սարեր ու ձորեր էին։ Վաղաշենի ճամբարում անցկացրինք հիանալի ժամանակ՝ ծանոթանալով կրտսեր ճամբարականների հետ և բնության գրկում հանգստանալով։ Զարմանահրաշ էր Ծակքարում գտնվող բնակերտ կամուրջը։ Իրոք, որ բնությունը կարող է հրաշքներ գործել և մեծ է նրա ուժը շրջակա աշխարհում։ Վերջին կանգառն ու ամենահիշարժանը Հայրավանքն էր՝ Սևանա լճի ափամերձ հատվածում։ Այնտեղից բացվում էր հիանալի տեսարան դեպի բազմադարյան գեղեցկուհի Գեղամա ծով։

Ճամբարի մաս էին կազմում նաև տեղանքի ուսումնասիրությունները տարբեր ուղղություններով՝ գետեր, բլրեր, ձորեր, որոնք անում էի սեփական նախաձեռնությամբ՝ հետաքրքրությունից դրդված։

Եվ ինչպես ասում են՝ ամեն բան, ինչը ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Ավարտվեց նաև մեր ուսումնահայրենագիտական ճամբարն Արատեսում։ Սակայն այն բոլոր տպավորությունները, զգացողությունները, հիանալի պահերը և մեծ բավականությունը, որ ինձ տվեց այս ճամփորդությունը, երբեք չեմ մոռանա։

Եվ խոսքս ուզում եմ եզրափակել Օգոստինոս Երանելիի մտքով՝ աշխարհը գիրք է, և նրանք, ովքեր չեն ճանապարհորդում, հասցնում են կարդալ միայն առաջին էջը։

Design a site like this with WordPress.com
Get started