Ֆրանսերենի առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Ուսմանս տասը տարիների ընթացքում միշտ էլ հետաքրքրված եմ եղել լեզուների ուսուցանմամբ։ Սովորել և ուսումնասիրել եմ բազում տարբեր լեզուներ․ անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն։ Դրանց մի մասին լավ տիրապետում եմ, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով կիսատ եմ թողել՝ չնայած տվյալ լեզվում ունեցած փայլուն առաջադիմության։ Ֆրանսերենն այն լեզուն էր, որ միշտ ցանկացել եմ սովորել, բայց այդպես էլ առիթ չի եղել։ Չգիտեմ, թե ինչն է ինձ այդքան գրավել այդ լեզվի մեջ, բայց ես միշտ համարել եմ այն յուրօրինակ և ականջահաճո լեզու։ Հայտնի ասացվածք կա՝ «Անգլերենը ստեղծված է բիզնեսի, գերմաներենը՝ պատերազմի, իտալերենը՝ արվեստի, իսկ ֆրանսերենը՝ սիրո համար:» Եվ իրոք, Ֆրանսիան հաճախ ասոցիացվում է սիրո և ռոմանտիկայի հետ և նման նրբերանգ է ստացել նաև ֆրանսերենը՝ շատերի համար այն գրավիչ դարձնելով: Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ընդունվելիս արդեն գիտեի, որ որպես երկրորդ լեզու ընտրելու եմ հենց ֆրանսերենը։ Իմ որոշումն ավելի ամրապնդվեց, երբ Արատեսյան “Մուտք” ճամբարի ժամանակ ծանոթացա կրթահամալիրի ֆրանսերենի դասավանդող մադամ Կարինեի հետ։ Նրա հետ զրույցները լեզվի շուրջ շատ հաճելի էին և ինձ ավելի դրդեցին՝ ընտրելու ֆրանսերենը։ Այդտեղից էլ սկսվեց իմ ուղին ֆրանսիական աշխարհում։ Այս երեք ամիսների ընթացքում ես ոչ միայն ծանոթացա լեզվի հիմնական քերականական բաղադրիչներին, այլև խմբի հետ միասին ունեցա հանդիպումներ, կատարեցի թարգմանություններ, իրականացրի նախագծեր, ընթերցումներ, որոնք էլ ինձ ավելի մեծ շանս տվեցին՝ կատարելագործելու լեզվական հմտություններս և մեկ քայլ ավելի մոտենալու՝ ֆրանսիացիների հետ ազատ շփվելու նպատակիս։ Այժմ կետերով ավելի մանրամսն ներկայացնեմ նախորդ երեք ամիսների ամփոփումը․

Իրականացրած նախագծեր

Լինելով Ֆրանսերենի խմբակի նոր և սկսնակ սովորող՝ կատարել եմ ֆրանսիական «Սոլի-Տուտտի» երգչախմբի՝ կրթահամալիրում եռօրյա շրջայցի լուսաբանումը։ Ինչպես նաև, այդ երեք օրերի ընթացքում փորձել եմ հնարավորինս շփում ունենալ ֆրանսիացի հյուրերի հետ՝ նրանց ծանոթացնելով մեր կրթահամալիրի ակտիվ կյանքին։ Առաջին, երկրորդ և երրորդ օրերի հետաքրքիր և գեղեցիկ լուսաբանումները։

Ինչպես նշեցի՝ դա շատ լավ փորձություն էր խմբի համար՝ փորձելու լեզվական հմտությունները և զարգացնելու դրանք՝ հենց լեզվակիրների հետ զրուցելով։

Թարգմանություններ

Դասընթացների շրջանակներում կատարել եմ տեքստերի թարգմանություններ, տեքստային ու բառային աշխատանքներ, որոնք մարզել են միտքս և հեշտացրել պատմողական խոսքս։ Տվյալ աշխատանքները կարող եք տեսնել բլոգիս համապատասխան կատեգորիայում։

Պոեզիայի ընթերցում

Խմբով կատարել ենք նաև ֆրանսիական պոեզիայի ընթերցումներ, ձայնագրություններ, որոնց շնորհիվ ֆրանսերեն տեքստերի ընթերցումը դարձել է ավելի վարժ և սահուն։ Ես ընթերցել եմ Ժաք Պրեվերի բանաստեղծություններից մեկը, որն ինձ մոտ, կարծում եմ, լավ էր ստացվել։ Իմ կատարած ձայնագրությունն ու տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Առաջիկա անելիքներ

  • Ֆրանսերենի խմբով ևս նախատեսում եմ բեմադրել մի ներկայացում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային։ Ներկայացումը լինելու է արևմտահայերենով և ֆրանսերենով, լինելու է կատակերգական դրամա ժանրի։ Որպես աշխատանքի սկիզբ՝ արդեն ունեմ պատմության սկզբնական կառուցվածքն ու կերպարների նկարագիրը։ Սցենարն ավարտին կհասցնեմ 3-4 շաբաթում և ամենայն հավանականությամբ՝ ներկայացումը կբեմադրենք փետրվար ամսին։
  • Ուսումնական երրորդ շրջանում կատարելագործելու եմ ֆրանսերենի լեզվական հմտություններս, զարգացնելու վարժ խոսքս և ավելի խորն եմ ուսումնասիրելի ֆրանսերենն ու ֆրանսիական մշակույթը։

Այսպիսով, ամփոփելով ուսումնական առաջին շրջանս, կարող եմ վստահորեն ասել, որ լավագույնս ինձ դրսևորել եմ տվյալ առարկայում և ջանք չեմ խնայել՝ նոր բաներ սովորելու և յուրացնելու։ Ուզում եմ նաև նշել, որ ինձ համար շատ հագեցած և հաճելի էին նախորդ երեք ամիսները՝ լի հետաքրքիր նախագծերով, տարբեր ուշագրավ թեմաներով հագեցած դասերով և ուսուցման յուրահատուկ մեթոդով։ Ինչպես ասացի՝ սա մի նոր սկիզբ էր ինձ անծանոթ աշխարհում, և ես քայլ առ քայլ բացահայտում եմ այն։

Ահա այսպիսի տպավորություններով և գիտելիքի պաշարով փակում եմ ուսումնական առաջին շրջանը՝ ապագայում գալիք նոր ու հետաքրքիր դասընթացների սպասելիքով։

Design a site like this with WordPress.com
Get started