«Ճանապարհորդությունը քեզնից խլում է խոսելու ունակությունը, ապա վերածում քեզ հիանալի պատմողի» – Իբն Բատուտան
Ճանապարհորդություն․ մի բան, որն օգնում է քեզ ճանաչել աշխարհը, այն ընկալել յուրովի ու ընդլայնում երևակայությունը։ Այս անգամ ուղղությունը Արատես գյուղն էր, որտեղ ուղևորվեցինք «Մուտք» ճամբարի մասնակիցներով։ Տպավորությունները ավելի քան հիասքանչ էին։ Սա մի հնարավորություն էր մտերմանալու ապագա դասարանցիներիդ հետ, բացահայտել նրանց կարողություններն ու ճանաչել նրանց մոտիկից։
Նախևառաջ տպավորիչ էր Սմբատաբերդի բարձունքի հաղթահարումը։ Բարձունքից բացվում էր հիանալի տեսարան դեպի Եղեգիսի ձոր։ Ինչպես նաև տպավորող էին Սմբատաբերդ ամրոցի փլատակները, որոնք դարերով պահպանվել էին։
Արկածախնդիր օրվա ավարտին մեզ մնում էր ծանոթանալ ճամբարականների հետ, որն էլ արեցինք խարույկի շուրջ նստած՝ երգելով և օրվա տպավորություններով կիսվելով։
Իհարկե չկա ճամբար առանց ֆիզիկական աշխատանքի ու միջավայրի խնամքի։ Կատարելով աշխատանք՝ դու կոփում ես ինքդ քեզ և կատարելագործում քո կարողությունները։ Եվ ինչու ոչ հպարտանում կատարածդ աշխատանքի համար՝ գիտակցելով, որ մի կարևոր գործում քո մասնակցությունն ես անուցել։ Յուրաքանչյուր թիմային աշխատանք անցնում է արդյունավետ, եթե մասնակիցներն ունեն որոշակի նպատակ ու ձգտում՝ ամեն գնով դա իրականացնելու։
Անգին գործ է միջավայրի խնամքը։ Ի վերջո քո հողն է քեզ կայուն ու հաստատուն պահում, ինչին ի պատասխան՝ նրա մասին պետք է հոգ տանել։ Գիտակցել, որ աղտոտելով միջավայրը՝ դու սպանում ես առաջին հերթին ինքդ քեզ և հետո մի ամբողջ հասարակության։ Յուրաքանչյուր քայլ քո կողմից կարող է վնասել բնությանը և յուրաքանչյուր օգնություն քո կողմից կարող է մեծ նշանակություն ունենալ։
Ճամբարի ողջ ընթացքում մեզնից անպակաս էին խմբային խաղերը՝ սեղանի, ժամանցային ու սպորտային, ինչը ևս կարևոր նշանակություն ունի մասնակիցների փոխհարաբերությունների ամրապնդման գործում։ Ճամբարում դու երբեք ձանձրացած չէիր զգա։ Այդ երեք օրը լի էր արկածներով և խաղերով։ Ինչը ինձ հատկապես դուր եկավ՝ դա դետեկտիվ ժանրի խաղն էր, որի իմաստն էր կատարված հանցագործությունը բացահայտելը՝ տրված փաստերի, փաստաթղթերի և այլ տեղեկությունների միջոցով։ Մի քանի ժամվա համառ աշխատանքից հետո և դպրոցի ավագ աշակերտների աջակցության շնորհիվ՝ գործը բացահայտվեց։
Վերադարձի ճանապարհին այցելեցինք մի քանի գեղատեսիլ վայրեր ևս։ Գեղեցիկ ու հրապուրիչ էր Սելիմի լեռնանցքի ձեռակերտ Քարավանատունը, որի շուրջ բոլորը սարեր ու ձորեր էին։ Վաղաշենի ճամբարում անցկացրինք հիանալի ժամանակ՝ ծանոթանալով կրտսեր ճամբարականների հետ և բնության գրկում հանգստանալով։ Զարմանահրաշ էր Ծակքարում գտնվող բնակերտ կամուրջը։ Իրոք, որ բնությունը կարող է հրաշքներ գործել և մեծ է նրա ուժը շրջակա աշխարհում։ Վերջին կանգառն ու ամենահիշարժանը Հայրավանքն էր՝ Սևանա լճի ափամերձ հատվածում։ Այնտեղից բացվում էր հիանալի տեսարան դեպի բազմադարյան գեղեցկուհի Գեղամա ծով։
Ճամբարի մաս էին կազմում նաև տեղանքի ուսումնասիրությունները տարբեր ուղղություններով՝ գետեր, բլրեր, ձորեր, որոնք անում էի սեփական նախաձեռնությամբ՝ հետաքրքրությունից դրդված։
Եվ ինչպես ասում են՝ ամեն բան, ինչը ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Ավարտվեց նաև մեր ուսումնահայրենագիտական ճամբարն Արատեսում։ Սակայն այն բոլոր տպավորությունները, զգացողությունները, հիանալի պահերը և մեծ բավականությունը, որ ինձ տվեց այս ճամփորդությունը, երբեք չեմ մոռանա։
Եվ խոսքս ուզում եմ եզրափակել Օգոստինոս Երանելիի մտքով՝ աշխարհը գիրք է, և նրանք, ովքեր չեն ճանապարհորդում, հասցնում են կարդալ միայն առաջին էջը։