Ամփոփելով առաջին ուսումնական շրջանը։ Հաշվետվությունների փաթեթ

Ինձ շատ անգամ զարմացնում է այն փաստը, թե մարդ ցանկության դեպքում ինչքան բան կարող է հասցնել անել այդքան քիչ ժամանակահատվածում։ Հասկացել եմ մի բան, որ Սեբաստացի սովորողի ակտիվությունը միմիայն պայմանավորված է սեփական ցանկությամբ և պատրաստակամությամբ։ Սովորողն է իր գործունեության կերտողը և կրթահամալիրում իր ուղու նախագծողը։ Ամփոփելով առաջին ուսումնական շրջանը՝ հպարտությամբ կարող եմ հայտնել, որ հասցրել եմ անել շատ ավելին, քան ուսումնական տարվա սկզբին նախատեսել էի։

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծ

RippleFlow-ը մի կրթական նախագիծ է, որը հիմնադրվել է իմ կողմից այս տարվա օգոստոսին։ Եվ նախագծի հիմնադրման գաղափարից ընդամենը տասը օր անց՝ ուսումնական շրջանի մեկնարկին, մեկնարկեց նաև RippleFlow-ի գործունեությունը։ Այդ օրվանից ի վեր այն բուռն զարգացում է ապրում ողջ կրթահամալիրում և տարածվում դրա սահմաններից դուրս՝ մարզային ու համայնքային դպրոցներում։ Իմ նախագծային խմբով մեկ ուսումնական շրջանում արդեն հասցրել ենք իրականացնել բազում կրթական նախագծեր, հանրօգուտ կամավորական աշխատանքներ և վարել մի շարք գիտական դասընթացներ։ Ստորև ներկայացնեմ RippleFlow-ի գործունեությունն առաջին ուսումնական շրջանում․

  • Կրթահամալիրի սովորողների համար վարում ենք երկու գիտական դասընթաց․ խաղերի ստեղծում և անիմացիա, ֆիլմստեղծում և կինեմատոգրաֆիա։ Այժմ ունենք ավելի քան 20 սովորող, ովքեր սովորում և որակյալ կրթություն են ստանում RippleFlow կրթական ակումբներում՝ փորձված սովորողների կողմից։ Ակումբային դասընթացների նախագիծը կարդացեք այստեղ։
  • Կրթահամալիրի և կրթահամալիրից դուրս երիտասարդների համար նախաձեռնել ենք հանրօգուտ կամավորություններ դեպի կենդանիների ապաստարաններ։ Այս պահին ունենք ավելի քան 15 կամավոր, ովքեր շաբաթական 2-3 անգամ գնում են ապաստարաններ, շնիկներին տալիս խնամք, օգնում ապաստարաններին և զարգացնում սեփական փափուկ հմտությունները։
  • Որպես նախորդի ենթանախագիծ և RippleFlow ակումբային դասընթացների բաղկացուցիչ մաս՝ նախաձեռնել ենք վավերագրական ֆիլմերի նկարահանումներ։ Արդեն սկսել ենք աշխատանքները և կամավորների հավաքագրումը։ Ֆիլմերը երեքն են՝ յուրաքանչյուրն իր օգտակար և ուսուցողական թեմայով։ Ցուցադրությունները նախատեսվում են փետրվար ամսին։ Վավերագրական ֆիլմերի նկարահանման նախագծի մասին ավելի մանրամասն կարդացեք հղմամբ։
  • Կրթահամալիրի սովորողների համար նախաձեռնել ենք Վիքիպեդիան հայերեն հայագիտական-թարգմանչական նախագիծը, որի շրջանակում համագործակցում ենք Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության հետ։ Նախագծի շրջանակում կազմակերպել ենք նաև հանդիպում հրավիրյալ մասնագետների հետ, ներկայացրել նախագիծը և քննարկել հետագա զարգացման ուղղությունները։ Այս պահին ունենք ավելի քան 20 մասնակից սովորող-խմբագիրներ և շուրջ 15 հրապարակած հոդված հայկական Վիքիպեդիայում։
  • Դասավանդողների աջակցությամբ՝ մեր նախագծային խմբով նախաձեռնել ենք ճամփորդություններ դեպի Ծաղկունքի, Դդմաշենի, Աշնակի, Ներքին Բազմաբերդի և Պարտիզակի շրջաններ և ներկայացրել RippleFlow նախագիծը համայնքային ավելի քան 5 դպրոցներում։ Կարդացեք ճամփորդական լուսաբանումներից․ 1,2,3
  • Մեր նախագծային խմբով կազմավորել ենք առանձին ջոկատ հունվարյան ճամբարի համար, որի ողջ աշխատակարգն ու ճամբարային ծրագիրը գրել ենք նախագծային խմբի և դասավանդողների հետ միասին։

Ճամփորդություններ

Ակտիվ ճամփորդող եմ․ սիրում եմ ճամփորդել թե՛ գեղատեսիլ Հայաստանով, թե՛ Հայաստանից դուրս։ Ուսումնական շրջանի ընթացքում գնացել եմ մի շարք մեկօրյա և եռօրյա ճամփորդությունների, ինչպես նաև հյուրընկալել կրթահամալիր այցելած համայնքային դպրոցներին և մեր կրթահամալիրում հյուրերի համար կազմակերպել եռօրյա շրջայց։ Ստորև հետևեք իմ ճամփորդական ուղուն․

  • Գեղատեսիլ Հայաստան․ Դիմաց լեռ․ ուսումնական շրջանի առաջին ուղևորությունը և ամենատպավորիչներից մեկը։ Այցելել էինք Տավուշի մարզ, ինձ այդքան հարազատ դարձած Գոշ գյուղ։ Բնության հիանալի պատկերն ու մշակութային շունչն ուղեկցում էին մեզ ճամփորդության ողջ ընթացքում։
  • Գեղատեսիլ Հայաստան։ Աշնակ․ Իմ նախագծային խմբով այցելել եմ Թալինի տարածաշրջան։ Այդտեղի հիասքանչ բնությունն ու հյուրընկալ մարդիկ մինչև հիմա շատ վառ են տպավորված հիշողություններում։ Սա այն ճամփորդություններից էր, երբ համատեղել էինք աշխատանքը հանգստի հետ, օգտակարը՝ հաճելիի։ Եվ այդ ողջ ընթացքում թե՛ կրթվում էինք, թե՛ մեր ունեցած գիտելիքը փոխանցում մեր աշնակցի նորահայտ ընկերներին։ Ճամփորդության նախագծային բաղկացուցիչը կարդացեք հղմամբ։
  • Աշնակի, Պարտիզակի և Ներքին Բազմաբերդի դպրոցները Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում․ Այս անգամ արդեն մենք էինք երևանյան մեծ խմբով դիմավորում և հյուրընկալում Աշնակի, Պարտիզակի և Ներքին Բազմաբերդի սովորողներին և այցելուներին։ Այդ երեք օրը, որ անցակցրել եմ նրանց հետ կրթահամալիրում, անմոռանալի էին և լի տպավորիչ իրադարձություններով։ Հաճելի է, երբ գիտակցում ես, որ երախտապարտ ես մնում այն մարդկանց, ովքեր մի ժամանակ էլ քեզ են հյուրընկալել և առատաձեռն դիմավորել։

Հանդիպում-քննարկումներ

Չէի կարող չանդրադառնալ մի բանի, որն անցնող չորս ամիսներին ուսումնական գրաֆիկս ամենաշատն է զբաղեցրել։ Հանդիպում-քննարկումները, կլոր սեղանները, նախագծային քննարկումները, հրավիրյալ մասնագետների հետ զրույցները, դասընթացներն ու սեմինարները անթիվ ու բազմազան էին այս ուսումնական շրջանում։ Դրանցից շատերն եղել են իմ նախաձեռնությամբ, շատերի կազմակերպմանն անմիջականորեն կապ եմ ունեցել և գրեթե բոլոր հանդիպումներին ծանրակշիռ ելույթներ եմ ունեցել։ Անգամ արձակուրդների ընթացքում միևնույն է հաճախել եմ դպրոց՝ մասնակցելու սեմինարների և կարևոր հանդիպումների։ Այս շրջանում դրանց թիվն այնքան մեծ էր, որ ընթացիկ չէի հասցնում անգամ լուսաբանել հանդիպումները, ինչի համար ցավում եմ, քանզի բազմաթիվ հետաքրքիր զրույցներ և հանդիպումներ օրագրիցս դուրս են մնացել։ Սակայն ստորև կներկայացնեմ հանդիպում-քննարկումների համապարփակ փաթեթ՝ կից լուսաբանումներով։

  • RippleFlow նախագծի առաջին հանդիպում-քննարկումը․ Տարին սկսում ենք նախագծային հանդիպում-քննարկումով, և ահա այստեղից էլ մեկնարկում է RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագծի երկար ու բազմաճյուղ ուղին։ Հանդիպման հատկանշականն այն էր, որ օրվա ու ժամի նշանակման մասին խումբն իմանում է ընդամենը մեկ օր առաջ։ Սակայն միևնույն է, չհուսահատվեցինք, և առանց հույզերին տրվելու մեկ օրում կազմակերպեցինք նախագծի անդրանիկ հանդիպումը։ Եվ այդպիսի արդյունավետությամբ էլ շարունակեցինք մեր ուղին։
  • Սովորողների հետազոտական նախագծերի կազմակերպումը հետազոտական վարժարանում․ Հետազոտական աշխատանքները մեր դպրոցում արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ կազմում են սովորողի ուսումնական շրջանի գերակշիռ մասը։ Եվ, անշուշտ, պետք էր ամփոփել անցնող տարվա հետազոտական աշխատանքներն ու ընդգծել լավագույնները։ Այս հանդիպման լուսաբանումն ընթերցելով՝ կծանոթանաք Հետազոտական վարժարանի հետազոտությունների բազմազան թեմաներին և գրանցած բարձր արդյունքներին։
  • RippleFlow նախագծային դասընթաց՝ ԲՏՃՄ աշնանային բաց հավաքի շրջանակներում․ Իհարկե մեր նախագծային խումբը չէր կարող իր մասնակցությունը չունենանլ կրթահամալիրում տեղի ունեցող մի շատ կարևոր իրադարձությանը։ ԲՏՃՄ աշնանային բաց հավաքը նույնպես այն բազում առիթներից մեկն էր, որ տարածեինք մեր ունեցած գիտելիքն ու փորձը, հաղորդեինք այն երիտասարդներին և կիսեինք մեր գիտելիքային պաշարը մեր վաղվա ապագայի հետ։ Դասընթացի արդյունքների մասին մանրամասն կարդացեք հղմամբ։
  • Գերմանացի անգլերենի ուսուցիչ Հանս Քրիստոֆ Պոխան Հետազոտական վարժարանում․ Սա այն կարևոր հանդիպումներից էր, որ չէի կարող բաց թողնել և չէի կարող թողնել, որ սովորողների մոտ մեծ արձագանք չստանա։ Այդ իսկ պատճառով ինքս ստանձնեցի սեմինարների համար մասնակից սովորողների խմբի ձևավորման գործը և ուրախությամբ եմ հայտնում, որ շնորհիվ դրա ունեցանք շատ արդյունավետ, հետաքրքիր ու օգտակար օրեր հրավիրյալ մասնագետ Քրիստոֆ Պոխայի հետ։ Դասընթացների և սեմինարների արդյունքների մասին մանրամասն կարդացեք հղմամբ։
  • Կրոնական տուրիզմ։ Հանդիպում հրավիրյալ մասնագետ Հովհաննես Մարտիրոսյանի հետ․ Անցնող ուսումնական շրջանի ինձ համար ևս մեկ կարևոր իրադարձություն․ հանդիպում-քննարկում կրոնական տուրիզմի վերաբերյալ Հովհաննես Մարտիրոսյանի հետ։ Հանդիպում, որն ինձ շատ բան տվեց՝ հարստացնելով իմ պատկերացումներն ու փոխելով իմ մտածելակերպը մի շարք երևույթների հանդեպ։ Հանդիպումն այնքան տպավորիչ էր և օգտակար, որ ինքս ցանկացա նախաձեռնել այսպիսի շարունակական հանդիպումներ հիանալի մասնագետ Հովհաննես Մարտիրոսյանի հետ և սովորողների հետ ուսումնասիրել ուխտագնացության երևույթը Հայաստանում, Մխիթարյան Միաբանության առաքելությունն ու քրիստոնեության ուսմունքը։ Այժմ աշխատում ենք Հետազոտական վարժարանի տնօրեն Մարթա Ասատրյանի հետ, որպեսզի հանդիպումների շարքը արդյունավետ և հետաքրքիր կերպ իրականացնենք։
  • «Վիքիպեդիան հայերեն» նախագծային հանդիպում-ներկայացում հրավիրյալ մասնագետի հետ․ Փաթեթը եզրափակում եմ մի հանդիպումով, որն այս շարքում ինձ համար ամենակարևորներից էր և հաջողվածը։ Հանդիպեցինք “Վիքիմեդիա Հայաստան” կազմակերպության հիմնադիր Սուսաննա Մկրտչյանի և կազմակերպության աշխատակից, Հայերեն Վիքիպեդիայի համակարգող Արտաշես Թադևոսյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին բազմաթիվ դասավանդողներ, օղակների ղեկավարներ, սովորողներ, կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը և տնօրեն Սուսան Մարկոսյանը։ Հանդիպումն անցավ շատ արդյունավետ, օգտակար էր թե՛ հյուրերի, թե՛ մասնակիցների համար, մեկմեկու եղան առաջարկներ, ընդգծվեցին կարևոր կետերն ու ապագա զարգացման ուղղությունները։ «Վիքիպեդիան հայերեն» նախագծի ծրագիրը, ընթացքը։

Հետազոտական աշխատանք

Ոլորտ՝ կրթություն, հասարակագիտություն

Վերնագիր՝ ՀՀ կրթական հիմնախնդիրները

Ղեկավար՝ Աննա Խաչատրյան

Ինչպես հասկացաք վերնագրից, այս տարի հետազոտության թեմա եմ վերցրել մեր երկրում առկա կրթական հիմնախնդիրները։ Բավականին ծավալուն թեմա է իրականում և ինչքան ուսումնասիրում եմ, այնքան ավելի ճյուղավորվում է։ Մեր երկրում առկա կրթական հիմնախնդիրները սկսել եմ ուսումնասիրել դեռևս մեկ տարի առաջ, այս տարի որոշեցի այն հասցնել հետազոտության մակարդակի։ Առաջին ուսումնական շրջանի համար ահագին աշխատանք եմ արդեն իրականացրել։ Հարկ է նշել, որ հետազոտական աշխատանքս գրեթե ամբողջությամբ դաշնային աշխատանք է, իրականացված հարցազրույցներով, ուսումնասիրություններով, համեմատական բնութագրերով և քարտեզագրումներով։ Ստորև ներկայացնեմ առաջին ուսումնական շրջանում կատարածս աշխատանքների հաշվետվություններն ամիս առ ամիս․

Հաշվետվությանս մեջ՝ որպես առանձին մաս, ցանկանում եմ ներառել նաև հետևյալ առարկաները․ իրավունք և անգլերեն։ Կարծում եմ այդ երկու առարկաների շրջանակներում կատարածս աշխատանքներն արժանի են տեղ զբաղեցնելու ուսումնական շրջանի ամփոփիչ հաշվետվության մեջ։

Իրավունք

Այս առարկան ի սկզբանե ինձ շատ դուր եկավ։ Միգուցե պատճառն այն է, որ վաղուց սեր ունեմ օրենքներ, օրինագիծներ և օրենսգրքային հոդվածներ ուսումնասիրելուց, բայց ընդհանուր ուսումնական ծրագիրն ու ընդգրկված թեմաներն ինձ շատ հետաքրքրեցին և գնալով ընդլայնեցին պատկերացումներս ոլորտի հետ կապված, ավելի ամուր ձևավորվեց մտածելակերպս մի շարք երևույթների հանդեպ և մեծացավ հետաքրքրասիրությունս իրավագիտության նկատմամբ։ Ստորև ներկայացնեմ այն թեմաները, որոնց վերաբերյալ իրականացրել եմ ուսումնասիրություններ առարկայի ուսումնական ծրագրի շրջանակում․

Այս ուսումնասիրությունները համապատասխան գիտելիքից բացի զարգացրին քննադատական մտածելակերպս և ընդլայնեցին մտահորիզոնս իրավագիտության ոլորտում։ Ամփոփելով կասեմ, որ անցնող ուսումնական շրջանում այն եզակի առարկաներից էր, որ կուզեի շաբաթվա դասացուցակում ավելի շատ ներառված լինեին։

Անգլերեն

Անգլերենը նույնպես այն եզակի առարկաներից է, որից անհնար է հոգնել կամ ձանձրանալ։ Չգիտեմ, միգուցե դասավանդողի մոտեցումն ու հետաքրքիր ուսումնական ծրագիրն են մեծ դեր խաղում, բայց չեմ կարող հիշել որևէ անգլերենի դաս, որից դժգոհ եմ մնացել։ Անգլերենը ևս այն առարկաներից է, որի շրջանակում անցնող ուսումնական շրջանում բազում նախագծեր ենք իրականացրել։ Նախագծերից յուրաքանչյուրը շատ օգտակար էին, հետաքրիքր ու արդիական՝ ներկայիս սերնդի համար։ Ստորև ներկայացնեմ նախագծերից լավագույնները․

Դասավանդվող առարկան լինում է հաջողված և լիարժեք, եթե կարողանում է իր ուսումնական ծրագրում համատեղել դասագրքայինը ստեղծագործականի, գործնականի հետ։ Անգլերենի դասվանդող Իրինա Ապոյանի խորացված խմբում սովորելով՝ պակասը չես զգա ո՛չ դասագրքային գիտելիքի, ո՛չ հետաքրքիր ու օգտակար նախագծերի, ո՛չ զրույց-քննարկումների և ո՛չ էլ ուսուցողական խաղերի։

Անվանական մրցանակներ

Հաճելի է գիտակցել, որ քո կատարած աշխատանքը, իրականացրած նախագիծն ու ցուցաբերած ակտիվությունն անպատասխան չի մնում կրթահամալիրում։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շնորհակալության են արժանանում բոլորը․ դասավանդողից մինչ սովորող։ Եվ շատ անգամ կրթահամալիրը որոշում է հետաքրքիր ու հաճելի անակնկալներով վերադարձնել այն աշխատանքդ, որն արել ես հանուն կրթության և հանուն կրթահամալիրի։

Ելնելով ցուցաբերած ակտիվությունիցս և իրականացրածս բազում նախագծերից՝ որոշեցի այս տարի ինքնաառաջադրվել որևէ անվանական մրցանակի։ Նայելով մրցանակների պահանջներին՝ ինձ ամենահարմարը գտա «Վանո Սիրադեղյան» անվանական մրցանակը և ինքնաառաջադրվեցի տվյալ անվանակարգում։

Եվ հերթական ուրբաթ-համերգին, երբ պետք է հայտարարեին տարվա մրցանակակիրներին, ուրախությանս չափ չկար, երբ իմացա, որ ընտրող հանձնաժողովը միաձայն քվեարկել է իմ թեկնածության օգտին։ Եվ ես շնորհակալ եմ այն բոլոր դասավանդողներին, սովորողներին ու ինձ քաջալերողներին, ովքեր ինձ հետ էին այս հսկա կրթական ուղին կերտելիք, ովքեր անընդհատ կողքիս էին՝ ինձ ոգևորելու և առաջ մղելու։ Շնորհակալ եմ նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, առանց որի այս ամենը չէր լինի և առանց որի այսպիսի շնորհակալության չէի արժանանա։

«Վանո Սիրադեղյան» մրցանակային փաթեթ

Սա ևս մի մղում էր ինձ համար, ևս մի մոտիվացիա, ոգևորում, որ կրթական ոլորտում հասնեմ նորանոր ձեռքբերումների, նվաճեմ նոր բարձունքներ և կիսեմ իմ գիտելիքն ու փորձը երիտասարդների հետ։

Երբ հետադարձ հայացքով նայում եմ այդ օրերին, գիտակցում եմ, որ այս ամենն իրականացրել եմ ընդամենը չորս ամսում։ Մինչդեռ ուսումնական շրջանի սկիզբ պատկերացնել անգամ չէի կարող, որ այսքան ահռելի չափով աշխատանք կարող եմ իրականացնել և այդքան բան նախաձեռնել։ Տարեցտարի իմ ակտիվությունն ու նախաձեռնողականությունը կրթական-ինքնազարգացման ոլորոտւմ և երիտասարդության շրջանում բազմապատիկ ավելանում է։ Ուրախ եմ, երբ գիտակցում եմ, որ կարճ ժամանակում այսքան մեծ առաջընթաց եմ գրանցել։ Եվ այդ իսկ պատճառով, այժմ իմ գլխավոր առաքելություններից է երիտասարդությանը՝ մեր ապագային նույնպես լցնեմ այն համոզմունքով, որ ձգտման ու կամքի առկայության դեպքում միշտ էլ հնարավոր է գրանցել բարձր արդյունքներ և հասնել բազմաթիվ նվաճումների։ Որ նպատակների սահմանումից հետո պետք է հետապնդել դրանք այնքան ժամանակ, մինչև չհասնես դրանց։ Անելիքներս շատ են, բայց վստահ եմ՝ մուտք գործելով 2024 թվական, շատ շուտով կհամոզվեմ, որ նոր տարին, նոր շրջանն ինձ համար կրկին շատ ավելին են նախատեսել, քան ես այժմ կարող եմ պատկերացնել։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started