Գերմանացի անգլերենի ուսուցիչ Հանս Քրիստոֆ Պոխան Հետազոտական վարժարանում

Գերմանացի մասնագետն առաջին անգամը չէ, որ իր հետաքրքիր գաղափարներով այցելում է մեր կրթահամալիր։ Սովորողներն ու դասավանդղները նրա հետ ծանոթ էին դեռևս մեկ տարի առաջ, երբ կրկին նախագծային աշխատանքներով Միսթր Պոխան այցելել էր մեր կրթահամալիր։

Իսկ ահա այս անգամ՝ նա եկել էր հստակ ծրագրով, սեմինարներով ու հետաքրքիր դասընթացով, որի շրջանակներում սովորողներն առիթ կունենան ծանոթանալու, քննարկելու և հասկանալու մի շարք արդիական, կարևոր և մեր ժամանակներում անհրաժեշտ թեմաներ։

Կրթահամալիրում Միսթր Պոխայի առաջին օրն անցավ շատ ուշագրավ և անակնկալներով լի։ Առաջին հերթին՝ սովորողների և դասավանդողների հետ մասնագետին ուղեկցեցին Մայր դպրոցի Մարմարյա սրահ՝ մասնակիցը դառնալու մեր ամենօրյա աշխույժ ընդհանուր պարապմունքին։ Պարապմունքի ընթացքում Միսթր Պոխայի հետ պարեցինք, երգեցինք, ծանոթացրինք նրան մեր կրթահամալիրի կյանքին և ընթացիկ ճամփորդություններին։ Իսկ վերջում՝ եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը՝ իր խոսքում ողջունելով Միսթր Պոխային։ Տիար Բլեյանը նշեց, թե ինչ ողջունելի են գերմանացի մասնագետի այսպիսի այցերը կրթահամալիր, և թե ինչ համագործակցային կապեր կարող են նրանք հաստատել ապագայում։

Ընդհանուր պարապմունքին հաջորդեց Միսթր Պոխայի հետ անցկացվող առաջին դասը, որի ընթացքում սովորողները ներկայացան, խոսեցին իրենց հետաքրքրություններից, և թե ինչն է նրանց ոգևորել մասնակցելու դասընթացներին։ Դասընթացի ողջ ընթացքում գերմանացի մասնագետն իր հետաքրքիր պրեզենտացիաներով և հոդվածներով կարողացավ լսարանին ակտիվ ներգրավել՝ մասնակցելու, քննարկելու և վերլուծելու մի շարք երևույթներ, որոնք առկա են մեր ժամանակներում։

Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ որպես առաջին դասընթաց, որպես մեկնարկ՝ համագործակցային կապն ու դասընթացին սովորողների ակտիվ մասնակցությունը լավագույնս հաջողվեց ապահովել։ Սովորողներն արդեն սպասում են գալիք դասընթացներին և սեմինարներին, որ կրկին հնարավորություն ունենան հաղորդակցվելու, վերլուծելու և դատողություններ անելու, և այս ամենի արդյունքում զարգացնելու իրենց լեզվական հմտությունները։

Տեսանյութը Իրինա Ապոյանի․

2 thoughts on “Գերմանացի անգլերենի ուսուցիչ Հանս Քրիստոֆ Պոխան Հետազոտական վարժարանում”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started