RippleFlow նախագիծը Թալինի համայնքային դպրոցներում

Ճամփորդական ծրագիրը կարդացեք այստեղ

Այս անգամ RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծն  ուղևորվել էր Արագածոտնի մարզ՝ Թալինի շրջան, տեղի դպրոցների սովորողներին ներկայացնելու RippleFlow նախագծի էությունը, կրթական ծրագրերն ու ընթացիկ ակումբային դասընթացները։ Նախագծային խմբի համար սա ևս մեկ մարտահրավեր էր՝ ոգևորելու և հետաքրքրելու համայնքի սովորողներին, որպեսզի իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենան նախագծի սովորող-սովորեցնող նախաձեռնության զարգացման գործում։

Սկզբում ելույթ ունեցավ և նորաստեղծ նախագիծը ներկայացրեց RippleFlow-ի հիմնադիր-տնօրեն Արի Ագոփը, ով խոսեց նախագծի ստեղծման պատմությունից, վերելքից ու երկամսյա զարգացումից։ Աշնակի դպրոցի երեխաներին ու դասավանդողներին ներկայացրեց նախագծի ակումբային գործունեությունը և ընթացիկ կրթական ծրագրերը։

Հաջորդիվ՝ ակումբային դասընթացներն ավելի մանրամասն ներկայացնելու համար, ելույթ ունեցավ RippleFlow-ի ակումբային գործունեության համակարգող Մարիա Տիշաքճեանը։ Սովորողներին ներկայացրեց ակումբային դասընթացներին մասնակցելու առավելություններն ու հետագա արդյունքները, պրոյեկտները, որոնք իրականացվելու են սովորողների հետ և գալիք զարգացումները։

Իսկ նախագծի մենեջերներից Սյուզի Մելիքյանը ներկայացրեց RippleFlow նախագծի վերջին կրթական ծրագրերից Վիքինախագիծը, որն իրականացվում է Wikimedia Armenia-ի հետ համագործակցությամբ։

Ընդհանուր առմամբ՝ սովորողները շատ ոգևորված էին և հետաքրքված այնպիսի կրթական նախագծով, ինչպիսին RippleFlow-ն է և պատրաստակամություն հայտնեցին նախագծային թիմին՝ ապագայում համագործակցության կապեր հաստատելու և միասնական նախագծեր իրականացնելու։

Design a site like this with WordPress.com
Get started