Հանդիպում փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի հետ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի առանձնահատկություններից մեկը, որով իրոք կարելի է հպարտանալ, այն է, որ մեզ մոտ հաճախ են հյուրընկալվում և աշակերտների հետ զրույց վարում անվանի գիտնականներ, պատմաբաններ, հասարակական ու մշակութային ականավոր գործիչներ՝ իրենց փորձն ու գաղափարները կիսելով լսարանի հետ։

Այս անգամ կրթահամալիրում հյուրընկալվեց աշակերտների կողմից այդքան սպասված՝ փիլիսոփայության դոկտոր, դոցենտ Աշոտ Ոսկանյանը։ Ես ինքս շատ հետաքրքրված էի տվյալ հանդիպումով և դրան ընդառաջ ուսումնասիրել էի պարոն Ոսկանյանի կյանքն ու գործունեությունը, նրա կատարած մի շարք դասախոսություններ և հարցազրույցներ։ Ուստի ես նույնպես շատ ոգևորված էի այդ հանդիպումով։ Ուսումնասիրությանս հիման վրա կատարած հետազոտությունը կարող եք կարդալ այստեղ։

Հանդիպման առաջին իսկ րոպեներից կարելի էր տեսնել աշակերտների հետաքրքրվածությունն ու լուրջ տրամադրվածությունը։ Անգամ պարոն Ոսկանյանն էր զարմացած, թե ինչպես այդ տարիքի մի մեծ խումբ երեխաներ կարող են այսքան հետաքրքրված լինել փիլիսոփայությամբ և դրա ուսումնասիրությամբ։ Զրույցն այդքան հաճելի էր և ուշագրավ, որ հանդիպումը տևեց շատ ավելի երկար, քան նախատեսված էր։ Աշակերտներն ու անգամ ուսուցիչները բաց չէին թողնում առիթը՝ խոսելու պարոն Ոսկանյանի հետ իրենց հուզող հարցերի շուրջ։ Եվ իհարկե, պարոն Ոսկանյանի տված բացատրություններն ամեն մի երևույթի մասին, շատ յուրահատուկ էին։

Խմբում կային ապագա փիլիսոփաներ և այդ ճյուղն ուսումնասիրողներ, որոնց համար սա շատ լավ առիթ էր՝ հասկանալու դրա էությունն ու լսելու որոշ հասկացությունների բացատրություններ։ Մնացածիս համար նույնպես շատ արդյունավետ էր հանդիպումը։ Ինքս պատմություն շատ եմ սիրում և հետաքրքրված եմ մի շարք իրադարձությունների ուսումնասիրությամբ, ինչը գերակշիռ մասն էր կազմում տվյալ հանդիպման։ Ինձ հատկապես դուր եկավ պարոն Ոսկանյանի մեկնաբանությունները հայի կերտած պատմության, ներկայում դրա ազդեցության և իհարկե՝ ներքին ու արտաքին քաղաքականության կարևորության մասին։

Այսպիսով՝ ոչ ոք ձանձրույթ չզգաց հանդիպման ընթացքում, քանի որ դա քննարկում էր տարբեր և ուշագրավ երևույթների մասին՝ յուրաքանչյուրին հետաքրքրող մի շարք թեմաներով։ Հանդիպումը շատ արդյունավետ էր և ուսուցողական։ Ուստի շնորհակալություն ենք հայտնում երկրի լավագույն փիլիսոփաներից մեկին՝ այսպիսի հանդիպման համար և միանշանակ ուրախ կլինենք ևս մեկ անգամ հյուրընկալել նրան մեր դպրոցում։

Design a site like this with WordPress.com
Get started