Հետազոտություն՝ Աշոտ Ոսկանյանի հետ հանդիպմանն ընդառաջ

Աշոտ Ոսկանյանի մասին

Փիլիսոփայության գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանը ծնվել է 1949թ. ապրիլի 24-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` փիլիսոփայի որակավորմամբ, իսկ 1972-1975թթ․ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեություն

  • 1976-1977թթ․ դասավանդել է Բրյուսովի անվ. մանկավարժական ինստիտուտում։
  • 1977-1990թթ․ դասավանդել է ԵՊՀ-ում:
  • Եղել է ՀՀ ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
  • Առաջին անկախ խորհրդարանի՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և Նախագահության անդամ, հետագայում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
  • 1990-1995թթ․ ՀՀ Սահմանադրական հանձնաժողովի անդամ և Ազգային Եկեղեցական ժողովի պատվիրակ։
  • 1995 -1997թթ․ Սլովակիայում և Ավստրիայում ՀՀ դեսպան ԵԱՀԿ –ում և ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ
  • 1996-1997թթ․Չեխիայում ՀՀ դեսպան
  • 1997-2001թթ․ Գերմանիայում ՀՀ դեսպան
  • 2002-2017թթ․ մի շարք պաշտոններ է վարել ՀՀ ԱԳՆ-ում
  • 2007-2010թթ․ Վիեննայում ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար
  • 2010-2017թթ․ ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանայի և Աֆրիկայի վարչության պետ

Այլ գործունեություն

Ավելի քան հիսուն գիտական՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն հրապարակումների հեղինակ է, որոնց թվում՝ «Հասկացման անխուսափելիությունը. Դրվագներ փիլիսոփայական հերմենևտիկայի և կազմաքանդման պատմությունից» (Եր., 2015) և «Չարենցի ժամանակը (Ոգու մասին)» (Եր., 2017) մենագրությունները։

1993-ին հիմնադրել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ), որի նախագահն է մինչ այժմ։ ՀՀՀԿ երկու տարեգրքերի՝ «Ինքնություն» (Եր., 1995) և «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. Ինքնություն – 2» (Եր., 2005) կազմողն է և գլխավոր խմբագիրը։

Փիլիսոփայության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած  դասընթացի հեղինակ է (ցուցադրված է Boon.TV համացանցային հարթակում):

Մեկնաբանություն և Վերլուծություն

Փիլիսոփայության դոկտոր, դոցենտ Աշոտ Ոսկանյանի հետ հանդիպմանն ընդառաջ, ծանոթացա նրա կյանքին, գործունեությանը և իհարկե մի քանի հարցազրույցներ և հոդվածների ուսումնասիրության արդյունքում որոշակի առումով ծանոթացա Աշոտ Ոսկանյանի ու նրա գաղափարների հետ։

Բուն թեման պատմությունն էր և դրա ազդեցությունը ներկայիս հանրության վրա։ Ինձ՝ որպես պատմություն սիրող ու դրանով բավականին հետաքրքրվող մարդ, հաճելի էր լսել ու հասկանալ նրա կողմից այդ թեմայի շուրջ արված մեկնաբանությունները, բացատրություններն ու վերլուծությունները։

Հատկապես ուշադրությունս գրավեց մի հարցադրում․ արդյո՞ք պետք է կառչել մեր անցյալից և մեր պատմությունից։ Սա մի հարց է, որ ես բազմիցս եմ տալիս ինքս ինձ, մանավանդ, երբ գտնվում եմ մի երկրում, որտեղ ազգն իր պատմությանը շատ ամուր է կպած, միշտ անցյալի օրինակով է առաջ շարժվում և միշտ անցյալն է հիշում՝ իր ազգի մասին խոսելիս։ Հետաքրքիր էր լսել պարոն Ոսկանյանի բացատրությունն այս հարցի շուրջ, ըստ որի պատմությունը կարող է և՛ սովորեցնել, և՛ ոչ, նայած թե որ տեսանկյունից են դրա նայում։ Շատ հաճախ պատմությունը կրկնվում է և պետք է որոշակի փորձ ունենալ պատմության ինչ-ինչ դրվագներ ուսումնասիրելուց հետո, որ կարողանաս կանխել գալիք վտանգը։ Սակայն չպետք է անձնուրաց տրվել այդ հաղթական դրվագներին՝ առանց դրանք ամեն տեսանկյունից ուսումնասիրելու և իրական իրադարձությունը պարզելու։ Շատ սխալ է նաև կենտրոնանալ միայն պատմության լավ էջերի վրա։ Չէ՞ որ մեզ այդ վատ էջերն էլ են պետք՝ լիարժեք մտածողություն կազմելու համար։ Մենք շատ դրվագներ բաց ենք թողնում պատմությունից՝ առանց հասկանալու, որ ներկայիս մի շարք սովորություններ գալիս են հենց այդ ժամանակներից և կապված են դրանց հետ։

Այս թեմայով հաջորդ մեկնաբանությունը, որ ինձ դուր եկավ՝ այն էր, որ պետք է սովորել վարել քննադատություն, բանավեճ տվյալ թեմայի շուրջ։ Սա հատկապես կարևոր է մեզ համար, որովհետև շատերն են մերժում դիմացինին, անտեսում նրան, որպեսզի ուղղակիորեն բանավեճի չմտնեն դիմացինի հետ։ Շատ ճիշտ էր պարոն Ոսկանյանի այն հիշատակումը, որ մարդիկ գերադասում են մոռանալ, մերժել դիմացինին ամբողջովինա, քան երկու կարծիքների շուրջ բանավիճել՝ հասկանալու ամեն մեկի կարծիքի թուլությունը, կամ ճշմարտացիությունը։

Եվ կուզեի նշել ևս մի բան, որ տպավորեց ինձ։ Խոսքը սխալ քարտեզի և քարտեզի բացակայության մասին է, այդ երկու իրավիճակների տարբերությունը․ ո՞րն է ավելի լավ և ո՞րն է գերադասելի։ Ինչպես նաև նախապաշարմունքի և մարդու նախապատրաստման մասին խոսք գնաց։ Նախ և առաջ մարդը յուրաքանչյուր իրավիճակում պետք է մարզված և պատրաստված լինի։ Մեր քաոսային ժամանակներում առավել ևս, եթե չի ուզում առանց քարտեզի անվերջ թափառել լաբիրինթոսում կամ ջունգլիներում՝ չկարողանալով ելք գտնել այդ դժբախտ իրականությունից։ Եվ իհարկե, սխալ քարտեզը հենց մարդու նախապաշարմունքն է, իր պատրաստած պաշարները՝ այդպիսի մի օրվա համար։ Նա պետք է օգտագործի դրանք, պետք է սխալի վրա իր ճիշտը կառուցի և գտնի ելքը, իր մարզվածությամբ ու պաշարած գիտելիքով պետք է գտնի իր համար ճիշտ ուղին և փրկվի իրականության կապանքներից։

Եվ դա բոլորովին բնական է, երբ մարդը կառչում է իր անցած ուղուց, և դժվար է լինում դրանից հետո կառուցել նորը, անցնել նոր ճանապարհով, քանի որ անցյալի փորձը, գիտելիքն ու ուղին քեզ հետապնդելու են, քաշեն դեպի իրենց։ Այս ամենում կարևորը ճիշտ դասեր քաղելն է։ Երբ կյանքը քեզ մի փորձության մեջ է գցում, փորձիր դրանից միայն լավը քեզ հետ տանել, քո փորձը, վաստակածդ գիտելիքը, ինչը կարող է քեզ ապագայում կրկին պետք գալ։

Եվ վերջում ասեմ, որ նախքան հանդիպումն արդեն բավականին բան իմացա թեմայի շուրջ և նաև ուրախ եմ, որ կարողացա ծավալուն վերլուծություն գրել։ Նշանակում է, որ ուսումնասիրություններս տվել են իրենց արդյունքը և գոնե մի բան փոխել իմ մեջ։ Վստահ եմ՝ հանդիպումից հետո մտածողությանս մեջ շատ բաներ կվերաձևավորվեն և կունենան նոր պատկերացումներ ու բացատրություններ։

Design a site like this with WordPress.com
Get started