“Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ” նախագծի կլոր սեղան-հանդիպում

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի մեկնարկը տրվել է դեռևս 14 տարի առաջ։ Գրեթե մեկուկես տասնամյակ ընթացող այս նախագիծը հասցրել է գործընկերության ամուր կապեր հաստատել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և վրաստանյան մի շարք հայտնի կրթօջախների հետ։ Մասնավորապես, այսքան տարվա գործընկերության ու բարեկամության հիմքն են հանդիսանում մեր կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը և Թբիլիսիի 98-րդ դպրոցի նախկին տնօրեն Գիորգի Մոմցելիձեն։

Այսօր՝ ապրիլի 12-ին, կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի Արտասահմանում, ավանդական նախագծի կլոր սեղան-հանդիպումն էր, որին հրավիրված էին մասնակցելու Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Վրաստանի Բոլնիսի քաղաքի «Դավիդիանի», Կազրեթի թաղամասի թիվ 2 հանրային դպրոցի, Զուգդիդի շրջան գյուղական համայնքի և Ախալաբաստումանի հանրակրթական դպրոցների նախագծային խմբերը։

Կրթահամալիրում հյուրերին ապահովեցին ջերմ ընդունելություն, նրանց ողջունեց Տիար Բլեյանը, մեր բազմամյա գործընկերությունը խորհրդանշող նվերներ հանձնվեցին։ Ողջույնների և զրույցների հետ մեկտեղ կրթահամալիրի փոքրիկների կողմից կազմակերպվեց Սբ․ Զատկի տոնին նվիրված միասնական պարատուն, որին ականատես եղան և իրենց մասնակցությունն ունեցան Վրաստանից ժամանած մեր հյուրերը։ Այսպիսով, հանդիպումը սկսվեց շատ ուրախ միջավայրում, Զատկի տոնի ավանդական ծիսակատարությամբ և նվերների փոխանակմամբ։

Հաջորդիվ արդեն հանդիպման բացումն արեց կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը, հավաքվածներին ներկայացրեց մեր 14-ամյա բարեկամության ամենավառ հուշերն ու ամենանշանակալից դեպքերը՝ գործընկերության հաստատումից մինչև կապերի ամրապնդում և ամենամյա փոխանակման ծրագրեր։ Շատ հետաքրքիր ու հաճելի էր հետևել այս տարիների պատմությանը․ ինչպե՞ս սկսվեց այս ամենը, ինչպե՞ս ընդլայնվեց, ի՞նչ հիշարժան դեպքեր ու նշանակալից հանդիպումներ եղան։ Մասնավորապես, մեր կրթահամալիրը ամեն տարի “Վրացերենի օրերի” կապակցությամբ դպրոց է հրավիրում վրաց դպրոցների խմբեր և համագործակցային նախագծերի արդյունքում կազմակերպում գեղեցիկ ու հիանալի միջոցառումներ։

Հաջորդիվ ելույթ ունեցան գործընկեր դպրոցների ղեկավարները, հատկապես նշելով, թե որքան կարևոր և հատկանշական է իրենց համար մեր այսքան տարվա համագործակցությունը, ներկայացնելով նախագծի կարևորությունն ու բարիքներն իրենց տեսանկյունից և, թե ինչքան են դեռ սերտանալու և ամրապնդվելու կապերը վրաստանյան դպրոցների և մեր կրթահամալիրի միջև։

Ելույթ ունեցավ նաև Վրաստանի դեսպան Գիորգի Մոմցելիձեն՝ նշելով, թե ինչքան է կարևորում և գնահատում թե՛ երկու երկրների միջև հաստատված բարեկամությունը, թե՛ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Տիար Բլեյանի կատարած աշխատանքը հայ-վրացական կապերի մերձեցման գործում։ Խոսեց հատկապես կրթահամալիրում վրացերեն դասավանդվելու և հարևան երկրի մշակույթին, լեզվին դպրոցում յուրահատուկ տեղ տալու մասին, շնորհակալություն հայտնեց Տիար Բլեյանին՝ այսպիսի նախագծի և բազմամյա հետզհետե սերտացող հարաբերությունների հաստատման համար։

Եզրափակիչ խոսքում Տիար Բլեյանը նշեց, որ տպավորված է այն բոլոր միջոցառումներից, ծրագրերից և համագործակցային նախագծերից, որ երկու հարևան ժողովուրդները մինչ այժմ իրականացնում են և մաս կազմում, խոսեց դրա անհրաժեշտությունից և շարունակականությունից։

Հանդիպումը շատ տպավորիչ էր և արդյունավետ, ինչի ընթացքում նաև առիթ ունեցանք գործընկերներին և դեսպանին ծանոթացնելու կրթահամալիրի հետ։ Վերհիշեցին բազում վառ հիշողություններ, իրադարձություններ, խոսեցին նախագծի մինչ այժմ տված բարիքների ու առավելությունների մասին՝ հույսով, որ այս տարիների բարեկամությունը կլինի շարունակական և մեկմեկու կապահովի զարգացող և ընդլայնվող գործունեություն։

Ֆոտոշարք․

2 thoughts on ““Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ” նախագծի կլոր սեղան-հանդիպում”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started