Հարցումների ամփոփում։ Վարդան Կարապետյան

Արի։ Ընկեր Վարդան, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ կրթական հիմնախնդիրներ կան ՀՀ այժմյան կրթական համակարգում։ Առանձնացնենք հիմնախնդիրներն ու դրանց տեսակները ներկայիս համակարգում։

Վարդան Կարապետյան։ Կրթական համակարգի հիմնախնդիրները նախ և առաջ գալիս է պետության վարած քաղաքականությունից։ Հասկանալով, թե ինչ քաղաքականություն է վարում պետությունը կրթական համակարգում՝ կարելի է առանձնացնել առանձնատեսակ հիմնախնդիրներ։ Հիմնախնդիրներից մեկը դպրոցներում ուսուցիչների պատրաստվածությունը, ուսուցիչներով համալրված լինելը։ Պատրաստվածությունն ընդգրկում է ուսուցչի ունեցած գիտելիքային մեծ պաշարը, այնուհետև մանկավարժական վարպետությունը, որի կրողը պետք է լինի ուսուցիչը։ Պետք է համատեղել լավ մասնագետը լավ մանկավարժի հետ։ 

Երիտասարդությանը չեն մղում դեպի դպրոց։ Դա բերում է ուսուցիչների կարիքի, պակասի։ Հանրային խնդիր է, երբ երիտասարդությունն իրեն չի տեսնում դպրոցում՝ մանկավարժության մեջ։ Պետությունը պետք է ուղղորդի երիտասարդությանը։ Դրա համար պետք է լինեն շահագրգռող միջոցներ։ Դրանցից մեկը աշխատավարձն է, որն այժմ իր պակասությամբ չի հանդիսանում շահագրգռող միջոց։ Պետք է ստեղծել պայմաններ, սկսած աշխատավարձից, ուսուցչի հեղինակությունից, որն այսօր շատ տխուր վիճակում է։ Կիրառել խրախուսող այլ միջոցներ, որ լինի մրցակցություն անգամ ուսուցիչների միջև։

Եվս մեկ հիմնախնդիր է դասագրքերով, ռեսուրսներով ապահովված լինելը։ Ներկայումս ոչ բոլոր դասագրքերն է սովորողը սիրով բացում կարդում, ոչ բոլոր դասագրքերում է սովորողը տեսնում և կարդում ճշգրիտ տեղեկություններ։ Հենց պատմության դասագրքերը բազմաթիվ տարիներ քաղաքականացված են, իրականությունը չեն ներկայացնում։ 

Ծնողների մեջ պետք է փոխել գիտակցությունը, ծնողն ինքը պետք է գիտակցի, որ կրթական գործընթացի պատասխանատու մասնակից է։ Սակայն մեր ծնողներն այժմ իրենք իրենց կրթական գործի մասնակից չեն համարում։ Իսկ այդ ներգրավվածությունը շատ է անհրաժեշտ։ Դպրոց-ծնող-ուսուցիչ-սովորող շղթա։

Գյուղական դպրոցներն են շատ տխուր վիճակում, սկսած ուսուցիչների մակարդակից, պատրատսվածությունից և որակներից, ռեսուրսներով ապահովվածությունից, որակյալ սարքավորումներից, շենքային պայմաններից։ 

Պետության կողմից ձևականությունները շատ են, որոնք ծանրաբեռնում են համակարգը, ուսուցիչներին ավելորդ թղթաբանությամբ, փաստաթղթերով։ Շատացրել են թղթային գործերը, ավելացրել ձևական վերապատրաստումները։ Վերապատրաստումների նպատակները, բովանդակությունն ու որակը պետք է փոխվեն, որպեսզի ուսուցիչը դրանով առաջ մղվի։ Ուսուցիչները նույնպես պետք է պատրաստակամ լինեն ինքնակրթվելու, զարգանալու, առաջ մղվելու, նորարարություններին պետք է հաղորդակից լինել։

Արի։ Խոսելով նորարարություններից՝ արդյո՞ք մենք մեր կրթական համակարգում կրում ենք ԽՍՀՄ կրթական համակարգի ազդեցությունը։ Եթե այո, ապա դա ինչպես է ազդում մեր համակարգին, կամ արդյո՞ք մենք փորձում ենք ազատվել այդ ազդեցությունից։

Վարդան Կարապետյան։ Սովետական կրթական համակարգից համարյա թե բան չի մնացել։ Մեր նախնիները միշտ էլ լավ են խոսել Սովետական կրթական համակարգից։ Մենք էլ այլ հետսովետական երկրների նման պետք է լավ բաները վերցնենք, վատերը թողնենք։ Այն բոլոր ստանդարտները, կաշկանդվածությունը, սահմանափակությունն ու պարտադրանքները պետք է թողնել։ Միաժամանակ կան բաներ, որոնք կարելի է Սովետից վերցնել և ներկայացնել նորովի։ 

Սակայն անընդհատ փոփոխությունների հետևից գնալը նույնպես անկայունության է բերելու։ Մեկը չյուրացրած չես կարող անցնել մյուսին։ 

Այսօր շատ են կարևորվում հենց կարողությունները՝ գիտելիքից ավել։ Շատ գովելի է ունեցած գիտելիքով դրսևորել այլ հմտություններ, կարողություններ։ Սա մեր ժամանակի համար անհրաժեշտություն է և կարևոր։ 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started