Հարցումների ամփոփում։ Նվարդ Հովսեփյան

Երևանի Նաիրի Զարյանի անվան հ․130 հիմնական դպրոցի տնօրեն

Արի։ Տիկին Հովսեփյան, իմ հետազոտության թեման ՀՀ կրթական հիմնախնդիրներն են, կխնդրեմ՝ նշեք մի քանի կրթական հիմնախնդիր, որոնք այժմ առկա են մեր համակարգում։

Տիկին Հովսեփյան։ Գերծանրաբեռնված դասարաններ, ուսուցիչների պակաս, հատկապես ՀՀ մարզերում և մասնավորապես սահմանամերձ տարածնքերում մենք ունենք ուսուցիչների խնդիր։ Ինչպես նաև երիտասարդ ուսուցիչների մոտիվացիայի պակաս ունենք, որովհետև որևէ երիտասարդ ուսանող չի ձգտում դառնալ ուսուցիչ։ Մանկավարժի հեղինակությունն այսօր լավ մակարդակի վրա չէ, սկսած աշխատավարջից, վերջացած նրա հանդեպ հարգանքով։

Արի։ Տիկին Հովսեփյան, համաձա՞յն եք այն մտքի հետ, որ ուսուցիչ պետք է լինել միայն մանկավարժ դառնալով, մանկավարժի որակավորում ստանալով։

Տիկին Հովսեփյան։ Համաձայն չեմ այն մտքի հետ, որովհետև կան շատ երիտասարդներ, ովքեր ավարտում են Մանկավարժական համալսարանը, ստանում են որակավորում, բայց չեն կարող համարվել ուսուցիչ։ Ըստ իս՝ մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են։

Արի։ Տիկին Հովսեփյան, ի՞նչ կարծիքի եք նախարարության ընդունած կրթական նոր չափորոշիչների և նոր դասագրքերի մասին։

Տիկին Հովսեփյան։ Կասեմ, որ յուրաքանչյուր նոր բան, որը գալիս է փոխարինելու հնին, ընդունվում է ոչ շատ լավ։ Կարծում եմ՝ ժամանակ է պետք, որ հասկանան խնդիրները, ուղղեն բացթողումները, քանի որ մի բան է՝ փորձարկել դա մինչև դպրոցներ ինտեգրելը, մեկ այլ բան է՝ տեսնել դա դասավանդման, ուսուցանման գործընթացում։ Ժամանակ է պետք տիրապետելու, ադապտացվելու նոր չափորոշիչներին։ Եվ կարծում եմ փորձարկման, կիրառման արդյունքում բացթողումները կլրացվեն ու կշտկվեն։ Սակայն հենց մենք՝ ուսուցիչներս պետք է չլռենք, բարձրաձայնենք մեր խնդիրները, առաջարկներն ու բողոքները, որպեսզի վերադասն իմանա, որ կա այսպիսի խնդիր և տա համապատասխան լուծումներ։

Արի։ Մենք այժմ ունե՞նք խնդիր երեխաների համար ավելի հետաքրքիր դարձնելու առարկայական ուսուցումը։

Տիկին Հովսեփյան։ Այո, դա նախ և առաջ դասավանդման խնդիր է, ամենակարևոր բաներից է, որ երեխան ոչ թե իմանա, որ այս առարկան, իրը ինչ է, այլ իմանա այն ինչի համար է, ինչպե՞ս այն օգտագործել, և այլն։

Արի։ Քանի որ մենք հետսովետական երկիր ենք, արդյո՞ք մենք այժմ էլ ունենք այդ համակարգի ազդեցությունը մեր ներկայիս կրթական համակարգում։

Տիկին Հովսեփյան։ Որոշ չափով կա այդ ազդեցությունն այժմ, թեև այդ համակարգի մասին բացասական չեմ կարող արտահայտվել, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ յուրաքանչյուր ժամանակ պահանջում է իր ոճը, իր նորարարական ուղղությունը, ուստի չեմ կարծում, որ այս դարաշրջանում Խորհրդային կրթական համակարգը կիրառելի կլիներ։ Բայց ազդեցությունն, անշուշ, կա դեռևս։ Թե՛ ուսուցիչների շրջանում, թե՛ նրանց մտածելակերպում է դեռևս մնացել, այնպես որ կարծում եմ, որ ուսուցիչների շրջանում պետք է լինի նաև սերդնափոխություն։ Եվ հենց այդ հարցով այս տարի նախարարությունը զբաղվում է՝ քաջալերելու երիտասարդ դիմորդներին սովորել կրթական տարբեր ոլորտներում և տալիս խրախուսական հավելավճարներ, կրթաթոշակներ, որպեսզի երիտասարդներն ավելի շահագրգռված լինեն՝ ձգտելով դառնալ ուսուցիչ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started