Հարցումների ամփոփում։ Հասմիկ Ղազարյան

Արի։ Ընկեր Հասմիկ, կնշե՞ք 2-3 հիմնախնդիր, որոնք առկա են մեր ՀՀ կրթական համակարգում։

Ընկեր Հասմիկ։ Ոչ միայն հայաստանյան կրթական համակարգը, այլև ողջ աշխարհում կրթությունը ճգնաժամ է ապրում։ Մարդիկ չգիտեն՝ ինչ են սովորեցնում և ինչ պետք է սովորեցնեն։ Մենք տալիս ենք գիտելիք, սակայն գիտելիքը դեռ կրթություն չէ։

Գիտելիքը ներկայիս սերունդը շատ ավելի հեշտ կարողանում է դուրս բերել առանց դպրոցի, առանց ուսուցչի օգնության։ Այստեղ հիմնախնդիր է մարդուն ձևավորելը, շփման միջոցով մարդուն կերտելը։ 

Ճամփորդությունները, որոնք կազմակերպվում են մեր դպրոցում, պետք է կազմակերպվեն նաև այլ դպրոցներում, որովհետև սովորողը այսօր գիտելիք կարող է վերցնել ճամփորդություններից, այդ ամենը տեսնելուց։ Պետք է սովորողի համար ստեղծել միջավայր, որտեղից նա կարող է վերցնել գիտելիքը, համադրությունների միջոցով ձևավորել զարգացվածությունը, ինտուիցիան, սակայն միջավայրի ստեղծմանը խանգարում են կրթության համակարգողները։ Պաշտոնական-հանրակրթական դպրոցներում թեմատիկ ստուգողական աշխատանքներն այնքան շատ են, որ սովորելու հաճույքն է կորչում։ Քանի որ ուսուցչի ու սովորողի տեսակետից գնահատականը տարբեր բաներ են, գնահատման համակարգը շատ է խանգարում սովորելուն։

Եթե ներկայումս ցանկացած գիտելիք և տեղեկություն կարելի է քաղել համացանցից՝ այլ եղանակներով, առարկայական ուսուցումը դառնում է անիմաստ ու ավելորդ։ Այս դեպքում անհրաժեշտ այլընտրանքային տարբերակ է կապակցված ուսուցումը, երբ սովորողը ստանում է գիտելիք՝ առանձին առարկաներից, տարբեր ոլորտներից, բայցև սովորում է դրանք կապակցել, ունակ է համադրել այդ գիտելիքները լիարժեք արդյունք ստանալու համար։ 

Ընկեր Հասմիկ։ Չես կարող երեխային տալ կաղամբ, կարտոֆիլ, գազար, բազուկ և միս ու ասել՝ ահա քեզ ապուր։ Նախ պետք է կարողանա համադրել այդ ամենը։ 

Արի։ Ընկեր Հասմիկ, որպես հետսովետական երկիր, Հայաստանն արդյո՞ք իր վրա կրում է ԽՍՀՄ կրթական համակարգի ազդեցությունը։ Եթե այո, ի՞նչ աստիճանի է այդ ազդեցությունը։ 

Ընկեր Հասմիկ։ Սովետական համակարգը ամուր էր, սակայն կրթություն ստանալն ու սովորելը պարտադրված էր։ Սովորում էին բոլորը, ստանում միջին և միջինից բարձր գնահատականներ, հատուկ ակտիվություն ցուցաբերած երեխաներին էլ ոգևորում, աջակցում էին, որ դառնա նշանավոր անձ։ Նախանձում էին մեր կրթական համակարգին, որովհետև ամուր էր և կայուն։ Սակայն դա Սովետի ժամանակ էր։ Դա հին է։ Այո, կա ազդեցությունը և հենց դա էլ խանգարում է մեզ։

Այսօրվա երեխան իրոք ժամանակ չունի նստի և անգիր անի ինչ-որ աղյուսակներ և տերմիններ։ Սովետի ազդեցությունը ճնշող է։ Եվ ինչքան հին է լինում դասավանդողը, այնքան Սովետական կրթական համակարգի ազդեցությունն իր վրա ավելի վառ է արտահայտվում։ Կան բացարձակ ճշմարտություններ, որոնք մեր մեջ սերմանված են և մեզնից շատերը դեռևս դրանք տարածում են նոր սերնդի մեջ։ 

Չի կարող հին գաղափարներով և մտքերով մեկը գրավել և բավարարել նորարարություն ակնկալող ու պահանջող սովորողների կարիքները։

Արի։ Ընկեր Հասմիկ, որպես գրականության ուսուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում “անգիրներ” հասկացությանը։ Հանրակրթական դպրոցներում՝ հատկապես ցածր դասարաններում, երբ երեխաներն անցնում են որևէ հեղինակ, իրենք ծանոթանում են անգիրների, բանաստեղծություններն անգիր անելու հետ։ Նրանց ավելի կենտրոնացնում են մտավոր հիշողության վրա, քան վերլուծական մտքի։

Ընկեր Հասմիկ։ Երբ ես 30-40 տարեկան էի, ես էլ էի հակված այն մտքի հետ, որ անգիրները պետք չեն, թող երեխան կարդա, գաղափար կազմի։ Բայց այսօր ես տեսնում եմ, որ երեխաները գնալով հետ են վարժվում պատկերավոր մտածողությունից։ Իսկ պատկերավոր մտածողությունը գյուտարարության հիմքն է․ չունես պատկերավոր մտածողություն, գյուտարարությունից ձեռք քաշիր։ Դու չունես այդ զենքը, եթե չունես երևակայություն։ Բացի այդ, դու մարզում ես հիշողությունդ, բաներ կան, որոնք պետք է պահես հիշողությանդ մեջ։ Ամեն ինչ չէ, որ պետք է ամեն անգամ ինչ-որ տեղ փնտրել։ Անգիրները զարգացնում են լեզվական բառապաշարը։ 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started