Հարցումների ամփոփում։ Իրինա Ապոյան

Արի։ Ընկեր Իրինա, կնշե՞ք մի քանի արդիական հիմնախնդիր, որոնք առկա են ՀՀ կրթական ոլորտում։

Ընկեր Իրինա։ Դեռևս առաջնային խնդիր համարում եմ կրթական նոր չափորոշիչների ընդունումը մեր կրթական համակարգում։ Բանն այն է, որ հենց այդ չափորոշիչ կազմողները դպրոցից հեռու մարդիկ են, ովքեր չափորոշիչներ կազմելիս ու սահամանելիս հաշվի չեն առնում սովորողների հետաքրքրությունների և կարողությունների տարբերությունը։ Ինձ թվում է՝ մեր հանրակրթական դպրոցներում ուսումը բավականին կաղապարված է, գերակշռում է դասագրքային ուսուցումը և դասագրքերից դուրս որևէ աշխատանք ծավալելու համար կա՛մ ցանկություն չկա, կա՛մ բավարար միջոցներ։ Չեմ կարծում որևէ դասավանդող դեմ կլինի իր դասերն ավելի ստեղծագործ դարձնելուն, սովորողների մոտ ազատ մտածելակերպը խթանելուն, և այլն։ Այստեղ խնդիրը առավելապես գալիս է հանրակրթական դպրոցների ուսումնական պլանից և ղեկավարության կողմից վերահսկվող, պարբերաբար անցակցվող թեմատիկ գրավոր աշխատանքներից և ստուգարքներից։

Արի։ Մի քանի դասավանդողների հետ ունեցած զրույցում մենք խոսեցինք դպրոցներում կիրառական գիտելիքների, դասագրքային ուսուցումից դուրս ծրագրերի ներառման անհրաժեշտության և կարևորության մասին։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դպրոցներում պետք է դասավանդվեն առարկաներ, որոնք կիրառելի կարող են լինել ապագա մասնագիտական ոլորտներում։

Ընկեր Իրինա։ Միանշանակ պարտադիր եմ համարում նման առարկաների, դասընթացների առկայությունը դպրոցներում, քանի որ մեր հիմնական աշխատանքը սովորողին հետագա կյանքին պատրաստելն է, իսկ այդ կիրառական գիտելիքները տվյալ դեպքում շատ ավելի են պետք սովորողին, քան տեսական, անգիր արված դասերը։

Արի։ Ընկեր Իրինա, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հայտնի է նաև նրանով, որ սովորողներին տրված է ազատություն կրթության, ուսումնառության ոլորտում։ Շատ անգամներ, սակայն, շատերն այդ ազատության գաղափարը սխալ են հասկանում և այդ ամենը գնում է դեպի ծայրահեղության։ Կա՞ն որևէ մեթոդներ, կարգեր, որոնք կիրառելու դեպքում կարող ենք կանխել նման թյուրիմացություններն ու սովորողների մոտ տարածել ազատության գաղափարի ճիշտ բաղադրիչները։

Ընկեր Իրինա։ Ըստ իս՝ ամենակարևոր գործոնն այս խնդրում, սովորողի գիտակցումն է ու ողջամտությունը։ Սովորողն ինքը պետք է գիտակցի և գծի այդ ազատության սահմանները։ Որպես վերահսկման մեթոդ՝ մեզ մոտ կիրառում ենք բլոգների գնահատման և ստուգման մեխանիզմը։ Բլոգների, մատյանների ամենօրյա ստուգումն ու վերահսկումը հենց դնում է այդ սահմանը, որից այն կողմ սովորողն իր ազատությունը չի կարող տարածել։

Արի։ Ընկեր Իրինա, ըստ Ձեզ, ծնողների ներգրավվածությունը երեխային քաջալերելու, կրթական ոլորտում ոգևորություն առաջացնելու և սովորողին հետևելու համար արդյո՞ք պարտադիր է ու կարևոր։

Ընկեր Իրինա։ Ծնողի հետևողական լինելը պարտադիր է տարրական և միջին դպրոցներում, որտեղ ծնողը պետք է անպայման ապահովի դպրոց-ծնող կապը, համագործակցությունը, դրանով իսկ կրթական գործը դարձնելով ավելի արդյունավետ։ Սակայն ավագ դպրոցում, որտեղ գործ ունենք արդեն պատանի դեռահասների հետ, պատասխանատվությունը հիմնականում պետք է ընկած լինի սովորողի վրա, և քիչ դեպքերում է անհրաժեշտություն համարվում ծնողին ներգրավելը։ Դպրոցը, կրթական կյանքն իր բոլոր բաղադրիչներով սովորողի օրվա մեծ մասն է կազմում և թեկուզ ճամփորդությունների, կրթական նախագծերի շրջանակներում դու տեսնում և ճանաչում ես սովորողին։ Այդ ընթացքում որևէ խնդրի, խանգարող հանգամանքի առկայության դեպքում կարելի է դիմել ծնողին, սակայն երեխայի ուսումնառության կազմակերպման գործում բուն կենտրոնացումը պետք է դրվի սովորողի վրա։

Արի։ Ընկեր Իրինա, ՀՀ-ն՝ որպես հետսովետական երկիր, արդյո՞ք այժմյան կրթական համակարգում կրում է խորհրդային կարգերի ազդեցությունը․ եթե այո, ապա կնշե՞ք դրա դրական ու բացասական կողմերը։

Ընկեր Իրինա։ Ես՝ որպես խորհրդային տարիներին, սովետական կրթական համակարգում սովորած մանկավարժ, ինքս ինձ կհակասեմ, եթե ասեմ, որ որևէ լավ բան կար այդ համակարգում։ Ինչքան էլ այս պահին ինձ համար դժվար լինի ընդգծել հարցի դրական և բացասական կողմերը, կասեմ, որ մենք ժամանակին համընթաց պետք է լինենք առաջադեմ և կրթական համակարգում պետք է ճկուն լինենք՝ ձեռք բերելու նոր հմտություններ։ Դրական կողմերից մեկն էր երեխաների մոտ սովորելու ցանկության և պատրաստակամության խթանումը, բայց թե այժմյան ժամանակաշրջանում ինչ սկզբունքով և մեթոդներով է պետք հասնել վերջնարդյունքին, պետք է համապատասխանեցնել ժամանակի նորարարական մեխանիզմներին։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started