Հարցումների ամփոփում։ Մարթա Ասատրյան

Արի։ Ընկեր Մարթա, հետազոտությանս թեման ՀՀ կրթական հիմնախնդիրներն են, և ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ հիմնախնդիրներ կան այժմ մեր ոլորտում, որոնք առաջնային լուծում են պահանջում։

Ընկեր Մարթա։ Տեսեք, ընդհանրապես կրթության ոլորտը համարվում է ամենախոցելիներից մեկը, որտեղ մշտապես կան խնդիրներ և այդ խնդիրները շատ բազմաշերտ են։ Ընդ որում այդ շերտերը սկսվում են հենց ամենավերևից՝ նախարարության մակարդակից, և ապա իջնում մինչև ուսուցիչներ, դպրոց, սովորողներ, և այլն։ Եթե այսօրվա մասին խոսենք, ներկայումս իշխանությունները փորձում են որպես նորարարություն, նոր չափորոշիչ, նոր գնահատման համակարգ և նախագծեր մտցնել դպրոց, սակայն եթե դա անում են առանց հիմքի՝ փոսի վրա, դա միշտ փլվելու վտանգն ունի իր հետ։ Չես կարող այդ փոսի վրա նոր բան կառուցել։ Այժմյան դասավանդողներից յուրաքանչյուրը տարբեր աշխարհայացքի, տարբեր մեթոդների և ուսուցման տեխնիկայի տիրապետող մարդիկ են, ուստի այդ նորարարությունները միշտ չէ, որ հասնում են իրենց նպատակակետին։ Իսկ արդեն դրանից հետո ինչքան էլ փորձ արվի նորարարություններն ինտեգրելու, մեկ է՝ ամեն մեկն ասելու է՝ ես իմ ձևով եմ իմ դասը վարելու։ Մասնավորապես, երբ այդ նոր ծրագրերը մշակողները նախագծեր մշակելիս չեն մտնում դպրոցներ, չեն շրջում դասարաններով, շփվում սովորողների հետ, իրենք չգիտեն՝ ինչն են փոխում, չգիտեն, թե արդյո՞ք այդ փոփոխություններն իրենց սովորողների նախասիրությունների, հետաքրքրությունների սահմանում է, թե ոչ։ Այսինքն՝ մշակողները կտրված են դպրոցից։

Ուսուցիչների վերապատրաստումները, ինչը հիմա փորձում են անել, դրանք ինչ-որ չափով կեղծ բնույթ են կրում, որովհետև ուսուցիչն իր դասերից հետո փաստացի գնում է երկու ժամ «մեռցնելու», որպեսզի իր համապատասխան գնահատանիշը ստանա, բայց թե այդ ընթացքում ինչ սովորեց, ինչ նոր մեթոդներ ընկալեց, այդ բոլորը մնում են օդում։

Մյուսն արդեն կամավոր ատեստավորմամբ ուսուցիչների գիտելիքների ստուգումն է։ Դա նույնպես ապարդյուն է և ոչ միշտ է ճիշտ արդյունք ապահովում։ Բոլորս էլ գիտենք, որ ուսուցիչը կարող է այդ թեստը հարյուրի գրել, բայց մեթոդապես, մանկավարժական հոգեբանությամբ դու չկարողանաս դա քո դասարանում կիրառել։

Այսինքն, սրանցով իսկ փորձում են բարձրացնել ուսուցիչների որակական գիտելիքները, սակայն մի շարք այլ խնդիրներ կան, որոնք սպասում են լուծման, շատ դպրոցներում թափուր ժամերի քանակն ամեն տեղ հասնում է ահռելի մակարդակների։

Մյուսը մարզային դպրոցներն են, որտեղ սովորողների թվի պակաս կա․ դպրոց կա մեկ աշակերտ կա, դպրոց կա տասը աշակերտ կա, բայց այստեղ արդեն կորում է դպրոցի կոչումը։ Գուցե սրա լուծումն այն լինի, որ տարբեր համայնքներից հավաքեն, իրար միացնելով մեկ մարզային դպրոց սարքեն՝ ապահովված տրանսպորտային ուղևորափոխադրմամբ։

Նույն այս 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելն ինքնին մեծ խնդիր դարձավ սովորողների համար, որովհետև կան բազում աշակերտներ, ովքեր միջնակարգ կրթությունն ավարտելուց հասկանում են, որ իրենց հետագա ուսումը պետք չէ։ Մանավանդ, եթե սովորողն ուզում է արհեստավոր դառնալ՝ վարսահարդար, խոհարար, և այլն, շատ տարբեր կուրսեր կան, դասընթացներ, որտեղ կարելի է հաճախել, ստանալ հավաստագիր, դրանով և 9-ամյա կրթության ատեստատով ընդունվել աշխատանքի։ Այդ ընտրությունն արդեն պետք է թողնել սովորողին։

Այստեղ հաշվի չի առնվում սովորողի ընտրությունը, նրա ցանկությունը, դրա համար մենք ավագ դպրոցներում, քոլեջներում ունենում ենք մի պատկեր, որտեղ սովորողներն արդեն չեն ուզում սովորել, չունեն հետաքրքրություն, մինչդեռ կան շատերն, ովքեր ցանկանում են սովորել, գիտելիք վերցնել, բայց չեն կարողանում՝ երկուսի միջև առաջացած բախման հետևանքով։

Արի։ Ընկեր Մարթա, ի՞նչ եք կարծում, ներկայումս մենք ունե՞նք հենց մանկավարժների խնդիր։

Ընկեր Մարթա։ Այդ խնդիրը կա։ Մեր Մանկավարժական համալսարանն այժմ զրկվել է իր հեղինակությունից ու որակական հատկություններից։ Երբ դպրոցներում մեծ քանակությամբ թափուր տեղեր են առաջանում, բոլորը մեղադրում են դպրոցներին, սակայն այստեղ ուրիշ խնդիր է։ Արդյո՞ք դուք ձեր կազմած թեստերը կարդացել եք, մի՞թե բանասիրական առաջին կուրսի թեստի նյութը պետք է հանձնել՝ դպրոց ընդունվելու համար։ Մեր ԲՈՒՀ-երը պետք է շահագրգռված լինեն՝ ուսանողներին ընտրելու իրենց հետաքրքրությունների, նախասիրությունների և որակական հատկությունների հիման վրա, անցած ճանապարհով, կյանքի հետագծով պայմանավորված։ Եվ եթե այսպիսիք ավարտեն համալսարանն ու ընդունվեն դպրոց, մենք կունենանք մանկավարժի, ուսուցչի և կրթության գինը հասկացող, որակյալ դասավանդողներ։ Բայց ստեղծված պայմաններում՝ դպրոցները ստիպված հայտարարում են ընդունելություն, ընդունում ուսուցիչների՝ առանց ստուգելու իրենց որակական և մանկավարժական գիտելիքները։ Այս խնդիրն ամբողջ հանրապետությունում կա։

Արի։ Ընկեր Մարթա, որպես հետսովետական երկիր, մենք մինչ այժմ մեր համակարգում կրում ենք Խորհրդային կրթական համակարգից որոշակի բաղադրիչներ, ինչքանո՞վ է դա դրական կամ բացասական մեզ համար։

Ընկեր Մարթա։ Տես, քանի որ ես այդ տարիներին չեմ սովորել, չեմ կարող ասել՝ լավ է, թե վատ։ Ուղղակի կան կրթական փակ համակարգեր և բաց։ Խորհրդայինը այն փակ համակարգերից էր, որ մինչև հիմա էլ ասում են այդ ժամանակ լավ էր, կրթությունը որակով էր, սակայն մենք ներկայիս կրթությունը համեմատում ենք մի բանի հետ, որը չգիտենք, թե ինչպես է գործել, քանի որ այդ ժամանակվա աշակերտի մտածելակերպն ուրիշ է, ներկայիս սովորողներինն ուրիշ է, աշխարհակարգն ուրիշ է։ Շատ բան է փոխվել այդ կարգերից մինչ հիմա, դրա համար չեմ ցանկանա ներկայիս համակարգն այդպես համեմատել Խորհրդային միության կարգերի հետ։ Մենք պետք է սկսենք ինքներս մեզ հետ համեմատվել․ հինգ տարի առաջ ինչպիսի՞ն էինք, այժմ ինչպիսի՞ն ենք, ու՞ր ենք ուզում գնալ, և այլն։

Արի։ Ընկեր Մարթա, որպես կրթական ծրագրի ղեկավար, կասե՞ք՝ Ձեր կարծիքով, ծնողի ներգրավվածությունը սովորողի կյանքում այժմ ի՞նչ մակարդակում է գտնվում Հայաստանում։

Ընկեր Մարթա։ Մենք Ավագ դպրոցում փորձում ենք ծնողին ներգրավել սովորողի հետ դաստիարակության, ուսուցման հարցերով կապված գործերի ամենավերջում, երբ արդեն տեսնում ենք, որ սովորողի հետ կապը, համագործակցությունը չի ստացվում։ Սակայն երբ կարևոր, էական հավաքներ են, հանդիպումներ են, մենք անպայման ասում ենք, որ ծնողը գա և ներկա լինի, տեսնի իր երեխայի, մյուս սովորողների հաջողությունները, ծնողը հանդես գա որպես խորհրդատու, որպես որևէ նախագծի ներկայացնող։ Դա նույնպես կարևոր է, որովհետև մեր ծնողներից շատերը շատ կիրթ, փորձառու, տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ են, որոնց փորձը շատ ցանկալի է, որ օգտագործեն այս գործընթացում։

Արի։ Ընկեր Մարթա, այն բազում բաներից մեկը, որոնցով մեր դպրոցը նշանավորվում է, դա մեր կրթական բաց միջավայրն ու ազատությունն են, որն իհարկե շատ հաճախ սովորողների շրջանում բերում է ծայրահեղության, այն ժամանակ, երբ սովորողի մեջ տպավորվում է սովորական հանրակրթական դպրոցների հարկադրանքն ու պարտադրանքը, այստեղ շատ հաճախ սովորողներն այդ իրենց տրված ազատությունը հասկանում են լիովին այլ կերպ և դա շատ սխալ ուղղությամբ է ուղղորդում սովորողին։ Այդ հարցն ինչպե՞ս կարող ենք լուծել մեր կրթահամալիրում։

Ընկեր Մարթա։ Դա արդեն գալիս է սովորողի գիտակցությունից։ Պետք է սովորողը հասկանա, թե ինչում է ազատ։ Եթե սովորողն ազատ է առարկա ընտրելու, ուսուցիչ ընտրելու, պետք է ունենա իր բացատրությունը, թե ինչով է պայմանավորված իր ընտրությունը։ Ընտրում է հետազոտական աշխատանքի թեմա, նախագիծ, իր նախասիրություններին և հետաքրքրություններին համապատասխան ճամփորդություն, այսպիսի մշտական հարցեր կան, որը, սակայն, պետք է գա սովորողի գիտակցությունից։ Շատ սովորողներ ունենք, որ իրենց տրված ազատությունն օգտագործում են իրենց օգտին, սակայն ունենք նաև սովորողներ, ովքեր իրենց տրված ազատությունը համարում են ամենաթողություն։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started