Իսլամը՝ համաշխարհային կրոն

Մահմեդականությունը կամ իսլամը համաշխարհային 3 կրոններից մեկն է. առաջացել է VII դարում՝ Արևմտյան Արաբիայի Հիջազ քաղաքում: 

Հետևորդները՝ 1,3–1,8 մլրդ մարդ (2010 թ.):

«Իսլամը» արաբերեն է. նշանակում է հնազանդություն:

Ուղղափառ մահմեդականության` սուննիզմի հակառակ հոսանքը կոչվում է շիիզմ. շիաներ են Իրանի, Հարավային Իրաքի, Հյուսիսային Եմենի, Բահրեյնի, Ադրբեջանի բնակչության մեծ մասը:

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: 

Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:

Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): 

Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների: 

Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: 

Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք: 

Այդ բաժանումը տեղի է ունեցել VII դարում՝ Մահմեդ մարգարեի մահից հետո, երբ որոշվել է նրա հաջորդին ընտրելու սկզբունքը: Ըստ սուննիների՝ առաջնորդը պետք է ընտրվեր ողջ համայնքի համաձայնությամբ, իսկ շիաները պաշտպանում էին Մահմեդի դստեր ամուսնու՝ Ալիի և նրա սերունդների ժառանգական իրավունքները: 

622 թ-ին Մահմեդը Մեքքայից գաղթել կամ փախել է Մեդինա: Օմար I խալիֆի օրոք (634–644 թթ.) այդ իրադարձության օրը հայտարարվել է Մահմեդական օրացույցի՝ հիջրայի (հայերեն՝ փախուստ, գաղթ) տարեգլուխ: Հիջրայի տարին դարձել է մահմեդական թվականության սկիզբը: Հիջրան լուսնային օրացույց է, որի տարին ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրերով:

XVIII դարում մահմեդականության մեջ առաջացել են միստիկական հոսանքներ, որոնցից ամենահզորը սուֆիզմն է (միստիկական սիրո միջոցով Աստծուն ճանաչելու ու նրա հետ միավորվելու տեսություն), որն արտացոլվել է նաև գրականության և արվեստի մեջ: 

Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլուր:

Մահմեդականությունը 28 երկրների պետական կրոնն է: 

One thought on “Իսլամը՝ համաշխարհային կրոն”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started