Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ

Եթե անընդհատ զիջելու լինես, ոչ մի տեղ չես հասնի, պետք է ավելին պահանջես, որ հետո սակարկելու տեղ ունենաս։

Ռուբեն Գալչյան

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ հանդիպմանն ընդառաջ մի ծավալուն վերլուծություն էի գրել նրա կյանքի, գաղափարախոսության և նրա «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» աշխատության մասին։ Նրա աշխատությունն ընթերցելուց ու հարցազրույցներն ունկնդրելուց հետո բավարար պատկերացում կազմեցի նախ՝ Հայաստանի քարտեզագրության և սահմանների բազմադարյա փոփոխության պատմության մասին, հետո նաև նրա գաղափարախոսության և առաջարկած լուծումների մասին։ Գրածս վերլուծությունը կարող եք կարդալ՝ անցնելով այս հղումով։

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Գալչյանին՝ նրա կատարած մեծ գործի համար, որ տարիներով հետազոտություններ է կատարել քարտեզագրության ոլորտում, ճանապարհորդել, ծանոթացել տարբեր երկրների քարտեզներին, իր գրած աշխատություններով փորձել աշխարհին ներկայացնել ընդդեմ հայի կատարված խեղաթյուրումները, անարդար որոշումներն ու հայի իրավունքների ոտնահարումը։ Նա բազմաթիվ երկրներում վարել է դասախոսություններ և ներկայացրել իր հետազոտությունները։

Այդ դասախոսությունից անմասն չմնաց նաև մեր դպրոցը, և պարոն Գալչյանը սիրով հյուրընկալվեց մեր դպրոցում՝ պատրաստակամ լսարանին ներկայացնելու իր գիրքն ու Հայաստանի սահմանների մասին իր կատարած հետազոտությունը։ Դասախոսությունը շատ լիարժեք էր և լիովին ներկայացնում էր այն ամենը, ինչ պետք էր իմանալ Հայաստանի ներկայիս իրավիճակի ու դարավոր քարտեզների մասին։

Աշակերտները նաև հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու քարտեզագետին և անհատական զրույց վարելու նրա հետ՝ հանդիպումից հետո։ Չնայած հաղորդված տեղեկության լիարժեքությանը, ինձ մոտ դեռևս մի քանի բաց կետեր կային՝ կապված Հայաստանի ներկայիս անելիքի ու խաղաղություն հաստատելու հնարավորության հետ կապված։ Պարոն Գալչյանը սիրով պատասխանեց հնչեցրած հարցիս՝ նշելով, որ ներկայում դեռևս խաղաղություն չի կարող լինել՝ ըստ Ադրբեջանի օրեցօր աճող պահանջների, պետք է ունենալ բավարար ուժ մեր ձեռքերում, որ մեր ուզածը կարողանանք ուժով պարտադրել։

Ընդհանուր առմամբ՝ հանդիպումն անցավ շատ արդյունավետ։ Այն բավականին ուսուցողական էր ու հաղորդեց այնպիսի ուշագրավ փաստեր, որոնց մասին դժվար թե իմանացած լինեինք։ Շնորհակալ ենք պարոն Գալչյանին՝ մեր դպրոց հյուրընկալվելու և այսպիսի զրույց վարելու համար։ Հուսամ այսպիսի հանդիպումները շարունակական կլինեն։

Design a site like this with WordPress.com
Get started