Գեղատեսիլ Հայաստան․ Դիլիջան

«Ինչպես բոլոր ճանապարհորդները, ես տեսել եմ ավելին, քան հիշում եմ և հիշում եմ ավելին, քան տեսել եմ»- Բենջամին Դիսրաելի

Այս խոսքերն իրոք բացատրում են ճանապարհորդության իմաստն ու դրանից ստացած զգացողությունները։ Այո, ես տեսել եմ ավելին, բայց նաև հիշում եմ ավելին, քանի որ այդ պահերն այնքան տպավորիչ են, այնքան հրաշալի ու գունեղ, որ էմոցիաներդ տասնապատիկ ծաղկացնում ու գեղեցկացնում են հիշողությունդ այդ պահերի մասին։ Եվ այդ ամենը չզգալ աշնանային Դիլիջանի դրախտային երփներանգ բնության ներքո, ուղղակի անհնար է։ Համայնապատկերի ինչպիսի կտրուկ փոփոխություն, երբ էմոցիաներդ արդեն սահմաններ չեն ճանաչում, ուզում ես ուղղակի գամվել աթոռին ու նայել դեպի անսահմանություն, դեպի եդեմական գեղեցկություն, դեպի կատարելություն․․․

Խոսքերիցս պարզ էր, որ այս անգամ խմբով ուղևորվել էինք Դիլիջան՝ բացահայտելու դրա աշնանային գեղեցկությունն ու բնության հրաշալիքները։ Ճամփորդությունը սկսեցիքն Սևանա լճի մոտ կանգառից, այնուհետև շարժվեցինք դեպի դարերի պատմություն ունեցող Հաղարծին վանական համալիր։ Անվերջ կարող եմ խոսել այդ ճարտարապետական գլուխգործոցից ու դրա գրավչությունից, սակայն ավելի սքանչելիները դեռ առջևում են։

Վանական համալիրից հետո քայլարշավով ուղևորվեցինք դեպի Թաքնված ջրվեժ․ մի վայր, որտեղ նախկինում եղել եմ, բայց դրա գրավչությունն ինձ մեկ անգամ ևս ստիպեց անցնել երկար-բարակ ճանապարհներով, քարերի, ժայռաբեկորների վրայով։ Այն իրոք թաքնված է բազմաթիվ բարձր խոտերի, դեզերի և ժայռերի հետևում։ Այս անգամ ջրվեժի գեղեցկությունն ինձ ստիպեց ավելի մոտենալ դրան, ավելի մոտիկից վայելել ջրի գահավիժող հոսքը։

Թաքնված ջրվեժից հետո ուղևորվեցինք Գոշ գյուղ՝ հյուրատուն։ Ավարտվեցին օրվա ճամփորդությունները, սկսվեց ոչ պակաս հետաքրքիր՝ օրվա ավարտը ճանապարհորդության մասնակիցների հետ։ Ճամփորդության ողջ ընթացքում չեմ ունեցել ոչ միայն բնության գեղեցկության, այլև մարդկային շփման կարոտ։

Հաջորդ օրը նախատեսված էր քայլարշավ դեպի Գոշ լիճ, որն ավելի բարդ ու երկար էր, քան նախորդը։ Քայլարշավները կարծես արկածային խաղեր լինեն, երբ հերոսն անցնում է երկար ճանապարհ՝ տարբեր փորձությունների միջով, սակայն վերջում նրան սպասում են փայլող ու շողշողուն գանձեր։ Գոշ լիճն էլ այդ գանձերից մեկն է։ Բառերով բացատրելիս չեք պատկերացնի այն գեղեցկությունը, որ ես՝ հոգնած ու ծարավ աչքերով տեսա։ Ամբողջ բնությունն էր արտացոլվում լճի անապակ ջրերում, չորս կողմից երևացող գույնզգույն ծառերն իրենց արտացոլանքն էին գտնում այդտեղ։

Օրվա երկրորդ կեսն անցկացրինք Դիլիջան քաղաքում, որտեղ ոչ պակաս լավ ժամանակ անցկացրինք․ մեկը՝ սրճարանում, մյուսը՝ այգում, մեկ ուրիշը՝ փողոցներով քայլելիս։ Երեկոյան վերադարձանք հյուրատուն՝ օրվա դրական էմոցիաների մեծ պաշարով, հոգնած, ուժասպառ, քնեցինք՝ Դիլիջանում մեր վերջին օրվա արկածների սպասումով։

Վերջին օրն էր և մենք շուտով հրաժեշտ պետք է տայիքն այդ կախարդական գեղեցկությանը։ Հաջողություն մաղթելով հյուրատան ջերմ անձնակազմին, ովքեր երեք օր շարունակ սիրով պահեցին մեզ՝ ավտոբուսով ուղևորվեցինք Դիլիջանի ազգային պարկ՝ եղջերուներին մոտիկից տեսնելու։ Մեկ անգամ էլ եմ այտսեղ եղել և շատ հաճելի էր տեսնել եղջերուներին այդքան մոտիկից, կերակրել նրանց, հետևել նրանց անցուդարձին։ Այնուհետև արդեն այստեղից էլ դուրս գալով նստեցինք ավտոբուս՝ ճամփորդությունը եզրափակելու և ուղևորվելու մայրաքաղաք Երևան։

Պատումիս ողջ ընթացքում անընդհատ օգտագործել եմ ծայրահեղական իմաստով հատկանիշներ։ Որոշները կմտածեն չափազանցրել եմ, որոշներն, ովքեր գոնե մեկ անգամ այցելել են Դիլիջան, կհաստատեն իմ խոսքերը, որոշներին էլ կհետաքրքրի ու կոգևորի վայելչագեղ Դիլիջանը և քաղաքի հաջորդ այցելուները կլինեն նրանք։ Բոլոր ճամփորդողներին մաղթում եմ բարի հանգիստ և անվտանգ ճանապարհորդություն, հուսով եմ, որ Դիլիջանից ետ կվերադառնաք նույնքան հագեցած ու կախադրված, որքան ես էի։

Փորձի փոխանակում հետազոտական կարողությունների զարգացման գործում

Հետազոտական աշխատանքը գիտական որևէ թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և գործնական լուծման ակնկալիքով:

Մեր դպրոցում ևս այս տարի տեղի կունենա աշակերտների կողմից այս կամ այն թեմայի հետազոտություն և աշխատանքի ներկայացում հանրության առաջ։ Սա նոր բան է մեզ համար, և բնական է, որ չի կարող ամեն բան անթերի լինել։ Ուսուցիչների և դասավանդողների օգնությունից և ուղղորդումից բացի մեր դպրոցում արդեն կազմակերպվում են հետազոտական կարողությունների զարգացման համար փորձի փոխանակումներ։ Այդ հանդիպումներից մեկին մասնակցեցի նաև ես, որի հյուրն էր փորձառու հետազոտող Մարիամ Եվդոկիմովան։ Նրա նպատակն էր հանդիպման ընթացքում հնարավորինս շատ տեղեկություն հաղորդել հետազոտական աշխատանքի կարևորության, դրա չափանիշների և ընդհանուր էության մասին։

Հետազոտությունն ընդամենը մի դպրոցական հանձնարարություն կամ պարտականություն չէ, դա մի բան է, որ մեզ պետք է գալու դպրոցից հետո՝ համալսարանում և ինչու ոչ՝ նաև աշխատանքում։ Մարիամ Եվդոկիմովայի խոսքերով՝ հետազոտական աշխատանքը հնարավորություն է տալիս ինչ-որ երևույթի մեջ ավելի խորանալ, տվյալ երևույթի մասին ավելի խորքային պատկերացումներ կազմել և լինել ավելի ինֆորմացված։

Այս ամենը կարող է իրականանալ և հետազոտությունը կարող է լինել արդյունավետ միայն, եթե այն ճիշտ կազմվի։ Հետազոտություն իրականացնելու համար նախևառաջ պետք է տարբերակել ընտրված թեմայի օբյեկտն ու առարկան։ Ընդ որում օբյեկտը տվյալ դեպքում համարվում է ուսումնասիրվող երևույթը, գործողությունը, իսկ առարկան մարդն է, ժողովուրդը, ով ընդգրկված է տվյալ օբյեկտի կատարման գործում, ում մասին արդեն պետք է տեղեկություն հավաքել։ Հետո արդեն աշխատանքը բաժանվում է փուլերի․ առաջին փուլում՝ նախագծումն է, երբ ընտրվում է թեման, օբյեկտն ու առարկան։ Հաջորդիվ կատարվում է հետազոտության մաս կազմող ոչ պակաս կարևոր գործընթաց՝ աղբյուրների որոնումը և թեմայի սահմանումը։ Աղբյուրների ճշգրտությունը ստուգելու մի քանի ձև կա․ գտնել դրա սկզբնաղբյուրը, համեմատել դրանք այլ հոդվածների ու հետազոտությունների հետ, ի վերջո ստուգել տվյալ աղբյուրտժը՝ արդյո՞ք մշտապես վստահելի է, թե՞ ոչ։

Մարիամ Եվդոկիմովան ներկայացրեց նաև սոցիալական հարցման կարևորագույն չափանիշները, դրանք կազմելու հիմնական ուղղություններն ու անհրաժեշտ տեղեկությունները։ Սոցիալական հարցումը ևս շատ մեծ նշանակություն ունի հետազոտական աշխատանքում, սակայն դա նույնպես ենթադրում է բարդ ու երկար աշխատանք։ Պետք է շատ ճշգրտորեն կազմել հարցման թերթիկն ու ճիշտ քայլերով իրականացնել հարցումը, որպեսզի արդյունքները լինեն օբյեկտիվ ու համապատասխանեն իրականությանը։

Ամփոփելով հանդիպումը՝ ուզում եմ նշել, թե դա ինչքան կարևոր կարող է լինել մեզ համար։ Նախևառաջ այն բացում է գաղտնիքներն ու քայլերը հետազոտություն կատարելու, բացի այդ հաղորդում այնպիսի տեղեկություններ և աշխատանքի բաղկացուցիչ մասեր, որոնք հաստատորեն կօգնեն աշակերտներին ավելի կոկիկ և ավելի գեղեցիկ կազմել հետազոտությունը։ Ստացած տեղեկություններով կարելի է ավելի արդյունավետ դարձնել հետազոտության արդյունքները, հետազոտությունը դարձնել ավելի ուշագրավ ու լիարժեք։

Շնորհակալ ենք հանդիպման հյուր Մարիամ Եվդոկիմովային, ով ցանկացավ իր փորջով կիսվել այդ գործում դեռևս ոչ փորձառուների՝ սկսնակների հետ, և տվեց բավականին պիտանի գիտելիք ու տեղեկություններ։ Հուսով եմ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն և մենք՝ աշակերտներս բարեհաջող կտիրապետենք հետազոտություն իրականացնելու հմտությանը։

Արևելյան քաղաքակրթություններ: Աքեմենյան Պարսկաստան

Ք․ա․ 1000 թ․ Հարավային Իրան մուտք գործեցին հին պարսկական ցեղերը և հիմնեցին ցեղապետություններ։ Դրանցից առավել հզորը Անշան և Պարսումաշ երկրներն էին։ Սկզբնապես սրանք Էլամի, իսկ հետո՝ մարական գերիշխանության տակ էին։

Անշանում գահ բարձրացած Կյուրոս 2-րդը Ք․ա․ 553 թ․ պայքար սկսեց Մարաստանի դեմ։ Նա պարտության մատնեց մարերին, գրավեց մայրաքաղաք Էքբատանը։ Հետագայում Կյուրոսը ձեռնամուխ եղավ այլ նվաճումների։ Նա գրավեց գրեթե ողջ Փոքր Ասիան՝ ներառյալ Կիլիկիան ու Բաբելոնիան։ Կյուրոսի տերությունը ձգվում էր Էգեյան ծովից մինչև Հնդկաստան։ Ք․ա․ 529 թ․ մասագետների դեմ մղված ճակատամարտում պարսկական զորքերը ծանր պարտություն կրեցին և Կյուրոսը սպանվեց։

Հաջորդ գահակալ Կամբիզը շարունակեց նվաճողական քաղաքականությունը՝ Ք․ա․ 525 թ․ գրավելով Ստորին Եգիպտոսը։ Եգիպտոսը վերածվեց պարսկական սատրապության։ Ք․ա․ 522 թ․ Կամբիզի դեմ արշավեց նրա կրտսեր եղբայր Բարդիան։ Կամբիզը մահացավ հայրենիք շտապելու ճանապարհին։ Իսկ Բարդիան շուտով զոհ գնաց պալատական դավադրության։ Գահն անցավ Դարեհին (Ք․ա․ 522-486 թթ․)։

Չնայած նրան, որ Դարեհն այլ տոհմից էր, նա ներկայանում էր՝ որպես Կյուրոսի և իր նախնիների ժառանգորդ։ Սակայն նրա այդ անօրինական իշխանությունը ճանաչեցին միայն պարսիկները։ Ենթակա երկրները սկսեցին ապստամբել։ Երկու տարի անընդմեջ պայքարից և 19 արյունահեղ ճակատամարտերից հետո, Դարեհին հաջողվում է ճնշել ապստամբությունները և իր գահակալությամբ հաստատել նոր՝ Աքեմենյան տոհմի իշխանության դարաշրջանը։

Դարեհը ձեռնամուխ եղավ մի շարք բարեփոխումների։ Տերության տարածքը նա բաժանեց 20 սատրապությունների, երկրում ներդրեց համընդհանուր հարկային և դրամական համակարգ, կառուցեց “Արքայական ճանապարհը”, որը Էգեյան ծովափի քաղաքները կապում էր մայրաքաղաք Շոշի հետ։ Վերակազմավորվեց նաև բանակը։

Դարեհը շուտով գրավեց նաև Հնդկաստանի մի մասը, Էգեյան ծովի կղզիները, ապա մտավ Եվրոպա ու նվաճեց Թմրակիան։ Նա հպատակեց նաև Մակեդոնիան։ Սակայն Դարեհը անհաջողության մատնվեց հյուսիսսևծովյան սկյութների դեմ արշավանքում։ Անհաջող էին նաև դեպի Հունաստան արշավանքները։

Դարեհին հաջորդած Քսերքսես 1-ինը նույնպես համաշխարհային տիրապետության հասնելու նպատակ ուներ։ Սակայն նրա արշավանքը դեպի Հունաստան ձախողվեց։ Երկրում սկսվեցին դժգոհություններ, սով, Քսերքսեսի մերձավորները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ և սպանեցին նրան։

Գահին տիրացավ Արտաքսերքսես 1-ինը, ով ստիպված էր ընդհատել Հունաստանի դեմ արշավանքները և կնքել ոչ նպաստավոր հաշտություն։ Դրանով աքեմենյան արքան կորցրեց իր գերիշխանությունը արևմտյան Փոքր Ասիայի նկատմամբ և զրկվեց Էգեյան ծովում նավատորմ պահելու իրավունքից։ Արտաքսերքսեսից հետո արդեն երևում էր, որ տերությունը խնդիրներ ուներ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Ք․ա․ 404 թ․ Արտաքսերսես 2-րդի դեմ արշավում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը։ Հաճախակի էին կրկնվում ապստամբությւոնները։ Այս շրջանում տերությունից անջատվեցին Եգիպտոսը, Կիպրոսը, Խորեզմը և Սոգդիանան։ Արևմտյան սատրապների ապստամբության ժամանակ ողջ Փոքր Ասիան տասը տարի անկախ էր աքեմենյան արքայից։

Փլուզվող տերությունը փորձեց փրկել Արտաքսերքսես 3-րդը, սակայն երկիրը զերծ չմնաց նոր ցնցումներից։ Արքան դավադրության զոհ դարձավ։ Գահն անցավ տոհմի կողմնային ճյուղերից մեկի ներկայացուցիչ, Հայաստանի սատրապ Արշամին։ Այնուհետև նա ընդունեց Դարեհ անունը։ Դարեհ 3-րդն իր կառավարման սկզբում մեկ անգամ ևս արշավեց Եգիպտոս և ճնշեց ապստամբությունը։ Նա նվաճեց այն, սակայն Դարեհին ավելին չհաջողվեց։ Տերությանը վտանգ էր սպառնում հզորացող Մակեդոնիան։

Ք․ա․ 334-331 թթ․ Ալեքսանդր Մակեդոնացին ջախջախիչ պարտությունների մատնեց աքեմենյան զորքերին։ Գավգամելայի ճակատամարտից հետո Դարեհը ստիպված փախչեց։ Վերջում նա զոհ գնաց Բակտրիայի սատրապ Բեսի դավադրությանը։ Աքեմենյան տերությունը կործանվեց։

Design a site like this with WordPress.com
Get started