Կիլիկյան Հայաստանի պետական կարգը, գիտությունը, գրականությունը և մշակույթը

Կիլիկյան Հայաստանն ավատատիրական միապետություն էր: Պետական կարգը գերազանցապես ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների և եվրոպական պետությունների կառավարող մարմինների  ազդեցությամբ: Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհումներով: Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր:

Թագավորությունը կառավարվում էր արքունիքի գործակալությունների և Վերին  ատյանի միջոցով: Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները: Վերին ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, նիստերը վարում էր թագավորը: 

Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը: Պայլը  թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը: Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի բացակայության ժամանակ: Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, ռազմական ուժերի հրամանատարն էր, թագավորի առաջին տեղակալը. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները: Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ: Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը: Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ  վարել օտարերկրյա պետությունների հետ: Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի ընտրված արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ (օրինակ՝ Վահրամ Րաբունի վարդապետը): 

Սեղանապետության գործակալը ղեկավարել է արքունի տան եկամուտներն ու ծախսերը, պալատի տնտեսությունը, համարվել թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»: Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները: Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն: Մեծ հեղինակություն է վայելել տիկնանց տիկինը՝ թագուհին: Նա մասնակցել է արքունի և իշխանական խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքում:

Կիլիկիայում առաջընթաց է ապրել հայ պատմագիտությունը: XIII դարից պատմագրությամբ զբաղվել են նաև աշխարհիկ պետական գործիչները՝ Սմբատ Սպարապետը, Հեթում Բ թագավորը, Հեթում Պատմիչը և ուրիշներ:

Սմբատ Սպարապետի (Գունդստաբլ) «Տարեգիրքն» ընդգրկում է 952–1272 թթ-ի պատմությունը: Նախորդ ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրել է գլխավորապես Մատթեոս Ուռհայեցու, Միքայել Ասորու, Գուլիելմոս Տյուրոսացու տեղեկությունների հիման վրա: Իսկ իր սպարապետության ժամանակաշրջանը (1226–76 թթ.) շարադրել է որպես պատմական դեպքերին ու իրադարձություններին մասնակից և ականատես: 

Կոռիկոսի բերդատեր իշխան Հեթում Պատմիչը XIII դարի վերջին եղել է Հեթում Բ թագավորի դեսպանը մոնղոլական իշխանության արքունիքում և, որպես հայկական զորքերի հրամանատար, հայ-մոնղոլական բանակում մասնակցել է Եգիպիոսի ու Իկոնիայի սուլթանությունների դեմ պատերազմներին: 

Հեթումի գրչին է պատկանում նաև մի ժամանակագրություն, որն սկսվում է վերջին հայ Բագրատունի թագավոր Գագիկ Բ-ի սպանության թվականից (1079 թ.) և ավարտվում Հեթում Բ-ի, նրա որդի Լևոն Դ-ի ու բազմաթիվ հայ իշխանների եղերական կոտորածով (1307 թ.):

Լևոն Զ Լուսինյանի քարտուղար և խոստովանահայր Հովհաննես Դարդելն իր «Ժամանակագրություն Հայոց» երկը գրել է Լևոն Զ-ի թելադրությամբ. ընդարձակ  շարադրել Է Կիլիկյան Հայաստանի պատմությունը, համառոտակի տեղեկություններ հաղորդել Հայաստանում քրիստոնեական դարձի և «Դաշանց թղթի» հաստատման ու հայ Բագրատունիների անկման մասին: XI–XIII դարերի Կիլիկիայի  քաղաքական իրադարձություններին իրենց երկերում անդրադարձել են Մատթեոս Ուռհայեցին, Գրիգոր Երեց Քեսունեցին, Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիա Աբեղան և ուրիշներ:

Կիլիկիայում հասարակական-քաղաքական հարաբերությունները կարգավորելիս սկզբնական շրջանում առաջնորդվել են «Կանոնագիրք Հայոց»-ով և ժողովների կանոնական որոշումներով: XII դարի վերջին Ներսես Լամբրոնացին, պակասը որոշ չափով լրացնելու համար, թարգմանել է բյուզանդական «Զինվորական օրենքները», իսկ XIII դարի կեսին Սմբատ Սպարապետը՝ «Անտիոքի ասիզները»: Սակայն այդ օրենքները հայերի համար օտար էին, ուստի Սմբատ Սպարապետը, օգտագործելով հայ միջնադարյան իրավագիտության նվաճումները, 1265 թ-ին կազմել է «Դատաստանագիրքը»` ազգային օրենսգիրքը: 

XII–XIV դարերում Կիլիկյան Հայաստանում նորովի դրսևորվեցին հայ գրական ավանդույթները, արմատավորվեցին ու զարգացան գրական նոր ժանրեր: Առանձնահատուկ տեղ ունի Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Ամենայն հայոց կաթողիկոս, XII դար) ստեղծագործությունը: Բարսեղ Քեսունեցին (XII դար) հայտնի է Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին նվիրված վարքավկայաբանական մի գրվածքով, որը վարքի, վկայաբանության, աղոթքի, խոստովանության, քրիստոնեական քարոզի տարրերից հյուսված ինքնատիպ երկ է: Նշանավոր դեմքերից են առակագիր Վարդան Այգեկցին, բանաստեղծ, մատենագիր Գրիգոր Սկևռացին,  Գևորգ Սկևռացին (XIII դար, Գրիգոր Սկևռացու քեռորդին ու աշակերտը, գրել է մեկնություններ, ներբողներ, խրատներ, գանձեր, տաղեր), պատմիչ, աշխարհագետ Վարդան Արևելցին (XIII դար) և ուրիշներ:

Կիլիկյան Հայաստանի գեղարվեստական ժառանգությունը հիմնականում ներկայացված է մանրանկարչությամբ, որմնանկարչությամբ ու քանդակագործությամբ, իսկ կիրառական արվեստը՝ ոսկերչության և արծաթագործության նմուշներով: Հռչակավոր է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը, որի նշանավոր ներկայացուցիչներից են Սարգիս Պիծակը և Թորոս Ռոսլինը: Վերջինս ձեռագրեր է նկարազարդել նաև հայոց կաթողիկոսի և Հեթումյան թագավորների համար:

Կիլիկյան Հայաստանի ճարտարապետությունը շարունակել է հայոց  շինարարական ավանդույթները: Երկրի բնաշխարհը,  աշխարհագրական դիրքը և զարգացման յուրահատուկ պայմանները մեծապես նպաստել են քաղաքների ու հատկապես բերդերի շինարարությանը:

Կիլիկիայում զարգացում են ապրել նաև բժշկագիտությունն ու առողջապահական համակարգը: Այնտեղ են գործել նշանավոր բժշկապետներ Մխիթար Հերացին, Գրիգորիսը և ուրիշներ:

XI–XIV դարերի Կիլիկիայի մշակույթը զարգացել է բուն Հայաստանի հետ փոխադարձ ու սերտ կապերի մեջ, հայ բազմադարյան մշակույթի ավանդույթների հիման վրա:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started