Հին Արևելք։ Չինաստան, Հնդկաստան

Հնդկաստանը Մաուրյան հարստության շրջանում։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքւց մի քանի տարի անց նվաճողների դեմ սկսվեց ապստամբություն՝ Մաուրյան տոհմի ներկայացուցիչ Չանդրագուպտայի գլխավորությամբ։ Նա վտարեց մակեդոնացիներին, իսկ Ք․ա․ 305 թ․ պարտության մատնեց Հնդկաստան արշաված Սելևկոս 1-ինի զորքերին։ Նորաստեղծ պետության կենտրոնական մասն ընդգրկում էր Մագադիան՝ Գանգեսի հովտում, որի մայրաքաղաքն էր Պատալիպուտրան։ Չանդրագուպտային փոխարինեց Աշոկան, որի օրոք Մաուրյան պետությունը հասավ իր հզորության գագաթնակետին։

Պետությունը տարածվում էր ողջ թերակղզու վրա։ Աշոկան տերությունը բաժանեց 5 փոխարքայությունների, որտեղ կառավարում էին արքայատոհմի անդամները։ Արքային կից գործում էր արքայական խորհուրդը, որի անդամները բարձրագույն ազնվականներ էին։

Կարևոր խնդիր էր պետության տարբեր շրջանների բնակչության միջև հոգևոր կապերի սերտացումը։ Չվերացնելով մյուս կրոնները՝ Աշոկան համապետական կրոն հռչակեց բուդդայականությունը։

Մաուրյան պետությունը Աշոկայից հետո սկսեց թուլանալ, և նախկին ինքնուրույն պետությունները սկսեցին դուրս գալ տերության կազմից։

Մաուրյան տերությունը Հնդկաստանի պատմության մեջ առաջին համահնդկական պետությունն էր, որի արքաները փորձում էին ստեղծել մեկ միասնական քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային համակարգ։

Չինաստանը Ցին կայսրության շրջանում։ Ք․ա․ 5-3-րդ դարերում Չինաստանը բաժանված էր խոշոր ու մանր թագավորությունների՝ Հան, Չժաո, Յան, Ցին և այլն։ Մինչև Ք․ա․ 3-րդ դարը Ցին պետությունը երկրորդական դեր ուներ։ Անհրաժեշտ էր երկիրը բարեփոխումների միջոցով ներսից ամրապնդել։ Կարևոր նշանակություն ունեցան բնակչության բաժանումը 20 գույքային խմբերի, բանակի վերակազմավորումը, հարկային համակարգի բարելավումը։

Ք․ա․ 4-րդ դարի վերջերից Ցինի արքաները սկսեցին նվաճողական պատերազմներ։ Ք․ա․ 221 թ․ Ցինի արքա Ին Չժենը հաղթեց վերջին հակառակորդներին՝ Յան և Ցի պետություններին։ Նա ընդունեց Հուանդի տիտղոսը և սկսեց կոչվել Ցին Շի Հուանդի՝ “Ցինի առաջին կայսր”։ Հետագայում նա գրավեց նաև Չինաստանի հարավային մասը՝ ընդհուպ մինչև Հարավ-չինական ծով, իսկ հյուսիսում վտարեց քոչվոր հոներին։ Քոչվորների առջև պատնեշ ստեղծելու նպատակով նա կառուցեց Չինական մեծ պարիսպը՝ 5000 կմ երկարությամբ։

Ցին Շի Հուանդին կատարեց վարչական բարեփոխումներ՝ կայսրությունը բաժանելով 40 մարզերի։ Կայսրը ձգտում էր ստեղծել միասնական կառավարման համակարգ։ Երկրի ներքին շրջաններում գտնվող քաղաքների պարիսպները քանդվեցին, պահպանվեցին միայն սահմանամերձ շրջանների ամրությունները։ Մասնավոր անձանց ձեռքում գտնվող զենքն առգրավվեց։ Արգելվեց կրել ժառանգական տիտղոսներ։ Մտցվեցին միասնական օրենսդրություն և գերագույն վերահսկողական ծառայություն, որը վերահսկելու էր վարչական աշխատակազմին և ենթարկվում էր անձամբ կայսրին։ Բնակչության պատկանելությունը գույքային խմբերին որոշվում էր ըստ գույքի և պետության հանդեպ ծառայության աստիճանի։

Կայսրը մեծ նշանակություն էր տալիս տերության տարածքում ցամաքային և գետային ճանապարհաշինությանը։ Շինարարական աշխատանքները մեծ չափսեր ընդունեցին։ Մտցվեցին կշռի, երկարության, ծավալի միասնական միավորներ, ինչպես նաև միասնական դրամ։ Կատարվեց նաև գրային համակարգի բարեփոխում։ Հիերոգլիֆային գիրը պարզեցվեց, որպեսզի հեշտացվի դրա կիրառումը։

Այսպիսով՝ Ցին Շի Հուանդին արմատական բարեփոխումներ իրականացրեց տերության հասարակական-քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային բնագավառներում, որոնց նպատակն էր ստեղծել միասնական ամուր պետականություն։ Դա ծանր հարված էր տոհմատիրական կարգերին։

Հին Հունաստան և Հռոմ

Կրետե-միկենյան քաղաքակրթությունը։ Էգեյան ծովի ավազանում քաղաքակրթության ձևավորման վրա ազդում էր Բալկանյան թերակղզու հարավային տարածքի կտրտվածությունը՝ խոչընդոտելով տարբեր շրջանների միջև կայուն հարաբերություններին։ Յուրաքանչյուր շրջան զարգանում էր ինքնուրույն, որն էլ պայմանավորեց հունական աշխարհի քաղաքական մասնատվածությունը։

Հունաստանում առաջին պետությունները ձևավորվեցին Ք․ա․ 2-րդ հազարամյակում։ Հազարամյակի սկզբին Կրետե կղզում առաջ եկան մի շարք մանր պետականություններ, որոնք հետո միավորվեցին մեկ պետության մեջ՝ Կնոսոս քաղաքի գլխավորությամբ։ Բնակավայրերը հաղորդակցվում էին բարեկարգ ճանապարհներով, քաղաքները չունեին պարիսպներ, այսինքն՝ չկար ներքին կամ արտաքին սպառնալիք։

Հունական առասպելներում որպես Կրետեի արքա հիշատակվող Մինոսն իր խոշոր ռազմական նավատորմի օգնությամբ տիրել էր Էգեյան ծովին։ Հույները նրա իշխանությունը անվանում էին ծովատիրություն՝ թալասսոկրատիա։ Կրետեի արքան ուներ անսահմանափակ իշխանություն ու միաժամանակ պետության աշխարհիկ ու հոգևոր գերագույն ղեկավարն էր։ Արքայական իշխանության այս տեսակն անվանում են աստվածապետական՝ թեոկրատական։

Կրետեի պետությունը անկում ապրեց Ք․ա․ 15-րդ դարում՝ Սանտորինի կղզում տեղի ունեցած հրաբխի ժայթքման հետևանքով։ Այսուհետև Կրետեն թուլացավ ու շուտով նվաճվեց մայրցամաքային Հունաստանից եկած աքայացիների կողմից։

Մայրցամաքային Հունաստանում առաջին պետականությունները ստեղծեցին աքայացիները՝ Ք․ա․ 18-17-րդ դդ․։ Նրանք ստեղծեցին բազմաթիվ պետություններ, որոնցից աչքի էին ընկնում Միկենքը, Պիլոսը, Տիրինթոսը։ Աքայացիների բնակավայրերն արդեն ամրացված էին հզոր կիկլոպյան պարիսպներով։

Միկենյան դարաշրջանում գոյություն ունեին տասնյակ հունական պետություններ, որոնց միջև հաճախ էին պատերազմներ ծագում տարածքի կամ ռազմավարի համար։ Միայն արտաքին աշխարհ արշավելու ժամանակ էին նրանք դաշինքներ կնքում։ Այդպիսին էր նաև Տրոյական պատերազմը։

Միկենյան պետությունները միայն ռազմական առումով չէ, որ ուժեղ էին։ Նրանք ստեղծեցին կենտրոնացված կառավարման համակարգ, զարգացած գյուղատնտեսություն, արհեստագործություն և միջազգային առևտրական ցանց։ Միկենցիներն ակտիվորեն մասնակցում էին Առաջավոր Ասիայի քաղաքական և տնտեսական կյանքին։ Նրանց արհեստագործական արտադրանքը լայն սպառում ուներ Արևելյան Միջերկրականում։ Արևելքի երկրներում միկենցիները հիմնում էին գաղութներ, որոնց միջոցով իրականացվում էր արտաքին առևտուրը։ Միկենյան քաղաքակրթության զարգացման բարձր մակարդակի վկայությունն է Կրետեում ստեղծված պատկերային գիրը։

Սակայն այդ քաղաքակրթությունը անկում ապրեց Ք․ա․ 12-րդ դարում։ Կլիմայի տաքացման հետևանքով սկսված ճգնաժամի փուլում միկենյան պետությունների բնակչության մեծ մասը հեռացավ երկրից։

Իտալիայի ժողովորդները․ էտրոսկներ։ Ապենինյան թերակղզին, շնորհիվ մերձարևադարձային կլիմայի և բերրի հողերի, պարբերաբար բնակեցվում էր տարբեր ժողովուրդներով։

Դրանց մի մասին միայն անվանումներն են պահպանվել։ Դրանցից են լիգուրները, սարդերը, կորսերը և այլն։ Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջերին եկան իտալական ցեղերը, որոնցից լատինները հաստատվեցին Կենտրոնական Իտալիայում։ Նրանց անունով էլ կոչվեց Լացիում մարզը՝ Հռոմ կենտրոնով։ Նույն ժամանակներում Փոքր Ասիայից Իտալիա եկան էտրուսկները և զբաղեցրին Կենտրոնական Իտալիան։ Այս շրջանւ ստացավ Էտրուրիա անվանումը։ Իտալիայի բնակչության շարքում մեխ էր հույների դերը, որոնք այստեղ եկան Ք․ա․ 8-6-րդ դդ․՝ հիմնելով տասնյակ գաղութներ։ Դրանցից աչքի էին ընկնում Կապուան, Նեապոլիսը, Սիրակուզան և այլք։

Էտրուսկները Կենտրոնական Իտալիայում հիմնեցին բազմաթիվ քաղաքներ, որոնք միավորված էին տարբեր միություններում։ Քաղաքներից առանձնանում էին Վեյքը, Պերուզիան, Տարքվինիումը և այլն։

Բարձր կազմակերպվածության, ռազմական և հատկապես ծովագնացության բնագավառներում ունեցած հմտությունների շնորհիվ էտրուսկյան քաղաքները մեծ ազդեցություն ձեռք բերեցին։ Էտրուսկները Իտալիայի հունական գաղութներին համարում էին իրենց տնտեսական մրցակիցները, այդ իսկ պատճառով նրանք սկսեցին ծավալել գաղութացման քաղաքականություն։

Էտրուսկների և հույների մրցակցությունը հանգեցրեց ռազմական բախման։ Ք․ա․ 535 թ․ Կորսիկայի մոտ էտրուսկյան-կարթագենյան միացյալ նավատորմը պարտության մատնեց հույներին։ Սակայն հետագայում էտրուսկները պարտվեցին։ Նրանք կորցրին նաև Իտալիայի հյուսիսը, որտեղ հաստատվեցին գալլերը։

Էտրուսկները հայտնի էին որպես հմուտ քաղաքաշինարարներ։ Քաղաքները կառուցվում էին միասնական հատակագծով։ Ապագա քաղաքի տարածքի սահմանները գութանով փորում էին, այնուհետև սկսում էին կառուցել պարիսպներ և վարչական շենքեր։

Էտրուսկները երկրպագում էին բազմաթիվ աստվածների՝ Վերտումնումի գլխավորությամբ։ Աստվածների կամքը մարդկանց հասցնելու համար տաճարներում քրմերը հետազոտում էին թռչունների և կենդանիների ներքին օրգանները և կատարում գուշակություններ։ Հետագայում այդ սովորությը տարածվեց հռոմեացիների մոտ։

Էտրուսկները խոր հետք են թողել հետագայի Հռոեմական պետության քաղաքական և հոգևոր-մշակութային զարգացման վրա։ Մասնավորապես, լատինական այբուբենի հիմքում ընկած է էտրուսկյան գիր։

Արևելյան քաղաքակրթություններ: Աքեմենյան Պարսկաստան

Ք․ա․ 1000 թ․ Հարավային Իրան մուտք գործեցին հին պարսկական ցեղերը և հիմնեցին ցեղապետություններ։ Դրանցից առավել հզորը Անշան և Պարսումաշ երկրներն էին։ Սկզբնապես սրանք Էլամի, իսկ հետո՝ մարական գերիշխանության տակ էին։

Անշանում գահ բարձրացած Կյուրոս 2-րդը Ք․ա․ 553 թ․ պայքար սկսեց Մարաստանի դեմ։ Նա պարտության մատնեց մարերին, գրավեց մայրաքաղաք Էքբատանը։ Հետագայում Կյուրոսը ձեռնամուխ եղավ այլ նվաճումների։ Նա գրավեց գրեթե ողջ Փոքր Ասիան՝ ներառյալ Կիլիկիան ու Բաբելոնիան։ Կյուրոսի տերությունը ձգվում էր Էգեյան ծովից մինչև Հնդկաստան։ Ք․ա․ 529 թ․ մասագետների դեմ մղված ճակատամարտում պարսկական զորքերը ծանր պարտություն կրեցին և Կյուրոսը սպանվեց։

Հաջորդ գահակալ Կամբիզը շարունակեց նվաճողական քաղաքականությունը՝ Ք․ա․ 525 թ․ գրավելով Ստորին Եգիպտոսը։ Եգիպտոսը վերածվեց պարսկական սատրապության։ Ք․ա․ 522 թ․ Կամբիզի դեմ արշավեց նրա կրտսեր եղբայր Բարդիան։ Կամբիզը մահացավ հայրենիք շտապելու ճանապարհին։ Իսկ Բարդիան շուտով զոհ գնաց պալատական դավադրության։ Գահն անցավ Դարեհին (Ք․ա․ 522-486 թթ․)։

Չնայած նրան, որ Դարեհն այլ տոհմից էր, նա ներկայանում էր՝ որպես Կյուրոսի և իր նախնիների ժառանգորդ։ Սակայն նրա այդ անօրինական իշխանությունը ճանաչեցին միայն պարսիկները։ Ենթակա երկրները սկսեցին ապստամբել։ Երկու տարի անընդմեջ պայքարից և 19 արյունահեղ ճակատամարտերից հետո, Դարեհին հաջողվում է ճնշել ապստամբությունները և իր գահակալությամբ հաստատել նոր՝ Աքեմենյան տոհմի իշխանության դարաշրջանը։

Դարեհը ձեռնամուխ եղավ մի շարք բարեփոխումների։ Տերության տարածքը նա բաժանեց 20 սատրապությունների, երկրում ներդրեց համընդհանուր հարկային և դրամական համակարգ, կառուցեց “Արքայական ճանապարհը”, որը Էգեյան ծովափի քաղաքները կապում էր մայրաքաղաք Շոշի հետ։ Վերակազմավորվեց նաև բանակը։

Դարեհը շուտով գրավեց նաև Հնդկաստանի մի մասը, Էգեյան ծովի կղզիները, ապա մտավ Եվրոպա ու նվաճեց Թմրակիան։ Նա հպատակեց նաև Մակեդոնիան։ Սակայն Դարեհը անհաջողության մատնվեց հյուսիսսևծովյան սկյութների դեմ արշավանքում։ Անհաջող էին նաև դեպի Հունաստան արշավանքները։

Դարեհին հաջորդած Քսերքսես 1-ինը նույնպես համաշխարհային տիրապետության հասնելու նպատակ ուներ։ Սակայն նրա արշավանքը դեպի Հունաստան ձախողվեց։ Երկրում սկսվեցին դժգոհություններ, սով, Քսերքսեսի մերձավորները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ և սպանեցին նրան։

Գահին տիրացավ Արտաքսերքսես 1-ինը, ով ստիպված էր ընդհատել Հունաստանի դեմ արշավանքները և կնքել ոչ նպաստավոր հաշտություն։ Դրանով աքեմենյան արքան կորցրեց իր գերիշխանությունը արևմտյան Փոքր Ասիայի նկատմամբ և զրկվեց Էգեյան ծովում նավատորմ պահելու իրավունքից։ Արտաքսերքսեսից հետո արդեն երևում էր, որ տերությունը խնդիրներ ուներ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Ք․ա․ 404 թ․ Արտաքսերսես 2-րդի դեմ արշավում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը։ Հաճախակի էին կրկնվում ապստամբությւոնները։ Այս շրջանում տերությունից անջատվեցին Եգիպտոսը, Կիպրոսը, Խորեզմը և Սոգդիանան։ Արևմտյան սատրապների ապստամբության ժամանակ ողջ Փոքր Ասիան տասը տարի անկախ էր աքեմենյան արքայից։

Փլուզվող տերությունը փորձեց փրկել Արտաքսերքսես 3-րդը, սակայն երկիրը զերծ չմնաց նոր ցնցումներից։ Արքան դավադրության զոհ դարձավ։ Գահն անցավ տոհմի կողմնային ճյուղերից մեկի ներկայացուցիչ, Հայաստանի սատրապ Արշամին։ Այնուհետև նա ընդունեց Դարեհ անունը։ Դարեհ 3-րդն իր կառավարման սկզբում մեկ անգամ ևս արշավեց Եգիպտոս և ճնշեց ապստամբությունը։ Նա նվաճեց այն, սակայն Դարեհին ավելին չհաջողվեց։ Տերությանը վտանգ էր սպառնում հզորացող Մակեդոնիան։

Ք․ա․ 334-331 թթ․ Ալեքսանդր Մակեդոնացին ջախջախիչ պարտությունների մատնեց աքեմենյան զորքերին։ Գավգամելայի ճակատամարտից հետո Դարեհը ստիպված փախչեց։ Վերջում նա զոհ գնաց Բակտրիայի սատրապ Բեսի դավադրությանը։ Աքեմենյան տերությունը կործանվեց։

Արշակունյաց Հայաստանը 1-3 դարերում

Հայ-պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54 թ․ կրկին փորձում է գահակալել Արտաշատում։ Սակայն անհրաժեշտ էր հաղթահարել Հռոմի դիմադրությանը։ Արևելք է գալիս զորավար Կորբուլոնը։ Նրա լեգեոնները Մեծ Հայք են ներխուժում և ճամբար խփում Բարձր Հայքի Կարնո դաշտում։ Այսպես սկսվում է տասը տարի տևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի միջև (54-64 թթ․)։ Կորբուլոնը 58 թ․ գրավում է Արտաշատը, ավերում այն և շարժվում դեպի Տիգրանակերտ։ Նրանց ի վերջո հաջողվում է գրավել Տիգրանակերտը։ 61 թ․ Հայաստան է ուղարկվում հռոմեական նոր զորք՝ Պետոս զորավարի հրամանատարությամբ։ 62 թ․ գարնանը Արածանիի ափին՝ Հռանդեա կոչվող վայրում տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգեոնները պարտություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ-պարթևական ուժերից։ Ի նշան պարտության, ծնկաչոք անցնում են հայ-պարթևական զորքի նիզակների “լծի” տակով, ինչը մեծագույն խայտառակություն էր։ Վաղարշ 1-ինը դիմեց Հռոմի կայսր Ներոնին՝ պահանջելով ճանաչել իր եղբայր Տրդատին Հայոց թագավոր։ Ներոնը համաձայն էր, բայց այն պայմանով, որ Տրդատը անձամբ գա Հռոմ։ 64 թ․ Հռանդեայում կողմերի միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ 65 թ․ Տրդատը 3000-անոց թիկնախմբով ճանապարհ ընկավ Հռոմ։ Կայսրին հանդիպեց Նեապոլիսում։ Տրդատ 1-ինի պատվին կազմակերպվեցին հանդեսներ, ներկայացումներ։ 66 թ․ Տրդատը Հռոմի ֆորումում Ներոնի կողմից թագադրվեց որպես հայոց թագավոր և զգալի գումար ու արհեստավորներ նվիրեց Արտաշատը վերականգնելու համար։ Տրդատ 1-ինով սկիզբ դրվեց Արշակունիների կրտսեր ճյուղի իշխանությանը Մեծ Հայքում։

Վաղարշապատի կառուցումը

Տրդատ 1-ինի հաջորդած Սանատրուկ 2-րդը (88-110 թթ․) փայլուն տիրապետում էր ռազմարվեստին։ Նրա օրոք Արածանու ափին՝ Մշո դաշտում, կառուցվեց Մծուրքը։ Վաղարշ 1-ին Արշակունու (117-140 թթ․) օրոք Արարատյան դաշտում գտնվող նախկին Վարդգեսավան գյուղաքաղաքը վերածվեց մեծ քաղաքի։ Նրա անունով այն կոչվեց Վաղարշապատ։ Արքունիքը տեղափոխվեց նոր մայրաքաղաք։ Մեծ Հայքում գահակալած Վաղարշ 2-րդի ժամանակներից (186-211 թթ․) Արշակունիների արքայատոհմի գահակալությունը Հայաստանում դարձավ ժառանգական՝ թագը հորից անցնում էր որդուն։ Վաղարշ 2-րդը շարունակում էր Վաղարշապատի կառուցապատումը և ամրությունների ստեղծումը։ Վաղարշ 2-րդին հաջորդում է որդին՝ Խոսրով 1-ինը (211-259 թթ․)։ Նա հոր մահվան վրեժը լուծելու նպատակով հայոց զորքով արշավում է նույն լեռնական ցեղերի դեմ, ովքեր նրա հորը սպանեցին, և ջախջախում նրանց։

Սասանյան հեղաշրջումը Պարսկաստանում և հայ-պարսկական հարաբերությունները

226 թ․ Պարսկաստանում Պարսք աշխարհի արքայիկ Արտաշիր Սասանյանը տապալում է պարթև Արշակունի Արտավան 5-րդի իշխանությունը և հիմնադրում Սասանյանների պարսից տերությունը։ Սասանյանները ձգտում էին վերականգնել Աքեմենյան տերությունը։ Մեծ Հայքը դառնում է Սասանյան Պարսկաստանի գլխավոր թշնամին։ Հայոց թագավորությունը Արտավան 5-րդի ընտանիքին ապաստան է տալիս։ Եվ Խոսրով 1-ինին՝ որպես Արշակունյաց տոհմի գլխավորի, օժանդակում էին վրացական ու աղվանական զինված ուժերը և թուլացած Հռոմը։ Հայ-հռոմեական ուժերի դեմ Արտաշիրի պայքարն ավարտվում է ծանր պարտություններով։ Մեծ Հայքը մոտ տասնամյակ զերծ է մնում պարսկական արշավանքներից, մինչև իշխանության գլուխ է գալիս Շապուհ 1-ին Սասանյանը։ Նրան հաջողվում է 252 թ․ ռազմակալել Հայոց թագավորության մեծ մասը։ Խոսրով 1-ինը հեռանում է թագավորության արևմտյան շրջաններ։ 256 թ․ Արևելք է գալիս Վալերիանոս կայսրը՝ մեծ բանակով։ Հռոմեական օգնությամբ Խոսրովը վերականգնում է իր իշխանությունը։ Խոսրովին սպանելու նպատակով Շապուհ 1-ինը պարթև իշխան Անակին և իր ընտանիքին ուղղորդում է Հայաստան։ Նրան հաջողվում է սպանել Խոսրով 2-րդին։ Դրանից հետո Անակ Պարթևի երկու որդիներից մեկին՝ Գրիգորին, դայակները հասցնում են Մաժակ-Կեսարիա, իսկ Խոսրով 2-րդի որդուն՝ Տրդատին, դայակները փախցրել էին “կայսեր արքունիք”։ Հռոմեական կայսրությունում գտնվելիս Տրդատը հաղթել էր օլիմպիական խաղերում և մեծ սխրագործություններ կատարել մարտի դաշտում։ Նրան մեծ պատիվների, պարգևների են արժանացնում և հռոմեական օգնական զորքով կայսրը Տրդատին ուղարկում է Հայոց աշխարհ։

Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը

Տրդատը հաստատվում է հայ Արշակունիների գահին 287 թ․։ Սասանյանները չճանաչեցին նրա գահակալությունը։ 296 թ․ պարսից Ներսեհը պատերազմ է սկսում Հռոմի դեմ։ Տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական բանակը պարտություն է կրում։ 297 թ․ Ներսեհը պարսից բանակով հասնում է Բասեն գավառ և ճամբար դնում Ոսխա գյուղում։ Տեղի ունեցած ճակատամարտում հայ-հռոմեական ուժերը ջախջախում են պարսից թագավորի զորքերը։ Ներսեհը փախուստի է դիմում։

298 թ․ Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով Ներսեհը ճանաչում է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Տրդատ 3-րդը, 298 թ․ վերջնականապես հաստատվելով Մեծ Հայքի թագավորության գահին, վերականգնում է անկախ Հայոց աշխարհի ամբողջականությունը և սկսում է զբաղվել երկրի հզորացմամբ ու շենացմամբ։

Հայաստանը Արտաշեսյանների ժամանակաշրջանում․ մաս 2

Հայոց պատմության խոշորագույն գործիչներից է Տիգրան 2-րդ Մեծը՝ Տիգրան 1-ին Արտաշեսյանի որդին։ Նա ծնվել է Ք․ա․ 140 թվականին։ 25 տարեկանում պատանդ տարվելով Պարթևստան՝ այնտեղ նա մնաց 20 տարի և միայն հոր՝ Տիգրան 1-ինի մահից հետո 45 տարեկանում վերադարձավ Հայաստան։ Պարթևական արքունիքում արքայազն Տիգրանն ուներ պատվավոր դիրք։ Ք․ա․ 95 թ․ վերադառնալով Հայաստան՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ վայրում։ Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։

Անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշեսին։ Ծոփքը դեռ անջատ էր մնում Մեծ Հայքից։ Ք․ա․ 94 թ․-ին, Տիգրան 2-րդը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ հայքին։

Տիգրան 2-րդ Մեծի տերությունը

Մեծ Հայքին և Պոնտոսին անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը։ Նույն շահերն ունենալով՝ Տիգրան 2-րդն ու Միհրդատ Պոնտացին Ք․ա․ 94 թ․ դաշինք են կնքում։ Այն ամրապնդվում է Տիգրան 2-րդի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ։ Դաշնագրի համաձայն՝ հայ-պոնտական զորքերը Ք․ա․ 93 թ․ նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր։ Ըստ պայմանավորվածության՝ Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը։ Դա բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից։

Ք․ա․ 87 թ․ Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա։ Նա ջախջախում է պարթևական զորքերը, հասնում Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարում այն։ Պարթևական արքունիքը ոչ միայն Տիգրանին զիջում է իր գրաված տարածքները, այլև նրան շնորհում “Արքայից-Արքա” տիտղոսը։ Պարթևներն ընդունում են նրա գերիշխանությունը։ Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մի տերություն, որի հարավային սահմանը հասնում էր մինչև Պարսից ծոց։

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել՝ հրավիրելով այլ երկրի թագավորի՝ իշխելու իրենց։ Նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային։ Ք․ա․ 84 թ․ մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց 17 տարի։

Տիգրանակերտի կառուցումը

Ք․ա․ 80-ական թթ․ Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի տերության հյուսիսում։ Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքաղաք հռչակել որևէ նվաճված երկրի խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին։ Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։ Դա այն վայրն էր, որտեղ նա թագադրվել էր Ք․ա․ 95 թ․։ Մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն՝ 25 մետր բարձրությամբ պարսպով։ Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ։ Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր Արտաշատը Տիգրանակերտին։ Մայրաքաղաքից բացի՝ Տիգրան Մեծը իր անունով հիմնադրել է ևս վեց բնակավայր։

Տիգրան Մեծը շատ բարձր գնահատականի է արժանացել իր ժամանակակիցների կողմից։ Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը՝ Ցիցերոնը, Սենատում արտասանած իր ճառերում Տիգրանին կոչել է vehemes, լատիներեն՝ վեհագույն։ Դա Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականն էր։ Նրանից քիչ ուշ ապրած հռոմեացի պատմիչ Պատերկուլոսը Տիգրան Մեծին կոչել է “իր ժամանակի հզորագույն թագավոր” և “թագավորներից մեծագույնը”։ Մեկ ուրիշ պատմիչ Տրոգոսի խոսքերով՝ նրան մեծարում էին՝ կոչելով “Աստված”։

Արտավազդ 2-րդի գահակալությունը

Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ 2-րդը (Ք․ա․ 55-34 թթ․)։ Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է։ Ստացել էր հիանալի կրթություն, գրել է ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր։ Ք․ա․ 54 թ․ Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց և դաշինք կնքեց Պարթևստանի արքա Օրոդես 2-րդի հետ։ Ք․ա․ 53 թ․ Կրասոսը սկսեց իր արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց։ Սպանվեց նաև Կրասոսը։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին։ Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ 2-րդի քրոջ ամուսնությամբ։

Շուտով արևելք ժամանեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Հայոց արքան որոշեց Անտոնիոսին տրամադրել օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով։ Անտոնիոսը 100 հազարանոց բանակով Ք․ա․ 36 թ․ սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները կորցրին 44 հազար զինվոր։ Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ 2-րդի վրա։ Ք․ա․ 34 թ․ Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան։ Անտոնիոսը խաբեությամբ ձերբակալեց և Եգիպտոս տարավ Արտավազդ 2-րդին։ Ք․ա․ 31 թ․ Արտավազդ 2-րդը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին։ Իսկ 2 արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ։

Հայաստանը Արտաշեսյանների ժամանակաշրջանում

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190 թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում, Զարեհը՝ Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվեց Արտաշեսյան։ Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․, անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն։ Այդպիսով, Ք․ա․ 2-րդ դարից կային չորս հայկական թագավորություններ՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե։

Արտաշես 1-ինի (Ք․ա․ 189-160 թթ․) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին միացրեց անջատված տարածքները։ Փաստորեն, Արտաշես 1-ինը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Այն պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է “Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ”։ Զարեհի մահից հետո Արտաշես 1-ինը փորձեց Մեծ Հայքին միավորել նաև Ծոփքի թագավորությունը, որը, սակայն նրան չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց նրա թոռը՝ Տիգրան 2-րդ Մեծը։

Արտաշես 1-ինի բարենորոգումները

Թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ինը մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա հայկական բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի։ Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 ստրատեգիաների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ինը նշանակեց իր մերձավորներին։ Ավագ որդի Արտավազդին՝ ապագա Արտավազդ 1-ինին, նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայր Խորենացին հիշատակում է որպես “այր իմաստուն և բանաստեղծ”։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։

Արտաշեսն արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը։ Նա սահմանաբաժան քարեր տեղադրեց համայնական և մասնավոր հողերի միջև։ Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով։ Մովսես Խորենացու բնորոշմամբ՝ նրա օրոք Հայոց աշխարհում “անմշակ հող չէր մնացել”։ Արտաշատում կառուցվեց մայր դիցուհու՝ Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։

Կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի՝ Արտաշատի հինադրումը Ք․ա․ 185 թ․-ին։ Պատմիչ Պլուտարքոսի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը։ Հռոմեական պատմագրություններում Արտաշատը հիշատակվում է որպես “Հայկական Կարթագեն”։ Արտաշես 1-ինը մեծագործությունների համար փառաբանվում է ժողովրդական երգերում։ Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ պատվանուններով։ Ըստ Խորենացու հաղորդմամբ՝ նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը։

Հայաստանը Երվանդունիների ժամանակաշրջանում

Ք․ա․ 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր Սկայորդու ստեղծած իշխանությունը։ Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին։ Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Ք․ա․ 612 թ․ դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Նահապետը թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Ք․ա․ 580-570-ական թթ․-ին Պարույրի հաջորդներից հայտնի դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդական կամ Երվանդունի։ Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ զորք։ Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր։ Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը։ Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին՝ Տիգրան 1-ին Երվանդյանը։ Մովսես Խորենացին նրան համարում էր Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան 1-ինը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանվեց նաև Կյուրոս Մեծից հետո՝ մինչև Ք․ա․ 522 թվականը։ Տիգրան 1-ինին հաջորդեց նրա ավագ որդի Վահագնը։

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը

Ք․ա․ 336 թ․ Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը։ Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը՝ Ալեքսանդր Մակեդոնացի կամ Ալեքսանդր Մեծ, ով գահակալեց Ք․ա․ 336-323 թթ․։ Ք․ա․ 334 թ․ Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ։ Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք․ա․ 331 թ․ Գավգամելայի մոտ։ Դարեհ 3-րդը պարտվեց և դիմեց փախուստի։ Շուտով նա սպանվեց և Աքեմենյան տերությունը կործանվեց։ Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին։ Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-րդը, իսկ Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսը։ Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը՝ Ք․ա․ 331 թ․։ Օրոնտես-Երվանդ 3-րդը Մեծ Հայքում հռչակվեց թագավոր, իսկ Միթրաուստեսը՝ Փոքր Հայքում։ Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը։ Ալեքսանդրը մահացավ Ք․ա․ 323 թ․-ին՝ 33 տարեկանում։ Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում սկզբնավորվել է հունականության՝ հելլենիզմի դարաշրջանը։ Հայաստանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ։

Հայկական թագավորությունը և Սելևկյանները

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։ Նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։ Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքներն ապարդյուն անցան, որովհետև Մեծ և Փոքր Հայքերը գործում էին միասնաբար։ Ք․ա․ մոտ 260-240 թթ․-ին իշխած հայոց արքա Սամոս (Շամ) Երվանդականը կառուցեց Կոմմագենեի կենտրոնը՝ Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին հայկական արքայական դրամներն են։ Ք․ա․ 240-ական թթ․-ին Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։

Արարատյան թագավորություն․ Վանի համահայկական թագավորությունը

Հայկյանների Արարատյան թագավորությունը գոյատևեց մինչև Ք․ա․ 9-րդ դարի կեսերը։ Ասորեստանի դեմ մղված պատերազմների արդյունքում այն թուլացավ և իր տեղը զիջեց մեկ այլ՝ Բիայնիլի թագավորությանը։ Բիայնիլի անունը ծագում է վան քաղաքի անունից և թագավորությունը կոչվում է նաև Վան։ Ասորեստանը սովորույթի ուժով շարունակում է այն կոչել Ուրարտու, և այդպես էլ աշխարհում պաշտոնապես անվանում էին այդ թագավորությունը։ Սակայն Վանի թագավորներն իրենց արձանագրություններում օգտագործում էին երկրի համար՝ Բիայնիլի, ժողովրդի համար՝ բիայնացիներ ձևերը։

Ք․ա․ 13-րդ դարի Սալմանասար 1-ինի արձանագրությունում հիշատակված Ուրուատրի ցեղային միությունը Ք․ա․ 9-րդ դարի 60-ականներին վերածվել էր Ուրարտու թագավորության։ Վանի թագավորությունը կազմավորվել է Վանա լճի ավազանում Ք․ա․ 860-ականների վերջերին։ Առաջին հիշատակությունը Սալմանասար 3-րդինն է՝ Ք․ա․ 859 թ․։ Այնտեղ Ուրարտուն վկայակոչվում է թագավորություն։ Հիշատակվում է նաև Արամե թագավորի, Արծաշքու մայրաքաղաքի և ռազմական ուժերի մասին։ Արծաշքուն նույնացնում են Արճեշ քաղաքին, որը գտնվել է Վանա լճի արևմտյան ափին։

Սալմանասար 3-րդի արձանագրություններ կան Վանի ռազմական ուժերի, զորատեսակների, ամրոցների և տնտեսության մասին։ Թագավորությունն ունեցել է ընդարձակ տարածք և մարտեր մղել Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում։

Ք․ա․ 833 թ․ իրադարձությունների մասին Սալմանասար 3-րդի արձանագրություններում Վանի արքա է հիշատակվում արդեն Սարդուրի 1-ինը։ Չնայած Ասորեստանի դեմ պայքարի անհաջող ելքին՝ Սարդուրին պահպանել է երկրի անկախությունը, ընդգրկել հայկական ցեղերով բնակեցված նոր շրջաններ, օրինակ՝ Տիգրիսի վերին հովիտը։ Սարդուրի 1-ինն իր թողած արձանագրության մեջ իրեն անվանում է <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա>>։

Սարդուրի 1-ինը Ք․ա․ 830-ականների վերջերին՝ Վանա լճի արևելյան ափին, հիմնադրում է Տուշպա-Վան մայրաքաղաը։ Քաղաքի շինարարության մասին նա թողել է արձանագրություն՝ քաղաքի պարսպի մեջ։ Քաղաքը շուտով դառնում է Մերձավոր Արևելքի քաղաքական, տնտեսական ու մշակութային կարևոր կենտրոնը։ Թագավորությունն ավելի ամրապնդվեց և ընդարձակվեց Սարդուրի 1-ինի թոռան՝ Մենուայի օրոք։ Նա ստեղծեց հզոր ու մարտունակ բանակ, հակահարված հասցրեց Ասորեստանի նվաճողական ցանկություններին՝ պաշտպանելով երկրի սահմանները։ Նա թագավորությանը միացրեց հայաբնակ մարզերից Արածանի գետի հովիտը, Արարատյան դաշտի մի մասը, հարավում՝ Ալզի երկիրը, Սասունը, Մշո դաշտը, հյուսիսում Դիուեխի երկիրը և այլն։ Ք․ա․ 791 թ․ Մենուան հետ մղեց Ասորեստանի արշավանքը և Վանի թագավորությունը դարձավ տարածաշրջանի հզոր պետություններից մեկը։ Մենուան ջանքեր է գործադրել երկրի տնտեսությունը, գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ։ Կառուցել է 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը, որը թյուրիմացաբար կոչում են նաև Շամիրամի։ Ջրանցքի պատերին թողնված է 14 արձանագրություն և դրանցից մեկում նշվում է, որ ջրանցքի անունը Մենուա է։ Նա ավարտին հասցրեց Տուշպայի կառուցումը, կոռուցեց նոր քաղաքներ, օրինակ՝ Արաքսի աջ ափին, Մասիսի լանջին կառուցված Մենուախինիլի քաղաքը։

Թագավորության հզորացումը շարունակվեց Մենուայի որդու՝ Արգիշտի 1-ինի օրոք։ Նա թագավորությանը միացրեց Արարատյան դաշտը, Սևանա լճի ափամերձ արևելյան շրջանները, արևմուտքում՝ Եփրատի հովիտը, հյուսիսում՝ Շիրակն ու Ջավախքը։

Արգիշտի 1-ինը, ընկճելով Ասորեստանի ռազմական ուժերը, լուծելով հարավից սպառնացող վտանգը, իր գերիշխանությունն է հաստատում տարածաշրջանում։ Վանը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը։ Ք․ա․ 782 թ․, ներկայիս Երևանի տարածքում նա կառուցում է Էրեբունի ամրոցը։ Ք․ա․ 776 թ․ Արմավիրի հարևանությամբ կառուցում է Արգիշտիխինիլի քաղաքը, որը դառնում է թագավորության նշանավոր քաղաքական, ռազմական ու տնտեսական կենտրոններից մեկը։ Ժողովուրդն այդ քաղաքը շարունակեց անվանել Արմավիր։

Նրանից հետո գահ բարձրացավ նրա որդի Սարդուրի 2-րդը։ Նա ճնշեց երկրի ծայրամասերում ծագած ապստամբությունները, հնազանդեցրեց Շիրակը, Վելիքուխին, Մելիդի հայկական իշխանությունը։ Նա գրավեց հայաբնակ վերջին տարածքը՝ Արցախը։ Սարդուրի 2-րդի բանակները հյուսիսում հասան Սև ծովի ափեր, արևելքում՝ Կասպից ծով, հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով։ Սիրիայի գրավումից ու Բաբելոն հասնելուց հետո նա Ասորեստանը շրջափակում է երեք կողմից։ Գահ բարձրացած Թիգլաթ-Պալասար 3-րդը կարգի է բերում զինված ուժերը, մարտունակ բանակ ստեղծում և Ք․ա․ 743 թ․ դժվարությամբ կարողանում է պարտության մատնել Սարդուրի 2-րդին և հետ մղել նրա զորքերին։ Ք․ա․ 735 թ․ ասորեստանյան բանակը պաշարում է մայրաքաղաը, ավերում այն և թալանում, սակայն նրան չի հաջողվում գրավել Տուշպայի միջնաբերդը։

Հայկական քաղաքակրթության սկզբնավորումը. վաղ պետական կազմավորումները. Արատտա, Հայասա, Թեգարամա, Հայկյաններ

Հայկական լեռնաշխարհում ապրում էին բազմաթիվ ցեղեր, որոնք, ժամանակի ընթացքում միավորվելով, կազմում են առանձին ցեղային միություններ և վաղ պետական կազմավորումներ։ Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը ձևավորվել է Ք․ա․27-րդ դարում և կոչվել Արատտա։ Գտնվել է Վանա լճի ավազանում և դրանից հարավ-արևմուտք։ Տնտեսապես զարգացած երկիր էր, զարգացած էր երկրագործությունն ու անասնապահությունը։ Ունեցել է մարտունակ բանակ։

Ք․ա․15-13-րդ դդ․ խեթական արձանագրություններում վկայություններ են պահպանվել Եփրատից դեպի արևելք և հյուսիս գտնվող Հայասա երկրի մասին։ Խեթերը բազմիցս փորձել են նվաճել Հայասան, բայց չեն կարողացել։ Սա տևել է 2,5 դար։ Հայասան ունեցել է թագավոր, 700 մարտակառք և 10-հազարանոց զինված ուժեր։ Զարգացած էր երկրագործությունը, անասնապահությունն ու արհեստագործությունը։ Հայտնի էին Աղզի, Թիլ, Կամախա, Բիթառիգա, Անիակա քաղաքները։

Հայկական լեռնաշխարհի արևմուտքում, Եփրատի աջ ափին էր գտնվում Թեգարամա երկիրը։ Դրանից հարավ ընկած էին Մելիդ, դեպի արևելք՝ Ծուփանի, դեպի հարավ-արևմուտք՝ Արմե և Ուրմե հայկական իշխանությունները։ Ասորեստանյան արձանագրությունների համաձայն՝ Ք․ա․ 2-րդ հազարամյակի կեսերից Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում հիշատակվում է Նաիրի ցեղային միությունը՝ Վանա լճի և եփրատի հովտի միջև։ Այն միավորել է 60 ցեղեր և հաջողությամբ կռվել Ասորեստանի դեմ։

Հիշատակվում են նաև Դիաուխի, Էթիունի, Ազա ցեղային միությունները։ Էթիունին միավորել է 20 ցեղեր։

Վանա լճից հարավ գտնվում է Ուրուատրի ցեղային միությունը, որը միավորել է 8 ցեղ։ Ք․ա․ 13-րդ դարում Ասորեստանի Սալմանասա 1-ին թագավորը նվաճել է այն։

Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական հայկական պետությունը Հայկյանների Արարատյան թագավորությունն էր։ Այն հանդես է եկել Ք․ա․ 11-րդ դարի վերջին։ Առաջին արքան Հայկի ժառանգ Արամայիս Նահապետն էր։ Նա է կառուցել Արմավիր քաղաքը, նրա օրոք թագավորությունն ամրապնդվում է և ընդարձակվում՝ ներառելով Շիրակը, Գուգարքը, Սյունիքը և Ուտիքը։ Նրանք համառորեն դիմադրել են ասորեստանյան նվաճողներին և պաշտպանել իրենց երկրի անկախությունը։ Ասորեստանը այդ թագավորությունն անվանում էր Ուրարտու։

Հայոց ծագումնաբանությունը

Ք.ա․ 4-2-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում ապրում էին բազմաթիվ ցեղեր։ Դրանց մեծագույն մասը պատկանում էր Հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Այդ ժամանակ նրանց նախահայրենիքը գտնվում էր Փոքր Ասիայի արևելքում, Հայկական լեռնաշխարհում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում։ Այստեղ էին բնակվում հայերի, հույների, գերմանացիների, պարսիկների, հնդիկների, ռուսների և այլ ժողովուրդների նախնիները։

Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին և 3-րդի սկզբին այդ ժողովուրդը լքում է նախահայրենիքը և տարածվում Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտք։ Այնտեղ հնդեվրոպացիները թելադրում են իրենց լեզուն, կենցաղը և միավորվում՝ ստեղծելով այլ ժողովուրդներ, որոնց լեզուները միասին կոչվում են հնդեվրոպական։ Հնդեվրոպական միակ տեղաբնիկ ժողովուրդը հայերն են, որոնք մնացին իրենց նախահայրենիքում և գոյատևում են մինչ օրս։

Հայ ժողովրդի կազմավորման վերաբերյալ հայկական ավանդազրույցը՝ Հայկի և Բելի առասպելը, ծագում է անհիշելի ժամանակներից։ Այն գրի է առել 5-րդ դարում Մովսես Խորենացին, 7-րդ դարում Սեբեոսը։ Դրա համաձայն՝ հայերի նախնին Հայկ դյուցազնն է, ով չցանկանալով ենթարկվել բռնակալ Բելին, հավաքում է ընտանիքին և հաստատվում հյուսիսում՝ Արարադի երկրում։ Հայկը այնտեղ հիմնում է բնակավայր։ Բելը, չկարողանալով Հայկին հնազանդեցնել, արշավում է Հայկի դեմ և Վանա լճի ափին ճակատամարտն ավարտվում է Հայկի հաղթանակով։ Այնուհետև նա այնտեղ կառուցում է դաստակերտ և անվանում Հայք։

Հայկի որդիներն ու թոռները տարածվում են հյուսիս, արևելք և արևմուտք։ Արամայիսի անունով կոչվում է Արմավիր, Արա Գեղեցիկի անունով՝ Այրարատյան դաշտը և այլն։ Արամ Նահապետն ընդարձակում է հայոց սահմանները, նրա անունով մեզ կոչում են Արմենիա, իսկ Հայկի անունով՝ Հայք։

Վրացական ավանդությունը գրի է առնվել 10-11-րդ դարերում։ Այն նման է հայկականին։ Նոյի ժառանգ Թորգոմը՝ կովկասյան ժողովրդի նախահայրն էր։ Նրա ութ որդիներն ապստամբել են Բաբելոնի արքա Նեբրովթի (Բել) դեմ և Հայկը սպանել է նրան։

Հունական ավանդությունը ձեռք բերելու համար Յասոնի առաջնորդությամբ <<Արգո>> նավով նավարկում են Կոլխիդա։ Արգոնավորդներից Արմենոսը, գեղմի հափշտակումից հետո, բաժանվում է ընկերներից և հաստատվում հարավում՝ Հայկական լեռնաշխարհում։ Այնտեղ բնակվող ցեղերը կոչվեցին արմեններ, իսկ երկիրը՝ Արմենիա։

Design a site like this with WordPress.com
Get started