Հայաստանը արաբական տիրապետության շրջանում

Արաբական արշավանքները Հայաստան: Արաբական ցեղերը հնագույն ժամանակներից բնակվում էին Արաբական ընդարձակ թերակղզում: Նրանց հիմնական զբաղմունքը քոչվորական անասնապահությունն էր, մասամբ էլ՝ երկրագործությունը: VII դ. սկզբներին արաբները միավորվեցին իրենց առաջնորդ Մուհամեդի գլխավորությամբ: Նա նոր կրոնի՝ մահմեդականության (իսլամի) և պետության՝ Արաբական խալիֆայության հիմնադիրը դարձավ: Մահմեդականների հոգևոր կենտրոնը միջազգային առևտրական ուղիների խաչմերուկում գտնվող Մեքքա քաղաքն էր: Մահմեդական կրոնը մեծ նշանակություն էր տալիս անհավատների, այսինքն՝ ոչ մահմեդականների դեմ հանուն հավատի պատերազմելու գաղափարին: Գրեթե երկու տասնամյակի ընթացքում արաբները նվաճեցին Բյուզանդիայի աֆրիկյան ու ասիական տիրույթների գերակշիռ մասը և կործանեցին Սասանյան պետությունը:

VII դ. արաբները մի քանի արշավանք կազմակերպեցին դեպի Հայաստան, որոնք ավարառուական ու հետախուզական բնույթ էին կրում: 640թ. արաբները Բաղեշի լեռնանցքով առաջին անգամ ներխուժեցին Հայաստան: Տարոնում թեև նրանց համառ դիմադրություն ցույց տրվեց, սակայն գերակշիռ ուժերի շնորհիվ արաբները հաջողության հասան: Այնուհետև շարժվելով հյուսիս՝ նրանք մտան Այրարատյան դաշտ: Այստեղ բնակչությունը զբաղված էր այգեկութի աշխատանքներով: Մայրաքաղաք Դվինի բնակիչները, հանկարծակիի գալով թշնամու անսպասելի հարձակումից, ապավինեցին քաղաքի պարիսպներին: Դվինը գործնականում մնացել էր անպաշտպան, քանի որ Հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին, կարծելով, թե թշնամին երկիր կներխուժի Ատրպատականի կողմից, իր հիմնական ուժերով գտնվում էր Նախճավանի մատույցներում:Թշնամին Դվինի շուրջը կրակ վառեց, նրա պարիսպները պաշտպանող պահապաններին ծխով ու նետահարությամբ հետ վանեց և հոկտեմբերի 6-ին գրավեց քաղաքը: Դվինի բնակչության մի մասին արաբները կոտորեցին, իսկ մյուսներին գերեվարեցին և հարուստ ավարով վերադարձան Միջագետք:Ահա թե ինչպես է նկարագրում Սեբեոսը արաբների կողմից Դվինի գրավումը. «Նրանց հաջողվեց վերցնել քաղաքը, որովհետև կրակ վառեցին քաղաքի չորս կողմում, ծխով և նետաձգությամբ կարողացան հեռացնել պարիսպների վրայի պահապաններին։ Աստիճաններ դրեցին, բարձրացան պարիսպը և, ներս մտնելով քաղաք, բաց արեցին քաղաքի դարպասները»։ Ըստ պատմիչի՝ Դվինում սպանվածների թիվը 12 հազար էր, իսկ գերեվարվածներինը՝ 35 հազար:642-643թթ. արաբները երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստան: Այս անգամ նրանք մուտք գործեցին Ատրպատականից, ասպատակեցին Գողթնն ու Նախճավանը և շարունակեցին բնակչության սրածումն ու գերեվարումը: Բյուզանդական զորքերի հրամանատարը հրաժարվեց թշնամու դեմ համատեղ կռվելու Թեոդորոս Ռշտունու առաջարկից: Նա գործեց միայնակ և պարտվեց՝ մեղքը բարդելով հայոց սպարապետի վրա: Բյուզանդացիների մեղքով արաբներն այս անգամ էլ առանց կորուստների վերադարձան Միջագետք:Արաբները երրորդ անգամ Հայաստան մտան 650թ.: Բյուզանդական ուժերը հեռացել էին երկրից՝ հայերին թողնելով ահեղ հակառակորդի դեմ մեն-մենակ: Թեոդորոս Ռշտունին հարկադրված էր միայն սեփական ուժերով կռվել թշնամու դեմ: Արաբները մեծաթիվ հայ գերիների բերել էին Կոգովիտի Արծափ բերդի մոտ և ցանկանում էին նրանց կոտորել: Թեոդորոս Ռշտունին խիզախ ու հանդուգն հարձակումով ոչնչացրեց երեք հազար արաբների, որոնց մեջ էին նրանց երկու զորավարները:Չնայած հաղթանակին, արաբական վտանգը խիստ մեծ էր, և նախարարները փորձում էին ստեղծված վիճակից դուրս գալու ելք գտնել: Նրանք բաժանվել էին երկու խմբավորման: Դրանցից առաջինը, կաթողիկոս Ներսես Տայեցու գլխավորությամբ, շարունակում էր անօգուտ հույսեր կապել Բյուզանդիայի հետ: Հայ իշխանների մյուս խմբավորման գլուխ էր անցել Թեոդորոս Ռշտունին: Նա ոչ միայն ականավոր զորավար էր, այլև փորձված պետական ու զինվորական գործիչ: Թեոդորոս Ռշտունին քաջ գիտակցում էր արաբների ռազմական առավելությունը բյուզանդացիների նկատմամբ և գտնում, որ նրանց հետ պետք է համաձայնության գալ: Թեոդորոս Ռշտունու այդ քայլը համարձակ, հավասարակշռված ու ճիշտ որոշում էր:652թ. նա մեկնեց Ասորիք և տեղի արաբ կառավարիչ, իսկ հետագայում խալիֆ դարձած Մուավիայի հետ կնքեց պայմանագիր: Այդ պայմանագրով Հայաստանը երեք տարի արաբներին հարկ չէր վճարելու, որից հետո հարկի չափը որոշելու էին հայերը: Հայաստանն ունենալու էր 15-հազարանոց այրուձի, որի ծախսերը հոգալու էին արաբները: Փոխարենը հայոց հեծելազորը պետք է մասնակցեր արաբների մղած կռիվներին: Հայաստանում արաբ պաշտոնյաներ և արաբական զորակայաններ չէին լինելու: Արաբներն օգնելու էին հայերին, եթե նրանց վրա հարձակվեին բյուզանդացիները: Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դ. վերջ պահպանեց իր փաստական անկախությունը:

Հայաստանի նվաճումը արաբների կողմից: Մինչև VII դ. վերջը Հայաստանը գործնականում պահպանեց իր փաստական անկախությունը: 701թ. Հայաստան ներխուժած արաբական ուժերը՝ խալիֆի եղբայր Մուհամադի հրամանատարությամբ, նվաճեցին այն: Արաբները Հայաստանից բացի գրավեցին Վիրքը և Աղվանքը՝ մինչև Դերբենդ, և նշված տարածքներից կազմեցին վարչական առանձին միավոր՝ Արմինիա անունով: Հայաստանի նվաճումն ուղեկցվում էր երկրի ամայացումով, բնակչության կոտորածներով, կրոնական հալածանքներով ու հարկերի ծանրացումով:

Հայերի ընդվզումն արաբական տիրապետության դեմ (703թ.): Նեղվելով արաբների ծանր հարկային լծից, հայ նախարարները 703թ. հայոց իշխան Սմբատ Բագրատունու ղեկավարությամբ գաղտնի ժողով գումարեցին: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք չգտնելով՝ նրանք որոշեցին հեռանալ Բյուզանդիայի սահմանները: Նրանց երկուհազարանոց հեծելազորը հասավ Ակոռի ավան: Հեռացող հայերին վերադարձնելու համար նրանց հետապնդելու դուրս Եկավ արաբական մի մեծաթիվ զորաբանակ: Հայկական այրուձին ստիպված եղավ ամրանալ Երասխի ափին գտնվող Վարդանակերտ ավանում: Արաբների ներկայացրած հետ վերադառնալու վերջնագրի պատճառով կողմերի միջև ընդհարումն անխուսափելի դարձավ: Առավոտյան հայկական ուժերը նախահարձակ եղան: Այրարատյան դաշտի ցրտաշունչ ձմռան գիշերը բաց երկնքի տակ մնացած հակառակորդը, կորցնելով մարտունակությունը, ի վիճակի չեղավ դիմադրելու և ջախջախվեց: Թշնամու կենդանի մնացած զինվորները շտապեցին անցնել Երասխը: Սակայն գետը պատած բարակ սառույցը ջարդվեց, ու նրանք ջրասույզ եղան: Արաբական հինգ հազարի հասնող զինվորներից Վարդանակերտում փրկվեցին միայն 300-ը, այն էլ մի հայ իշխանուհու միջնորդությամբ: Սմբատ Բագրատունին մի խումբ նախարարների հետ հաստատվեց Տայքում և բանակցություններ սկսեց Բյուզանդական կայսրության հետ արաբների դեմ համատեղ պայքարելու առաջարկով: Ապստամբները հաջողության հասան նաև Ռշտունիքում և Վանանդում, որտեղ արաբական հրոսակները գլխովին ջախջախվեցին: Սակայն դրանից հետո սկսված պարսկա-բյուզանդական պատերազմում բյուզանդացիները պարտվեցին, իսկ լրացուցիչ ուղարկված արաբական ուժերը ապստամբությունը ճնշեցին:

703թ. ապստամբությունը թեև արաբների դեմ առաջին զինված ելույթն էր, անհետևանք չանցավ: Այն թե’ հաղթանակի հույսեր արթնացրեց հայերի մեջ և թե’ ամրապնդեց հայ զինվորականության մարտական ոգին: Խալիֆայությունն էլ իր հերթին ստիպված էր առժամանակ վարելու հարաբերական մեղմ ու հանդուրժողական քաղաքականություն: Նոր նշանակված ոստիկանը երկիրը լքած նախարարներին կոչ արեց վերադառնալ հայրենիք և ճանաչեց նրանց ժառանգատիրական իրավունքը, ինչն սկզբում արաբները վերացրել էին: Այնուամենայնիվ, արաբները կարճ ժամանակ անց դաժան հաշվեհարդար տեսան հայ նախարարության հետ՝ իրենց պարտության համար: Նախճավանում նստող արաբ զորավարը 705թ. իր մոտ կանչեց հայ նախարարներին (շուրջ 2000 մարդ) այրուձիի հաշվառման և ռոճիկ վճարելու պատրվակով: Սակայն նրանց փակեցին Նախճավանի և Խրամ ավանի եկեղեցիներում ու հրկիզեցին: Հայ ազնվականությունը ծանր հարված ստացավ, սակայն հայերի մարտական ոգին չկոտրվեց:

Արաբների քաղաքականությունը Հայաստանում: Արաբների տիրապետության ժամանակաշրջանում Հայաստանը կառավարում էր խալիֆայության կուսակալը, որին հայերն անվանում էին ոստիկան: Վերջինս վարում էր զինվորական ու քաղաքացիական գործերը: Ոստիկանը հնազանդ պիտի պահեր երկիրը, այն պաշտպաներ արտաքին ուժերի հարձակումներից և ժամանակին հավաքեր հարկերը: Ոստիկանի նստավայրը Դվինն էր, իսկ VIII դ. վերջերից՝ Պարտավը: Վարչական նշանակալից իրավունքներ ուներ նաև Հայոց իշխանը, որը փաստորեն նրա տեղապահն էր: Նա նույնպես պարտավոր էր ապահովել հայ նախարարների հնազանդությունը, օգներ հարկերի հավաքմանը: VIII դ. կեսերից Հայոց իշխանի պաշտոնը սկսեցին գրավել միայն Բագրատունիների ներկայացուցիչները: Հայոց իշխանին ենթակա էին Հայոց կաթողիկոսը և սպարապետը: Նրանք իրենց պաշտոններին էին նշանակվում միայն Հայոց իշխանի համաձայնությամբ: Արաբական տիրապետության շրջանում հայոց իշխանի և սպարապետի պաշտոնների գոյությունը հավաստում է Հայաստանի որոշ ինքնավարությունը: Հայոց կաթողիկոսն առաջվա պես վարում էր «մեծ դատավարություն» գործակալությունը: Բացի այդ, նա կարող էր բանակցել օտար երկրների հետ:

Կարևոր դեմք էր Հայոց սպարապետը, որը զինված ուժերի հրամանատարն էր: Նա Հայոց իշխանի բացակայության ժամանակ փոխարինում էր նրան: Այս պաշտոնը ևս անցավ Բագրատունիներին: Հայոց այրուձին աչքի էր ընկնում մարտական բարձր հատկանիշներով, և արաբներն այն լայնորեն մասնակից էին դարձնում իրենց մղած պատերազմներին:Իր տիրապետությունն ամուր պահելու համար Արաբական խալիֆայությունը Հայաստանի քաղաքներում՝ Դվինում, Նախճավանում, Խլաթում, Կարինում, Մանազկերտում, Արճեշում, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ամրոցներում ու բերդերում կայազորներ էր հաստատել: Նշված հենակետերի մերձակայքում ստեղծվել էին արաբական զգալի բնակչություն ունեցող բնակավայրեր:Արաբական պետությանը հայերի հպատակ լինելն արտահայտվում էր հարկատվությամբ: Եթե հարկը սկզբում գանձում էին ըստ ծխերի, այսինքն՝ ըստ մեծ տների կամ գերդաստանների (երդերի), ապա 725թ. Հերթ ոստիկանի անցկացրած «աշխարհագրից» հետո արաբներն սկսեցին արական սեռի 15 տարեկանից բարձր ներկայացուցիչներից գանձել գլխահարկ: Դրա հետևանքով հարկային լուծն առավել ծանրացավ: Գլխահարկը գանձվում էր դրամով, որի սղությունն էլ ավելի վատթարացրեց բնակչության վիճակը: VIII դ. կեսերին արաբները պահանջում էին վճարել նաև մեռածների հարկերը: Նրանք կապարե կնիքներ էին կախում հարկեր վճարողների պարանոցներից: Հոգևորականությունը թեև օրենքով ապահարկ էր, սակայն նույնպես հարկվում էր: Բացի այդ, վանքերն ու եկեղեցիները հաճախ ենթարկվում էին ավազակային հարձակումների ու կողոպուտի: Դրամի պակասը և հարկահանների կեղեքումները շատերին հարկադրում էին թողնել հայրենի տներն ու պատսպարվել դժվարամատույց վայրերում: Շատերն էլ հարկեր վճարելու դիմաց ստիպված էին լինում իրենց վաճառել: Արաբները սեփականել էին երկրի նշանակալից մասը, որի բարեբեր ու արգավանդ դաշտավայրերն ու այգիները, պարարտ մարգագետինները դարձրել էին իրենց անասունների արոտավայրեր, իսկ հայ բնակչությանը հարկադրել հեռանալ առավելապես լեռնային շրջաններ:Ուժեղացան հալածանքները Հայաստանի քաղաքական կյանքում գործուն դեր խաղացած Նախարարական որոշ տոհմերի (Մամիկոնյաններ և Կամսարականներ) նկատմամբ: Ազատագրական պայքարի ընթացքում նրանք խիստ թուլացան և քաղաքական ասպարեզից անհետացան: Հայ նախարարների տիրույթների մի մասին տիրեցին արաբները: Նրանք ստեղծեցին իրենց վարչաքաղաքական միավորները, որոնք կոչվեցին ամիրայություններ: Վերջիններս բախվում էին սկզբում հայկական իշխանությունների, իսկ հետագայում՝ Բագրատունիների թագավորության հետ: Հայաստանում արաբների վերաբնակեցումն ուղեկցվում էր երկրից հայերի արտագաղթով՝ հատկապես դեպի Բյուզանդական կայսրություն: Արաբական դաժան լծի դեմ հայ ժողովուրդը մղում էր անհաշտ պայքար՝ ձգտելով տապալել այն և ապրել ազատ ու անկախ:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started