Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ: 

Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): 

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա: 

Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:

Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց:

X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի, Լամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:

Կիլիկյան Հայաստանը Մեծ իշխանապետության ժամանակաշրջանում

Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն (1080–95 թթ.)  է: Նրա անունով իշխանապետությունը պատմագիտության մեջ կոչվում է Ռուբինյանների: 

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի (1042–45 թթ.) թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ  իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն (1095– 1100 թթ.) սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն: 

Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.), շարունակելով  հոր՝ Կոստանդին Ա-ի` պետության սահմաններն ընդարձակելու քաղաքականությունը, 1104 թ-ին, պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107 թ-ին  Թորոս Ա-ի և Գող Վասիլի զորքերը Բերդուսի մատույցներում ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներին: Թորոս Ա-ն Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք վերածվեցին կրթության և գրչության կենտրոնների: Դրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը: 

Թորոս Ա-ի եղբորը՝ Լևոն Ա-ին (1129–37 թթ.), հաջողվեց գահակալման սկզբին անխախտ պահել երկրի սահմանները: 1132 թ-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Մամեստիա,  Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները: 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները: 

1137 թ-ին Բյուզանդիայի Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժեց Կիլիկիա, գրավեց ողջ Կիլիկիան և գերեվարեց Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին: 1143 թ-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145–69 թթ.) կարողացավ փախչել գերությունից և, եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը, ազատագրեց երկիրը բյուզանդական և սելջուկ-թյուրքական զավթիչներից, վերականգնեց 1137 թ-ից ընդհատված Հայոց պետականությունը: 

1152 թ-ին վերստին Կիլիկիա ներխուժեցին բյուզանդական զորքերը՝ Անդրանիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Հայկական բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնամուն: Լքելով բանակը՝ Կոմնենոսն ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: Բյուզանդական զորքերի հետագա արշավանքները ձախողվեցին, և կայսրը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ: 

Իշխանության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահում էր 30-հզ-անոց բանակ: Նրա գործունեությունը նշանավորվեց Կիլիկիայի հայկական հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականությամբ:

Թորոս Բ-ին հաջորդած Մլեհ իշխանը (1169–75 թթ.) բյուզանդացիներից և խաչակիրներից ազատագրեց երկրի ծովեզրյա շրջաններն ու Տարսոն, Ադանա, Պոմպեապոլիս քաղաքները: 1173 թ-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Սիս (հնում՝ Փլավիոպոլիս), որը դարձավ Կիլիկյան Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը: Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի ավագ որդին՝ Ռուբեն Գ իշխանը (1175–81 թթ.): Վերջինիս գահակից եղբայր Լևոնը 1180-ական թվականներին օտարազգիներից մաքրեց ծովեզերքը՝ Ալեքսանդրետից Սելևկիա, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրի տնտեսական և քաղաքական զարգացման համար:

Արտաքին թշնամիներին հաղթելուց հետո Ռուբեն Գ-ն, փորձելով սանձել անջատամետ որոշ իշխանների, 1182 թ-ին պաշարեց Լամբրոնը՝ Հեթումյան հզոր իշխանության կենտրոնը, սակայն գրավել չկարողացավ: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն խնդրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդից: 1185 թ-ին վերջինս խաբեությամբ Ռուբեն Գ-ին հրավիրեց Անտիոք և ձերբակալեց: Լևոն Բ-ի ջանքերով գերեդարձ Ռուբեն Գ-ն 1187 թ-ին իշխանությունը կամովին հանձնեց նրան: Լևոն Բ-ի իշխանապետության տարիներին (1187–98 թթ.) պետությունը հզորացել է, բարձրացել է նրա միջազգային հեղինակությունը, և նախադրյալներ են ստեղծվել թագավորություն հիմնադրելու համար:

Թագավորության և Ռուբինյան արքայատան հիմնադիրը Լևոն Բ Մեծագործն է (1198–1219 թթ.): 1196 թ-ին խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի զորքերի առաջնորդ Լյուբեցկի Կոնրադ արքեպիսկոպոս ծիրանավորը Հայնրիխ VI կայսեր հանձնարարությամբ Լևոն Բ-ին օծել է Հայոց թագավոր: Լևոն Բ-ի թագադրումը (1198 թ.) դիտվել է որպես քաղաքական մեծ իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Նրա օրոք թագավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովեզերքից հասել Տավրոսի ու Անտիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիայից բացի՝ թագավորության մեջ մտել են Պամփիլիան, Իսավրիան, Լիկանիան, Կադառնիան ու Գերմանիկեն: 

Լևոն Բ-ն Հայոց գահաժառանգ է հռչակել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1219–22 թթ-ին), իսկ մահից առաջ պետության խնամակալներ է կարգել Կոստանդին սպարապետին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին: 1222 թ-ին Զաբելին ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմունդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը, պայմանով, որ  հարգի հայ իշխանների իրավունքները, հայոց հավատն ու սովորույթները: Սակայն Ֆիլիպը հոր սադրանքով չի կատարել խոստումը, որի համար Կոստանդինը 1225 թ-ին ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդինը 1226 թ-ին ավելի քան 60 իշխանների հետ գումարել է խորհրդակցություն, որոշել իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Հայոց թագավոր: Մինչև որդու չափահաս դառնալը ինքն է վարել երկրի գործերը, եղել թագավորության խնամակալ: 

Հեթում Ա-ն (1226–69 թթ.) դարձավ նոր արքայատոհմի` Հեթումյանների հիմնադիրը: Նրա գահակալման ժամանակ մոնղոլ-թաթարները սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորությանը: 

1254 թ-ին Հեթում Ա-ն մեկնել է Կարակորում՝ մոնղոլների մայրաքաղաքը, արքունիքի հետ փոխօգնության պայմանագիր կնքել, որն ամրապնդել է Կիլիկիայի միջազգային հեղինակությունը: 

1256–62 թթ-ին Իկոնիայի սուլթանությունից ազատագրվել են Հերակլեա և Մանիոն սահմանային բերդերը, Կապադովկիայի հարավային շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու դրանց շրջակայքը: 

Նոր վերելք ապրող Եգիպտոսի սուլթանությունը 1266 թ-ին մեծ ուժերով ներխուժել է Կիլիկիա.  Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել ու կողոպտել է Սիսը և այլ քաղաքներ, գերեվարել բազմահազար հայերի: Հեթում Ա-ն, որոշ բերդեր զիջելով Եգիպտոսի սուլթանությանը, 1268 թ-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերությունից ազատել գահաժառանգ Լևոնին: 1269 թ-ին Տարսոն քաղաքում Լևոն Գ-ին օծելով թագավոր (1269–89 թթ.)՝ ծերացած Հեթումը մտել է Դրազարկի վանքը: 

Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին հայոց թագավորությանն արևելքից սպառնացել է Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թյուրքերը, երկրի ներսում սրվել են ավատատիրական երկպառակությունները: 1275 թ-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել ու կողոպտել են մի շարք բնակավայրեր: Սակայն Սիս քաղաքի մոտ հայկական բանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը: Ապա Լևոն Գ-ն հաղթել է  Իկոնիայի սուլթանին և թաթար-մոնղոլական օժանդակ ուժերով արշավել Ասորիք: Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվել են շուրջ 1 տասնամյակ: 1285 թ-ին Լևոն Գ-ն և Եգիպտոսի սուլթանը ստորագրել են 10-ամյա հաշտության պայմանագիր: 1271 թ-ին վերանորոգվել են վենետիկցիների, 1288 թ-ին՝ ջենովացիների հետ կնքված առևտրական պայմանագրերը, հատել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ: Լևոն Գ-ի հովանավորությանն են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ:

Լևոն Գ-ին հաջորդած Հեթում Բ թագավորը (1289–1303 թթ.), հիասթափվելով թուլացած և մահմեդականացած մոնղոլների հետ դաշինքից, դիմել է Հռոմի պապի և Արևմուտքի պետությունների օգնությանը՝ ավելի սրելով մահմեդական հարևանների  թշնամանքը: 1292 թ-ին եգիպտական զորքերը գրավել են Հռոմկլան և գերել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին: Նոր կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցին (1293–1307 թթ.) հարկադրված էր աթոռը տեղափոխել Սիս: Դժգոհ  Հեթում Բ-ի ապաշնորհ քաղաքականությունից՝ նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և բանտարկել Հեթումին: Իսկ 1288 թ-ին գահը նրանից խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը: Օգտվելով երկրում բռնկած գահակալական կռիվներից՝ նույն թվականի գարնանը Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրությունների զորքերն ավերել ու կողոպտել են երկրի արևելյան շրջանները, նվաճել Ջահան գետից հարավ ընկած հողերը՝ Հումուս, Թիլ, Համդուն, Կվայրան, Նողայր, Մարաշ և այլ բերդաքաղաքներ: 1299 թ-ին վերստին գահ բարձրացած Հեթում Բ-ն մոնղոլների օգնությամբ վերագրավել է դրանք: 

1301 թ-ին Հեթում Բ-ն թագավոր է  օծել մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ-ին (1301–08 թթ.), դարձել նրա խնամակալը՝ «թագավորահայրը», և շարունակել լատինամետ քաղաքականությունը:  Արևմուտքի պետություններն օգնության փոխարեն պահանջել են, որ Հայ առաքելական եկեղեցին ընդունի կաթոլիկություն և ենթարկվի Հռոմի պապին: 1307 թ-ին մայրաքաղաք Սսի Սբ Սոփիա մայր տաճարում Լևոն Դ-ն քննել է կաթոլիկ եկեղեցուն միանալու առաջարկը: Թեև արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունել է եկեղեցիների միավորման պահանջը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքարել լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ, որի հետևանքով խախտվել է երկրի հասարակական-քաղաքական միասնությունը: 

Լևոն Դ-ի քայլը դիտելով որպես խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ՝ մոնղոլ զորավար Փիլարղուն Անարզաբա քաղաքում դավադրաբար սպանել է թագավորին և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին: Հայկական զորքերը` Հեթում Բ-ի եղբայրներ Օշինի և Ալինախի գլխավորությամբ, սպանել են Փիլարղուին ու ոչնչացրել նրա ջոկատը, որով փաստորեն վերջ է դրվել հայ-մոնղոլական զինակցությանը: Լևոն Դ-ին հաջորդած Օշին Ա-ն (1308–20 թթ.) Հռոմի պապի պահանջով 1309 թ-ին հրավիրել է նոր ժողով՝ Սսի ժողովի որոշումները վերաքննելու և կենսագործելու հորդորով: Հանդիպելով ազգային ուժերի համառ դիմադրությանը՝ Օշին Ա-ն առժամանակ դադարեցրել է  կրոնական վեճերը: 1316 թ-ին Ադանայում գումարված նոր ժողովում կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը կրկին չի իրականացվել ժողովրդի դիմակայության շնորհիվ: 1318 թ-ին Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի թուրքմեն կարամանները ներխուժել են Կիլիկիա և ասպատակել Տարսոնի շրջակայքը: Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշին պայլի առաջնորդությամբ, զգալի կորուստների գնով հետ են մղել թշնամուն: 

Օշին Ա-ին հաջորդել է նրա 10-ամյա որդի Լևոն Ե-ն (1320–42 թթ.): Սկզբում երկիրը կառավարել են նրա խնամակալ իշխանները, հատկապես Կոռիկոս բերդի տեր Օշին Ա-ն, որը ճնշել է ունիթորների խռովությունը, կանխել Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամանների առաջխաղացումը, դրացիների հետ վարել է խաղաղ գոյակցության քաղաքականություն: 

Սակայն չափահաս դառնալուց հետո Լևոն Ե-ն խաչակրաց նոր արշավանքի  հորդորով դիմել է եվրոպացիներին: Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրի զորքերը  1335  և 1336 թթ-ին վերստին ասպատակել են Կիլիկիան: 1337 թ-ին Լևոն Ե-ն ծանր պայմաններով  հաշտություն է կնքել, որով երկրի հարավարևելյան շրջանները (Սև լեռներից մինչև Ջահան գետ) և Այաս նավահանգստային քաղաքն անցել են Եգիպտոսին, իսկ ինքը պարտավորվել է չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ: 

Լևոն Ե-ի մահով (1342 թ.) ընդհատվել է Ռուբինյան-Հեթումյան տոհմի արական ճյուղը: Ունիթորները հայոց գահը հանձնել են Կիպրոսի Լուսինյանների արքայատան ներկայացուցիչ Գվիդոնին (Կի), որը 1310 թ-ին հոր՝ Ամորի Բ-ի դավադիր սպանությունից հետո 4 եղբայրների և մոր՝ Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) հետ փախել էր Կիլիկիա և ապրել Լևոն Ե-ի արքունիքում: 

1343 թ-ին Գվիդոնը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ վերադարձել է Կիլիկիա և հայկական ծեսով օծվել Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով: Նրա լատինամետ քաղաքականությունը բորբոքել է ժողովրդի դժգոհությունը: 1344 թ-ին հայրենասեր ուժերը` իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ, ապստամբել և Ադանայում սրատել են Կոստանդին Գ-ին ու նրա ֆրանկ պալատականներին: Իշխանների խորհուրդը թագավոր է ընտրել Հեթումյանների ազգական, Նղրի տեր մեծ մարաջախտ Բաղդինի որդի Կոստանդին Դ-ին (1345–63 թթ.): Մահմեդական ամիրությունների հարձակումները պարբերաբար կրկնվել են 1340–50-ական թվականներին: 1360 թ-ին մամլուքները նվաճել են Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն և Ադանա քաղաքներով: 1369 թ-ին Եգիպտոսի 60-հզ-անոց բանակը պաշարել է Սիսը, սակայն,  չկարողանալով գրավել միջնաբերդը, նահանջել է: 

1373 թ-ին ունիթորները դավադրաբար սպանել են Կոստանդին Ե թագավորին և գահը հանձնել Ջիվան Լուսինյանի որդի Լևոն Զ-ին, որն իր լատինամետ քաղաքականությամբ հարուցել էր հայերի և շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը: Եգիպտոսի սուլթան Մելիք-Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375 թ-ի հունվարի 5-ին պաշարել Սիսը: Փետրվարի 24-ին նրանց միացել են Հալեպի ամիրության զորքերը: Հայկական սակավաթիվ ուժերը, ամրանալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս հերոսաբար դիմադրել են թշնամուն: Ապրիլի 22-ին Լևոն Զ-ն հաշտություն է խնդրել և, իր անձի ապահովության երաշխիք ստանալով, բերդը հանձնել թշնամուն: 

Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայոց պետականության կործանում: Ներքին երկպառակությունները և արտաքին հարձակումներն ի վերջո հանգեցրին Կիլիկիայի հայկական պետության կործանմանը:  Լևոն Զ-ն իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվել է Կահիրե: 1382 թ-ի սեպտեմբերին թագավորն ազատվել է գերությունից և մեկնել Եվրոպա:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started