Հայկական քաղաքակրթությունը միջնադարում։ Նախարարական տիրապետությունը Հայաստանում

Մարզպանական Հայաստանը՝ ինքնավար երկիր. Վերաձևելով Արևելյան Հայաստանի սահմանները՝ պարսից արքունիքը նրա տարածքի մեծ մասը վերածեց ինքնավար մարզի կամ մարզպանության: Դրանից հետո պարսիկները որոշ ժամանակ անձեռնմխելի թողեցին հայ նախարարների իրավունքներն ու արտոնությունները: Նրանք էին ղեկավարում հայոց այրուձին, նրանց էին պատկանում երկրի գլխավոր պաշտոնները: Պահպանվել էին նախկին արքունի գործակալությունները, որոնք ժառանգական իրավունքով վարում էին հին իշխանական տոհմերը: Սպարապետությունը պատկանում էր Մամիկոնյաններին, հազարապետությունը՝ Ամատունիներին, մաղխազությունը՝ Խորխոռունիներին: Հոգևորականությունը շարունակում էր վարել դատական գործերը: Եթե մարզպանի պաշտոնում սկզբում նշանակվել էր մի պարսիկ, ապա հետագայում այդ պաշտոնը պարսից արքունիքը հանձնեց Վասակ Սյունուն: Ժամանակակիցներին անգամ թվում էր, թե Արշակունիների գահազրկումից հետո թագավորական իշխանությունը մասամբ անցել է հայ նախարարներին: Սասանյանները միառժամանակ բավարարվում էին միայն հարկերի գանձումով և հաշտվում էին երկրի ինքնավարության հետ: Ստեղծված վիճակը, սակայն, չէր կարող բավարարել պարսից արքունիքին, որը ձգտում էր Հայաստանը դարձնել պարսից տերության նահանգներից մեկը: Հայ նախարարների ու Սասանյանների շահերի հակադրությունը վերջիվերջո հանգեցնելու էր այնպիսի բախման, որը վերաճելու էր զինված ապստամբության:

Արշակունիների անկումից և Հայաստանի քաղաքական մասնատումից հետո եկեղեցին դարձել էր հայ ժողովրդին միավորող միակ կառույցը: Ուստի պարսից արքունիքը ձգտում էր նրա ղեկավարությունը հանձնել իր կամակատարներին: Սասանյան արքան մեծ դժվարությամբ թույլատրեց երկիր վերադառնալ Տիզբոնում պահվող Սահակ Պարթև կաթողիկոսին, սակայն նրա իրավունքներն ամբողջությամբ չվերականգնվեցին: Պարսկական իշխանությունները կաթողիկոսի պաշտոնում այդպես էլ չհաստատեցին Հովսեփ Վայոցձորեցուն, որը Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահից հետո վարում էր կաթողիկոսական աթոռի գործերը: Այսուհանդերձ, Սասանյանները միառժամանակ խուսափում էին բացահայտ կրոնական հալածանքներից: «Աստվածապաշտությունը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր Հայոց աշխարհում»,- գրում է Եղիշե պատմիչը: Իսկ հայ հոգևորականությունը, ինչպես նախկինում, ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելու պարտականությունից:

Հայաստանը ռազմականապես թուլացնելու նպատակով Սասանյանները երկրից հեռացնում էին այրուձին, որն ստիպված էր կռվել օտար երկրներում: Ընդ որում, պարսիկները նրանց ուղարկում էին մարտնչելու ամենավտանգավոր տեղերում, և հայ ռազմիկները մեծ թվով զոհեր էին տալիս: Հայ զորականներին ենթարկում էին զանազան զրկանքերի ու նվազեցնում էին ռազմական ծառայության դիմաց տրվող վարձատրությունը: Միաժամանակ, պարսիկները ձգտում էին հայ զորապետներին կրոնափոխության դրդել՝ նրանց զանազան պարգևներ, պաշտոններ ու կալվածքներ շնորհելով: Եթե պարսից տերության թշնամիների դեմ պատերազմը շարունակվում էր երկար ժամանակով, ապա ռազմական գործողություններին մասնակցող զորամասերը վերադառնում էին հայրենիք, ու նրանց փոխարինում էին նորերը: Այս ամենը հարուցում էր հայ նախարարների ու ազատների խիստ դժգոհությունը: Միևնույն քաղաքականությունը պարսիկները վարում էին նաև հարևան երկրների՝ Վիրքի ու Աղվանքի նկատմամբ: Այսպիսով, Սասանյաններին ենթակա երկրները զրկվում էին տեղական զինուժից և դառնում էին անպաշտպան:

Սասանյանները հանդուրժում էին Հայաստանի ինքնավար վիճակը, քանի դեռ պարսից տերությունը բախվում էր արտաքին քաղաքական դժվարությունների հետ: Նախ՝ խիստ անհանգիստ էր սահմաններում, շարունակվում էին քոչվոր ժողովուրդների ներխուժումներն ու ասպատակությունները: Պարսկական զորքերը երկար ժամանակ խոշորածավալ մարտեր էին վարում տերության հյուսիս-արևելքում, հետ մղելով քուշանների հարձակումները: Այդ կռիվներին մասնակցել է նաև հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Անհանգիստ վիճակ էր տիրում նաև Կովկասյան լեռնաշղթայով անցնող հյուսիսարևմտյան սահմանագծում: Հյուսիսային Կովկասում հաստատված հոների հարձակումներից պաշտպանվելու համար պարսկական իշխանությունները Կասպից ծովի առափնյա մասում, ներկայիս Դերբենդ քաղաքի մոտ, կառուցել էին պաշտպանական ամրություններ, որոնք ստացել էին Հոնաց (Ճորա) պահակ անվանումը: Այստեղ ևս կռվում էին Հայաստանից բերված զորաջոկատները: Արևմուտքում շարունակվում էր դարավոր հակամարտությունը Բյուզանդիայի հետ: Քանի դեռ անապահով էին Սասանյան Պարսկաստանի սահմանները, հայ ժողովուրդն առժամանակ չէր ենթարկվում քաղաքական, տնտեսական ու կրոնական ընդգծված ճնշումների:

Պարսկական քաղաքականության խստացումը. Պարսից արքունիքի քաղաքականությունը կտրուկ փոխվեց նոր թագավոր Հազկերտ Բ-ի (439-457) գահակալության առաջին իսկ տարիներին, երբ պարսկական զորքերը խոշոր հաջողությունների հասան թշնամիների դեմ: Նախ ծանր դրության մեջ ընկած բյուզանդական կայսրը հարկադրված էր հաշտություն խնդրել: 441թ. պայմանագրով Բյուզանդիան պարտավորվեց այլևս չօգնել հայերին: Հազկերտ Բ-ն այնուհետև հաղթեց քուշաններին ու հոներին: Արտաքին թշնամիներին հաղթելուց հետո Հազկերտը վճռական միջոցների դիմեց՝ հպատակ երկրները վերջնականապես ծնկի բերելու համար:

Պարսից արքունիքի հեռահար ծրագրերն առանձնահատուկ եռանդով էին իրականացվում Հայաստանում: Հազկերտի հրահանգով 447թ. Հայաստան ժամանած պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ամեն ինչ անում էր՝ երկրում ուժեղացնելու պարսկական ազդեցությունը: Նրա առաջին գործը եղավ պետական պաշտոններից հայերին հեռացնելը: Հազարապետության պաշտոնը խլվեց Վահան Ամատունուց, մեծ դատավարությունը՝ Հայոց կաթողիկոսից: Այդ պաշտոնները տրվեցին պարսիկների, որը առաջ բերեց հայ իշխանների, ազատների և հոգևորականության խիստ դժգոհությունը:

Շուտով, իբրև թե հարկերը կարգավորելու նպատակով, Դենշապուհը հողերի և բնակչության հաշվառում՝ աշխարհագիր անցկացրեց: Հաշվառվեցին ոչ միայն բոլոր բնակավայրերը, այլև անբնակ գյուղերը, մշակելի ու անմշակ հողերը, մարգագետիններն ու անտառները: Ապա պարսկական արքունիքը սաստիկ ծանրացրեց հարկերն ու տուրքերը: Պարսիկներն իրենք էլ էին զարմանում, թե այդքան մեծ քանակությամբ հարկեր վճարելուց հետո ինչպես էր շեն մնում Հայոց երկիրը: Հարկի տակ դրվեց անգամ հոգևորականությունը:

Ահա թե ինչպես է նկարագրում պատմիչ Եղիշեն պարսիկ պաշտոնյա Դենշապուհի Հայաստանում իրականացրած միջոցառումները.

«Առաջին, եկեղեցու ազատությունը հարկի տակ դրեց:

Երկրորդ, վանքերում բնակված միայնակյաց քրիստոնյաներին է աշխարհագրի տակ գցեց։

Երրորդ, երկրի հարկն ավելացրեց:

Չորրորդ, նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց»։

Այսպիսով, Սասանյանները ծրագրել էին տնտեսապես թուլացնել երկիրը և հարկային լծակի միջոցով բնակչությանը ստիպել ընդունել պարսից կրոնը՝ զրադաշտականությունը կամ կրակապաշտությունը:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started