Հայաստանը Արտաշեսյանների ժամանակաշրջանում․ մաս 2

Հայոց պատմության խոշորագույն գործիչներից է Տիգրան 2-րդ Մեծը՝ Տիգրան 1-ին Արտաշեսյանի որդին։ Նա ծնվել է Ք․ա․ 140 թվականին։ 25 տարեկանում պատանդ տարվելով Պարթևստան՝ այնտեղ նա մնաց 20 տարի և միայն հոր՝ Տիգրան 1-ինի մահից հետո 45 տարեկանում վերադարձավ Հայաստան։ Պարթևական արքունիքում արքայազն Տիգրանն ուներ պատվավոր դիրք։ Ք․ա․ 95 թ․ վերադառնալով Հայաստան՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ վայրում։ Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։

Անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշեսին։ Ծոփքը դեռ անջատ էր մնում Մեծ Հայքից։ Ք․ա․ 94 թ․-ին, Տիգրան 2-րդը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ հայքին։

Տիգրան 2-րդ Մեծի տերությունը

Մեծ Հայքին և Պոնտոսին անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը։ Նույն շահերն ունենալով՝ Տիգրան 2-րդն ու Միհրդատ Պոնտացին Ք․ա․ 94 թ․ դաշինք են կնքում։ Այն ամրապնդվում է Տիգրան 2-րդի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ։ Դաշնագրի համաձայն՝ հայ-պոնտական զորքերը Ք․ա․ 93 թ․ նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր։ Ըստ պայմանավորվածության՝ Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը։ Դա բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից։

Ք․ա․ 87 թ․ Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա։ Նա ջախջախում է պարթևական զորքերը, հասնում Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարում այն։ Պարթևական արքունիքը ոչ միայն Տիգրանին զիջում է իր գրաված տարածքները, այլև նրան շնորհում “Արքայից-Արքա” տիտղոսը։ Պարթևներն ընդունում են նրա գերիշխանությունը։ Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մի տերություն, որի հարավային սահմանը հասնում էր մինչև Պարսից ծոց։

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել՝ հրավիրելով այլ երկրի թագավորի՝ իշխելու իրենց։ Նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային։ Ք․ա․ 84 թ․ մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց 17 տարի։

Տիգրանակերտի կառուցումը

Ք․ա․ 80-ական թթ․ Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի տերության հյուսիսում։ Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքաղաք հռչակել որևէ նվաճված երկրի խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին։ Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։ Դա այն վայրն էր, որտեղ նա թագադրվել էր Ք․ա․ 95 թ․։ Մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն՝ 25 մետր բարձրությամբ պարսպով։ Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ։ Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր Արտաշատը Տիգրանակերտին։ Մայրաքաղաքից բացի՝ Տիգրան Մեծը իր անունով հիմնադրել է ևս վեց բնակավայր։

Տիգրան Մեծը շատ բարձր գնահատականի է արժանացել իր ժամանակակիցների կողմից։ Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը՝ Ցիցերոնը, Սենատում արտասանած իր ճառերում Տիգրանին կոչել է vehemes, լատիներեն՝ վեհագույն։ Դա Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականն էր։ Նրանից քիչ ուշ ապրած հռոմեացի պատմիչ Պատերկուլոսը Տիգրան Մեծին կոչել է “իր ժամանակի հզորագույն թագավոր” և “թագավորներից մեծագույնը”։ Մեկ ուրիշ պատմիչ Տրոգոսի խոսքերով՝ նրան մեծարում էին՝ կոչելով “Աստված”։

Արտավազդ 2-րդի գահակալությունը

Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ 2-րդը (Ք․ա․ 55-34 թթ․)։ Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է։ Ստացել էր հիանալի կրթություն, գրել է ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր։ Ք․ա․ 54 թ․ Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց և դաշինք կնքեց Պարթևստանի արքա Օրոդես 2-րդի հետ։ Ք․ա․ 53 թ․ Կրասոսը սկսեց իր արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց։ Սպանվեց նաև Կրասոսը։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին։ Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ 2-րդի քրոջ ամուսնությամբ։

Շուտով արևելք ժամանեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Հայոց արքան որոշեց Անտոնիոսին տրամադրել օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով։ Անտոնիոսը 100 հազարանոց բանակով Ք․ա․ 36 թ․ սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները կորցրին 44 հազար զինվոր։ Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ 2-րդի վրա։ Ք․ա․ 34 թ․ Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան։ Անտոնիոսը խաբեությամբ ձերբակալեց և Եգիպտոս տարավ Արտավազդ 2-րդին։ Ք․ա․ 31 թ․ Արտավազդ 2-րդը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին։ Իսկ 2 արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ։

Design a site like this with WordPress.com
Get started