Ի՞նչը կարող է ամենաարագը միավորել խմբի՝ իրար գրեթե անծանոթ անդամներին, եթե ոչ խմբակային խաղ-քննարկումներն ու սառույց կոտրող վարժությունները։ Մեր առաջին հանդիպումից հետո արդեն իսկ իրար ծանոթ և միմյանց հետ մտերմացած կազմին այսօր միացան ևս մի քանի հոգի, ովքեր ևս շատ շուտ ինտեգրվեցին մեր հյուրընկալ և աջակցող խմբին։ Եվ իհարկե՝ չեմ կարող թաքցնել այն հպարտության և երջանկության զգացումս, որի պատճառը մեր նախագծի գրանցած սկզբնական արդյունքներն են։ Այն փաստը, որ մարդիկ պատրաստակամ են միանում նախագծին և ընդունում են մարտահրավերը՝ իրենց ներդրումն ունենալ աշխարհի բարեփոխման գործում, արդեն իսկ շատ գովելի է և մեծ ապագա է խոստանում նախագծին։
Առաջին բանը, որ նախատեսված էր՝ անդամներին մտերմացնող խաղերն էին։ Զրույցներ, տարբեր երևույթների մասին փորձի փոխանակում, փաստեր՝ իրենց վերաբերյալ և այս ամենը՝ միմյանց պատմությունները լսելու պատրաստ հետաքրքրասեր կազմով։ Շատ գոհեցնող է այն, որ հավասարապես բոլորն էին ներգրավված այս զրույցներում, կարող էին անվերջ խոսել իրենց նախասիրություններից, յուրահատկություններից, թաքնված տաղանդներից և լինել միմյանց աջակից՝ ինքնաարտահայտման հարցում։
Հենց վերջինս էլ ամենաշատն ենք կարևորում մեր նախագծում։ Խմբի բոլոր անդամները հավասարապես պետք է կարողանան ինքնաարտահայտվել՝ առանց որևէ կաշկանդվածության, վախերի, լարվածության կամ անվստահության։ Մեր յուրաքանչյուր հանդիպման մի մեծ մասն են կազմում այն խաղ-վարժանքները, որոնք օգնում են մարդուն՝ ինքնադրսևորվել և բացահայտել իր մեջ այնպիսի առանձնահատկություններ, որոնց մասին նախկինում չգիտեր։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել որևէ խնդրի, հարցի կամ պատմության շուրջ և ծավալել ակտիվ քննարկում՝ առանց որևէ կաշկանդվածության։
Եվ ահա, աստիճանաբար աշխուժացնելով և միաբանելով խմբի անդամներին, մոտեցանք օրվա կարևորագույն հատվածին՝ կինոդիտմանը։ Եթե հարցնեք ինձ, թե ինչի մասին է այդ ֆիլմը, ես ձեզ հակիրճ կպատասխանեմ, որ այն մի համարձակ աղջկա մասին է, ով դեռ մանկահասակ տարիքից սկսել է իր ակտիվ գործունեությունը՝ ուղղված մոլորակի փրկությանն ու բարելավմանը։ Իր խմբի մյուս անդամների հետ միասին՝ նա շրջագայում է տարբեր վայրեր, իրականացնում տասնյակից ավելի քարոզչություններ և դասախոսություններ։
Բայց արդյո՞ք նա միայնակ է այս աշխարհում, արդյո՞ք դրսում՝ որևէ այլ վայրում, չկա իր նման մտածող և համարձակ ինչ-որ մեկը։ Ինչքանով էլ հանգստացնող է այն փաստը՝ միանշանակ կան այդպիսիք, սփռված աշխարհով մեկ՝ պատրաստ բարձրաձայնելու իրենց ձայնը միջավայրում՝ հանուն հանրային բարեկեցության և միջավայրի բարելավման։
Եվ ամբողջ ֆիլմն է այդ շրջագայության մասին։ Շրջագայություն, որ իրականացնում է մեր գլխավոր հերոսուհին՝ աշխարհի տարբեր ծայրերում որոնելու իր նման համարձակների և բարերարների։
Ուղղակի կասեմ, որ տպավորություններս աննկարագրելի են։ Այդքան խնդիր, այդքան անարդարություն ու հալածանք և այդքան անտեղյա՞կ։ Մի պահ անգամ ես էի մեղավոր զգում, որ անտեղյակ եմ աշխարհի շատ վայրերում ծառացած այս խնդիրներին։ Իհարկե, ֆիլմում արծարծվող շատ թեմաների մասին մեծամասնությունս տեղյակ է․ ռասայական խտրականություն, երեխաների թերուսուցանում, օդի աղտոտում և այս ամենը՝ սեփական շահերի համար։ Բայց ֆիլմում նաև ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, որոնց մասին ես պատկերացնել անգամ չէի կարող։ Այդ ամենը տեսնելուց և լսլելուց հետո ես ինձ շարունակ մի հարց էի տալիս․ “Արդյո՞ք այս ամենը դեռ գոյություն ունի մեր ժամանակներում, չէ՞ որ մեր բոլորիս պատկերացումներում արդեն վաղուց վերացած են այդ խնդիրները։” Բայց արի ու տես, որ սխալ է աշխարհի մասին պատկերացում կազմել՝ դատելով միայն սեփական տեսանկյունից։ Եվ այո՛, ցավոք, բայց ներկայում էլ դեռ այդ խնդիրները խորը արմատացած են մեր մեջ։ Եվ միայն համարձակներն ու փոփոխություններից չվախեցողներն են բռնում մոլորակի փրկության և միջավայրի բարեփոխման ուղին։
Մենք էլ՝ մեր խմբով, այն մարդիկ ենք, ովքեր չվախեցան ընդունել նետված մարտահրավերը, ովքեր խիզախեցին դիմել այդ պատասխանատու ու կարևոր քայլին և իրենց ներդրումն ունենալ աշխարհի՝ այս անհանգստություն պատճառող համակարգի բարեփոխման հարցում։
Բայց արդյո՞ք մենք բոլորս նույն կերտվածքը չենք՝ բանականությամբ և նույն կարողություններով օժտված։ Եթե մենք՝ պատանիներս, խիզախել ենք գնալ այդ ռիսկին, ապա դուք էլ կարող եք, կարող է մեզնից յուրաքանչյուրը, կարող են բոլորը։ Մնում է միայն ունենալ այդ պատրաստակամությունը․․․