Մխիթարյան միաբանություն

Վիեննայի 7-րդ թաղամասի Մխիթարեան փողոցի համար 4 շէնքի դարպասի վրայ մի անսովոր, եպիսկոպոսական խոյրով զարդարուած, քարէ զինանշան է երեւում: Այն զարդարում է Մխիթարեան վանքի գլխաւոր մուտքը: Այստեղ, 200 տարի է, վանականները ծառայում են հայ եկեղեցուն եւ մշակոյթին: Հայոց հաւատքի եւ մշակոյթի պահպանմանը նուիրուած ստեղծագործական աշխատանքը դարձրել է վանքը հայ ոգու կենտրոն, առանց որի հայոց մշակոյթը անհնար է պատկերացնել: Սակայն ինչպէ՛ս եղաւ, որ հենց այստեղ Վիեննայում հայ կաթոլիկ վանականներ սկսեցին ապրել ու գործել ըստ Սուրբ Բենեդիկտոսի կանոնների:

1676թ. ծնուած Մխիթար Սեբաստացին հիմնելով իր Միաբանութիւնը 1701թ. Սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում, չէր էլ պատկերացնում, որ ապագայում հայոց մշակոյթի պատմութեան կարեւորագոյն անձանց թուին է պատկանելու: Շուտով Մխիթարն ու իր եղբայրակիցները լքեցին Օսմանեան Կայսրութիւնը եւ Պելոպոնեսում, այն ժամանակ Վենետիկի իշխանութեան ենթակայ Մեթոն քաղաքում, հայկական վանք հիմնեցին: Դեռ այնտեղ գտնուած ժամանակ նրանք ընդունեցին Սուրբ Բենեդիկտոսի կանոնները: Կղեմէս ԺԱ. Պապը պաշտօնապես հաստատեց նրանց որպէս Բենեդիկտեաններ: Այդ պատճառով օտարները Մխիթարեաններին կոչում են նաեւ հայ Բենեդիկտեաններ: Երբ թուրքերը գրաւեցին Մեթոնը, հայ կրօնաւորները նահանջող վենետիկցիների հետ փախան եւ Վենետիկում Դոժի կողմից մի փոքր կղզի ստացան: Այդ Սուրբ Ղազար կոչուած կղզու վրայ հիմնուած վանքը մինչ օրս Միաբանութեան սեփականութիւնն է:
1773թ.-ին վանականների մի մասն անջատուեց Մայր վանքից եւ հաստատուեց Թրիեստում, որն այդ ժամանակ պատկանում էր Աւստրիական կայսրութեան: 1775թ.-ին Մարիա Թերեզիա կայսրուհու յատուկ արտօնագրով Մխիթարեանները իրաւունք ստացան Թրիեստում վանք ու եկեղեցի կառուցելու, ինչպէս նաեւ տպարան հաստատելու: Երբ 1805թ. ֆրանսիական զօրքը գրաւեց Թրիեստը, Մխիթարեանները որպէս Հաբսբուրգեան կայսրութեան հպատակներ մատնուեցին նիւթական տագնապի եւ 1810թ. Դեկտեմբերին ստիպուած եղան լքել Թրիեստը եւ ապաստան փնտրել կայսերական Վիեննայում:

Ֆրանց Ա. կայսրը 1810թ. Դեկտեմբերի 5-ի պաշտօնական գրութեամբ ընդունում է վանականներին եւ տալիս նրանց իրաւունք ապրել ու գործել իր Կայսրութեան մայրաքաղաք՝ Վիեննայում:
Նրանք 1811թ.-ից ապաստանեցին Սուրբ Ուլրիխ արուարձանի “Am Platzl” հրապարակում գտնուող Կապուչինների լքուած վանքում:
1837թ.-ին սկսուեց նոր վանքի կառուցումը, որի գլխաւոր հատուածը գտնւում է ներկայիս «Մխիթարեան» կոչուած փողոցում: 1874թ.-ին երկու նոր կառուցուած մասերի եւ նորակառոյց եկեղեցու հետ միասին վանքը ստացաւ իր այսօրուայ տեսքը:

Միաբանության սկզբնական գործունեությունը

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է։ Մխիթարյան է կոչվել
Սեբաստացու մահվանից հետո:

Մխիթարյան միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական:
Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն:

Վենետիկի Մխիթարյանների տպարանը հիմնվել է 1789-ին: Առաջին տարում տպարանը լույս է ընծայել Գրիգոր Նարեկացու երկերը՝ «Մատեան ողբերգութեան» և «Մեկնութիւն Երգոց երգոյն Սողովմոնի», ապա՝ Մխիթար Գոշի առակները («Առակք և ոտանաւորք խրատականք», 1790), Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ը (1793), Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք պիտոյից»-ը (1796) ևն:


1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում:

Միաբանության այժմյան գործունեությունը

Մխիթարյանները գործուն մասնակցություն են ունենում հայագիտական միջազգային գիտաժողովներին, սերտորեն համագործակցում Հայաստանի գիտնականների հետ: 1993-ից ՀՀ-ում գործում է «Հայաստանի Մխիթարյան կենտրոնը», որի նպատակն է օժանդակել Հայաստանի և սփյուռքի ազգային –մշակութային և կրթական կյանքին, ավելի սերտացնել հայրենիքի և սփյուռքի գիտնականների համագործակցությունը Ս. Ղազարի ակադեմիայի հետ: Կենտրոնը (2000-ից ղեկավարն է Սերոբ վրդ. Չամուրլյանը) կազմակերպում է դասախոսություններ, հրատարակում գրքեր:

2000թ.-ին, հիմնադրման 300- ամեայ յոբելեանի առիթով եւ անջատումից 227 տարի անց, Վիեննայի եւ Վենետիկի Մխիթարեանները նորից միացան, դառնալով մէկ Միաբանութիւն: Մխիթարյան միաբանությունը, Վենետիկի և Վիեննայի պատմական զույգ ճյուղավորումներով, երկարատև բանակցություններից և քննարկումներից հետո Վենետիկի Ս. Ղազար Մայրավանքում 2000-ի հուլիսի 10–21-ը կազմակերպել է միացյալ ընդհանուր արտակարգ ժողով, որին մասնակից երկու հաստատությունների բոլոր միաբանները որոշել են միավորվել՝ ստեղծելով Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտր. վարչությունով: Վենետիկի Ս. Ղազար Մայրավանքը Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին է, Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը, որը պետք է ունենա տեղական աբբահայր տիտղոսը կրող մի վանահայր: Զույգ միաբանությունների բոլոր առաքելավայրերն ու կենտրոնները կառավարվելու են նորընտիր ընդհանրական աբբահոր և իր Միացյալ վարչական խորհրդի կողմից: Ընդհանուր ժողովի հուլիսի 9-ի նիստում Եղիա ծ. վրդ. Քիլաղպյանն ընտրվել է Մխիթարյան միացյալ միաբանության 15-րդ Ընդհանուր աբբահայր:

2000 թվականին Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։
2002-2004 թվականներին Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:

Design a site like this with WordPress.com
Get started