Անմոռանալի և տպավորիչ այցելություն դեպի սահադաշտ

Կյանքը կա՛մ մի մեծ արկած է, կա՛մ ոչինչ։

Հելեն Քելլեր

Մի պահ պատկերացրեք՝ ինչեր են կատարվում աշխարհում, մինչդեռ Դուք տանը նստած եք՝ հոգնած, անկարող որևէ բան անելու։ Ի՞նչ հաճույքներ եք Դուք բաց թողնում, ինչե՞ր կարող էիք անել, որ չեք արել։ Եկեք ուշադրություն դարձնենք Մարկ Տվենի այս խոսքերին․ “Քսան տարի հետո Դուք ավելի հիասթափվելու եք այն բաներից, որոնք չեք արել, քան նրանցից, որոնք արել եք։” Մի՞թե պատրաստվում եք արհամարհել կյանքի քաղցր պտուղները, այն արկածները, որ կյանքն առաջարկում է Ձեզ և անիմաստ անցկացնել Ձեր երիտասարդությունը։ Կարծում եմ՝ ոչ։ Ժամանակն է նոր բաներ փորձելու, նոր ռիսկերի դիմելու, նոր մարտահրավերներ ընդունելու և նոր բարձունքներ նվաճելու։ Ժամանկն է նոր արկածների։

Այս անգամ երկու ջոկատով՝ ընկեր Գոհարի և ընկեր Անուշի գլխավորությամբ ուղևորվեցինք դեպի Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիր՝ սահադաշտ։ Ասեմ, որ երեխաների մեջ էլ կարող էիր տեսնել այն ոգևորությունը, թեև շատ-շատերս գեղասահքի հմտություններ չունեինք, բայց չէ՞ որ երբեք ուշ չէ նոր բան սովորելու։ Ես ինքս երբևէ չմուշկներով սահած չկայի, բայց ինքս շատ էի սպասում այս այցելությանը։

Ուզում եմ նաև խոսել մի երևույթից, որն ինձ շատ ուրախացրեց ողջ չմշկասահքի ընթացքում։ Այն երեխաները, ովքեր արդեն լավ սահել գիտեին, օգնում էին իրենց ընկերներին և սովորեցնում ճիշտ սահել։ Իսկ հետո նոր սովորածները մյուսներին։ Այդպես՝ ջոկատավարներից մինչև խմբի երեխաներ, բոլորս օգնում էին իրար և պետք է ասեմ՝ սահքի ավարտին մեծամասնությունս լավ տիրապետում էինք չմշկասահքին։

Այսպիսի այցելությունները միշտ ավելի են միավորում, սերտացնում հարաբերությունները խմբերի և դրանց անդամների միջև, ինչպես նաև զարգացնում ջոկատավար-սովորող ընկերական հարաբերությունները։ Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել ջոկատավարներ ընկեր Գոհարին և ընկեր Անուշին․ մարդիկ, ովքեր այդքան երեխայի պատասխանատվություն էին իրենց վրա վերցրել և իհարկե, այս այցելության շնորհիվ բոլորիս ուրախ պահեր պարգևեցին։

Եվ ես կիսում եմ բազում երեխաների ցանկությունը՝ ևս մեկ անգամ այցելել սահադաշտ և կրկին ունենալ անմոռանալի պահեր։ Եվ հուսամ, որ այսպիսի այցելությունները շարունակական կլինեն, ջոկատներն էլ միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնելու միմյանց՝ փորձելով նոր արկածներ։

2 thoughts on “Անմոռանալի և տպավորիչ այցելություն դեպի սահադաշտ”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started