Հետազոտական աշխատանքների բացումը կրթահամալիրում

Կրթության մեծ նպատակը ոչ միայն գիտելիքն է, այլ ամենից առաջ գործողությունը:

Ն.Ի. Մայրոն

Ինչքան ճիշտ են ասված այս խոսքերը։ Իրոք, ի՞նչ արժեք կունենա մարդու գիտելիքը, եթե այն չի կիրառվելու։ Ինչքան նոր դռներ կարող է բացել այն մարդը, ով ունի գիտելիքային պաշար և գիտի՝ ինչպես օգտագործի այն։

Մեր ժամանակներում կրթության գլխավոր նպատակը աշակերտներին սովորել քաջալերելն է։ Բայց արդյոք ինչպե՞ս կարելի է գրավել աշակերտին, եթե կան բազում շեղող հանգամանքներ։ Իհարկե, լուծումներից մեկը երեխային գիտելիքի կիրառման հետաքրքիր մեթոդներին ծանոթացնելն է։ Դրանցից մեկը մեզ այս տարի հայտնի դարձած հետազոտական աշխատանքն է։ Եթե անդրադառնանք դրա սահմանմանը, ապա հետազոտական աշխատանքը գիտական որևէ թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և/կամ գործնական լուծման ակնկալիքով: Սակայն սահմանումն ինքնին չի կարող արտահայտել այն ամենը, ինչ հետազոտությունը տալիս է մարդուն։ Խոսելով դրա ազդեցությունից՝ նախ և առաջ զարգանում է մարդու վերլուծական միտքը, ընդլայնվում պատկերացումները և ինչն ամենակարևորն է՝ աստիճանաբար հանգուցալուծվում են մարդու բեմական խոսքի կոմպլեքսները և հանրային ելույթից առաջացող լարվածությունը։

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ հետազոտական աշխատանքների պաշտպանության բացումը և մեծ լսարանի առջև ելույթ ունեցան առաջին երկու սովորողները։ Առաջինը լինելը միշտ իրենից պահանջում է մեծ պատասխանատվություն և ակնկալում խիզախություն։ Ոչ բոլորը կարող են ստանձնել այդ պարտականությունը և այդպիսի ծավալուն աշխատանքը ներկայացնել կրթահամալիրում առաջինը։ Եվ երկու սովորողներ այսօր ընդունեցին մարտահրավերը ու հետաքրքրված լսարանին ներկայացվեց երկու տարբեր ժանրերի, բայցևայնպես մեկական ուշագրավ, հետաքրքրաշարժ, յուրօրինակ և ինչու՞ չէ, նաև գլուխգործոց աշխատանքներ։ Բուն լսարանից բացի, սրահում ունեինք դերասան հյուրեր, ռեժիսորներ, թատրոնից հյուրեր և շրջանավարտներ, ովքեր վերջում շատ տպավորված և մեծ հույզերով լքեցին դահլիճը։

Առաջին հետազոտական աշխատանքը պաշտպանելու էր 11-րդ դասարանցի Արթուր Պետրոսյանը, ով տարիներ շարունակ հետաքրքրված է դերասանական արվեստով, հաճախել է տարբեր թատրոններ և մասնակցել դրանց գործունեությանը, մոտ մեկ տարի է ղեկավարում է կրթահամալիրում ինքնավար գործող թատերական ակումբը։ Այս ամենից հետո, բնական է, որ աշխատանքը պետք է նվիրված լիներ թատրոնին, դրա դերին, ազդեցությանը, ժամանակակից թատերական աշխարհին և այլընտրանքային թատրոններին։ Իսկ աշխատանքը ղեկավարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոֆյա Այվազյանը։ Պետք է նշեմ, որ Արթուրը լավագույնս անդրադարձավ կետերին և աշխատանքի կարևոր բաղադրիչներին, ներկայացրեց թատրոնը՝ որպես հին ժամանակներից մեզ հասած արվեստ։ Արվեստ, որ մեր օրերում էլ շարունակում է զարգանալ, անցնել նոր մակարդակի և արվեստասերներին զարմացնել իր նորամուծություններով։ Բավականին հետաքրքիր թեմա էր ընտրել, քանզի ես ինքս սեր ունեմ թատրոնի հետ, առավելապես սցենարիստի աշխատանքի և շատ հաճելի էր նման վերլուծությունը լսել արդեն հետազոտության ձևով՝ տարիներ դրանով հետաքրքրված մարդու կողմից։ Հիմնական մասը լավագույնս ներկայացնելուց հետո, Արթուրը մենախոսական համար ներկայացրեց, որի հիմքը Դերենիկ Դեմիրճյանի “Հայը” ստեղծագործությունն էր։ Ինչպիսի բուռն և ազդեցիկ արտահայտություններով է բնութագրում Դեմիրճյանը հայ մարդուն։ Ինչպիսի ճշգրիտ և դիպուկ բնութագիր է նա տալիս հայի մասին, որը մինչ օրս կարող ենք տեսնել մեր կենցաղում, առօրյայում և շփման մեջ։ Եվ ինչպիսի տաղանդով ու եռանդով էր ներկայացնում այդ հատվածը Արթուրը։

Ուրախ եմ նշել, որ ես նույնպես մասնակցություն եմ ունեցել նրա հետազոտական աշխատանքին։ Վերջում, Արթուրը նախատեսել էր լսարանին ներկայացնել Հակոբ Պարոնյանի “Ազգային ջոջերը” ստեղծագործությունից մի հատված, որը պետք է արվեր արևմտահայերենով։ Որպես արևմտահայ՝ ես այդ փոքրիկ դրվագում ստանձնեցի Փունջի դերը և մնացածի հետ միասին, ելույթ ունեցա արևմտահայերենով։ Ինչքան հաճելի է տեսնել, որ արևելահայ երեխաները ունակ են փորձելու և խոսելու արևմտահայերենով։ Ուրախ եմ, որ հայերենի երկրորդ ճյուղը անմասն չի մնացել ներկայացումից։

Աշխատանքի ավարտից հետո լսեցինք մի շարք կարծիքներ՝ հյուրերի, դասավանդողների և Տիար Բլեյանի կողմից։ Եվ արդեն հնչեցված մեկնաբանություններից ու կարծիքներից կարելի էր հասկանալ, որ Արթուրն իր գործը լավագույնս կատարել էր։

Հաջորդիվ ելույթ ունեցավ 12-րդ դասարանցի Գոհար Մարգարյանը, ով ընտրել էր ոչ պակաս հետաքրքիր թեմա և լսարանին ներկայացրեց Ալբեր Քամյուի “Անկում” և “Օտարը” վեպերի մանրամասն վերլուծությունները։ Հետազոտության թեման առաջարկել էր հենց ինքը՝ Գոհարը, իսկ աշխատանքը ղեկավարում էր հայոց լեզվի և գրականության դասավանդող Անուշ Ներսիսյանը։ Առաջին հետազոտությունից հետո երկրորդը պետք է նույն էմոցիաները հաղորդեր լսարանին, որպեսզի չկոտրեր թափը։ Եվ պետք է ասեմ, որ Գոհարի մոտ դա լավագույնս ստացվեց և նրա ներկայացրած նյութը ոչ պակաս ուշագրավ էր և ականջահաճո։ Այդպիսի մանրակրկտորեն անդրադառնալ էքզիստենցիալ գրականության առանձնահատկություններին և այդպես վարպետորեն ներկայացնել Քամյուի գրականությունը։ Շատ գնահատելի է այն, որ ավարտական քննությունների այս շրջանում, Գոհարը կարողացել է նմանատիպ ծավալուն հետազոտության վրա աշխատել և լսարանի դատին հանձնել Քամյուի էքզիստենցիոնալ բնույթի այդ երկու հրաշալի ստեղծագործությունները։ Նա վերցրել է գրականությունն ու փիլիսոփայությունը և այդ երկուսի միավորումը ներկայացրել հոգեբանական վերլուծության տեսանկյունից՝ որպես էքզիստենցիալիզմի հիմք, դրան կապելով մարդու վարքագծի ուսումնասիրության հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Իհարկե շատ հետաքրքիր էր լսել վերլուծությունն այս տեսանկյունից, երբ միավորվում է գրականությունն ու փիլիսոփայությունը և մի տեղում հատվելով՝ դառնում նույն ինքը՝ էքզիստենցիալիզմը։

Ելույթից հետո մի շարք տարակարծիք մեկնաբանություններ և քննադատություններ հնչեցին՝ անդրադառնալով առավելապես խնդրի փիլիսոփայական կողմին և քննարկելով դրա դերը տվյալ հետազոտության մեջ։ Հնչեցին նաև պարզաբանումներ, ամփոփումներ հետազոտության ղեկավարի, գրախոսի կողմից, որոնք նույնպես հետաքրքիր էին լսարանի համար։

Այսպիսով՝ հետազոտական աշխատանքների պաշտպանության մեկնարկը տրված է։ Առաջին երկու աշխատաքների մասին արդեն անիմաստ է խոսել, քանզի արդեն գիտենք, թե դրանք ինչպիսի տպավորություն գործեցին լսարանի վրա։ Մեզ մնում է հաջորդիվ պահպանել նույն թափը, ամեն ջանք թափել ապագայում նույնչափ հետաքրքիր և ուշագրավ թեմաների շուրջ հետազոտություն ծավալելու և լավագույնս դրանք ներկայացնելու։ Ես վստահ եմ, որ մի քանի տարուց այս ամենն ուղղակի ուսումնական ընթացքի անբաժանելի մաս կդառնա, վստահ եմ, որ երեխաներն այնքան կմասնագիտանան հետազոտման գործում, որ ինքնըստինքյան գիտությունից կորսան ավելին, կբացահայտեն նոր դեպքեր, ի ցույց կհանեն նոր եղելություններ և միգուցեև այդպիսով ստեղծեն գիտական նոր վարկածներ։ Ինչպես ասում են՝ անհնարին ոչինչ չկա, պետք է միայն քո առջև դնես նպատակ և բնավ չվախենաս այն իրականացնելու ռիսկերից։

Տեսանյութերի ցանկ

Հետազոտական աշխատանքների բացումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Հետազոտական աշխատանք-Արթուր Պետրոսյան

Հետազոտական աշխատանք-Արթուր Պետրոսյան, կարծիքներ մաս 1

Հետազոտական աշխատանք-Արթուր Պետրոսյան, կարծիքներ մաս 2

Հետազոտական աշխատանք-Արթուր Պետրոսյան, կարծիքներ մաս 3

Արթուր Պետրոսյան-Հայը մաս 1

Արթուր Պետրոսյան-Հայը մաս 2

Սարի աղջիկ կատարումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Հետազոտական աշխատանք-Գոհար Մարգարյան մաս 1

Հետազոտական աշխատանք-Գոհար Մարգարյան մաս 2

Հետազոտական աշխատանք-Գոհար Մարգարյան, մեկնաբանություններ մաս 1

Հետազոտական աշխատանք-Գոհար Մարգարյան, մեկնաբանություններ մաս 2

Հետազոտական աշխատանքների ամփոփում, Մխիթար Սեբաատացի կրթահամալիր

Հարցազրույց կրթահամալիրի տնօրենի հետ՝ հետազոտական աշխատանքների վերաբերյալ։

Design a site like this with WordPress.com
Get started