Գեղատեսիլ Հայաստան․ Մեծամոր

Մարդն առանց իր անցյալի պատմության, ծագման ու մշակույթի իմացության նման է առանց արմատների ծառի։

Մարկուս Գարվի

Եվ իրոք, ինչպե՞ս կարող է մարդ իր նախնյաց ժառանգորդը լինել՝ առանց իմանալու իր ծագումն ու մշակույթը։ Շատերը կասեն, որ պատմությունն ու մշակույթը զուտ թղթին կամ որևէ իրին հանձնված մտքեր ու պատկերներ են, որ անհրաժեշտություն չկա դրանք իմանալու։ Բայց չէ՞ որ հենց դրանք են պայմանավորում ու պահպանում ազգի ինքնությունը, չէ՞ որ դրանով է ժողովուրդը ազգ համարվում և դրանցով է բնորոշվում։ Եվ այս ամենը հասկանալով՝ չծանոթանալ քո ազգային արժեքների հետ, անընդունելի է։

Այս անգամ խմբով ուղևորվել էինք Տարոնիկ գյուղից ոչ հեռու գտնվող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Պատմական վայրում կառուցված մի շինություն, որտեղ պահպանվում են դեռևս կես դար առաջ պեղված և գտնված եզակի մշակութային արժեքներ՝ տեղի ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերից մինչև հնագույն արհեստների և ծեսերի բաղադրիչներ։

Յուրաքանչյուր իր, որը պահվում է թանգարանում, ունի իր բազմադարյա պատմությունը։ Շինությունը կարծես մի ամբողջ պատմություն է պահում իր ներսում՝ վաղ բրոնզի դարից մինչև ուշ-միջնադարյան ժամանակներ։ Եվ նայելով այդ ամենին՝ զարմանում ես, թե ինչպիսի նրբագեղությամբ և որակով է պատրաստված այս կամ այն իրը այն ժամանակների համեմատ։ Այցելության ընթացքում տեղեկացանք հնամյա կարգերին ու կենցաղին, իմացանք ժամանակի ապրելաձևի ու դրա մաս կազմող կարևոր բաղադրիչների մասին․ մարդկանց զբաղմունքի, նախասիրությունների, ոճի և անցուդարձի մասին։ Տեսանք մի շարք ձեռագործ աշխատանքներ, որոնք փաստում են մեր նախնիների հնարամտությունն ու աշխատասիրությունը։

Ճանապարհին այցելեցինք նաև պատմական Զվարթնոցի տաճար և հարակից թանգարան։ Թեև այդ հսկայական կառույցից կանգուն են մնացել միայն սյուները, միևնույն է՝ շատ հաճելի և դուրեկան էր տեսնել այդ պատկերը․ դիմացդ խոյացող վեհ սյուները երկնքի կապույտի մեջ, հսկա բեկորներն ու տաճարը բոլորող վիթխարի աստիճանները։ Իսկ թանգարանն արդեն մեկ այլ գեղեցկություն էր։ Այն ուղղակի լեցուն էր այդ պատմական և չավերված խաչքարերով, բեկորներով և տաճաչի մասը կազմած տարբեր իրերով։ Ապշեցուցիչ էր տեսնել այդ երբեմնի հսկա, ահեղ տաճարը՝ վերածված սյուների և բեկորների այդ ամբողջության։

Եվ ահա՝ արդեն վերադարձի ճանապարհին, ինքս իմ մեջ ուրախ էի, որ այցելությունը ավելի քան ստացված էր։ Ձեռք բերած տեղեկություններս ու հուշերս միշտ կպահվեն հիշողությանս մեջ որպես գեղեցիկ և հետաքրքիր օրվա մի մաս։ Եվ հուսամ՝ ապագայում ևս կլինեն նմանատիպ ուսուցողական-ճանաչողական ու հետաքրքիր այցելություններ, քանի որ հենց այսպիսի ուղևորություններն են, որ մարդուն ճանաչել են տալիս իր ազգային արժեքն ու ինքնությունը, և այդ ամենն անում են՝ պարգևելով վառ հիշողություններ։

One thought on “Գեղատեսիլ Հայաստան․ Մեծամոր”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started