Գեղատեսիլ Հայաստան։ Մեղրի

Բացահայտելով բնության հրաշալիքները, գնահատելով գեղեցիկն ու արժևորելով կյանքը, բացահայտում և արժևորում ես ինքդ քեզ։

Արի Ագոփ

Լինելով ակտիվ ճանապարհորդ և տարիներով ուսումնասիրելով Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրերն ու բազմատեսակ պատմամշակութային արժեքները, հիանալով գեղատեսիլ բնության կախարդական գեղեցկությամբ և չքնաղ բնածին հրաշալիքներով՝ դեռևս կար մի շրջան, որը մինչ օրս դուրս էր իմ ճամփորդական քարտեզից։ Եվ վերջին շրջանում այն հարցին, թե Հայաստանի ո՞ր շրջանը հատկապես կուզեի բացահայտել, պատասխանս մեկն էր․ երկրի հարավը։ Ավելի կոնկրետ երկրի հարավում գտնվող երեք չքնաղագեղ ու տեսարժան շրջանները․ Մեղրի, Գորիս և Կապան։

Այո, չնայած այն հանգամանքին, որ տարիներով ճամփորդել և բացահայտել եմ հայաստանյան գրեթե ամեն մի շրջան, այս երեքը մշտապես եղել էին իմ ամենացանկալիները առաջիկա ճամփորդական ցանկում։ Հաճախ էի լսում Մեղրիի բազմաթիվ պատմամշակութային կոթողների մասին, Գորիսի աննկարագրելի շքեղ բնության և անբացատրելի բնական կերտվածքի անհավատալի նկարագրությունները և այդ ամենը նախադրյալ հանդիսացան, որպեսզի գնամ և ինքս բացահայտեմ այդ հարուստ և էներգիայով լի վայրերը։

Եվ վերջապես՝ ի ուրախություն ինձ, տեղեկացա, որ մոտ օրերես կազմակերպվում է նման մի ճամփորդություն դեպի երկրի չքնաղագեղ հարավը։ Նախքան ճամփորդությունը ծրագիրն ու երթուղին կարդալիս փոքր-ինչ չէի հավատում, որ հնարավոր էր այդքան այցելություն և շրջայց կազմակերպել ընդամենը մի քանի օրում, այնուամենայնիվ այն, ինչ ինձ ի սկզբանե գրավեց, դա յուրաքանչյուր օրվա խիտ ծրագիրն էր և գեղատեսիլ վայրերի, բազմաթիվ պատմական կոթողների այցելությունների շարքը։ Ինձ նման ակտիվ ճամփորդող և արկածախնդիր սովորողների մի մեծ խմբով էլ շուտով ուղևորվեցինք անմոռանալի մի ճանապարհորդության և իրավամբ այն եզակիներից մեկը, որն ինձ մոտ տպավորվել է և մշտապես կտպավորվի իր ամեն մի բաղադրիչով, առանձնահատուկ այցելություններով, ընկերական անմոռանալի ժամանցով և բազում-բազում ճամփորդական արկածներով։ Սա իրոք մի ճամփորդություն էր, որ լիարժեք ստացված էր թե՛ այցելությունների մասով, թե՛ ունեցած պավորություններով, և թե՛ ընկերական անգնահատելի ու անփոխարինելի ժամանցով։ Եվ հիմա, երբ հետադարձ հայացքով հիշում եմ այդ ամենը, կարծես ոչ թե չորս, այլ մի ամբողջ հավերժություն եմ եղել այդ հրաշք վայրերում, այդ աժդահա սարերի միջին, վեհաշուք լեռների և գողտրիկ բնության ստեղծած այդ սարյանական համայնապատկեր հիշեցնող համադրության մեջ, իրանական ոճով և հայկական պատմությամբ ողողված այդ հին թաղամասերում ու եկեղեցական սուրբ շինություններում։ Դժվար է մի պատումի մեջ համատեղել թե՛ ապրածս զգացումները, թե՛ ունեցածս տպավորությունները, և թե՛ կերտածս անմոռանալի հիշողությունները, սակայն ընթերցողիս համար հնարավորինս կփորձեմ անդրադառնալ իմ ապրումներին, հույզերին և այն արկածներին, որոնք ինձ մշտապես ուղեկցել են ողջ ճամփորդության ընթացքում։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started