Պարագաներ

Առաջադրանք. գտիր պարագաները, որոշիր տեսակները.

  • Արձագանքը գալիս է բարձր սարից (տեղի) և դեռ յոթ անգամ (չափի) պիտի դրնգա։
  • Նա ընդհատեց իր երգը և միամիտ պարզությամբ (ձևի) պատասխանեց իմ հարցին։
  • Լուսադեմին քարանձավի մարդիկ մեկ-մեկ (ձևի) ցրվում էին։
  • Ես նորից (ձևի) եմ թերթում իմ տետրը։
  • Այն կինը ծովափին (տեղի) խոստումի բառեր ասաց։
  • Լևոնը կանգնեց դռան առաջ (տեղի), ձեռքը տարավ գրպանը, շոշափեց բանալին, որ գրպանում (տեղի) տաքացել էր։
  • Նա կտուրների վրա ջինջ ձայնով այլևս (ժամանակի) չի երգում։
  • Եվ այս հանդիմանությունից (պատճառի) հետո Լուսինեն լռեց։
  • Այդ րոպեին (ժամանակի) Լևոնը հանկարծ (ձևի) շրջվեց պատուհանի կողմը։
  • Ձին կայտառ (ձևի) վրնջում է, խաղացնում ականջները։
  • Դուք վառում եք կավե ճրագները և կռացած (ձևի) ներս մտնում։
  • Խոտը բարձրանում էր մինչև կովի կուրծքը (տեղի)։
  • Բանալին պտտվեց երկու անգամ (չափի), և ապակյա դուռը բացվեց։
  • Անցորդը շտապում էր՝ փոքրիկ դռնակներից մեկը բախելու (տեղի)։
  • Տնօրենը հաստատել է այդ ծրագիրը և հանձնել մեր բաժնին՝ կատարելու(նպատակի)։
  • Պատերազմի դեպքում (ժամանակի) քաղաքական համաձայնագրերը սառեցվում են։
  • Դրական արձագանքի (պայմանի) պարագայում նախագիծը դառնում էր օրենք։
  • Հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից (պատճառի)։
  • Շատ գյուղեր (տեղի) տրակտոր տանել չէր լինում ճանապարհ չլինելու պատճառով։

Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու անբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշույնը բռնած, մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքին ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started