Ամրապնդելով հայ-վրացական հանրակրթական կամուրջները․․․Հյուրընկալություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Միասին հավաքվելը սկիզբն է, միասին մնալը՝ առաջընթաց, իսկ միասին աշխատելը՝ հաջողություն:

Հենրի Ֆորդ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կրթական կյանքի զարգացմանն ու բարգավաճմանը զուգընթաց կարևորվում են ոչ միայն կրթական բաց, ազատ միջավայրը, այլընտրանքային ուսուցումն ու արտադասարանային նախագծերը, այլև տարիներով կառուցված, ընդլայնված և ամրապնդվող հանրակրթական-բարեկամական կամորջները։

Այդպիսով կրթահամալիրը նախ և առաջ տարածում է իր գաղափարներն ու կիսվում ուսուցման մեթոդիկայով, այնուհետև իր արտակրթահամալիրյան բարեկամներին մշտապես հյուրընկալում, ծանոթացնում և համագործակցում տարբեր կրթական նախագծերի շուրջ։ Այսպիսով՝ տարիների ընթացքում կառուցված հանրակրթական համագործակցային կամուրջները կրթահամալիրի զենքն են։

Այդպիսի մի կարևոր բարեկամական շղթա դեռևս 15 տարի առաջ ստեղծվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Թբիլիսիի Սայաթ Նովայի անվան համար 98 դպրոցի, իսկ այժմ արդեն՝ վրաց-հրեական դպրոց «Օր Ավներ»-ի միջև՝ ի դեմս տնօրեն Գիորգի Մոմցելիձեի։ Համագործակցային կամուրջների շնորհիվ տարիներ շարունակ երկու դպրոցները հյուրընկալվել և հյուրընկալել են հայ և վրաց սովորողների, մշակութային ներկայացուցիչների, ծանոթացել են միմյանց պատմությանն ու մշակութային վառ բաղադրիչներին։ Եվ ահա այսօր՝ ավելի քան 15 տարի անց, կրթահամալիրը մեծ շուքով է նշում հայ-վրացական բազմամյա բարեկամությունն ու համագործակցային ամուր կապերը։

Փետրվարի 1-ը կրթահամալիրում իսկական տոն էր։ Օրվա մեկնարկը մեծ շուքով տրվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով, որի ընթացքում հնչեցվեցին Հայաստանի և Վրաստանի հիմները, հայ-վրացական գրականության գոհարներն ու մշակութային հանճարները, այդ թվում՝ ազդարարվեց վրացահայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեկնարկվող Փարաջանովյան օրերի մուտքը։ Պարապմունքի ընթացքում ողջունեցինք մեր վրացի հյուրերին՝ տնօրեն Գիորգի Մոմցելիձեին, ինչպես նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդրե Գոգոլաձեին և դեսպանի խորհրդական Գիորգի Փիփիային։

Սա իրավամբ շատ կարևոր օր էր մեզ համար, քանզի մենք ոչ միայն նշանավորում էինք երկու դպրոցների բարեկամական կապերը, այլև սա սպասվելիք հայ-վրացական կապերի բազմածավալ ընդլայնման ու տարածման գլխավոր նախադրյալներից էր․ սկիզբը մի նոր բարեկամության և հանրակրթական կարևոր կամրջի։

Ընդհանուր պարապմունքից հետո մեր հյուրերին սպասվում էր շրջայց՝ ողջ կրթահամալիրով ու դրա լաբորատորիաներով՝ ներկայացնելու կրթահամալիրի և՛ կրթական հնարավորությունները, և՛ ստեղծած նպաստավոր, առաջադեմ պայմանները։ Իսկ շրջայցին մեր վրաց հյուրերի կողքին նրանց ուղեկցում էին կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը, տնօրեն Սուսան Մարկոսյանը, Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը, Միջին դպրոցի ղեկավար Լուսինե Բուշն ու վրացերենի սովորողների խումբը՝ դասավանդող Ռինա Շագինյանի ուղեկցմամբ, ում դերը նույնպես շատ մեծ է այս ամուր կապերի ստեղծման ու ամրապնդման գործում։

Շրջայցը սկսվեց մի բաղադրիչով, ինչն իրոք ցույց է տալիս, որ կրթահամալիրը սովորողներին տալիս է ստեղծագործական, երևակայության և գործելու լիակատար ազատություն։ Եթե սեբաստացին ուզում է արտահայտել իրենց ստեղծագործական հաճույքն ու տաղանդը, ապա այստեղ նրա համար ոչ մի խոչընդոտ չկա։ Պետք է միայն ցանկություն և առաջ մղվելու ձգտում։ Կրթահամալիրի պատերից մեկը հատկացվել էր միջին դպրոցի սովորողների մի խմբի, ովքեր այնտեղ ստեղծագործում էին, նկարում և իրենց վառ մտքի պատկերներն արտաբերում այդ պատի վրա։

Սեբաստացիում դու ամեն մի անկյունում մի արվեստի գործ կտեսնես․ քանդակից մինչ նկարներ ու պատին նկարված բազմաժանր պատկերներ։ Դրանցից մեկն էլ հանրահայտ Մխիթար Սեբաստացու կիսանդրին է, որը տեղ է գտել կրթահամալիրի Մայր դպրոցում և արդեն տասնամյակներ շարունակ ջերմ ողջույններով է դիմավորում Մայր դպրոց մուտք գործող սովորողներին, դասավանդողներին ու հյուրերին։

Շարժվելով միջին դպրոց՝ հյուրերը գնացին ծանոթանալու մեր ուսումնական-բնագիտական լաբորատորիաներին, որոնք նույնպես ստեղծվել են՝ սեբաստացիների կրթությունն ու ուսումնառությունն ավելի հարմար և բարենպաստ դարձնելու նպատակով։ Խումբը եղավ քիմիայի, ֆիզիկայի ու բնագիտության լաբորատորիաներում։ Կրթահամալիրում կյանքը եռում էր, սովորողներն ընդգրկված էին գործնական աշխատանքների, լաբորատոր փորձերի ու պատկերավոր ուսուցման հետաքրքիր գործընթացի մեջ։ Շատերն ինքնակրթվում էին, օգնում ընկերներին։ Կրթահամալիրում ամեն մի օրն է այսպիսի ջերմությամբ անցնում․ այստեղ ամեն ինչ հոգեհարազատ է և այստեղ դու իսկապես տանն ես։

Շուտով մեր հյուրերը մուտք գործեցին Մայր դպրոցի ամենասիրելի վայրերից մեկը՝ Փոքր դահլիճ և երաժշտական ստուդիա։ Փոքր դահլիճում մշտապես արվեստն ու կրթությունը համագործակցում են իրար հետ, այնտեղ շուրջ տարին կարող ես վայելել սովորողների տարբեր խմբերի, մեծ ու փոքր տարիքի երեխաների թատերական ելույթներն ու բեմական հանդեսները։ Իսկ դե կրթական մի շարք ներկայացումներ, նախագծեր և քննարկումներ տեղի են ունենում հենց այստեղ՝ այս փոքրիկ, բայց հարուստ ներաշխարհով դահլիճում։ Դահլիճից այն կողմ երաժշտական ստուդիան է, որտեղ կրթահամալիրի շրջանավարտ Էմիլ Զաքարյանը մշտապես ապահովում է երաժշտությամբ հետաքրքրվող սովորողների մղումները այդ ոլորտ, օգնում նրանց գտնել իրենց հոգեհարազատ ոլորտն ու զբաղվածությունը։

Շարժվելով առաջ՝ ականատես եղանք կրթական կյանքի մեկ այլ բուռն ու ակտիվ դրսևորման, այս անգամ արդեն մարմնամարզական սրահներում։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հավասարապես կարևորվում են և՛ ակադեմիական կրթությունը, և՛ ֆիզիկական կուլտուրան, ուստի այստեղ կան այն բոլոր ուղղություններն ու սպորտի բնագավառները, որոնք առաջատար են ներկայումս և որոնցով կարող է հետաքրքրված լինել սեբաստացի սովորողը։ Մեր հյուրերը տեսան, թե սովորողներն ինչ հետարքրասիրությամբ ու ակտիվությամբ են տրված այն սպորտին, այն բնագավառին, որն ընտրել են՝ որպես նախասիրություն, կամ որպես ապագա մասնագիտացման դաշտ։

Կրթահամալիրում բազում առավելություններից մեկն այն է, որ սեբաստացիներն ունեն այդ հնարավորությունը անցնելու մասնագիտական կողմնորոշում և դեռ այս տարիքից ընտրելու իրենց ապագա ուղղվածությանը հարող առարկաներ և կրթական ակումբներ։ Իսկ կրթահամալիրը ստեղծում է նրա համար հնարավորություններ, հարմարավետ պայմաններ, որ սովորողն ինքը ուզի զբաղվել ինքնակրթությամբ, ինքնուրույն պրպտի ու գտնի իր համար հնարավորություններ և զարգացման ծրագրեր։ Բազում օրինակներից մեկը կրթահամալիրում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցումն է և ՏՏ լաբորատորիան՝ իր ակումբային դասընթացներով։ ՏՏ ոլորտի ուսուցումը մեր դպրոցում բավականին զարգացած է և առաջատար, իսկ ոլորտի սովորողներն անընդհատ փորձարկում են իրենց գիտելիքներն ու փորձը՝ կրթահամալիրի մի շարք նախագծերում և աշխատանքներում։ Այստեղ էլ ահա գործում է փոխադարձության արժեքը, երբ կրթահամալրը օգնում է սովորողներին ձեռք բերել գիտելիքային բազա, իսկ սովորողներն իրենց հերթին վաստակած գիտելիքով օգնում են կրթահամալիրին մի շարք հարցերով և գործերով։

Կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանն իր խոսքում նշեց, թե ինչպիսի մեծ խոչընդոտի է առաջ եկել շենքային կառույցի հարցերում։ Այցելելով կրթահամալիր՝ դուք կզարմանաք վերջինիս ազատ, բաց միջավայրից, երբ միջանցքներն այնքան ազատ են, որ սովորողներն ազատորեն շրջում են դպրոցում, խմբերով ազատ ման գալիս, առանց որևէ խցանումների կամ հրմշտոցի, որոնք բնորոշ են շատ այլ նեղ միջանցքներով դպրոցների։ Այդ ամենը եղել է հենց ի շնորհիվ Աշոտ Բլեյանի, ով այդ ժամանակ իր վրա վերցնելով մեծ պատասխանատվություն, ազատում է սեբաստացիական միջանցքները փակ, խոչընդոտ հանդիսացող դասասենյակներից, փոխարենը վեր հանելով հարմարավետ, ամբողջությամբ ապակիներով պատված դասասենյակներ, երբ դու սրահի մի ծայրից կարող ես տեսնել, թե ինչ է կատարվում մյուս ծայրի սենյակներում։ Դա, ենթագիտակցորեն, ազատության զգացումով ու գիտակցմամբ է տոգորում սեբաստացուն, մի շատ կարևոր բան կրթության կազմակերման գործում։

Մեկ այլ բան, որ բավականին կարևոր է և շատ մեծ տեղ է զբաղեցնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, դա սովորող-սովորեցնող նախագիծն է։ Եվս մեկ դրսևորումը մեր կրթական բուռն կյանքի, որտեղ ոչ միայն գնահատվում է դասավանդողի ունեցած փորձը, այլև սովորողի ձեռք բերած գիտելիքը։ Ուստի մեր կրթահամալիրում տարիներով եղել է այդ սովորող-դասավանդող-սովորեցնող մշտական կապը, որը և՛ արդիական է, և՛ մշտապես թարմացվող, և՛ անհրաժեշտություն մեր ժամանակներում։

Հաջորդիվ մեր հյուրերի հետ ունեցանք փոքրիկ ընդմիջում՝ Ավագ դպրոցի խոհանոց-ակումբում, որտեղ մեր հյուրերը համտեսեցին սեբաստացի սովորողների ձեռքով պատրաստված քաղցրեղենն ու թխվածքները և գինեգործության ակումբի սովորողների խմբի կողմից պատրաստված Սեբաստացի գինին։ Անգամ խոհանոցային ոլորտն է մեր դպրոցում բավականին զարգացած, որի շրջանակում սովորողները մշտապես ակտիվ են և ներգրավված կրթահամալիրում տարբեր ուտեստների, ազգային խոհանոցների ու ծիսակարգերի պատրաստման և կազմակերպման գործում։

Համեղ ընդմիջումից հետո մեզ սպասում էր մի շատ կարևոր իրադարձություն։ Տոնելով հայ-վրացական հանրակրթական-բարեկամական կապերի 15-ամյակը՝ կրթահամալիրի Հետազոտական վարժարանում կազմակերպվել էր լեզուների կլոր սեղան, որին մասնակից էին Սեբաստացիում դասավանդվող բոլոր լեզուների դասավանդողները՝ իրենց սովորողների խմբերով։ Ընդ որում, անգլերենից բացի, որը կրթահամալիրում համարվում է շփման և հաղորդակցման երկրորդ լեզու, կրթահամալիրում դասավանդվում են ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, և իհարկե՝ վրացերեն։ Ուսումնասիրելով դասավանդվող լեզուների հարուստ տեսականին՝ նկատում ենք, որ կրթահամալիրում դասավանդվում են և՛ եվրոպական, և՛ ասիական, և՛ նույնիսկ տարածաշրջանային երկրների լեզուները։ Եվ այսօր ներկա էին նրանցից յուրաքանչյուրի սովորողների խմբերը՝ պատրաստված ներկայացնելու իրենց լեզուն, տվյալ երկրի ազգային մշակույթն ու հետաքրքիր տեղեկություններ լեզվի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, ներկայացում-քննարկումն անցավ շատ ինտերակտիվ և հետաքրքիր, բազմաթիվ սովորողներ և դասավանդողներ ելույթ ունեցան և իրենց հերթին փորձեցին կիսվել սեփական փորձով, տպավորություններով և ակնկալիքներով։

Դե, իսկ մեր խումբն առաջացավ դեպի իր շրջայցի վերջնակետ․ կրթահամալիրի Գեղարվեստի դպրոց։ Ինչպես հասկացաք պատումիցս, կրթահամալիրը արվեստի տարբեր բնագավառների ևս շատ մեծ տեղ է տալիս իր կրթական կյանքում, քանզի կյանքը չի կարող ուեղեկցվել առանց արվեստի․ առանց այն գործիքի, որն ինքը կյանքի արտահայտումն է և արտացոլումը։ Ուստի Գեղարվեստի կենտրոնում են հավաքված մեր արվեստի ոլորտի բազում ճյուղեր, որոնց թվում են կավագործությունը, քանդակագործությունը, գծանկարն ու գունանկարը, նկարչությունը, և այլն։ Մեր հյուրերը եղան այդ սրահներում և ականատես եղան սովորողների ստեղծագործելու գործընթացին։ Նրանք տեսան, թե ինչ մեծ ոգևորությամբ և էներգիայով են նրանք աշխատում, ստեղծագործում և ստեղծում այսօրվա արվեստը, իրենց պատկերացրած արվեստն ու իրենց մտքի պայծառ երևակայության վառ արտացոլանքը։

Իսկ դե վերջում, օրը եզրափակեցինք Գեղարվեստի կենտրոնում ճաշկերույթով, որի հեղինակը նույնպես սեբաստացի սովորողներն էին։ Շրջայցի ավարտին, սեղանի շուրջ հասկանալի է դառնում, թե ինչ մեծ տպավորություն էր գործել մեր կրթահամալիրը մեր հյուրերի վրա՝ իր ողջ գերակտիվ ներաշխարհով և վեհ կրթական կյանքով։ Նրանք տպավորված էին ու շնորհակալ, որ մեր երկրում գոյություն ունի նման կրթական հաստատություն, որն իր սովորողների կողքին է բոլոր առումներով, կյանքի բոլոր փուլերում և բոլոր ասպարեզներում։

Եվ ահա այսպիսով, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և վրաց ազգի միջև համագործակցային կապերն է՛լ ավելի ընդլայնվելու, տարածվելու բավականաչափ միտում ունեն, քանզի այսպիսի կապերն են, որի շնորհիվ երկուստեք զարգանում և բարգավաճում են, այպիսի ծրագրերն են, որ երկու ազգերի միջև ամրապնդում են բարեկամական ու եղբայրական կապերը և այսպիսի կամուրջներն են, որոնք ապահովում են հայ և վրաց սովորողների անխախտ կապը ու կրթական արդյունավետ կյանքի կայուն առաջընթացը։

Տեսանյութերի շարք․

Ընդհանուր պարապմունք
Լեզուների կլոր սեղան-ներկայացում
Լեզուների կլոր սեղան-ներկայացում
Լեզուների կլոր սեղան-ներկայացում
Լեզուների կլոր սեղան-ներկայացում

2 thoughts on “Ամրապնդելով հայ-վրացական հանրակրթական կամուրջները․․․Հյուրընկալություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started