Պետության արտաքին քաղաքականությունը և գորառույթները

Պետության արտաքին քաղաքականությունը

Արտաքին քաղաքականությունը պետական մարմինների նպատակային գործունեությունն է, որի արդյունքում պետք է նվաճվեն պետության առջև դրված խնդիրները արտաքին հարաբերությունների ոլորտում։ Արտաքին քաղաքականությունն ուղղակի կախում ունի պետության սոցիալական, տնտեսական վիճակներից, անվտանգության պահպանման խնդրից, դրա բնակչության շրջանում ձևավորված որոշակի արժեքներից, մշակույթից, աշխարհագրական դիրքից և այլն, հետևաբար սրանց վրա էլ հիմնվում է պետության արտաքին քաղաքականությունը։ Քանի որ, բնականաբար, պետության և դրա բնակչության շահերից չի բխում վտանգավոր արտաքին քաղաքականություն վարելը, պատերազմ հրահրելը կամ ընդհանուր առմամբ աշխարհում կամ տարածաշրջանում ներդաշնակության խախտումը, արտաքին քաղաքականությունը պետք է վարվի մեծ զգուշությամբ և, բնականաբար, պետք է համապատասխանի պետության և ժողովրդի շահերին։

Պետության արտաքին գործառույթները

Պետության արտաքին գործառույթներից են ֆինանսական, տնտեսական, էկոլոգիական, ռազմական, մշակութային և այլ բնույթի համագործակցության ապահովումն այլ պետությունների հետ, դիվանագիտական կապերի հաստատումն ու պահպանումը, երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը, անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, միջազգային կազմակերպություններում անդամակցությունը, միջազգային խնդիրների լուծմանը կամ միջազգային որոշումների, փաստաթղթերի, պայմանագրերի և այլնի ընդունմանը մասնակցելը և այլն։

ՀՀ արտաքին քաղաքականությունը

Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարական համակարգը դիվանագիտորեն բավարար չափով ուժեղ չէ երկրի բնակչության համընդհանուր շահերն արտահայտող գործունեություն ծավալելու համար։ Կախված մեր պետության աշխարհագրական դիրքից և աշխարհում ունեցած քաղաքական դերից՝ մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն չկա՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ գործադրված ջանքերը հազվադեպ են արդյունավետ լինում։ Այնուամենայնիվ, այն արտաքին գործունեությունը, որը ծավալելու հնարավորությունն ունենք, այնքան էլ չի հասնում իր նպատակին, ինչի համար ՀՀ արտաքին քաղաքականությունը հազիվ թե բարձր կգնահատեի։ Մինչ այժմ Հայաստանի կատարած ու կատարող որոշակի փորձերը՝ միջազգային քաղաքական ասպարեզում ավելի ակտիվ ու մեծ դեր խաղալու համար, այնքան էլ արդյունավետ չեն վերջանում։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started